Հաղորդաշարեր | Factor.TV https://factor.am Sat, 05 Sep 2026 05:21:20 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Հաղորդաշարեր | Factor.TV https://factor.am 32 32 OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը https://factor.am/1058085.html https://factor.am/1058085.html#respond Fri, 04 Sep 2026 17:16:19 +0000 https://factor.am/?p=1058085 OpenAI-ը թողարկել է GPT-6 Astra-ն, որը ընկերությունը անվանում է իր մինչ օրս ամենահզոր մոդելը: Ընկերությունը նշում է, որ մշակումն միավորել է նախնական ուսուցման, ամրապնդման միջոցով ուսուցման և մոդելի վարքագիծը օգտատիրոջ մտադրություններին համապատասխանեցնելու ոլորտներում տարիների ընթացքում իրականացված հետազոտությունները, գրում է The Insider-ը։

Ընկերության հաղորդմամբ՝ Astra-ն ռեկորդային արդյունքներ է ցույց տալիս համակարգչի և բրաուզերի հետ փոխազդեցության, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման, կիբերանվտանգության, գիտության և այլ մասնագիտական առաջադրանքների ոլորտներում։

Մոդելը FrontierMath Tier 4 թեստում 98% արդյունք է ցույց տվել։ OpenAI-ի տվյալներով՝ այն արդեն օգնել է լուծել մաթեմատիկական մի քանի վաղուց չլուծված խնդիրներ։

ARC-AGI-3 բենչմարքում, որը ստուգում է անծանոթ ինտերակտիվ խնդիրների լուծման ընթացքում արհեստական բանականության սովորելու ունակությունը, Astra-ն հավաքել է 99,9%։ Համեմատության համար՝ մարդ-փորձարկողի միջին արդյունքը 48% է։

ARC Prize Foundation-ի նախագահ Գրեգ Կամրադտը հայտարարել է, որ Astra-ն առաջին անգամ հասել է մարդու հետ գործողությունների արդյունավետության մակարդակի հավասարության՝ դա անվանելով «առաջադեմ մոդելների արտադրողականության մեջ նշանակալի տեղաշարժ»։

Առանձին նշվում է, որ ExploitBench թեստում, որը գնահատում է մոդելի՝ հայտնի խոցելիությունները գործող էքսփլոյտների վերածելու կարողությունը, Astra-ն հավաքել է 100%, մինչդեռ նախորդ՝ GPT-5.6 Sol մոդելի արդյունքը կազմել է 78,5%։

OpenAI-ն նշել է, որ թեստավորման ընթացքում Astra-ն ինքնուրույն հայտնաբերել է նախկինում անհայտ՝ զրոյական օրվա (zero-day) խոցելիություն։ Ընկերությունը դրա մասին տեղեկացրել է համապատասխան ծրագրային ապահովման մշակողներին։

Այս ոլորտում մոդելի հնարավորությունների աճի պատճառով, ըստ OpenAI-ի Preparedness Framework համակարգի, այն դասակարգվել է կիբեռռիսկի «կրիտիկական» մակարդակում։ Այդ պատճառով կիբերանվտանգության ոլորտում մի շարք ավելի առաջադեմ առաջադրանքների հասանելիությունը ներկայումս սահմանափակված է։

Ընկերության հաղորդմամբ՝ Astra-ն ավելի հազվադեպ, քան նախորդ մոդելները, դուրս է գալիս դրված առաջադրանքի շրջանակներից և ավելի քիչ է իր հնարավորությունների վերաբերյալ ոչ հավաստի հայտարարություններ անում։

Hugging Face-ի հետ կապված միջադեպի օրինակով վերարտադրված ներքին թեստերից մեկում մոդելը, առանց ստանդարտ պաշտպանական մեխանիզմների, ոչ մի անգամ չի գերազանցել իրեն տրված լիազորությունները։ Մինչդեռ GPT-5.6 Sol-ը նման կերպ վարվել է դեպքերի 48%-ում։

Մոդելն արդեն հասանելի է սահմանափակ թվով կազմակերպությունների համար և առաջիկա օրերին հասանելի կլինի ChatGPT Plus, Pro, Business և Enterprise սակագնային պլանների բոլոր օգտատերերի համար, ինչպես նաև OpenAI API-ի, Microsoft Azure-ի և AWS Bedrock-ի միջոցով։

API-ի միջոցով մոդելին մուտք գործելու արժեքը կազմում է 10 դոլար՝ մեկ միլիոն մուտքային տոկենի համար, և 50 դոլար՝ մեկ միլիոն ելքային տոկենի համար։

OpenAI-ն ավելի վաղ թողարկել էր մոդելի նախորդ տարբերակը՝ GPT-5.5-ը։ Հուլիսին ընկերությունը թողարկել էր 5.6 մոդելների ընտանիքը՝ կենտրոնացած կոդավորման, բազմաքայլ աշխատանքի և կիբերանվտանգության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

]]>
https://factor.am/1058085.html/feed 0
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1058043.html https://factor.am/1058043.html#respond Fri, 04 Sep 2026 17:00:46 +0000 https://factor.am/?p=1058043 Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի Բիշքեկում կայացած հանդիպումը լուծումներ չտվեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա խնդիրներին։ Պուտինը պնդեց՝ Հայաստանի երկաթուղիներում նույնիսկ ՌԴ-ն կարող է ներդրումներ անել, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի և անհրաժեշտ քանակով բեռնափոխադրումներ սկսվեն։ Մինչդեռ Փաշինյանը շարունակում է պնդել՝ երկաթուղու հարցի լավագույն լուծումը կոնցեսիան երրորդ երկրի վաճառելն է։ 

Շատերի համար անսպասելի՝ Պուտինը պատրաստակամություն հայտնեց ռուսական ռազմաբազան հանել ՀՀ-ից՝ հենց վաղը, եթե Երևանը համարի, որ այն անհրաժեշտ չէ։ Փաշինյանը պատասխանեց՝ դեմ չեն լինի, եթե ՌԴ-ն անի այդ քայլը, բայց՝ Երևանն այդպիսի հարց չի բարձրացրել։ Օդում կախված է մնում հարցը՝ արդյո՞ք ՌԴ-ն կթանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ի թիվս հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ մտցված սահմանափակումների։ Առճակատումայի՞ն, թե՞ կառուցողական զարգացումներ սպասել Երևանի և Մոսկվայի հարաբերություններում։

Factor TV-ում հրավիրված բանավեճին մասնակցում են Անահիտ Ադամյանը՝ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Վարդան Խաչատրյանը՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Դերենիկ Մալխասյանը՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Անդրիաս Ղուկասյանը՝ «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/1058043.html/feed 0
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը https://factor.am/1057711.html https://factor.am/1057711.html#respond Thu, 03 Sep 2026 17:44:46 +0000 https://factor.am/?p=1057711 Ամերիկյան Uber ընկերությունն առաջին անգամ Լոնդոնում ուղևորների համար կգործարկի անօդաչու ռոբոտաքսիներ։ Այս մասին հայտնում են The Guardian-ը և The New York Times-ը։

Ուղևորների տեղափոխումը անօդաչու տաքսիներով Uber-ը կիրականացնի բրիտանական Wayve ստարտափի հետ համատեղ։ Փորձարկման առաջին փուլին կմասնակցի 15 ավտոմեքենա։ Սա քիչ է՝ համեմատած Բրիտանիայի մայրաքաղաքի տաքսիների ընդհանուր պարկի հետ, որը կազմում է մոտ 100 հազար մեքենա։ Մոտավորապես նույնքան է նաև Լոնդոնում Uber-ի հաճախորդների թիվը, փոխանցում է The Insider-ը։

Ավտոմեքենաներում, ինչպես նախկինում, կլինի լիցենզավորված վարորդ, որը անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ստանձնել մեքենայի կառավարումը։ Wayve ստարտափի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ընկերությունն աշխատում է ամբողջությամբ ինքնավար տաքսիների գործարկման ուղղությամբ, որոնք կաշխատեն առանց մարդու մասնակցության, սակայն դրանց գործարկման ժամկետները չի նշել։

Ռոբոտաքսիները պատվիրելու հնարավորությունը հասանելի կլինի արդեն սեպտեմբերի 3-ից։ Մեքենա պատվիրելիս հավելվածում օգտատիրոջը կառաջարկվի ռոբոտաքսի՝ մոտավորապես նույն գնով, ինչ սովորական ուղևորության դեպքում, եթե պատվերի պահին փորձարկվող մեքենաներից մեկը հասանելի լինի։ Եթե ուղևորը հրաժարվի, Uber-ը նրան կուղարկի սովորական մեքենա՝ վարորդով։

Ավելի վաղ՝ այս ամռանը, Uber-ը գործընկեր էր դարձել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ռոբոտաքսիների առևտրային ծառայության գործարկման հարցում, որը Եվրոպայում առաջինն էր։ Ինչպես Լոնդոնում, այստեղ ևս մեքենայի ղեկին մարդ-վարորդ է, որը անհրաժեշտության դեպքում վերահսկում է արհեստական բանականության աշխատանքը։

Ինչպես նշում է The New York Times-ը, Մեծ Բրիտանիայի նախորդ կառավարությունն ակտիվորեն աջակցում էր ռոբոտաքսիների զարգացմանն ու դրանց ներդրմանը տրանսպորտային համակարգում։ Ներկայիս վարչապետ Էնդի Բերնհեմը այս հարցի վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել։

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հեյդի Ալեքսանդերը նոր ռոբոտաքսիներն անվանել է «Լոնդոնի տրանսպորտի ապագայում կարևոր հանգրվան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

]]>
https://factor.am/1057711.html/feed 0
ԵՄ-ն ֆրանսիական պետական Bull AI ընկերությանը ԱԲ-ի համար սուպերհամակարգիչ է պատվիրել https://factor.am/1056702.html https://factor.am/1056702.html#respond Tue, 01 Sep 2026 09:28:17 +0000 https://factor.am/?p=1056702 Եվրամիությունը ֆրանսիական պետական Bull AI ընկերությունից պատվիրել է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ սուպերհամակարգիչ։ Պայմանագրի արժեքը կազմում է 387,8 միլիոն եվրո,  գրում է DW-ն։

Ինքը՝ ընկերությունը, ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ճգնաժամի մեջ հայտնված Atos ՏՏ կոնցեռնի ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվների հիման վրա, որոնք անցել են Ֆրանսիայի պետության վերահսկողության ներքո։

Պատվիրատուն EuroHPC-ն է՝ գերհամակարգչային տեխնոլոգիաների զարգացման եվրոպական գործակալությունը։ Նոր հաշվողական համալիրը նախատեսվում է տեղադրել Ֆինլանդիայում արդեն գործող տվյալների կենտրոնում։ Սպասվում է, որ գերհամակարգիչը շահագործման կհանձնվի 2027 թվականի երկրորդ կեսին։ Այն կդառնա Եվրամիության կողմից ստեղծվող՝ արհեստական բանականության զարգացման և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ենթակառուցվածքի մասը։

EuroHPC-ի տրամադրության տակ արդեն գտնվում է  ԱԲ-ի  համար նախատեսված տվյալների մշակման 19 կենտրոն և մոտ մեկ տասնյակ գերհամակարգիչ։ Այս ցանցի մեջ է մտնում նաև Գերմանիայի Յուլիխի հետազոտական կենտրոնում տեղակայված Jupiter գերհամակարգիչը։

Ինչպես հայտարարել է EuroHPC-ի ենթակառուցվածքների գծով տնօրեն Եվանգելոս Ֆլորոսը, առաջիկա տարիներին ցանցը կընդլայնվի, քանի որ նման հաշվողական հզորությունների պահանջարկը գերազանցում է առաջարկը։

Նշվում է, որ EuroHPC-ի կողմից ֆինանսավորվող համակարգերն օգտագործվում են, մասնավորապես, եվրոպական արհեստական բանականության մոդելների ուսուցման և զարգացման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
]]>
https://factor.am/1056702.html/feed 0
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ https://factor.am/1055957.html https://factor.am/1055957.html#respond Sun, 30 Aug 2026 16:00:22 +0000 https://factor.am/?p=1055957 Մենք երեխաներին հեռախոս տվեցինք ու աշխարհը նրանց ձեռքում հայտնվեց։ Հիմա բոլոր ջանքերը ձեռքից հեռախոսը վերցնելուն ու նրան իրական աշխարհ վերադարձնելուն են ուղղված։ Տարբեր երկրներ փորձարկում են՝ ինչպես կարող են նվազեցնել անչափահասների կախվածությունը սոցցանցերից, երբեմն դիմում կտրուկ՝ արգելքի մեթոդին։ 

Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ մարդիկ հասկացան՝ հաճախ ալգորիթմը երեխային ծնողից լավ է ճանաչում, վտանգը կարող է գալ մատի մեկ հպումով, երեխաները հեռախոսում մի ամբողջ կյանք են տեղավորում ու վրան կողպեք՝ գաղտնաբառ դնում։

Արգե՞լքն է այս հարցը լուծելու միջոցը, արդյո՞ք Հայաստանում անչափահասները կզրկվեն սոցցանցերից, ի՞նչ արդյունք ունեն այն երկրները, որոնք գնացել են այդ ճանապարհով։ Փորձելու ենք բացել երեխայի՝ հեռախոսի դիսփլեյից այն կողմ անձնական կյանք ունենալու իրավունքի շերտերը։

***

«Ասել, որ կարող ենք փորձել վերահսկել, սուտ կլինի, որովհետև որքան էլ փորձես, փակես դուռը, սահմանափակես սոցցանցերում ելումուտ անելը, երդիկից կմտնի»։

Լիանա Եղիազարյանի տանը կա 4 երեխա։ Չկա Wi-Fi։ Ծնողերը որոշել են, որ երեխաներն ինտերնետ կունենան միայն աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ իրենք տուն վերադառնան։ Բայց, ասում է, ինտերնետի առաջ դուռը փակես՝ պատուհանով կմտնի։

«Ասել, որ ես գիտեմ՝ իմ երեխան որքան է լինում սոցցանցերում կամ առհասարակ համացանցում՝ կլինի տարատեսակ ֆիլմեր նայել, Google-ում որոնումներ անել, արհեստական բանականության հետ շփվել, չափելի չէ, հնարավոր չէ, որովհետև ամեն օրվա հետ և՛ դասերն են տանում, և՛ հետաքրքրություններն են տանում այնտեղ, չես կարող շարունակ քո երեխայի ձեռքը բռնել»,- ասում է նա։

Վստահ է՝ անվտանգ սոցցանց չկա։ Արգելելու փորձեր անում է, բայց գիտակցելով՝ դա էլ գին ունի։

«Շատ նուրբ մի սահման կա․ դու կարող ես ուղղակի երեխայի հետ երկխոսության թելը կորցնել, և սոցցանցերում իրեն պատուհասած վտանգները պարզապես կմնան նրա ներքին աշխարհում, իր ընկերների հետ քննարկումների շրջանակում։ Ասել` սահմանափակել երեխային, նշանակում է՝ երեխային հետ պահել ամեն օրվա զարգացումներից, ասել՝ հնարավոր է սահմանափակել, կնշանակի ստել ինքներս մեզ»,- ասում է Լիանա Եղիազարյանը։

***

-Հստակ է, որ կարգավորումը պիտի լինի։ Հիմա սպասում ենք հետազոտության արդյունքների, որովհետև դրանից կախված է լինելու, թե ինչպես ենք անում, ինչ ժամանակացույցով ենք անում և ինչ մեխանիզմներով,- ասում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

-Այսինքն՝ քննարկվում է ոչ թե կարգելվի, թե չի արգելվի, այլ ինչպե՞ս կարգելվի։

-Այո, ի՞նչ եղանակներով, չգիտեմ, գուցե տարիքային շեմի հետ կապված ինչ-որ հարցեր վերանայվեն, այսինքն, ենթաբովանդակությունը շատ կարող է վերանայվել, բայց այն, որ կարգավորում լինելու է այս առումով, միանշանակ։

ԿԳՄՍՆ, ՆԳՆ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու արհեստական բանականության, Աշխատանքի, սոցիալական հարցերի և բարեկեցության նախարարությունների ներկայացուցիչները մի քանի ամիս է՝ քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների համար սոցցանցեր մուտքն արգելելու հարցը։ Վստահ են, որ սա երեխայի սոցիալական ու թվային պաշտպանությանն ուղղված կարգավորում է լինելու։ Բայց վտանգի նվազեցման բարի ցանկությամբ ծնված այս գաղափարը վտանգի նոր շերտեր ևս պարունակում է։ 

«Կդժվարանամ ասել, որ շատ առաջընթաց ունենք, որովհետև դեռևս հետազոտության փուլում էինք։ Գործընկեր կառույցներ կան, որոնք հարցերի շրջանակ են առանձնացրել։ Դրանք ուսումնասիրվում են, որ պարզ լինի, թե, օրինակ, ի՞նչ տարիքային սահմանափակումներ լինեն, ո՞ր սոցիալական ցանցերի մասին պիտի լինի խոսքը։ Այս որոշումն իրականացնելու մեջ ամենաբարդն այն է, թե ինչպե՞ս պիտի վերահսկվեն այդ գործընթացները, որովհետև իրականում սոցիալական ցանցեր մուտք գործելու համար շատ հաճախ ուղղակի պահանջվում է նշել տարիք, և որևէ մեկը չի կարող վերահսկել, որ երեխան նշի իրականությանը չհամապատասխանող տարիք։ Եթե մենք փորձենք այդ դաշտ մտնել և խիստ նույնականացում իրականացնել բոլոր փուլերում, գուցե անձնական տվյալների հետ կապված որոշակի հարցեր առաջանան»,- ասում է պաշտոնյան։

Բառացիորեն ցանկացած արժեհամակարգ ունեցող մարդ համացանցում կարող է ծավալել բառացիորեն ցանկացած գործունեություն։ Եվ աշխարհը, որը նաև երեխաների համար սոցցանցային հաշիվներ էր բացել, սկսեց հաշվել դրա ռիսկերը։

Առաջին կտրուկ որոշումն Ավստրալիան կայացրեց։ 2025 թվականի դեկտեմբերի 9-ը վերջին օրն էր, երբ մինչև 16 տարեկան երեխաները կարող էին հաշիվ ունենալ սոցցանցերում։ Անցնող շաբաթվա ընթացքում երկու երկիր՝ Սլովակիան և Նոր Զելանդիան, պաշտոնապես արեցին այս ճանապարհի առաջին քայլը՝ պետական մակարդակով հայտարարեցին նման որոշում կայացնելու ցանկության մասին։

2026-ի սկզբին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որն արգելելու էր մինչև 15 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից։ Կարգավորումը գործելու էր այս տարվա աշնանից։ Բայց առաջացավ «Իսկ ինչպե՞ս Ինստագրամը կամ ՏիկՏոկը պիտի հասկանան, որ մարդը, օրինակ, ոչ թե 15, այլ 14 տարեկան է» հարցը։ Նախատեսվեցին տարիքային ստուգման մեխանիզմներ ու հենց այդ պահին ծագեցին անձնական կյանքի, տվյալների պաշտպանության և ազատությունների խնդիրները։ 

Ստացվում է՝ երեխային սոցցանցերից պաշտպանելու համար պետք է դրանց ավելի շատ բան պատմես երեխայիդ մասին։ Օգոստոսի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշեց, որ բացի վերահսկողություն իրականացնելու դժվարությունից՝ խնդիր է նաև այն, որ սոցցանցն այսօր տեղեկություն ստանալու, կարծիք արտահայտելու, հաղորդակցվելու ու հանրային կյանքին մասնակցելու միջավայր է, որից մարդուն կտրելը հակասահմանադրական է։

«Մենք խոսում ենք ոչ թե ինչ-որ բան պարտադրելու, այլ երեխաների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Դրա համար ես, եթե իմ անձնական մոտեցումն ասեմ, խիստ արգելքներին այնքան էլ կողմնակից չեմ, որովհետև դրանք, եթե նույնիսկ ամենալավ նպատակներով են արվում, այդպես չեն ընկալվում, և ակամա ցանկություն է առաջանում դրանք շրջանցել, և դրա համար է, որ մենք շատ ավելի փորձում ենք խոսել այն մասին, որ նպատակային գործածություն սովորեն երեխաները»,- ասում է Թամար Սարգսյանը։

Նման ցանկություն ուներ նաև քաղաքապետարանն ու 2025-ի սեպտեմբերին որոշեց՝ Երևանի դպրոցներում սմարթֆոնի օգտագործման սահմանափակում կգործի։

«1-6-րդ դասարանների սովորողներին բացարձակապես չթույլատրել դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում՝ խոսքը միայն հեռախոսների մասին չէ, այլ նաև պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Կլինեն խիստ սահմանափակումներ՝ բացառապես կրթական նպատակով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ»,- հայտարարել էր քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։

Նույն իրականության զուգահեռ կողմում ԿԳՄՍ նախարարությունն աշակերտներին գրքեր էր տալիս, որոնք կարդալու-դիտելու-լսելու համար սմարթֆոն էր պետք։

«Երբ բովանդակության մեջ խորանում ենք, դրանք իրարամերժ հայտարարություններ չէին, որովհետև ԿԳՄՍՆ-ն հայտարարում է, որ դպրոցներում պետք է օգտագործվեն հեռախոսները և բոլոր տեսակի գաջեթները բացառապես կրթական նպատակներով, և Երևանի քաղաքապետարանը, կարծես, դրա ընթացակարգային մասով ավելի կոշտ հայտարարություն արեց, բայց ոչ թե դպրոցում հեռախոսն արգելելու, այլ հեռախոսների գործածությունը շատ խիստ և միանշանակ վերահսկելու»,- ասում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը։

Բայց, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն հաստատակամ է իր դիրքորոշման մեջ։ Տեխնոլոգիաների կիրառումը խրախուսող ուսուցիչները ողջունվում են, ճիշտ կիրառող երեխաները՝ բարձր գնահատվում։ 

«Դպրոցում կրթությունը չպետք է երեխայի առօրյայից խիստ տարբեր լինի և կապ չունենա այդ առօրյայի հետ, և եթե մենք այսօր ընդունում ենք որպես փաստ, որ երեխայի տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներից մեկը տարբեր տեսակի գաջեթներն են, ապա մենք պիտի այդ գաջեթները սովորելու պրոցեսի մեջ ներառենք։ Իրականում ամենացածր ցուցանիշները գրանցում են այն երեխաները, որոնք ընդհանրապես չեն օգտագործում որևէ տեսակի էլեկտրոնային սարքավորումներից, և այն երեխաները, որոնք օգտագործում են օրական 4 կամ 5 ժամ ավելի, բայց ժամանցի նպատակով։ Այսինքն՝ խնդիրը ոչ այնքան սարքավորումների օգտագործման ժամանակն է, այլ նպատակը»,- ասում է նա։

***

«Ամենամեծ վտանգը հենց երեխաների միջև հետաքրքրությունն է, մեկը մյուսին ուղարկում է ինչ-որ կոնտենտ, ինչ-որ հղում, գրանցվում են, հետո դասարանական չաթերն են տեղափոխում սնապչաթ և այլն։ Ես մի օր, երբ հետազոտում էի, գուցե մի քիչ ուշացած հետազոտում էի՝ ի՞նչ է այդտեղ կատարվում, սարսափում էի, թե այդ ընկերության հղումների մեջ ի՞նչ անունով խմբեր կարող են լինել, ի՞նչ մարդիկ կարող են լինել։ Այսինքն՝ եթե դու փողոցում երեխայի ձեռքը բռնած անցկացնում ես, փողոցում ցույց է տալիս լուսացույցը, կարմիր կանաչը և դեղինը, ապա այս թվային լուսացույցը որևէ տեղ չի գործում, դու չգիտես՝ երեխային ինչպես սովորեցնել, շատ-շատ կարող ես ընդհանուր խորհուրդներ տալ»,- կարծում է Լիանա Եղիազարյանը։ 

Կիբերհաբի համահիմնադիր Արթուր Պապյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է երկիրների՝ համացանցի նկատմամբ վերաբերմունքն ու եզրակացրել․ երբ իշխանությունն ուզում է մարդուն զրկել սոցցանցային ազատությունից, սկսում է խոսել երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության մասին։

«Երբ դու մտածում ես՝ ո՞նց անես, որ երեխան հանկարծ մեքենայի տակ չընկնի, դու չես դնում արգելում մեքենաները, կամ չես ասում՝ երեխաները ոչ մի դեպքում ոչ մի փողոց պիտի չանցնեն։ Այդպես չի աշխատում։ Դու ծնողի վրա, հասարակության վրա պարտավորություն են դնում կարգավորել երթևեկությունը և կրթել երեխային, սովորեցնել՝ ինչպես անցնել փողոց, որպեսզի ինքը վտանգի տակ չհայտնվի։ Ինտերնետը նույնպիսի միջավայր է, ինչպես վտանգավոր փողոց»,- ասում է նա։

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն օրերս հայտարարեց, որ Meta ընկերությունը 17 միլիարդ դոլար կվճարի և միջոցներ կձեռնարկի Facebook և Instagram հարթակներում երեխաներին պաշտպանելու ուղղությամբ՝ կատարելով դեռահասների շրջանում սոցիալական ցանցերից կախվածության վերաբերյալ դատական ​​հայցի և 47 նահանգների կողմից ներկայացված պահանջները։ 

Պապյանն այս նորությամբ մտահոգված ծնողներին ասում է՝ սա ոչ թե ամենաթողության, այլ հենց վերահսկողության նշան է։

«Այն փաստը, որ Meta-ի նկատմամբ դատական պրոցես կա, նշանակում է, որ որոշակի օրենքներ գործում են։ Ինձ չի մտահոգում Meta-ն, երբ ասում են, որ պիտի Ինստագրամտ, Ֆեյսբուքը կարգավորեն, դա ինձ էդքան էլ չի մտահոգում, որովհետև իրենք, գուցե, ունեն խնդիրներ, բազմաթիվ բացթողումներ, բայց իրենք որոշակի օրենքների ենթարկվում են։ Ինձ շատ ավելի մտահոգում է, օրինակ, Տելեգրամը, որը չի կարգավորվում, չի պատասխանում որևէ կերպ, չի փորձում աշխատել։ Ինձ ավելի մտահոգում է X.com-ը, որտեղ բոտերին, շուլեռներին, աֆերիստներին անսահման ազատություն են տվել»,- նշում է մասնագետը։

***

Երեխային ոչ թե կյանքից պաշտպանել, այլ դրան պատրաստել է պետք։ Համացանցն ու սոցցանցերն այլևս անխուսափելի իրականություն են․ սերունդը, որը ծնված օրվանից առնչվում է սմարթֆոնի հետ, արդեն մոտ է չափահասության տարիքին։ 

Հիմա արդեն գրագետ դառնալու պահից սկսած արհեստական բանականությանը հարցեր տվող սերունդն է գալիս, որը հաստատ կկարողանա գտնել ցանկացած արգելք շրջանցելու ձևը։   

Եվ բազմաթիվ փորձարկումներից հետո աշխարհը, գուցե, գա այն մտքին, որ վտանգն ավելի հեշտ է կանխել ոչ թե արգելքով, այլ վտանգի ու դրանից պաշտպանվելու միջոցների մասին գիտելիքի շերտերը լայնացնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան

 

 

]]>
https://factor.am/1055957.html/feed 0
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ https://factor.am/1053544.html https://factor.am/1053544.html#respond Sun, 23 Aug 2026 16:00:31 +0000 https://factor.am/?p=1053544 Ձուկ արտադրող հայ տնտեսվարողը ռուսական շուկայում արդեն մի քանի տասնամյակ իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում։ Այստեղ արտադրվող գրեթե ամբողջ ձկնամթերքը հստակ երթուղի ուներ։ 

Այս տարիների ընթացքում հայ արտադրողն ունեցել է ձուկ, արտահանման շուկա, գնորդ։ Չի ունեցել միայն այլընտրանք։ Դրա կարիքը հատկապես սրվեց այս տարվա հունիսին, երբ Ռուսաստանը որոշեց՝ էլ սիրտը հայկական ձուկ չի ուզում։ 

Ի՞նչ պիտի անի տնտեսվարողը, որի առաջ մշտապես բաց դուռը փակվել է, որքանո՞վ է գործնականում հասանելի թղթի վրա բաց ներկայացվող եվրոպական դուռը, ձուկն ու ոլորտը կապրե՞ն. փորձելու ենք բացել «ձուկը ջրում բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ։ 

***

«2006 թվականից գնել եմ այս տարածքը, որն ամայի էր։ Ես ստեղծել եմ այն, ինչ դուք տեսնում եք այսօր»,- ասում է Վլադիմիր Մկրտչյանը։

Մենք 5000 քառակուսի մետր տարածքով բուծարան ենք տեսնում, ներսում՝ 50 տոննա ձուկ։ Վլադիմիր Մկրտչյանը չգիտի՝ դեռ ինչքան կապրեն իշխանները։

«Բոլորն էլ գիտեն՝ ինչն է պատճառը, մեզ համար անորոշ վիճակ է հիմա, չգիտենք արդեն՝ ե՞րբ է լինելու բաց ճանապարհ, որտե՞ղ է լինելու բաց ճանապարհ։ Անորոշությունն արդեն հասել է գագաթնակետին»,- ասում է ձկնաբույծը։

20 տարի շարունակ ամբողջ ընտանիքով աշխատել են, արդյունքը տվել արտահանողներին՝ Ռուսաստան տանելու համար։ Ասում է՝ արտահանման ուրիշ շուկա չկա։

«ժամանակին չենք դիտարկել, քանի որ Ռուսաստանը միշտ բաց է եղել մեզ համար, եղել են դեպքեր, որ փակվել է, նորից բացվել․ դիմացել ենք։ Բայց հիմա փակ է, ալտերնատիվ ճանապարհներ չունենք։ Ուրիշ երկրներում մրցունակ չենք։ Մենք մենակ մրցունակ ենք եղել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ տարիների աշխատանք է տարվել այնտեղ՝ մեր ձուկը որպես բրենդ առաջարկելու համար․ վրան գրված էր՝ «армянская рыба», առնում էին։ Իսկ հիմա Եվրոպայում շատ էժան գնառաջարկ են տվել մեզ։ Եթե այդ գնով վաճառենք, մեր բոլորի տնտեսությունը կքանդվի։ Առանց այդ էլ է քանդվում հիմա։ Հոսանքի ծախսեր ունենք, ջրի ծախս ունենք, ամենամեծ ծախսը կերն է, որը հիմա ոչ մեկ չի կարողանում տա, որովհետև կեր չունի»,- ասում է Վլադիմիր Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ կերը ներմուծում են Եվրոպայից։ Այնտեղ արժեքը կիլոգրամի համար 1 եվրո է, այստեղ հասնում է 2 եվրո 14 ցենտով։ 50 տոննա ձուկը նորմայում մեկ ամսվա ընթացքում 12-13 տոննա կեր է սպառում, ամսական ծախսն այդպիսով 11 միլիոն դրամ է կազմում։ Այս բուծարանի ձկները կես ամիս կեր չեն ստացել։ 

«Դեռ ինչքան հնարավոր է՝ պահում ենք, ինչպես ասում է՝ հույսը վերջում է մահանում, մենք էլ միշտ լավատես ենք, սպասում ենք Կառավարությունից ինչ-որ մի լավ լուրի՝ թե՛ ճանապարհների բացման համար, թե՛ աջակցության»,- ասում է նա։

Վլադիմիրը միակ սպասողը չէ։ 2025 թվականին Հայաստանի ձկան և ձկնամթերքի արտահանման 97,4%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Արտահանվել է 11,2 հազար տոննա ձուկ ու ձկնամթերք, որից 10,1 հազար տոննան՝ շուրջ 90 տոկոսը, Ռուսաստան։

2026-ի առաջին եռամսյակում՝ դեռևս մինչև սահմանափակումները, Ռուսաստան արտահանվել է 2,2 հազար տոննա ձուկ և ձկնամթերք՝ 18,1 մլն դոլար արժեքով։ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել էր շուրջ 47%-ով։

***

Ռուսական կողմը սահմանափակումները պաշտոնապես հիմնավորել է անասնաբուժական և սննդային անվտանգության խնդիրներով։ Հարցը հուլիսի վերջին քննարկվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի ընթացքում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանափակումները հակասում են երկկողմ իրավապայմանագրային դաշտին և ԵՏՄ կարգավորումներին։  

ԵՄ-ում Ռուսաստանի տնտեսական գործողությունները Հայաստանի նկատմամբ մեկնաբանվում են որպես քաղաքական ճնշում։ 

Բայց նույնիսկ եթե խնդիրը քաղաքական է, դրա հետևանքի ուղիղ կրողը տնտեսվարողն է։

«Մենք այլ շուկա, որպես այդպիսին, չենք ունեցել։ Շատ քիչ քանակներ արտահանվել է Վրաստան, ժամանակին՝ Ուկրաինա, Միացյալ Նահանգներ։ Դրանք շատ քիչ քանակներ են, աննշան, ո՛չ ոլորտի վրա է երևում, ո՛չ էլ երկրի տնտեսության վրա»,- ասում է «Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ տնօրեն Գոռ Գրիգորյանը։

Իրենց արտադրած ձուկը սպառելու խնդրի առաջ կանգնած տնտեսվարողները շաբաթներ առաջ Կառավարության շենք եկան։

«Երրորդ ամիսն է՝ լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ ենք կանգնած»։ 

«Հարազատներ, այսօրվա դրությամբ՝ ես մարդ չգիտեմ, որ կարող է Եվրոպա արտահանել»։

«Լայվը տեսա նախարարի, ասում էր՝ այլևս երազանք չի Եվրոպա արտահանելը։ Մենք չենք էլ երազել ոչ մի անգամ»։

Ռուսաստանի՝ հայկական հերթական ապրանքատեսակի մեջ խնդիր տեսնելուց և արգելք սահմանելուց հետո Կառավարությունն այլ ճանապարհ ցույց տվեց, որը տանում է դեպի Եվրոպա։

«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ և վերամշակված ձուկ, ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,- ասում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Այսպես Կառավարությունը հաստատեց այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ձկնաբուծական ընկերություններին իրենց սառեցված ձուկն ու ձկնամթերքն արտահանել Եվրամիության երկրներ։ 

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց՝ ձուկ արտահանողները կստանան ֆինանսական աջակցություն իշխանի կիլոգրամի համար՝ 820 դրամ, թառափի կիլոգրամի համար՝ 1350 դրամ։ Եթե արտահանումն իրականացվելու է դեպի ԵՄ երկրներ, ապա տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման ու փորձագիտական համայնքում և համապատասխանեն ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին։ Հայկական աճեցված ձկան որակի վերաբերյալ տարընթերցում կա։

«Ես, օրինակ, իմ անձնական փորձն ասեմ։ Կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա, որովհետև պատահում է, որ ձկան հետ առնչվում ես, տեսնում ես՝ ճարպերը սենց հոսում են վրայից»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի կարծիքը հակառակի մասին է․ «Դաշտում առկա ընկերություններից գրեթե 97 տոկոս տնտեսություններն էլ պատրաստ են։ Այստեղ արդեն մնում է, թե բիզնեսն ինչքան հետաքրքրված կլինի ԵՄ երկրներում իր ապրանքը վաճառելով»։

Factor TV-ն այս շաբաթ փորձեց ճշտել՝ եթե ՌԴ-ն սահմանափակումներ չկիրառեր, Փաշինյանը չէ՞ր նկատի բուծված ձկան հետ կապված խնդիրը։

«Սնունդն անվտանգության տեսանկյունից կարող է խնդիր չունենալ, բայց որակի ու համային հատկությունների տեսանկյունից կարող է խնդիր ունենալ»,- ասաց վարչապետը։

Կառավարությունը հաստատեց նաև մեկ այլ ծրագիր, որով ձկնաբուծական 135 տնտեսությունների միանվագ գումար կփոխանցվի՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերած կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով։

***

Այսպիսով՝ պետությունը ներդրել է աջակցության 2 ծրագիր ու ասել՝ այսուհետև կարող եք ձկնամթերքը տանել նաև Եվրոպա։ Բայց արդյո՞ք դա հնարավոր է իրականության մեջ։ Ռուսական շուկայում ամրապնդվելու համար տնտեսվարողներից կապեր, իմիջի ձևավորման ժամանակատար ընթացք և երկար տարիներ են պահանջվել։ Հիմա կա մի նոր շուկա, բայց, կարճ ձևակերպմամբ, պետք է ամեն ինչ սկսել զրոյից։ 

«Եթե համապատասխան իրավական փաթեթը կարգավորված է, եթե կա համապատասխան թույլտվությունը, բնականաբար, այն տնտեսվարողները, ովքեր ցանկություն կունենան արտահանման գործընթաց իրականացնել, կարող են սահմանված կարգով դիմել լիազոր մարմնի և իրականացնել նշված գործընթացը։ Շատ ապրանքատեսակներ կան, որ որոշակի միջամտություն իրականացնելու դեպքում, օրինակ՝ ապխտելու կամ վերամշակելու, կարող են բավականին լավ պահանջարկ ունենալ Եվրոպական միության երկրներում»,- ասում է էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը։

«Ինչից մենք ձուկը ստանում ենք, հումքը 90%-ով գալիս է Եվրոպայից, և մի բան է, որ դու բերում ես, դա այստեղ վերամշակում, սարքում ես ապրանք և նորից այդ նույն լոգիստիկ ճանապարհով հետ է ստանում, մի այլ բան է, որ դու այդ լոգիստիկայի խնդիրը չունես, տեղում ես»,- հակադարձում է «Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ տնօրենը։

Ձկան բարձր ինքնարժեքի հետևանքով ցածր մրցունակության պնդումներին ի պատասխան՝ Ալեքսանյանը հիշեցնում է արտահանումը խթանող աջակցության ծրագիրը, իսկ հումքը դրսից է բերվում դիտարկմանն ի պատասխան՝ ասում է, որ կարելի է արտադրել այստեղ։ Եվ խոսակցությունը վերադառնում է նույն կետին․ այստեղ ևս ժամանակ է պետք։ 

«Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել, ասում են՝ պիտի շտանգի մրցումների գնաք։ Ցավդ տանեմ, 30 տարի ա պետք, կամ գոնե մի քանի տարի՝ շորերը փոխենք․․․ Չէէէ, վաղվանից պիտի գնաք շտանգի մրցումների»,- ասում էր Կառավարության առաջ ցույց անող տնտեսվարողներից մեկը։

«Բնականաբար, հիմա և՛ տնտեսվարողները, և՛ պետությունը պետք է իրականացնեն աշխատանքներ, որպեսզի կարողանանք այլ շուկաներ գտնել։ Այս առումով պետությունն իր կողմից դրված աշխատանքների 100%-ը գրեթե իրականացրել է։ Գիտե՞ք ինչ, այստեղ միայն պետության դերը չի։ Այստեղ հիմնական դերը տնտեսվարողներինն է։ Եթե տնտեսվարողն ունի ապրանք, որն անհրաժեշտ է իրացնել, տնտեսվարողն ինքը պետք է քայլեր ձեռնարկի իր կողմից աճեցված ապրանքն իրացնելու համար։ Հիմա պետությունն ինչքան աջակցման մեխանիզմներ, ինչքան քայլեր իրականացնի, ամեն դեպքում՝ խոշոր գործընթացը, պահանջը, պրոցեսը պետք է նախաձեռնի տնտեսվարող։ Եթե տնտեսվարողը նստի, ոչ մի բան չմտածի, բնականաբար, այդպես չի ստացվի»,- պնդում է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ գնդակը տնտեսվարողի դաշտում է։ Այն, որ վերջինը դեռ չի գտնում դարպասը ու մոտ ապագայում դեռ դժվար գտնի, հարցի մի կողմն է։ Մեկ այլ շերտ բացվում է այն ժամանակ, երբ փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ ճանապարհ պետք է անցնի ձուկ արտահանողը, եթե որոշի գնալ բախտը մեծ քաղաքներում որոնելու՝ չնայելով վերոնշյալ խնդիրներին։ 

Այս պահին եվրոպական մաքսային մարմինները թվային եղանակով կարող են տեսնել արտահանողի փաստաթղթերը։ Բայց արդյո՞ք դա բավարար է։ Այս անգամ հարց տվողը հենց Կառավարության ներկայացուցիչն է։

«Ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի, և ես հասկանում եմ` ինչն է պրոբլեմը, իրենք չեն ուզում, որովհետև այդ կոդը նաև ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով և անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք անում։ Մենք կապարակնիքների հարցն այդպես էլ չլուծեցինք, եթե շարունակենք չլուծել, կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս և, մասնավորապես, ձեր ջանքերից՝ մենք խնդիրը չենք լուծելու»,- ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մաքսային ծառայողն այս պահին կարող է տեսնել՝ արտադրողն անցե՞լ է որակական ստուգում, թե՞ ոչ։ Բայց նա չի կարող իմանալ՝ ի՞նչ է բեռնատարում։ Գուցե լավ որակի ձուկ ունենալն ապացուցած տնտեսվարողը, օրինակ, հավ է տեղափոխում։ Մաքսային կետում ստիպված կլինեն երկար ստուգում իրականացնել։

«Իսկ այդ պարագայում, բնականաբար, և՛ բիզնեսի, և՛ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրն այնքան է մեծանում․․․ Իսկ այդ անորոշությունը ծախս է, որովհետև 1 ժամ ավելի սահմանին կանգնելը, 2 ժամ ավելի եվրոպական երկրում երթևեկելը ծախսեր են, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը»,- ասում է Մհեր Գրիգորյանը։

***

Թե՛ պետությունը, թե՛ տնտեսվարողը տեսնում են խնդրի՝ իրենց հասանելի կամ ցանկալի շերտը։ Երկուսի տեսակետն էլ, ցանկության դեպքում, կարելի է հասկանալ, բացատրել, կարիքի դեպքում՝ հիմնավորել։ Երկուսն էլ մեծ մասամբ համաձայն են փոխադարձ փաստարկների հետ։

Ճանապարհը բաց է՝ երկու կողմերն էլ համաձայն են։

Այդ ճանապարհը հեշտ ու արագ չէ՝ երկու կողմերն էլ համաձայն են։ 

Բայց փոխըմբռնումը չի լուծում այն խնդիրը, որ հիմա Հայաստանի բուծարաններում ռեկորդային շատ ձկներ են լողում, որոնք ռեկորդային քիչ կեր ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան

 

]]>
https://factor.am/1053544.html/feed 0
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1052488.html https://factor.am/1052488.html#respond Tue, 18 Aug 2026 17:25:58 +0000 https://factor.am/?p=1052488 Եթե Perplexity արհեստական բանականության հարթակով որևէ հարցում անեք, շատ մեծ է հավանականությունը, որ ձեր հարցի պատասխանը կգեներացվի Հրազդանում կառուցված Firebird AI-ի գործարանում, որտեղ օրերս մեկնարկել է տվյալների կենտրոնի առաջին փուլի աշխատանքը։ 

Միլիարդավոր դոլարների ներդրումների խոստմանը զուգահեռ՝ հանրային տիրույթում մտահոգություններ կան, թե որքանով է գործարանն անվտանգ շրջակա միջավայրի համար, որքա՞ն և ի՞նչ ջուր է օգտագործվում սառեցման համակարգերում, կամ արդյո՞ք սպառվող էներգիայի ծավալները չեն ծանրաբեռնի ՀՀ էներգետիկ համակարգը։  

Այս հարցերի պատասխանների հետքերով Factor TV-ն Հրազդան է այցելել և շրջել նորաբաց գործարանի տարածքում։  

Տարածքի ջերմաստիճանային պայմաններ, օդի մաքրություն, Էներգետիկ ենթակառուցվածքների հասանելիություն․ Firebird AI գործարանի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ տվյալների կենտրոնը Հրազդանում են հիմնել՝ այս ամենը հաշվի առնելով։ 6144 հատ NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներն արդեն գործարկված են։ Դրանք որքա՞ն դրանք կաշխատեն և ի՞նչ կլինի դրանց հետ շահագործման ավարտից հետո։

«GPU-ները 6-ից 8 տարվա կյանք ունեն միջինացված: Այսօր կան աշխարհում GPU-ներ, որոնք 8 տարի առաջ են արտադրվել և մինչև այսօր օգտագործվում են։ Ուտիլիզացիան նույն կերպ է կատարվում, ինչպես համակարգիչներինը՝ թե՛ տան համակարգիչների, թե՛ սերվերների: Սրանք նույնպես սերվերներ են և նույն ստանդարտով են իրականացվում»,- ասում է Եսայանը։ 

Գերհզոր պրոցեսորներն աշխատելիս մեծ քանակի ջերմություն են անջատում․ ինչպե՞ս է կատարվում դրանց հովացումը, որքանո՞վ է տեղին բնապահպանների մտահոգությունը, որ անհրաժեշտ է լինելու շատ մեծ ծավալով ջուր։  

«Մենք օգտագործում ենք երկու փակ համակարգ, որովհետև դրանք տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով են աշխատում։ Մեկ համակարգը նախատեսված է GPU-ների հովացման համար, էներգաարդյունավետ լինելու համար մենք օգտագործում ենք բարձր ջերմաստիճանային չիլերներ։ Երկրորդ փակ համակարգը նախատեսված է մնացած բոլոր տեխնիկական սենյակների հովացման համար, որի ջերմաստիճանը նույնպես ու համեմատաբար ավելի ցածր է, քան GPU-ինը»,- նշում է Firebird AI գործարանի ենթակառուցվածքների տնօրեն Հակոբ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ համակարգն օգտագործում է նաև արտաքին օդի ցածր ջերմաստիճանը՝ ջերմափոխանակիչների միջոցով հեղուկը սառեցնելու համար, ինչի արդյունքում նվազում է հովացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսը։ Հակոբյանը նաև ցույց տվեց, թե ինչ է իրենից ներկայացնում փակ համակարգը։ 

«Այս հատվածում դուք կարող եք տեսնել բոլոր այն խողովակները, որոնք լուծույթը շրջանառում են դեպի տվյալների կենտրոն և այնտեղից, ջերմափոխանակաթյուն կատարելուց հետո, հետ է գալիս նորից չիլերներ»,- ասում է Հակոբյանը։

Գործարանի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Հրազդանն ընտրելիս հաշվի են առել այն, որ նույնիսկ ամռան ամենաշոգ ամիսներին օդի ջերմաստիճանը չի գերազանցում 36,5 աստիճանը և հովացման համար ջուր անհրաժեշտ չի լինում։ 

«Այստեղ մենք ջրագիծ էլ չունենք եկող: Այսինքն՝ խմելու ջրագիծ ենք քաշում և վերջ: Ուղղակի ջրի սպառման տեղ էլ չունենք, և իմաստ էլ չկա: Անգամ եթե մեծանա, մեծությունը կապ չունի: Մեկ է՝ Հրազդանը հով տարածք է, շոգ չի լինում: Ու այդ բոլոր խոսույթները, որ մեր գործարանն օգտագործելու է ջուր, ուղղակի մտացածին են»,- նշում է Եսայանը։

Հակոբյանն էլ ասում է՝ երկու համակարգերը միասին օգտագործում են շուրջ 250 տոննա հեղուկ։ Սա առաջին փուլի համար նախատեսված քանակն է այն պարագայում, որ բոլոր սարքավորումներն իրենց մաքսիմալ հնարավորություններով աշխատում են։  

ԱԲ տվյալների կենտրոնի շուրջ քննարկումներում առանցքային է նաև հարցը՝ ինչպիսի՞ ծանրաբեռնվածություն է այն ավելացնելու ՀՀ էներգետիկ համակարգի վրա․ նման հզոր կենտրոնների աշխատանքը կապված է մեծ ծավալի էլեկտրաէներգիայի սպառման հետ։ Եվ եթե մինչև վերջերս պետական մակարդակով խոսվում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելցուկի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշեց, որ ԱԲ գործարանների արագ զարգացման պատճառով ապագայում էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ կառաջանա։

«Մենք 100 մեգավատից ավելի ավելցուկ ունենք տարվա ընթացքում՝ տարբեր ժամանակաշրջանում: Այսինքն՝ 18 մեգավատը, ընդհակառակը, անգամ մեր ավելցուկի հարցը չի լուծում, որ մի հատ էլ պահանջարկ ստեղծի: Սակայն երկրորդ փուլը, որ քննարկում ենք, արդեն խոսքը 280 մեգավատ հզորության մասին է, ինչն արդեն մեր ավելցուկը կվերցնի ամբողջությամբ, բացի այդ՝ նաև կծագի հարց նոր էներգիայի աղբյուր գեներացնելու»,- նշում է Ալեքսանդր Եսայանը։

Նրա խոսքով՝ ԱԲ գործարանների զարգացումը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել էլեկտրաէներգետիկ համակարգի վրա, եթե նախապես չլուծվեն անհրաժեշտ հզորության ապահովման հարցերը։ Նրա պնդմամբ՝ իրենց դեպքում մոտեցումը հակառակն է․ նախ պետք է ապահովել անհրաժեշտ և լրացուցիչ էլեկտրաէներգիայի աղբյուրները, և միայն դրանից հետո կառուցել ու ընդլայնել գործարանը։  

«Մեկը հենց BESS համակարգն է, որ ասացի՝ մարտկոցներով լուծումն է՝ արևային էներգիան կուտակել, երեկոյան օգտագործել: Դա մի ճանապարհն է: Երկրորդ ճանապարհը մեր եղած ջերմոէլեկտրակայանները՝ ՋԷԿ-երը մաքսիմալ աշխատացնել, թեկուզ հոսանքի արտադրությունը իրանց ավելի թանկ է լինելու, սակայն մենք դիտարկում ենք նաև նման տարբերակ, որ ավելի թանկ հոսանք գնենք և կարողանանք ԱԲ գործարանը կառուցենք»,- ասաց նա։ 

Վերջին տարիներին աշխարհում աճում է տվյալների կենտրոնների նկատմամբ տեղական դիմադրությունը՝ հիմնականում էլեկտրաէներգիայի և ջրի սպառման, ինչպես նաև աղմուկի և շրջակա միջավայրի ազդեցության պատճառով։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյո՞ք նման ռիսկեր կարող են առաջանալ նաև Firebird AI-ի դեպքում՝ ինչպես գործող, այնպես էլ հետագայում ընդլայնվող հատվածների համար։

«Եթե դիտարկենք հենց Ամերիկայի օրինակները, դուք ինքներդ էլ կարող եք նայել, թե որ դեպքերում են այդ բողոքի ակցիաները տեղի ունենում՞: Առաջնայինը դա ջրի օգտագործման հետ է կապված, երկրորդը՝ աղմուկի: Այս երկու դեպքերն էլ մենք բացառել ենք»,- վստահեցնում է գործարանի համահիմնադիրը:

Ավելի քան 200 հազար քմ տարածքում կառուցվող Firebird AI-ի առաջին փուլում ներդրվել է շուրջ 500 մլն դոլար, իսկ երկրորդ փուլի ներդրումը, Եսայանի խոսքով, կգերազանցի խոստացված 4 մլրդ դոլարը։ Ընկերությունը կառավարության հետ պայմանագիր է կնքել և գրաֆիկական պրոցեսնորի մոտ երեք տոկոսի՝ 180 GPU-ի հզորություններից կարող են օգտվել պետական կառույցները, սթարթափներն ու համալսարանները։

Նկարը մշակված է ԱԲ-ով

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

 

 

]]>
https://factor.am/1052488.html/feed 0
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ https://factor.am/1052455.html https://factor.am/1052455.html#respond Tue, 18 Aug 2026 15:45:33 +0000 https://factor.am/?p=1052455 OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմը, որը ուսուցման և անվտանգության շուրջ է կառուցվել, գրում է AP-ն։

Այս ռեժիմն ավելի խիստ սահմաններ է սահմանում հարաբերություններում. մոդելն իրեն ընկեր չի կոչի, չի ակնարկի անձնական զգացմունքների մասին կամ օգտատիրոջը չի ներշնչի, որ գիտակցություն ունի։ Ընկերությունը նաև ընդմիջումների մասին հիշեցումների ֆունկցիա է ավելացրել, որպեսզի դեռահասները չափազանց չտարվեն շփմամբ, իսկ ծնողները կկարողանան որոշակի ժամանակով անջատել չաթ-բոտը։ Նման հնարավորություն կունենան նաև դեռահասները։

Բացի այդ, OpenAI-ը ծնողների համար ներդրել է ծանուցումներ իրենց երեխայի կողմից վարվող պոտենցիալ վտանգավոր զրույցների մասին. համակարգը կծանուցի մեծահասակներին, եթե երեխան քննարկի վտանգավոր թեմաներ, ինչպիսիք են սննդային պահվածքի խանգարումները և բռնության սպառնալիքները, կամ եթե անպարկեշտ պատկերներ ուղարկի։ Ծանուցումից առաջ բովանդակությունն ընկերության աշխատակիցների կողմից կստուգվի ձեռքով, այլ ոչ ավտոմատ կերպով։

Ուսուցման ռեժիմում, որը կգործարկվի առանձին, ChatGPT-ն կփորձի դեռահասին ուղղորդել դեպի իր սեփական լուծումը, այլ ոչ թե պատրաստի պատասխան այս կամ այն խնդրին։

Ավելացվել է նաև «Ուսումնական ժամեր» գործառույթը, որն ավտոմատ կերպով ակտիվացնում է ուսումնական ռեժիմն օրվա որոշակի ժամին։ Ծնողները կարող են նաև կարգավորել այս գործառույթը իրենց օգտահաշվի միջոցով։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ռեժիմը կակտիվանա ավտոմատ կերպով՝ կանխատեսման մեխանիզմների միջոցով: Նոր օգտահաշիվներ ստեղծել անհրաժեշտ կամ հնարավոր չի լինի, քանի որ համակարգը վերլուծում է օգտատերերի հարցումները և վարքագիծը: Դեռահասների ռեժիմը կգործարկվի օգոստոսի 18-ին և մինչև ամսվա վերջ կտարածվի ամբողջ աշխարհում։

 

 

]]>
https://factor.am/1052455.html/feed 0
Ինչի համար է ՀայՓոստը. վարչապետից բարձր վարձատրվող պաշտոնյայի ղեկավարած կառույցի ՇԵՐՏԵՐԸ https://factor.am/1051506.html https://factor.am/1051506.html#respond Mon, 17 Aug 2026 16:00:18 +0000 https://factor.am/?p=1051506 Նախորդ շաբաթ համացանցում բարկացած քննարկում էին․ «Հայփոստի» տնօրենի աշխատավարձն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության նախագահինն ու վարչապետինը՝ միասին վերցրած։

Առաջին հայացքից սա դասական հայկական սկանդալ է՝ «ով որքան է տանում պետական բյուջեից» թեմայով։ Բայց «Ինչքան ենք վճարում Հայփոստին» հարցից առաջ կա մեկ ուրիշ հարց՝ իսկ ինչո՞ւ ենք դա անում և ի՞նչ է անում կառույցն այդ փողերով։
Կոմունալ վճարումնե՞ր․ կարելի է անել հեռախոսով՝ մեկ հպումով։ Առաքումներ արտասահմանից կամ դեպի արտասահմա՞ն․ մասնավորը, կարծես, հարմար պայմաններ է առաջարկում։ Նամակագրությո՞ւն․ եթե Ձեզ նամակ է եկել Հայփոստով, ուրեմն կա՛մ ճանապարհային տուգանք ունեք, կա՛մ Ձեզ դատարան են կանչում (ի դեպ, այս ամենի մասին էլ կարող եք իմանալ առցանց)։

Ուրեմն ինչի՞ համար է Հայփոստը․ փորձելու ենք բացել կառույցի գործունեության շերտերը։

***

«Վաստակավոր պետական գործիչ կար՝ Վլադիմիր Մովսիսյանը։ Մի օր Կառավարության նիստի ընմիջմանը նախարարներից մեկը Վլադիմիր Միհրանիչի փողկապը շուռ է տալիս, նայում է՝ լավ ֆիրմա է, ասում է՝ Վլադիմիր Միհրանիչ, էս ո՞վ է Ձեզ կաշառք տվել։ Ասում է՝ ա՛յ տղա, ձերը նվեր է, իմը կաշա՞ռք»։

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այս պատմությունը հնչում է «կուժ քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տրամաբանությամբ։ Ընդդիմությունը բարձրացնում էր այն հարցը, որ Հայփոստի՝ անսպասելիորեն բարձր աշխատավարձ ստացող տնօրենն ԱԺ-ի արդեն փոխնախագահ, իշխանական Հայկ Կոնջորյանի կինն է։ 

«Հարցը իշխող կուսակցության ներկայացուցչի կնոջ բարձր, շատ բարձր պաշտոնի նշանակումն է»,- պնդում է պատգամավորը։ 

Այս հաղորդման շրջանակում մենք աշխատավարձերին դեռ կանդրադառնանք։ Բայց նախ արժե հասկանալ՝ ի՞նչ են անում այդ աշխատավարձը ստացողն ու իր ղեկավարած կառույցը։ Այս հարցի հասցեատերը ՀայՓոստն է, որտեղից, սակայն, հարցազրույցի մեր առաջարկը մերժեցին՝ հորդորելով ուղարկել գրավոր հարցում կամ ուսումնասիրել կառույցի կայքը՝ գործունեությանը ծանոթանալու համար։ Հենց այդպես էլ արել ենք։ 

Ընկերությունն առաջարկում է մոտ 3 տասնյակ ծառայություն, որոնք բաժանվում են 4 խմբի։ Փորձեցինք գտնել այնպիսիք, որոնցում ՀայՓոստը մենաշնորհ ունի։

Ի սկզբանե զտեցինք կապոցների, փաթեթների, նամակների առաքումները՝ նկատելով, որ կառույցն առաջարկում է նաև ուղարկել նամակներն էլեկտրոնային տարբերակով՝ խոստանալով տպել դրանք, դնել ծրարի մեջ ու ուղարկել հասցեատիրոջը։ 

Մեկ այլ խումբ ֆինանսական ծառայություններն են, որոնք հնարավոր է կատարել բանկով։

Ահա այն, ինչ մնաց առաջնային զտումից հետո․ դուք կարող եք վարձել ձեր անվանական փոստարկղը Նալբանդյան 28 հասցեի բաժանմունքում ու ստանալ ձեր առաքանիներն ու նամակներն այնտեղից։ Կարող եք բաժանորդագրվել ձեր սիրելի թերթերն ու ամսագրերը տուն ստանալու համար։ Օնլայն առևտրով զբաղվող կորպորատիվ հաճախորդները կարող են ՀայՓոստին վստահել լոգիստիկ և վճարների ընդունման հարցերը, պատվիրակել ապրանքների ներմուծման ու պահեստավորման, վիզուալ բովանդակության ստեղծման, փաթեթավորման և այլ հարցեր։ Կարելի է պատվիրել դռնեդուռ գովազդ, վարձակալել տարածք ՀայՓոստին պատկանող շենքերում։ Եվս մեկ առաջարկ․ ՀայՓոստը նաև օնլայն խանութ ունի։

Թվարկված բոլոր ծառայությունները կարող են մատուցել նաև այլ ընկերություններ։ Դրանցից որևէ մեկում ՀայՓոստն անփոխարինելի չէ։ Եվ միայն մեկ բան՝ Նալբանդյան 28 հասցեում գտնվող մի դռնից այն կողմ գտնվողն է, որի մենաշնորհային իրավունքը պատկանում է Հայփոստին։ 

Հայփոստը նամականիշեր է թողարկում։ Միլիոնավոր նամականիշեր։

Վերջին 4 տարիներին տպագրված նամականիշերի թիվը յուրաքանչյուր տարվա համար չի գերազանցում 1,6 միլիոնը, իսկ 5 տարի առաջ՝ 2022-ին, օրինակ, տպագրվել է 10 միլիոն 158 հազար նամականիշ։ Տպագրվում են նաև փոստային բացիկներ, քարտ-մաքսիմումներ, առաջին օրվա ծրարներ։

«Պետությունը սովորաբար ունի պարտավորություն մատուցելու որոշակի հանրային ծառայություններ, և սովորաբար այդպիսի ծառայությունների թվին են պատկանում նրանք, որոնք բավարար չափով շահութաբեր չեն, և որոնցով մասնավոր հատվածը չի հետաքրքրվում։ Պետություններն ավանդական կերպով փոստային ծառայություններ են ստեղծել։ Վերջին 25-30 տարիներին նաև մասնավոր ընկերություններն են մտել այս ոլորտ, բայց սա նոր ֆենոմեն է»,- ասում է պետական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Հին ֆեմոմենը գործելու համար 2025-ին 10,12 միլիարդ դրամ է ծախսել։ Ավելի քան 8 միլիարդը վաճառքի ինքնարժեքն է, 40 միլիոնը՝ իրացման ծախսերը, 1,7 միլիարդը՝ վարչական ծասխսերը և այլն։

Ինքնաֆինանսավորվող այս կառույցը 2025 թվականին մոտավորապես 9,5 միլիարդ դրամ եկամուտ է ունեցել։ Այսպիսով՝ աշխատել է ավելի քան 532 միլիոն դրամ վնասով։

«Արդարացվածությունը գնահատելու համար մենք պետք է գնահատենք նպատակը: Ե՛վ Արևմտյան Եվրոպայում, և՛ Հյուսիսային Ամերիկայում փոստային ծառայությունների համար շատ դժվար է շահույթով աշխատել։ Դրանց մեծ մասի նպատակների թվում ֆիքսված էլ չէ ֆինանսական կայունությունը․ պարտադիր չէ, որ շահույթով աշխատեն։ Մի քանի օր առաջ նայում էի ԱՄՆ-ի փոստային ծառայության հաշվետվությունը, կարծես 3 եռամսյակով 2,5 միլիարդ դոլարի վնաս կար։ Այնպես որ՝ բոլոր փոստային ծառայությունների համար է դժվար այսօր կյանքը, սակայն այդ ծառայությունները հարկավոր են»,- ասում է նա։

Պետությունը պիտի հոգա, որ Հայաստանի ամեն անկյունում կապ լինի երկրի ներսի ու դրսի հետ։ Մասնավորը կարող է որոշել, որ, օրինակ, չի սպասարկում հեռավոր գյուղերը։ Ըստ պետական կառավարման մասնագետի՝ ազգային փոստային օպերատորը նման ռիսկերը չեզոքացնելու համար է։ Բայց կա վերաիմաստավորման կարիք։

«Բառացիորեն մի քանի օր առաջ նայում էի՝ ՀայՓոստով աղբահանության 1001 դրամ և ավելի վճար կատարելու դեպքում միջնորդավճարը կազմում է 300 դրամ, այսինքն՝ 30 տոկոսի չափով։ Պարզ է, որ մարդկանց մեծ մասը կօգտվի այլընտրանքային ծառայություններից։ Հետաքրքիր և կարևոր կլինի, որ հանրությունը՝ որպես շահառու, իմանա, թե, օրինակ, քանի հոգի է իր աղբահանության վճարը կատարել ՀայՓոստի միջոցով։ Սա ես մի դեպք եմ պատմում, բայց, իհարկե, ՀայՓոստի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունն ընդհանրապես շատ կարևոր է»,- ասում է Քյուրումյանը։

Եվ հենց այստեղ է առաջանում ռիսկը։ 

«Քո մարդիկ ամենուր»․ սա է ՀայՓոստի կարգախոսը, որը մոտ 800 բաժանմունք ու ավելի քան 3500 աշխատակից ունի։ Ի՞նչ գործառույթ են կատարում այս մարդիկ, որ ամենուր են, ովքե՞ր և ինչպե՞ս են ղեկավարում ՀայՓոստը։ 

Կառույցի տնօրենին ընտրում է հատուկ ձևավորված խորհուրդը։ 2024-ի նոյեմբերին  որոշվեց, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Շուշան Ալեքսանյանը՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կինը։ Նրա տարեկան աշխատավարձը 118 միլիոն դրամ է՝ ամսական 3,6 միլիոն դրամ կամ շուրջ 10 հազար դոլար։ Թափանցիկության պակասն է, որ անհանգստացնում է կառավարման մասնագետին։

«Պետական բոլոր կառույցների՝ ՊՈԱԿ-ների, հիմնադրամների, ՓԲԸ-ների տնօրենների կամ կառավարման խորհուրդների գործունեությունը միանշանակ ուղղորդվում է։ Իրենք անկախ չեն իրենց որոշումներում, և դա համակարգային կոռուպցիայի դրսևորում է։ Եթե համակարգային կոռուպցիան նախկինում այլ տեսք ուներ, հիմա արդեն այս տեսքն ունի»,- նշում է նա։

Բացի Շուշան Ալեքսանյանից՝ քանի՞ անձ է մասնակցել տնօրենի թափուր հաստիքի համալրման մրցույթին և ովքե՞ր են նրանք՝ գաղտնի է պահվում։ Չեն հրապարակվում նաև մրցութային նիստի արձանագրությունները։ 

«Եթե սովորական դեպքերում անհրաժեշտ է, որ խորհուրդները հրապարակեն  նիստերի արձանագրությունները, այս դեպքում ոչ միայն արձանագրություններ, նիստերի սղագրություններն են հարկավոր, որպեսզի տեսնենք՝ խորհրդի անդամներն ի՞նչ հարցեր են տվել թեկնածուներին, արդյո՞ք որակյալ պատասխան ստացել են, թե՞ թե ոչ։ Այսինքն՝ գործընթացը արդյո՞ք եղել է մրցակցային և ընտրվել է լավագույն թեկնածուն»,– ասում է Արտակ Քյուրումյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ այս հարցերի պատասխանները բացասական են, և պատասխան են պահանջում արդեն ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանից։

«Ձեր գործընկերների հարցադրումն այն մասին է՝ արդյո՞ք Հայկ Կոնջորյանը միջամտել է, որպեսզի իր կինը նշանակվի ՀայՓոստի տնօրեն։ Ես ոսկեղենիկ հայերենով, մեսրոպատառ, բանավոր ասացի, որ ո՛չ, ես չեմ միջամտել, և ես չէի կարող միջամտել»,- ասում է Հայկ Կոնջորյանը։ 

Նա նաև պնդում է՝ իր կինը ոչ միայն պետությունից չի վարձատրվում, այլև ստանում է ՀայՓոստի պատմության մեջ ամենացածր վարձատրությունը և հիշեցնում՝ պատկերը փոխվում է դիտանկյունը փոխելուց․ «Հայկ կոնջորյանի կինը ստացել է այսքան միլիոն դրամ աշխատավա՞րձ, թե՞ Հայկ Կոնջորյանի կինը ստացել է ՀայՓոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձը»։

Այս թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև Շուշան Ալեքսանյանը՝ բացատրելով՝ 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը, 2024 թվականի համեմատ, բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով։ 

***

ՀայՓոստն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ Ժամանակին այն անփոխարինելի անհրաժեշտություն էր։ Մարդիկ գալիս էին, օրինակ, Սարյան 22 և սպասում, թե երբ աշխատակիցն իրենց կհրավիրի հեռախոսախցիկ՝ դեպի Մոսկվա, ԱՄՆ կամ այլ երկիր զանգելու։ Այստեղ սիրտը թրթռում էր նոր նամակ ուղարկելիս կամ ստանալիս, այստեղից դրսում բարեկամ ունեցողները ստանում էին «իմպըրտնի իրերով պասիլկան»։

Հիմա գործառույթներն ավելացել են, անհրաժեշտ գումարը՝ ևս, իսկ եզակիությունը՝ հակառակը։ Կենտրոնական շենքն էլ, որում վաղուց վերոնշյալ ծառայությունները չեն մատուցվում, շուտով կքանդվի։

Գուցե ՀայՓոստի աշխատանքն ավելի հասկանալի լիներ, եթե պետության, թերևս, ամենաթանկ վարձատրվող պետական աշխատողը խոսեր՝ բացելով այն շերտերը, որոնցում ՀայՓոստի ստեղծած արժեքն արժանի է այդքան բարձր վարձատրության։ Քանի դեռ դա չի եղել, շարունակվում է քննարկվել տնօրենի ընտանեկան կապերը՝ որպես կոռուպցիայի տեսակներին ավելացած ժամանակակից շերտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան

 

]]>
https://factor.am/1051506.html/feed 0
Apple-ն իր սեփական ԱԲ մոդելն է ստեղծել Չինաստանի համար․ մշակմանը մասնակցում է Alibaba Group-ը https://factor.am/1051420.html https://factor.am/1051420.html#respond Fri, 14 Aug 2026 13:18:22 +0000 https://factor.am/?p=1051420 Apple-ն իր սեփական արհեստական բանականության մոդելն է ստեղծել հատուկ չինական շուկայի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երեք տեղեկացված աղբյուրների: Ընկերությունն ԱԲ-ն մշակել և ուսուցանել է Alibaba Group-ի հետ համատեղ, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Apple-ն իր Apple Intelligence արհեստական ​​բանականության համակարգը Չինաստանում կթողարկի առաջիկա ամիսներին: Չինաստանի համար հարմարեցված այս հատուկ մոդելը թույլ կտա ընկերությանն ավելի մեծ վերահսկողություն ձեռք բերել արհեստական ​​բանականության նկատմամբ ամենամրցունակ արտաքին շուկայում:

Մինչ այս չէր հաղորդվել, որ Apple-ն իր սեփական արհեստական ​​բանականության մոդելն է մշայում: Ներքին շուկայում ընկերությունը հենվում է իր ամերիկացի գործընկերների մոդելների վրա: Չինաստանում նույնպես Apple-ը պլանավորում էր օգտագործել տեղական մշակողների՝ արդեն գոյություն ունեցող արհեստական ​​բանականությունը, քանի որ ամերիկյան ընկերությունների համակարգերը, ինչպիսիք են Anthropic-ը և OpenAI-ը, Չինաստանում հասանելի չեն:

Հուլիսի կեսերին չինական կարգավորող մարմիններն Apple-ին թույլատրեցին երկրում գործարկել Apple Intelligence-ը: Հաղորդվել էր, որ ընկերությունն իր համակարգում ներդնում է Alibaba-ի Qwen մոդելը, ինչպես նաև Baidu-ի կողմից մշակված արհեստական ​​բանականության գործիքների տարբերակը։

Սեփական արհեստական ​​բանականության մոդելի թողարկմամբ Apple-ը կդառնա առաջին օտարերկրյա ընկերությունը, որը Պեկինից թույլտվություն դա անելու կստանա։

Apple-ի և Alibaba Group-ի գործընկերության մասին հայտարարվել է 2025 թվականի փետրվարին: Այս տեղեկությունը հաստատել է չինական ընկերության նախագահ Ջոզեֆ Ցայը՝ հայտարարելով, որ Apple-ը Չինաստանում իր սմարթֆոններում կօգտագործի Alibaba Group-ի արհեստական ​​բանականության համակարգերը։

 

 

 

]]>
https://factor.am/1051420.html/feed 0