Տեղեկություն ունենք՝ մի նախկին պաշտոնյա կազմակերպում է ՌԴ-ից 100 մլն դոլարից ավելի ապօրինի գումար բերելը ՀՀ․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.04.2026 | 19:00«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերներին՝ խոսելով հանրային դիսկուրսի փոփոխությունից, ընտրություններին արտաքին միջամտությունից և ապօրինի ֆինանսավորման դրսևորումներից։
Անդրադառնալով Հայաստանի իշխանության հռետորաբանության փոփոխությանը Հայոց ցեղասպանության հարցում՝ Իոաննիսյանը նշեց, որ հայ հասարակությունը քաղաքական հասունացման փուլ է անցնում, որն արագացել է 44-օրյա պատերազմի հետևանքով։
«Գիտե՞ք, ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում հասունացել ենք։ Պարզապես հասունացել ենք։ Նորմալ է, մարդը երիտասարդ տարիքում ինչ-որ բաներ է անում, հետո հասունանում է ու ասում՝ լավ, սա չանեմ, էլի։ Կարծում եմ՝ պատերազմի պարտությունը օգնեց, որ մի քիչ արագ հասունանանք։ Շատ թանկ գնով, իհարկե, բայց օգնեց, որ ինչ-որ բաներ հասկանանք, որովհետև մինչև այդ մենք ինքներս մեզ կերակրում էինք ինչ-որ միֆերով, կերակրում էինք ինչ-որ լեգենդներով, կերակրում էինք ինչ-որ ստերով։ Ու ես ինձ էլ եմ դասում դրա մեջ, ես բացառություն չեմ»։
Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ ապագան կառուցելու անհրաժեշտությունը տարածաշրջանում՝ հարևանների հետ ընդհանուր լեզու գտնելու միջոցով։ «Մենք ուզում ենք հարևանների հետ գնալ կոնֆլիկտի՞, թե՞ մենք ուզում ենք հարևանների հետ ինչ-որ ձև լեզու գտնել»։
Իոաննիսյանը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացներին՝ օգտագործելով բազմաթիվ գործիքներ։
«Ընտրություններին ապօրինի միջամտությունը նորմալ չի, իսկ Ռուսաստանը դա անում է։ Ռուսաստանը դա անում է տարբեր գործիքներով։ Մեկը դա Հայաստանում գործող որոշ լրատվամիջոցներն են, մեկը դա տարբեր քաղաքական գործիչներն ու ուժերն են, որոնք որ Ռուսաստանի ենթակայությամբ են գործում, ըստ էության։ Դա տարբեր ինֆորմացիոն օպերացիաներ են, դա ընտրողների նկատմամբ ապօրինի ազդեցությունն է, որը Ռուսաստանն իրականացնում է։ Դա կիբերհարձակումներն են, դա կախվածության այլ լծակների օգտագործումն է և այլն, և այլն»։
Նա նշեց, որ Հայաստան են ներմուծվում ահռելի ֆինանսական միջոցներ՝ որոշ քաղաքական ուժերի գործունեությունը ֆինանսավորելու համար։
«Ռուսաստանից ահռելի քանակությամբ ֆինանսական միջոցներ են գալիս Հայաստան՝ որոշ քաղաքական ուժերի քաղաքական գործունեության իրականացման համար։ Մենք գիտենք, օրինակ, կոնկրետ մի մարդու, տեղեկություններ ունենք արժանահավատ, որ կոնկրետ մի մարդ, ով որ նախկին պաշտոնյա է, գումարը, որը այդ մարդը բերել և բերում է, դոլարով իննանիշ թիվ է։ 100 միլիոնից մինչև մեկ միլիարդի միջակայքում։ Միայն ինքն է բերում»։
Իոաննիսյանը նկարագրեց նաև փողերի տեղափոխման մեխանիզմներից մեկը. «Դա կազմակերպվում է։ Նորից, մի ամբողջ երևանյան թաղամաս հիմա ակտիվ թրավլի մեջ է էլի։ Մարդիկ, որ կյանքում ինքնաթիռ չէին նստել, շաբաթը մեկ ինչ-որ տեղ են թռնում, գնում, գալիս»։
Խոսելով ընտրակաշառքի դեպքերի մասին՝ Իոաննիսյանը նշեց, որ թեև իշխանությունն էլ է թույլ տվել ընտրախախտումներ, ընտրակաշառք բաժանելու բացահայտված դեպքեր իշխանության կողմից ինքը չի հիշում, մինչդեռ ընդդիմության դեպքում նման երևույթներ եղել են։
«Շատ ենք տեսել ընդդիմության կողմից մի շարք ընտրական հանցագործությունների կատարում, այդ թվում՝ ընտրակաշառքի մասով։ Իշխանության կողմից էլ ենք տեսել ընտրական հանցագործությունների կատարում, բայց ընտրակաշառքի մասով ես չեմ հիշում երբևիցե մի դեպք, որ բացահայտվի դիտորդների, իրավապահների կողմից։ Ընտրակաշառքի համար պետք է շատ փող, և այո՛, ընդդիմությունում կան սուբյեկտներ, որոնք որ ունեն շատ փող կամ որոնց որ տալիս են շատ փող, օրինակ՝ Ռուսաստանից»։
Նա նաև ընդգծեց, որ շատ ընտրողներ և կաշառք բաժանող ցածր օղակները հաճախ չեն գիտակցում իրենց արարքի հանցավոր բնույթը. «Կազմակերպիչները, հիմնական օղակները, իրենք շատ լավ գիտեն՝ ինչ են անում։ Բայց ստորին շերտերը, վերցնողները, երբեմն չեն հասկանում, որ իրենց արարքի մեջ լուրջ հանցագործություն կա։ Թվում է՝ փող է, տալիս են, վերցնում եմ, բա ի՞նչ, ախպեր»։
Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախատեսում է իրազեկման լայնածավալ արշավ՝ քաղաքացիներին բացատրելու համար ընտրական հանցագործությունների էությունն ու հետևանքները։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան