Դիմելու ենք ՍԴ. Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.06.2026 | 11:37
Նրա խոսքով՝ կուսակցությունը դեռևս հունիսի 8-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և անմիջապես սկսել է դրանց բողոքարկման գործընթացը։ «Մենք վիճարկել ենք ամբողջ Երևան քաղաքի բոլոր ընտրատարածքային ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները, խնդրել ենք վերահաշվարկ իրականացնել»,- ասաց Դրմեյանը՝ նշելով, որ վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել ոչ միայն Երևանում, այլև մի շարք մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։
Նա հիշեցրեց, որ հետագայում «Ուժեղ Հայաստանը» և «Միասնական թևեր» կուսակցությունները դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի հիման վրա անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունները և նշանակել վերաքվեարկություն։
Դրմեյանի խոսքով՝ ԲՀԿ-ն ևս նման դիմում է ներկայացրել, սակայն այն չի քննարկվել ժամկետների հետ կապված խնդիրների պատճառով։ Անդրադառնալով հունիսի 14-ին ԿԸՀ-ի ընդունած որոշմանը՝ Դրմեյանն ասաց, որ կուսակցությունը չի ընդունում այն և համարում է ոչ իրավաչափ։
«Մենք երեկ հայտարարությամբ հանդես եկանք՝ չընդունելով այդ որոշումը, համարելով այն ոչ իրավաչափ՝ առնվազն մի շարք օրենսդրական խնդիրների և օրենքի պահանջներին հակասող լինելու հիմքով»,- նշեց նա։
Դրմեյանը շեշտեց, որ կուսակցությունը պարտավորված է պաշտպանել իրեն վստահած ընտրողների քվեները։
«Օրենքով չարգելված, իրավաչափ եղանակներով մենք գնալու ենք մինչև վերջ՝ պաշտպանելու այդ 33 հազար 537 քվեները։ Այդ թվում՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- հայտարարեց նա։
Կուսակցության պատգամավորի թեկնածուն պնդեց, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների իրական կամքը, քանի որ, ըստ նրա, նախընտրական ողջ գործընթացում ընտրողների նկատմամբ կիրառվել են ճնշումներ և ազդեցության մեխանիզմներ։
«Մեր համոզմամբ՝ ընտրողները չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը ընտրատեղամասերում։ Այսինքն՝ խախտվել է Սահմանադրությամբ պաշտպանվող ընտրության ազատությունը, ընտրությունները չեն եղել ազատ և հավասար»,- ասաց Դրմեյանը:
Նա նաև մեղադրեց իշխանություններին պետական և վարչական ռեսուրսների չարաշահման մեջ։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը քարոզարշավի ընթացքում բազմաթիվ փաստեր և ապացույցներ են ներկայացրել ԿԸՀ-ին, սակայն դրանք պատշաճ գնահատականի չեն արժանացել։ Որպես օրինակ՝ նա հիշատակեց նախկինում հրապարակված ձայնագրությունները, որոնցում ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարություններ են տրվում մարդկանց հավաքագրել և մասնակցություն ապահովել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցառումներին։
«Այդ ձայնագրությունների վերաբերյալ մայիսի 18-ին հաղորդում ենք ներկայացրել գլխավոր դատախազություն, սակայն մինչ օրս որևէ արձագանք կամ տեղեկություն չունենք ընթացքի մասին»,- ասաց Դրմեյանը։
Նա նաև պնդեց, որ քարոզարշավի ընթացքում մի շարք համայնքներում ընդունվել են որոշումներ՝ քաղաքացիներին գույք, ֆինանսական աջակցություն կամ հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ, և այդ քաղաքացիները հետագայում մասնակցել են քվեարկությանը։
Մանրամասները` տեսանյութում: