Կրթական | Factor.TV https://factor.am Wed, 05 Aug 2026 07:22:47 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.3 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Կրթական | Factor.TV https://factor.am 32 32 Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը https://factor.am/1048333.html https://factor.am/1048333.html#respond Wed, 05 Aug 2026 07:30:31 +0000 https://factor.am/?p=1048333 Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։ Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։

2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15859 դիմորդ) 69,1%-ը, և 2026թ․ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22 205 շրջանավարտ) 49,35%-ը։

Նախարարությունից հիշեցնում են, որ 2021–2025 թվականներին առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունվածների թիվն աճել է 9700-ից մինչև 10 970։

]]>
https://factor.am/1048333.html/feed 0
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել https://factor.am/1046296.html https://factor.am/1046296.html#respond Thu, 30 Jul 2026 09:33:44 +0000 https://factor.am/?p=1046296 Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի բոլոր չորս մասնակիցները մեդալ են նվաճել՝ արժանանալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալի։

«Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան (EJOI): Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից (հյուրընկալող երկիրը կարող է մասնակցել 2 թիմով), և մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ:

Օլիմպիադային մասնակցել են 25 երկրների 100 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Ադամյանը (7-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (8-րդ դասարան), ինչպես նաև ԱՅԲ դպրոցի աշակերտ Լևոն Հայրապետյանը (8-րդ դասարան):

Հայաստանի թիմն արժանացել է 2 արծաթե (Վաչե Քոչարյան և Մամիկոն Համբարյան) և 2 բրոնզե (Լևոն Հայրապետյան և Հայկ Ադամյան) մեդալի։ Թիմը ղեկավարել են Ալեքս Գրիգորյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Մացակյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), իսկ Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ) մասնակցել է որպես օլիմպիադայի EJOI միջազգային կոմիտեի անդամ։

Հիշեցնենք, որ 2025 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ օլիմպիադան անցկացվել էր Բուլղարիայի Շումեն քաղաքում, որի ընթացքում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի»,- ասված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

]]>
https://factor.am/1046296.html/feed 0
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար https://factor.am/1045719.html https://factor.am/1045719.html#respond Tue, 28 Jul 2026 18:15:39 +0000 https://factor.am/?p=1045719 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոն, որտեղ ծանոթացել է ԱԲ գործարանի նախապատրաստական աշխատանքներին։ Նախագծի առաջին փուլում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրում, իսկ ընդհանուր ներդրումները հետագայում կհասնեն շուրջ 5 մլրդ դոլարի։

«Նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերին, ինչպես նաև բացման հանդիսավոր արարողությունից առաջ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։

Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։

ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում:

ԲՏԱ նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ գործարանը օրեր անց կգործարկվի։

«Այն, ինչ ամիսներ առաջ անհնարին էր թվում, այսօր արդեն իրականություն է. Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի»,- գրել է նա։

]]>
https://factor.am/1045719.html/feed 0
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ https://factor.am/1045454.html https://factor.am/1045454.html#respond Tue, 28 Jul 2026 09:51:46 +0000 https://factor.am/?p=1045454 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը՝ բուհը գնահատելով որպես հայ-ռուսական գիտակրթական համագործակցության կարևոր հարթակ։

«ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս տարի բուհը ճանապարհել է 966 շրջանավարտի:

«Ռուս-Հայկական համալսարանը կարևոր առաքելություն է իրականացնում՝ Հայաստան բերելով բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության միջազգային լավագույն փորձը, որից օգտվելու հնարավորությունը մեծ արժեք է մեր երիտասարդների, մեր գիտակրթական համակարգի և, ընդհանրապես, պետության համար»,- ողջույնի խոսքում ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ ու մասնագիտական նոր նվաճումներ:

Ընդգծելով, որ Ռուս-Հայկական համալսարանը գիտակրթական կարևոր հարթակ է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ որպես երկու պետությունների համագործակցության առանցքային հանգույց, նախարարի տեղակալը նշել է, որ նախընթաց տարում վավերացվել է Ռուս-Հայկական համալսարանի գործունեության միջպետական նոր համաձայնագիրը, որը նախանշում է բուհի հետագա զարգացումը։

Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները բուհում ստացած գիտելիքներով ու կարողություններով ներդրում են ունենալու մեր պետության զարգացման, գիտական, տնտեսական և հասարակական առաջընթացում։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

]]>
https://factor.am/1045454.html/feed 0
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ https://factor.am/1045125.html https://factor.am/1045125.html#respond Mon, 27 Jul 2026 11:40:33 +0000 https://factor.am/?p=1045125 ԿԳՄՍ նախարարությունը սկսել է 2026 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը։ Դիմումները ներկայացվում են my.emis.am հարթակում մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ուսուցիչը կարող է ընտրել միայն մեկ առարկա։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:

Գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի  596-Ն որոշման դրույթների:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում: Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարող է օգտվել   ուղեցույցից,  որից հետո  անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով անձը գրանցվել է։

Դպրոցներում արդեն իսկ աշխատող ուսուցիչներն ունեն իրենց հաշիվները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (my.emis.am)։

Ուսուցիչների օգտանունը նույնն է, ինչ իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային մատյանի օգտանունը, այսինքն՝ նույն էլեկտրոնային հասցեն, որն ուսուցիչը օգտագործում է էլեկտրոնային մատյան մուտք գործելիս։ Եթե ուսուցիչը մոռացել է օգտանունը կամ գաղտնաբառը, կարող է դիմել դպրոցի տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագետին (օպերատորին)։

Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել՝

  • դպրոցում դասավանդող ուսուցիչները,
  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչները,
  • «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդհոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող, ինչպես նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք,
  • նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները,
  • «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները, որոնք համապատասխան փաստաթղթերի հետ պետք է ներբեռնեն կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում մինչև 2023 թ․ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի  պատճենները,
  • «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված անձինք (տվյալ առարկայիհարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցողները)՝ ներկայացնելով նաև բուհի տեղեկանքը՝ կրեդիտների մասին։

Հայտերի լրացման մանրամասները՝  կից ուղեցույցներում․

https://support.emis.am/article/945

https://support.emis.am/article/956

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

Կամավոր ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայաստանի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» և (տարրական դասարանից սկսած) «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:

1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից:

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն»,  «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, դասվարների ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման  եղանակով։ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թղթային եղանակով:

«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Ե՛վ հայերենով, և՛ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով:

Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով: Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

]]>
https://factor.am/1045125.html/feed 0
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր  https://factor.am/1043274.html https://factor.am/1043274.html#respond Thu, 23 Jul 2026 15:30:43 +0000 https://factor.am/?p=1043274 Վերջին շաբաթներին մամուլում և պաշտոնական հարթակներում ակտիվացել են սահմանապահների կրթության ու վերապատրաստման համակարգի բարեփոխման վերաբերյալ քննարկումները։ Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ հետագայում այդ գործընթացը կարող է կազմակերպվել ՆԳՆ կրթահամալիրում՝ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե ներկայում որտեղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները, նախկինում որ ուսումնական հաստատություններն են եղել նրանց պատրաստման հիմնական ուղղությունները, ինչպես նաև՝ ինչ է հայտնի արտասահմանում իրականացվող կրթական և վերապատրաստման ծրագրերի մասին։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հիմնական կրթությունը ստանում են Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի համապատասխան մասնագիտական ծրագրերի շրջանակում»,- հայտնել է ԱԱԾ-ն՝ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Ծառայության փոխանցմամբ՝ սահմանապահները որոշակի մասնագիտական ծրագրերով շարունակում են կրթություն ստանալ և վերապատրաստվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և այլ պետություններում։ Այդ ծրագրերի տևողությունը մեկ ամսից մինչև հինգ տարի է։

ԱԱԾ-ն նաև հայտնել է, որ վերջին տարիներին կրթության ոլորտում ակտիվ փոխգործակցություն է իրականացվում Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության՝ Frontex-ի հետ։

Ծառայությունը, սակայն, չի հստակեցրել, թե Ռուսաստանի Դաշնությունում կոնկրետ որ ուսումնական հաստատություններում և ինչ ծրագրերով են կրթություն կամ վերապատրաստում անցնում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Չի նշվել նաև, թե Ռուսաստանից բացի որ պետություններում են իրականացվում այդ ծրագրերը։

ԱԱԾ-ից Factor TV-ին հայտնել են նաև, որ ուսումնական հաստատություններում կրթություն ստացող անձանց թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է։ Հետևաբար, հայտնի չէ, թե ներկայում քանի սահմանապահ կամ կուրսանտ է կրթություն ստանում Հայաստանում, Ռուսաստանում և մյուս պետություններում։

Գիտաուսումնական կենտրոնը և Ռազմական ակադեմիան

ԱԱԾ-ի՝ հարցման պատասխանում հիշատակված Գիտաուսումնական կենտրոնը կազմավորվել է 2003 թվականին։ Այն ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման գիտակրթական հաստատություն է, որտեղ ուսուցում են անցնում ԱԱԾ սպայական, ենթասպայական և շարքային կազմերը։

Կենտրոնի վերաբերյալ ԱԱԾ-ի թարմացված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականից այնտեղ գործում է «Սահմանապահ ծառայության» ամբիոնը։ Այն իրականացնում է ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վերապատրաստման ծրագրեր՝ կարևորելով նաև միջազգային համագործակցությունն ու տարբեր պետությունների հետ փորձի փոխանակումը։

Հարցման պատասխանում նշված մյուս հաստատությունը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է, որտեղ կազմակերպվում է ապագա սահմանապահ սպաների բարձրագույն մասնագիտական կրթությունը։

2023 թվականի սկզբին (փետրվարին) ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հենց այդ ժամանակվա գործող «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» հենքի վրա առաջին անգամ հայտարարեցին սահմանապահ ծառայության հոսքով ընդունելություն՝ կադրեր պատրաստելու համար: 

Նույն թվականի հունիսին ռազմական համալսարանը և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը միաձուլման ձևով վերակազմակերպվել են, և ստեղծվել է ներկայիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։

Ինչ է հայտնի նախկին համակարգի մասին

2023 թվականի փետրվարին ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով ընդունելության հայտարարություն էին տարածել։

Ընդունելություն էր նախատեսված երեք ուղղությամբ՝

  • ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի սահմանապահ ինստիտուտում,
  • ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում,
  • ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում։

2026 թվականի ընդունելության հայտարարությունում, սակայն, ռուսական ինստիտուտներն այլևս չեն հիշատակվում։ Որպես ապագա սահմանապահ սպաների կրթության վայր նշված է միայն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։

Միաժամանակ, ռուսական ինստիտուտների բացակայությունը մեկ ընդունելության հայտարարությունից ինքնին չի նշանակում, որ Ռուսաստանի հետ կրթական համագործակցությունն ամբողջությամբ դադարեցվել է։ ԱԱԾ-ն Factor TV-ին հայտնել է, որ Ռուսաստանում և այլ պետություններում որոշակի մասնագիտական կրթական ու վերապատրաստման ծրագրեր շարունակվում են։

Մինչև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սահմանապահ ծառայության առանձին հոսքի բացումը սահմանապահ սպաների բարձրագույն կրթության՝ հրապարակայնորեն ներկայացվող հիմնական ուղղությունները Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ռազմաուսումնական հաստատություններն էին։

Այդ մասին վկայում են նաև մինչև 2023 թվականն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրապարակած հաղորդագրությունները։

2019 թվականի ապրիլին ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտնել էին, որ զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Ազիզյանն այցելել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ, «որտեղ սովորում են Հայաստանի կուրսանտները»։

Նույն հաղորդագրությունում ԱԱԾ-ն նշել էր, որ սահմանապահ զորքերի կադրերը համալրելու նպատակով ՀՀ քաղաքացիների ուսուցումը կազմակերպվում է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիայում, Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում։

Հաշվի առնելով, որ ավագ սերնդի բազմաթիվ կադրեր մասնագիտական կրթություն են ստացել ԽՍՀՄ պետանվտանգության համակարգի ուսումնական հաստատություններում, իսկ անկախությունից հետո՝ մինչև Հայաստանում սահմանապահ ծառայության առանձին հոսքի բացումը, ապագա սահմանապահ սպաների պատրաստման հիմնական հրապարակայնորեն ներկայացվող ուղղություններից մեկը եղել են Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատությունները, կարելի է արձանագրել, որ Հայաստանի սահմանապահ համակարգի կադրերի զգալի մասը կրթություն են ստացել ՌԴ-ում։

Ինչ է սահմանում օրենքը

«Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածը վերաբերում է սահմանապահ զորքերի կադրերի պատրաստմանը։ Դրա համաձայն՝ սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետություններում։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանվում է, որ ԱԱԾ համակարգում գործում է ուսումնական հաստատություն կամ ուսումնական կենտրոն։ Ազգային անվտանգության մարմինների ծառայողները պայմանագրային հիմունքներով սովորելու կամ վերապատրաստվելու կարող են ուղարկվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների ուսումնական, այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ։

Այսպիսով՝ գործող օրենսդրությունը նախատեսում է սահմանապահների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման հնարավորություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։

ԱԱԾ-ի պատասխանի համաձայն՝ սահմանապահ զորքերի զինծառայողների հիմնական կրթությունն այժմ կազմակերպվում է Հայաստանում՝ Գիտաուսումնական կենտրոնում և Ռազմական ակադեմիայում, սակայն Ռուսաստանում և այլ պետություններում առանձին մասնագիտական կրթական ու վերապատրաստման ծրագրերը շարունակվում են։

Այսպիսով, ծառայությունը, չի հստակեցրել, թե Ռուսաստանի Դաշնությունում կոնկրետ որ ուսումնական հաստատություններում և ինչ ծրագրերով են կրթություն կամ վերապատրաստում անցնում հայ սահմանապահները։ Չի նշվել նաև, թե Ռուսաստանից բացի որ պետություններում են իրականացվում այդ ծրագրերը։ 

Հայտնի չէ նաև, թե ներկայում քանի սահմանապահ կամ կուրսանտ է կրթություն ստանում Հայաստանում, Ռուսաստանում և այլ պետություններում, քանի որ, ԱԱԾ-ի պարզաբանմամբ, ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է։ 

Մարիա Խաչատրյան

 

]]>
https://factor.am/1043274.html/feed 0
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը https://factor.am/1043714.html https://factor.am/1043714.html#respond Wed, 22 Jul 2026 13:56:33 +0000 https://factor.am/?p=1043714 Կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգում է «Քվանտ» վարժարանին 3 տարի ժամկետով հանրակրթությունն օտար լեզվով՝ անգլերենով կազմակերպելու թույլտվություն տալու հարցը։ Հայաստանի հանրակրթության ընդհանուր կանոններով կրթությունը կազմակերպվում է հայերենով։ Օտար լեզվով կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ է օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված հատուկ թույլտվություն։

Թույլտվությունը վերաբերելու է ոչ թե վարժարանի բոլոր դասարաններին, այլ միջնակարգ կրթության երրորդ աստիճանին՝ 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացվող Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրին՝ IBDP-ին։

Նախատեսվում է, որ վարժարանը ծրագիրը անգլերենով կշարունակի իրականացնել 2026/2027 ուսումնական տարվանից։

Նշվում է, որ ներկայում վարժարանի 62 դասարաններից ընդամենը երկուսում՝ մեկ 11-րդ և մեկ 12-րդ դասարանում, ուսուցումն իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով։ Հետևաբար որոշումը վերաբերում է սահմանափակ թվով ավագ դասարանների և ոչ թե բոլոր՝ ավելի քան 1000 սովորողներին։

«Քվանտը» Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնում է դեռևս 2011 թվականից։ Այդ ժամանակ վարժարանը ստացել էր համապատասխան թույլտվություն և սկսել էր ծրագիրն իրականացնել կառավարության որոշման հիման վրա։

Ծրագրում ընդգրկված սովորողները կարող են ստանալ ինչպես Հայաստանի պետական ավարտական ատեստատ, այնպես էլ միջազգային բակալավրիատի՝ IB Diploma Programme-ի դիպլոմ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ միջազգային ծրագիրը պետք է համատեղվի Հայաստանի հանրակրթության պետական չափորոշչի պահանջների հետ։ Այսպիսով, անգլերենով ուսուցումը չի փոխարինելու պետական կրթական ծրագրին․ սովորողները պետք է կատարեն և՛ ՀՀ կրթական համակարգի, և՛ Միջազգային բակալավրիատի պահանջները։

IBDP-ն միջազգային ճանաչում ունեցող երկամյա ավագ դպրոցական ծրագիր է, որը նախատեսված է հիմնականում 16-19 տարեկան սովորողների համար և «Քվանտում» համապատասխանում է 11-րդ ու 12-րդ դասարաններին։ Գնահատումը կատարվում է Միջազգային բակալավրիատի չափանիշներով, իսկ առավելագույն արդյունքը 45 միավոր է։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Քվանտի» շրջանավարտների միջին արդյունքները տարիների ընթացքում 4-6 միավորով բարձր են եղել տվյալ ծրագրի համաշխարհային միջինից։

Եվգենյա Համբարձումյան

 

 

]]>
https://factor.am/1043714.html/feed 0
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ https://factor.am/1043656.html https://factor.am/1043656.html#respond Wed, 22 Jul 2026 08:41:12 +0000 https://factor.am/?p=1043656 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ  մեկ շաբաթով երկարաձգվում է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը։

«Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը` ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում իրականացվում է ընդունելության նոր կարգով։

Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով՝ երկու քայլով․

Քայլ 1 – Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Հայտերի ներկայացման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման ուղեցույցում։

Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով»,- ասված է հաղորդագրությունում։

]]>
https://factor.am/1043656.html/feed 0
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում https://factor.am/1043488.html https://factor.am/1043488.html#respond Tue, 21 Jul 2026 16:41:29 +0000 https://factor.am/?p=1043488 Չինաստանի Շանհայ քաղաքում երկու տեսական փուլով անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի 67-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Օլիմպիադային մասնակցել է 120 երկրների 666 աշակերտ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը՝ 6։

Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալի, ինչպես նաև 1 գովասանագրի։ Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարան աշակերտներ Տիգրան Հախեյանն ու Արեն Գրիգորյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանն (11-րդ դասարան) ու Արսեն Մակարյանը (12-րդ դասարան)։ Գովասանագրի է արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Գրիգոր Քերոբյանը («Վորլդքուանթ» ընկերություն) և Նարեկ Խանդանյանը («Կրիսպ» ընկերություն)։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ավստրալիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 3 գովասանագրի։

]]>
https://factor.am/1043488.html/feed 0
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները https://factor.am/1043070.html https://factor.am/1043070.html#respond Mon, 20 Jul 2026 17:49:52 +0000 https://factor.am/?p=1043070 Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության և գալա համերգի հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման շրջանակում հայտարարվել են մրցանակակիրների անունները, որոնք պարգևատրվել են  «Մեծ մրցանակով» և «Հատուկ մրցանակով»:

Փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ հունիսի 9-30-ը: Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի 150-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոցների 8-20 տարեկան շուրջ 1500 աշակերտ։

Փառատոնին օնլայն ձևաչափով մասնակցության հայտեր էին ներկայացրել նաև ՌԴ և ԱՄՆ հաստատություններից։ Ժյուրիի կազմում էին Հայաստանի երաժշտարվեստի ոլորտի ճանաչված և հայտնի ներկայացուցիչներ, վաստակավոր արտիստներ, մանկավարժներ։

 

 

]]>
https://factor.am/1043070.html/feed 0