«Ինձ ասել են՝ վարչապետին փոխանցեք, որ այս ամենի նպատակը Ձեր դեմ գործ կարելն է». Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.06.2026 | 16:52
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանի, կազմում՝ Արմեն Հովհաննիսյանի և Ժենյա Մելիքսեթյանի, մեկնարկեց Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի արդարացման դեմ բերված վերաքննիչ բողոքին քննությունը։
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն արդարացրել է ՊՎԾ-ում պաշտոնավարելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանին, սակայն արդարացման դատական ակտի դեմ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազությունը։
«Իրենք իրենց վստահորդի շահերը իրականացնելու համար եկել են ինձ դիմել են որպես Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի, ասել են հետևյալը՝ խնդրում ենք ներկայացրեք վարչապետին, որ էս ամեն ինչի նպատակը ձեր դեմ գործ կարելն է, խնդրում եմ էս փոխանցեք վարչապետին։ Ես ինքս փոխանցել եմ վարչապետին, ես նրանց հետ անձնական ոչ մի կապ չեմ ունեցել։ Փոխանցել եմ վարչապետին, վարչապետը ասել է՝ թող փաստաբանները հրապարակային հայտարարություն անեն, նրանք էլ հրաժարվել են հրապարակային հայտարարություն անելուց։ Ողջ պատմությունը սրա մասին է։ Ինչ վերաբերվում է, որ իմ գործունեության արդյունքում պետությունը տուժել է, ես նորից եմ ուզում շատ կարևոր հանգամանք շեշտել, որ իմ գործողության արդյունքում, անկախ նրանից թե ինչ-որ խութեր են եղել, որը որ անձամբ իմ հետ կապված չի եղել, իմ գործունեության արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 417 միլիոն դրամ այն կազմակերպությունը, որը որ լրատվամիջոցներով ասում էր՝ ռեկետ են անում պետական մակարդակով, այդ կազմակերպության ղեկավարը քննչական է դիմել, ասել է, որ պետությանը վնաս են պատճառել, քննչականը մինչև այդ հաղորդագրություն է տարածել, որ պետությանն այսքան վնաս է պատճառվել, կամովի գնացել է ներկայացրել է, որ ինքը պատրաստ է այդ գումարը վերադարձնել ու վերադարձրել է պետական դեպոզիտարիա։ Ասացի նաև, որ այնտեղ բժշկական կենտրոնի փոխտնօրենն էր իր մեղքը ընդունել և այլն, և այլն։ Մինչև օրս Պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացրած չափորոշիչներով տեղի է ունենում գնումներ, և ի տարբերություն նախկին 20 տարվա, որ երկու կազմակերպություն շահել են միշտ նույն տենդերները, արդյունքում այդ կազմակերպություններից մեկը՝ չգիտեմ այս պահի դրությամբ կարողանո՞ւմ է մասնակցել, թե՝ չէ, իսկ մնացած բոլոր տեղերում օրենքի տառը պահպանվում է։ Եվ մինչ օրս չկա այս հարցով որևիցե փորձաքննություն, որ մեր կողմից առաջարկածի արդյունքում հիվանդների, մարդկանց կյանքին վտանգ է սպառնացել։ Մինչ օրս նման բան չկա, դա զուտ ենթադրություններ է եղել։ Եվ հետո, եթե անգամ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվել է ոչ համապատասխան չափորոշիչներ ու սկզբից մերժել են, հետո ընդունել են, դե հետո ինչի՞ համար է բժշկական, Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարը գրությամբ բոլոր ԲԿ-ներին ուղարկել է որպես օրինակելի ձև այն առաջարկները, որոնք որ Պետական վերահսկողական ծառայությունն է արել։ Այս պարագայում ես անկեղծ չեմ հասկանում, թե իմ մեղավորությունը ինչումն է կայանում, ես չեմ հասկանում, թե ինչի համար է Դատախազությունը փորձում պետական միջոցները վատնել նման ոչ մի բան իրենից ոչ մի բան չներկայացնող գործի վրա ու նաև իմ բարի համբավի հետ են խաղում»,- իր ելույթում ասաց Սանասարյանը։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, և որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում։
Դատարանում քննվող գործով մեղադրյալ են եղել նաև ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականացնող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դատաքննության ընթացքում դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու, այսինքն՝ ոչ արդարացնող հիմքով:
Մանրամասները՝ տեսանյութում։