ՀՀ-ի կշիռը բարձրանում է աշխարհում ԵՔՀ-ի գագաթնաժողովի շնորհիվ․ ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ գործակցությամբ՝ կոնկրետ արդյունքներ կլինեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.05.2026 | 18:30Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը և Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը առարկայական և քաղաքական կշիռը մեծացնող իրադարձություններ են, որոնք, սակայն, թիրախավորվում են ռուսամետ ընդդիմության կողմից՝ կեղծ նարատիվների միջոցով։ Այս մասին Factor TV-ի զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին։
Խուրշուդյանի խոսքով՝ տեղի ունեցած իրադարձություններից Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը հատկապես կարևոր է «օպտիկայի տեսակետից», քանի որ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը սևեռել է Հայաստանի վրա։ «Իհարկե, դա նաև Հայաստանի կշիռը, քաղաքական կշիռն է էապես ավելացնում աշխարհում, Եվրոպայում, տարածաշրջանում»,– նշեց նա։
Ըստ քաղաքագետի՝ կոնկրետ առարկայական արդյունքների տեսանկյունից առանցքային է երկու զարգացում. «Դա, իհարկե, Հայաստան-Եվրամիություն գագաթաժողովն է՝ մեկ, և երկրորդը՝ ոչ պակաս կարևոր՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ստորագրումը, որը տեղի է ունեցել Մակրոնի պետական այցի շրջանակներում»։
Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ Խուրշուդյանը շեշտեց, որ պետք է տարանջատել. «Նախ պետք է ասել, որ ընդդիմություն ասելով՝ պետք է դուք նկատի ունենաք հենց ռուսամետ ընդդիմությունը, որովհետև մենք ունենք նաև ժողովրդավարական ընդդիմություն, որը, հակառակը, ողջունում է այս միջոցառումները»։
Նրա խոսքով՝ ռուսամետ ուժերը կեղծ օրակարգ են առաջ տանում. «Ամեն ինչ, ինչ-որ Հայաստանի համար լավ է, իրենք քննադատում են։ Եվ կեղծ նարատիվներ են առաջ տանում, որոնցից մեկը ձեր ասած այդ 300 հազար ադրբեջանցիների հեքիաթն է ուղղակի, որն անընդհատ հերքվում է, ընդ որում, երկկողմանի է հերքվում, բայց իրենք էլի շարունակում են դա տարածել»։
Խուրշուդյանը փաստարկներով հերքեց այս թեզը. «Նախ՝ 300 հազար թիվ գոյություն չունի։ Այդքան փախստական Հայաստանից չի գնացել, որ գա։ Երկրորդը՝ փախստական չեն էլ եղել այն 180 հազարը, որոնք լքել են Հայաստանը։ Նրանց մեծ մասը կամ վաճառել է իրենց տները, կամ փոխանակել է, ասենք, հայերի հետ, որոնք որ… Ադրբեջանից են գաղթել Հայաստան, և կամ էլ ստացել է փոխհատուցում։ Եվ նրանք որևէ իրավական հիմք չունեն պահանջելու իրենց սեփականությունը կամ հետ վերադառնալու հիմք չունեն»։
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարության մասին, թե Եվրոպան պետք է օգնի Հայաստանին ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը, քաղաքագետը նշեց. «Մենք արդեն տեսել ենք, որ Եվրոպայի չզինված, անզեն դիտորդական առաքելությունն ավելի մեծ գործ է արել Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում, տվյալ դեպքում Ադրբեջանի հետ, քան ռուսական ռազմաբազան»։
Նա հիշեցրեց, որ ռուսական ռազմական ներկայությունը որևէ կերպ չի օգնել Հայաստանին 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ. «Ռազմաբազան մեզ որևէ կերպ չօգնեց, երբ որ Հայաստանի վրա հարձակում տեղի ունեցավ 22 թվականին Ադրբեջանի կողմից։ Ի՞նչ է նշանակում, եթե իրենք իրենց պայմանագրային պարտավորությունները չեն կատարելու, իմաստը ո՞րն է այդ բազայի։ Որ վաղը մեզ գլխին փորձանք բերեն՝ իրենք ներքաշելով իրենց ռազմական բազայի միջոցով մեզ տարբեր արկածախնդրությունների մեջ տարածաշրջանում։ Ո՞րն է իմաստը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան