ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.04.2026 | 20:00«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ութ տարվա հրապարակային լռությունից հետո Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերներին։ Նրա խոսքով՝ լռությունը խախտելու հիմնական պատճառը տարածաշրջանային զարգացումներն են, որոնք բախտորոշ են Հայաստանի ապագայի համար։
Տարիներ շարունակ հարցազրույցներ չտալուց հետո քաղաքական գործընթացներին անդրադառնալու որոշումը Կարապետյանը պայմանավորում է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով։ «Ես ութ տարի ամբողջապես քաղաքական որևէ թեմայով հարցազրույց չեմ տվել, չեմ խոսել։ Այն, ինչ մեր շուրջ է կատարվում, ես նկատի ունեմ իրանյան թնջուկը և մնացած գործողությունները, ինձ ստիպում է արտահայտել որոշակի կարծիքներ, որոնք ապագա Հայաստանի համար շատ կարևոր են լինելու, ինչ-որ տեղ՝ բախտորոշ»,- նշել է նա։
Կարապետյանը շեշտում է, որ իր նպատակը ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելն է, այլ հայկական իրականություն քննարկումներ վերադարձնելը․ «Նպատակը զուտ քաղաքական բանավեճը, իմ տեսակետից, վերադարձնել հայկական քաղաքական դաշտ, այդ բանավեճի արդյունքում հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում, ինչ ռեալ լուծումներ են անհրաժեշտ»։
Նա առաջ է քաշում «արդարացի խաղաղության» գաղափարը՝ պնդելով, որ միայն դրա առկայության դեպքում կարելի է Արցախի հարցը համարել փակված։ «Գիտե՞ք երբ է այդ հարցը համարվում ամբողջությամբ փակված։ Երբ որ խաղաղությունն արդարացի է։ Եթե խաղաղությունն արդարացի չէ, ինքը վերջիվերջո բերում է բավականաչափ լուրջ հակասության։ Ավելի շատ դուրս է գալիս, որ այդ խաղաղության ընթացքում կատարվում է դիմացի կանգնած պետության պահանջները»,- ընդգծում է քաղաքական գործիչը։
Արամ Կարապետյանը կոշտ է գնահատում իշխանության կողմից առաջ քաշվող «խաղաղություն կամ պատերազմ» դրույթը՝ այն որակելով քաղաքական շանտաժ։ «Իշխանության քարոզչության հիմնական թեզը սկզբից հնչեց մեկ բան՝ մենք չլինենք, կլինի պատերազմ։ Հարց է ծագում՝ այս ընտրություններն անցան, 2031 թվականին էլ մեզ պիտի ասեն՝ եթե փոխվենք մենք, ապա էլի կարող է լինել պատերազմ։ Ինչքանո՞վ է դա բարոյական։ Իմ կարծիքով, ինչ բացատրություններ էլ տաս, դա քաղաքական շանտաժ է»։
Վերլուծելով Հայաստանում կայանալիք ընտրությունների շուրջ արտաքին դերակատարների դիրքորոշումները՝ Կարապետյանը նշում է, որ Ռուսաստանը, ի դեմս նախագահ Պուտինի, բացահայտ ազդակներ է ուղարկում։ Նրա կարծիքով, Իրանի շուրջ զարգացումները և ԱՄՆ-ի հնարավոր դիրքերի թուլացումը տարածաշրջանում Ռուսաստանի համար «հետ վերադառնալու» հնարավորություն են ստեղծում։
«Ռուսաստանը տեսնում է, որ հնարավորություն է ստեղծվում հետ վերադառնալու, որովհետև եթե այդ ամենը՝ վակուում ստեղծվեց, այսպես ասած, գնացին, տեղը ո՞վ է գալու։ Ռուսաստանի նախագահը խոսում է տնտեսական խնդիրների շուրջ, հատուկ նշեց՝ Եվրամիության հետ եք ուզում, մենք շատ հանգիստ ենք դրան վերաբերվում, բայց… Այսինքն, ինքը ուզում է ցույց տալ լանդշաֆտ, թե ինչու է Ռուսաստանը իրեն իրավունք վերապահում հետ գալու»,- վերլուծում է նա։
Կարապետյանի համոզմամբ, պատերազմի վերսկսումը կախված չէ միայն կողմերի ցանկությունից, այլ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, և իրադարձությունների զարգացումը կանխատեսելը գրեթե անհնար է։ «Պատերազմը անկանխատեսելի բան է։ Ամեն ինչ կախված կլինի, թե այդ պատերազմը վերջիվերջո ինչ բնույթով և ինչ տեսքով ավարտ կունենա»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան