Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.04.2026 | 18:30Սոցիալական ցանցերում (X, Facebook, Telegram) տեղեկություն է տարածվում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանն իր «ԱԹԼԻՔՍ» ընկերության միջոցով ներգրավված է կոռուպցիոն սխեմաների, անօրինական բիզնես գործունեության մեջ և պետբյուջեից ավելի քան 80 միլիոն դոլար է յուրացրել։ Factor TV-ն ուսումնասիրել է սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումը, դրանում առկա պնդումները, համացանցում դրանց տարածման մոտիվները։
Ինչ է ասվում «հետաքննությունում»
Թեև նյութի սկզբնաղբյուրը «Ռեպրեսիայի դեմ պայքար» անունը կրող ռուսական հիմնադրամի կայքն է, այն սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվել է VT Foreign Policy-ի կայքում հրապարակվելուց հետո։ Հրապարակման մեջ արված պնդումներից են.
- Մարիամ Փաշինյանին վերագրվում է իր հիմնադրած «ԱԹԼԻՔՍ» ընկերության միջոցով պետական բյուջեից ավելի քան 80 միլիոն դոլարի յուրացում։
- Պնդում է արվում, որ ընկերությունը ստացել է 1.2 միլիարդ դրամ (3 միլիոն դոլար) 74 դպրոցների տեխնիկական զննման համար, սակայն փաստացի զննություն է իրականացվել միայն 2 օբյեկտում, իսկ մնացած փաստաթղթերը կազմվել են ձևականորեն։
- Ըստ հրապարակման՝ ընկերությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել է 3 միլիարդ դրամի (8 միլիոն դոլար) շահույթ՝ ՏՏ ոլորտի խորհրդատվական ծառայությունների համար, որոնք պատշաճ չեն վերահսկվել։
- Պնդում է արվում, որ «Կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակներում «ԱԹԼԻՔՍ» մատուցել է 6 միլիարդ դրամի (16 միլիոն դոլար) խորհրդատվական ծառայություններ, որոնք վճարվել են պետական բյուջեից։
Factor TV-ն դեռ հունվարին էր գրել, որ Մարիամ Փաշինյանը, սկսել է բիզնես գործունեություն ծավալել։ 2025-ի սեպտեմբերի 18-ին նա հիմնադրել և ղեկավարում է «ԱԹԼԻՔՍ» ՓԲ ընկերությունը։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Մարիամ Փաշինյանին է պատկանում «ԱԹԼԻՔՍ»-ի 50% բաժնեմասը։ Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։ Ընկերությունը գրանցված է որպես ծառայություններ մատուցող, բաց աղբյուրներում այլ տեղեկություն չկա ընկերության մասին։

Հրապարակման գլխանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով։ Պատկերում Մարիամ Փաշինյանը ներկայացված է՝ մի ձեռքում զենք, մյուսում՝ գումար բռնած։ Նրա երկու կողմերում Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանն են, իսկ ֆոնին՝ Հայաստանի դրոշն ու պետական զինանշան հիշեցնող պատկեր է։ Սակայն զինանշանը չի համապատասխանում ՀՀ պաշտոնական զինանշանին և ակնհայտորեն աղճատված է, ինչը ևս բնորոշ է ԱԲ-ով ստեղծված պատկերներին։
Հրապարակման մեջ պնդում կա, որ Նիկոլ Փաշինյանը և նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը համաձայնության են եկել «ԱԹԼԻՔՍՆ» օգտագործել որպես անօրինական գործարքներ իրականացնելու գործիք։ Ընդ որում՝ Սամվել Ալեքսանյանը ներկայացվում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր, ինչը սխալ պնդում է։ Նշվում է, որ վեց ամսվա ընթացքում ընկերության միջոցով 69 միլիոն դոլարի թանկարժեք և գունավոր մետաղներ են արտահանվել ԱՄԷ։
Պնդումներից մեկն էլ այն է, որ «ԱԹԼԻՔՍՆ» օգտագործվել է 86 միլիոն դոլարի հրաձգային զենքի (ավտոմատներ, ատրճանակներ, նռնակներ) մաքսանենգության համար, որոնք վաճառվել են Սիրիայի և Իրաքի քրդական խմբավորումներին։
Հոդվածում հղում կա նաև դեռևս 2025-ի օգոստոսին տարածված մի տեղեկությանը Աննա Հակոբյանի կողմից «City of Smile» հիմնադրամից 3.4 միլիոն դոլարի յուրացման վերաբերյալ։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ հոդվածն ամբողջությամբ կեղծ է, իսկ տեղեկությունը տարածած պորտալն այս պահին գոյություն չունի։
Հրապարակման մեջ պնդում կա, որ Հրաչյա Հակոբյանը (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր), Սիփան Փաշինյանը (Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի) ծխախոտի մաքսանենգության սկանդալների մեջ են, Սամվել Ալեքսանյանն էլ վայելում է իշխանությունների հատուկ հովանավորչությունը, իսկ նրա ֆինանսական գործարքները կատարվում են կիպրոսյան օֆշորային «PASALBA LTD» ընկերության միջոցով։


Այս հրապարակման մասին Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։ Նա չցանկացավ այս պահին արձագանքել։
VT Foreign Policy-ի կայքում հրապարակված հոդվածը Լուկաս Լեյրոզը տարածել է նաև X-ում, որտեղ շուրջ 399 հազար դիտում, 1100 հավանում ունի, իսկ 357 անձ կիսվել է դրանով։

X-ում այն տարածվել է մի քանի տասնյակից մինչև հարյուր հազար հետևորդ ունեցող էջերով։



Սոցիալական ցանցերում Լեյոզը չի թաքցնում իր ռուսամետ դիրքորոշումը՝ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։ Լեյոզի տեսակետներն ու հարցազրույցները հանդիպում են նաև ռուսական քարոզչական լրատվամիջոցներում։
Telegram-ում այս պահին նա 3 354 հետևորդ ունի։ Հետաքրքրական է, որ տելեգրամյան էջում իր անունը նշել է նաև ռուսերենով։ Նա նաև ռուսական պաշտոնական կամ քարոզչական տելեգրամյան ալիքների հրապարակումներով է հաճախ կիսվում։

Ովքեր և ինչպես են տարածում հրապարակումը
Հրապարակումը ռուսալեզու տարբեր տելեգրամյան ալիքներով սկսել է տարածվել ապրիլի 16-ից, որտեղ հղում է արվել ոչ թե «Ռեպրեսիայի դեմ պայքար անունը կրող ռուսական հիմնադրամի կայքին, այլ VT Foreign Policy-ն։ Այդ օրը «Внешний враг» տելեգրամյան ալիքը կիսվել էր հոդվածով և գրել, որ այն ամերիկացի լրագրողների հետաքննությունն է, այնինչ սկզբնաղբյուրը ռուսական հիմնադրամն է։ Տելեգրամյան ալիքում կա հրապարակման մասին վերլուծություն, նշվում է, որ այն գրել է քաղաքագետ Արտակ Սարգսյանը, որին նույնականացնել մեզ չհաջողվեց։


Այս գրառումն ու հոդվածը ապրիլի 17-ին իր ալիքում է տեղադրել ռուսալեզու «Параллель-Z» տելեգրամյան ալիքը։ Factor.am-ը դեռ մարտին էր այս ալիքի մասին գրել։ Այն աչքի է ընկնում ռուսամետ կողմնորոշմամբ, տարածում է կողմնակալ մեկնաբանություններով լուրեր և թիրախավորում Հայաստանի իշխանություններին։
Տելեգրամյան ալիքներում տարածված բովանդակությունը նույն օրն արագորեն հայտնվեց նաև Ֆեյսբուքի հայալեզու խմբերում և տարբեր օգտատերերի էջերում։



Տիգրան Հակոբյան անունով օգտատերը, որը նույնպես տարածել է այս պնդումը, ապրիլի 10-ին է Facebook-ում օգտահաշիվ ստեղծել։ Բնակության վայրը նշվում է Մոսկվա, լուսանկար չունի։ Էջից ակնհայտ է, որ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և թիրախավորում է գործող իշխանության անդամներին։

Հրապարակումը տարածողների թվում կան ինչպես իրական, այնպես էլ կեղծ օգտահաշիվներով էջեր։ Այստեղ ևս նյութը ներկայացվում էր որպես «ամերիկացի լրագրողների հետաքննություն», մինչդեռ նման ձևակերպումը շրջանառվում էր ռուսալեզու տելեգրամյան ալիքներում։
FIMI-ի հետքը
Թեև հոդվածում ներկայացված բոլոր պնդումների վերաբերյալ այս փուլում հնարավոր չէ միանշանակ և վերջնական գնահատական տալ՝ ինչն է ամբողջությամբ կեղծ, ինչն է՝ մանիպուլյատիվ, սակայն հոդվածի ծագումը, տարածման ձևերն ու դերակատարները մի շարք հարցեր են առաջացնում։
VT Foreign Policy-ի կայքում նյութի հեղինակ ներկայացող Լուկաս Լեյրոզը նախկինում աչքի է ընկել սկանդալային, բայց չստուգված, դավադրապաշտական նարատիվների վրա կառուցված նյութերով։ Նրա բացահայտ ռուսամետ դիրքորոշումը, ռուսական քարոզչական հարթակներում ակտիվ ներկայությունը, ինչպես նաև այն փաստը, որ այս հոդվածը նախ տարածվել է ռուսալեզու Telegram ալիքներով՝ «ամերիկացի լրագրողների հետաքննություն» կեղծ ձևակերպմամբ, հետո միայն ներթափանցել հայկական Facebook խմբեր, թույլ են տալիս սա դիտարկել որպես հնարավոր FIMI-ի (Foreign Information Manipulation and Interference՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն) օրինակ։
FIMI-ն հաճախ դրսևորվում է կեղծ կամ մոլորեցնող բովանդակության տարածմամբ աղբյուրի իրական ծագման քողարկման օգնությամբ։ Մանիպուլյատիվ կամ կեղծ բովանդակությունը սովորաբար տարածվում է փոխկապակցված հարթակներով։ Այս դեպքում առկա են հենց այդ հատկանիշները։
Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը (EEAS) մարտին հրապարակել է FIMI-ի վերաբերյալ իր 4-րդ զեկույցը, ըստ որի՝ 2025-ի ընթացքում գրանցվել է 540 FIMI միջադեպ ամբողջ աշխարհում։ Արձանագրվել է, որ միջադեպերի 27%-ում կիրառվել են AI տեխնոլոգիաներ։ Ըստ զեկույցի՝ արտաքին միջամտությունների գլխավոր դերակատարները Ռուսաստանն ու Չինաստանն են։ Հայտնաբերված միջադեպերի 29%-ը վերագրվում է Ռուսաստանին, 6%-ը Չինաստանին։ Զեկույցում Հայաստանը դիտարկվում է որպես ռուսական FIMI-ի հաջորդ խոշոր թիրախը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նշվում է, որ Հայաստանի դեմ ակտիվ գործում են ռուսական «Storm-1516» և «Operation Overlord» մանիպուլյացիոն խմբերը։ Storm-1516-ը Հայաստանը սկսել է թիրախավորել դեռևս 2025թ. ապրիլից՝ ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ։
Անի Թամրազյան