Մեկնաբանություն | Factor.TV https://factor.am Fri, 11 Sep 2026 13:48:59 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Մեկնաբանություն | Factor.TV https://factor.am 32 32 Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1059905.html https://factor.am/1059905.html#respond Fri, 11 Sep 2026 15:30:24 +0000 https://factor.am/?p=1059905 Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի համար «լիովին կորած» չի համարում։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամը ռուս փորձագետի տեսանկյունից վերլուծելով՝ Մարկեդոնովը նաև բացատրում է Մոսկվայի տրամաբանությունն ու ընկալումները, ընդ որում, ոչ բոլոր դեպքերում, որ դրանք լիովին համապատասխանում են իր սեփական գնահատականին։

Նրա կարծիքով՝ չնայած Մոսկվայի ու Երևանի միջև կուտակված համակարգային տարաձայնություններին, երկու կողմերը դեռևս չեն ձգտում հարաբերությունների վերջնական խզման։ Խոսելով Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև Բիշքեկում կայացած հանդիպման մասին՝ Մարկեդոնովը նշել է, որ երկու առաջնորդներն էլ, նշելով առկա տարաձայնությունները, «չէին շտապում լիովին կտրել գորդյան հանգույցները»։ Նա կարծում է, որ մեկ կամ երկու հանդիպումը բավարար չէ մի քանի տարի շարունակ կուտակված խնդիրները լուծելու համար։

Միաժամանակ, Մարկեդոնովը ռուս-հայկական շփումների շարունակությունը, Մոսկվայում հայտարարված հանդիպումը, միջուկային էներգիայի շուրջ բանակցությունները և այլ համատեղ նախագծերը համարում է որպես ապացույց այն բանի, որ «բոլոր ճոպանները կտրված չեն», և որ պրագմատիկ փոխազդեցության համար տարածք է մնացել։

«Նման բիշքեկներ պետք է շատ լինեն»,- վստահ է քաղաքագետը՝ դեմ արտահայտվելով այն բանին, որ Ռուսաստանն իր գործողություններով Հայաստանին հակառուսական ճամբար մղի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան

 

 

]]>
https://factor.am/1059905.html/feed 0
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին https://factor.am/1059430.html https://factor.am/1059430.html#respond Thu, 10 Sep 2026 09:09:16 +0000 https://factor.am/?p=1059430 Հայաստանը 2029 թվականը դիտարկում է որպես վիզաների ազատականացման գործընթացի գործողությունների ծրագիրն ամբողջությամբ ավարտելու քաղաքական թիրախ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ այդ ժամկետում Հայաստանը պետք է կատարած լինի ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր պահանջները, որից հետո որոշման կայացումը կանցնի եվրոպական կողմի դաշտ։

Սարգսյանը պնդեց՝ Հայաստանի իշխանությունը ոչ թե ենթադրում, այլ համոզված է, որ 2029 թվականին գործողությունների ծրագիրը պատշաճ ժամկետում և որակով կատարած կլինի։ 

«Առաջին զեկույցը շատ դրական է եղել եվրոպացի գործընկերների կողմից, ընդ որում՝ արձանագրվել է նախադեպը չունեցող գնահատական, որովհետև Հայաստանը առաջանցիկ տեմպերով է կատարողականն ապահովել»,-նշեց նախարարը։

Հատկապես առաջանցիկ է գնահատվել կենսաչափական համակարգի ներդրումը։ Նախարարի խոսքով՝ այն գործողությունները, որոնք նախնական պլանով պետք է գնահատվեին ավելի ուշ փուլերում, Հայաստանը պատրաստ կլինի ներկայացնել արդեն նոյեմբերի 1-ին։

«Այն, ինչ որ պիտի գնահատվեր, օրինակ, չորրորդ կամ հինգերորդ առաքելության շրջանակներում, այսօր արդեն կարող ենք փաստել, որ նոյեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին կատարված կունենանք»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հենց սահմանների համալիր կառավարումն է պատճառը, որ որպես քաղաքական թիրախ ընտրվել է 2029 թվականը։ Այդ ուղղությամբ դեռևս անելիքներ կան՝ կադրերի պատրաստումից մինչև ֆիզիկական և թվային ենթակառուցվածքներ։

Նախարարը նաև անդրադարձել է Եվրահանձնաժողովի ներկայացուցչի այն հայտարարությանը, թե դեռ վաղ է խոսել վիզաների ազատականացման կոնկրետ ժամկետների մասին։ Սարգսյանի գնահատմամբ՝ այդ հայտարարությունը Հայաստանում մանիպուլատիվ է ներկայացվել։

«Տիկին խոսնակի արտաբերած նախադասությունները մանիպուլատիվ կերպով են տեղ գտել մեր հանրային տիրույթում, որովհետև տիկին խոսնակը որևէ ձևով չի ժխտել կամ հերքել Հայաստանի հետ Եվրոպական միության ունեցած երկխոսության մասին կամ վիզաների ազատականացման հնարավորության մասին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանին ներկայացրել է 74 կետանոց գործողությունների ծրագիր, և այժմ գնդակը հայկական կողմի դաշտում է։

«Եվրոպական կողմը չի կարող գնահատել, նույն խոսնակը ևս չի կարող գնահատել մենք որ գործողությունը երբ պիտի ավարտենք։ Տվել են հայկական կողմին 74 կետանոց ծրագիր, ունեն երկու գնահատման օղակ՝ իրավական շրջանակ և ենթակառուցվածք, ասել են՝ հենց պատրաստ լինեք, կգանք։ Հենց պատրաստ լինենք, այո՛, կտան վիզաների ազատականացումը»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, Բրյուսելում Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն պատասխանելով  Factor TV-ի հարցին՝ ասել էր․ «Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք թեմաներ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ունենալ ավելի սերտ համագործակցություն։ Իսկ արդյո՞ք վաղաժամ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կլինի վիզային ազատականացման պահը։ Կասեի, որ իսկապես վաղ է այդքան կոնկրետ լինելը։ Բայց ինչը կարող ենք հաստատել, այն է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ոլորտներում, և երբ այս թեմաները հասունանան, մենք կանցնենք հաջորդ փուլին՝ Հայաստանի հետ ավելի ու ավելի սերտ գործընկերության ուղղությամբ»։ 

Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1059430.html/feed 0
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է https://factor.am/1059385.html https://factor.am/1059385.html#respond Thu, 10 Sep 2026 07:26:08 +0000 https://factor.am/?p=1059385 Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- տեղեկացնում են կառույցից։

Հիշեցնենք, որ երեկ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:

]]>
https://factor.am/1059385.html/feed 0
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է» https://factor.am/1059114.html https://factor.am/1059114.html#respond Wed, 09 Sep 2026 14:44:37 +0000 https://factor.am/?p=1059114 Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում որևէ մեղմացում չի լինի, «քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»։ Այսպիսի հայտարարություն է արել  ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ես չէի ցանկանա այնպիսի միջոցների դիմենք, ինչպիսիք են արտաքսումները, քանի որ դրանք վերաբերում են մարդկանց։ Կարող եմ միայն ասել, որ առևտրատնտեսական կապերի վատթարացումը փոխկապակցվված է Հայաստանի կառավարության կուրսի հետ, որը մտադիր է դավաճանել նախկին դաշինքները և դրանք  կնքել մեր հակառակորդների հետ: Չնայած պարբերական շփումներին, սահմանափակումների մեղմացում չի լինի, քանի դեռ պարոն Փաշինյանը իշխանության է։ Իհարկե, Փաշինյանի կուրսի վրա կարելի է ազդել: Հակառակ դեպքում նա այդքան էլ չէր ցանկանա հանդիպումներ և չէր ստեղծի այն տպավորությունը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կպահպանվեն: Մինչդեռ պարոն Սիմոնյանը (Ալեն Սիմոնյան, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար ) ասում է, որ նրանք կընդունեն ռելոկանտներին, երբ Ռուսաստանում նոր զորահավաք լինի։ Փաշինյանն ինքը հայտարարել է, որ չափազանց ուրախ կլինի, եթե Հայաստանը հեռացնեն ՀԱՊԿ-ից: Դրանից հետո միայն շանտաժիստը կարող է պահանջել, որ մենք որևէ հարցի շուրջ  ընդառաջ գնանք և մենք, անշուշտ, ենթակա չենք Հայաստանի կողմից շանտաժի», – հայտարարել է նա:

Զատուլինը նաև անդրադարձել է, ԵՏՄ թե ԵՄ հարցի շուրջ հանրաքվե չանցկացնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը։

«Փաշինյանն այսօր  որևէ հանրաքվե չի ուզում։ Նա վստահ չէ հաղթանակի մեջ։ Նա պարտվել է խորհրդարանական ընտրություններում, բայց մանիպուլյացիաների միջոցով  կարողացել է իր թեկնածությունը տանել և մեծամասնությունը խորհրդարան տանել։ Նա գիտի, որ կեղծել է ընտրությունները։ Եթե նա վստահ լիներ հանրաքվեի հարցում, երեկ  կանցկացներ։ Այսօր ոչ միայն Եվրամիությանը միանալը, այլև նույնիսկ առանց վիզան է ձախողվել (վիզաների ազատականացումը), ինչպես ԵՄ ներկայացուցիչն արդեն հայտարարել էր նախօրեին», – եզրափակել է  նա։

Նշենք, որ չնայած Զատուլինի պնդմանը, ԵՄ-ն վիզաների ազատականացման հարցով որոշում չունի և Factor TV-ն երեկ անդրադարձել էր ռուսական պետական ՌԻԱ գործակալության մոլորեցնող վերնագրին։

Հավելենք նաև, որ չնայած միջազգային տարբեր կառույցները հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկած տակ չեն դրել, ՌԴ իշխանությունները այդպես էլ չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ընտրություններում հաղթանակի, ինչպես նաև Փաշինյանին ՀՀ վարչապետ դառնալու

ՌԴ-ն դեռևս մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման համար։ Հունիսի 2-ից Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի մատակարարման սահմանափակումներն են մտցվել, դադարեցվել է կենդանի ձկան և ձկնամթերքի ներմուծումը։

Միաժամանակ,  ի տարբերություն Զատուլինի, պաշտոնական Մոսկվան Հայաստանի նկատմամբ սահմանափակումները քաղաքական դրդապատճառներով չի  բացատրել, այլ կապել բուսասանիտարական նորմերի խախտման հետ։

Էմմա Չոբանյան

]]>
https://factor.am/1059114.html/feed 0
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1058827.html https://factor.am/1058827.html#respond Tue, 08 Sep 2026 13:13:58 +0000 https://factor.am/?p=1058827 Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստեղծված մեխանիզմների միջոցով փորձում է վերացնել հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ առկա սահմանափակումները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն Ռուսաստանի հետ շփումներով չի սահմանափակվում, և Հայաստանը օգտագործում է ԵԱՏՄ-ի շրջանակում նախատեսված բողոքարկման մեխանիզմները։

«Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, սկզբունքներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքներից»,- ասաց Գասպարյանը։

Հարցին՝ արդյոք ռուսական կողմի այն պնդումները, թե հայկական արտադրանքը որակի խնդիրներ ունի, ամբողջությամբ անհիմն են, փոխնախարարն ուղիղ չպատասխանեց։ Նա միայն նշեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է արտադրանքի որակի և ստանդարտների բարձրացումը։

«Մենք պետք է փորձենք ստեղծել, բացել նոր շուկաներ և արտադրել մեր ապրանքները, որոնք ներկայացնում ենք միջազգային շուկաներ։ Դրանք պետք է լինեն բարձր որակի ոչ միայն այն պատճառով, որ համապատասխանում են կամ չեն համապատասխանում, այլ որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք»,- նշեց նա։

Միաժամանակ Գասպարյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ից բացի՝ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և նոր շուկաներ գտնել հայկական արտադրանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

]]>
https://factor.am/1058827.html/feed 0
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին https://factor.am/1058495.html https://factor.am/1058495.html#respond Mon, 07 Sep 2026 13:10:50 +0000 https://factor.am/?p=1058495 Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը դեռևս վաղ է համարում նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միության երկրներ։

Բրյուսելում Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն պատասխանել է Factor TV-ի հարցին՝ արդյոք կարող ենք 2029 թվականը իրատեսորեն համարել թիրախային ժամկետ, թե դեռ վաղ է նման կանխատեսում անելը։

Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ․ «Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»։

Factor TV-ն միաժամանակ հարց է հնչեցրել՝ արդյոք Եվրոպական Միությունը Հայաստանի հետ քննարկում է ՀՀ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելու հնարավորությունը՝ վիզաների ազատականացման բանակցությունների շրջանակում։

Պաուլա Պինյոի խոսքով՝ Բրյուսելը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության իրական և հետևողական ամրապնդմամբ։ Որպես այդ հարաբերությունների խորացման ակնառու ապացույց՝ խոսնակը հիշատակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ վերջին շրջանում Հայաստան կատարած երկու այցելությունները։

«Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք թեմաներ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ունենալ ավելի սերտ համագործակցություն։

Իսկ արդյո՞ք վաղաժամ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կլինի վիզային ազատականացման պահը։ Կասեի, որ իսկապես վաղ է այդքան կոնկրետ լինելը։ Բայց ինչը կարող ենք հաստատել, այն է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ոլորտներում, և երբ այս թեմաները հասունանան, մենք կանցնենք հաջորդ փուլին՝ Հայաստանի հետ ավելի ու ավելի սերտ գործընկերության ուղղությամբ»,- պատասխանել է նա։

Երկու հարցին միաժամանակ պատասխանելով՝ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը, ըստ էության, շրջանցել է ՌԴ քաղաքացիներին առնչվող հարցադրմանը։

Հիշեցնենք, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2024 թվականի սեպտեմբերին, մեկնարկել է ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճանապարհորդության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Հայաստանի կողմից Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջընթացի առաջին զեկույցը հրապարակվել է այս տարվա ապրիլի վերջին, որում նշվել է՝ «Հայաստանի իշխանություններն ամուր քաղաքական հանձնառություն են դրսևորել ՎԱԳԾ-ով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում»։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

]]>
https://factor.am/1058495.html/feed 0
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով https://factor.am/1058301.html https://factor.am/1058301.html#respond Mon, 07 Sep 2026 06:35:39 +0000 https://factor.am/?p=1058301 Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան  տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս ճշգրիտ ամսաթվեր չկան»,- ասել է նա։

Միաժամանակ Պեսկովը նաև պարզաբանել է, որ այցը կկայանա այս տարի։

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը բանակցություններ էին վարել  Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Պուտինը հայտնել էր, որ  Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկաթուղու թեման մանրամասն քննարկելու համար։

Փաշինյանն էլ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցել է լավ, և կողմերը պայմանավորվել են անկեղծ ու կառուցողական երկխոսությունը շարունակել իր առաջիկա՝ Մոսկվա այցի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

]]>
https://factor.am/1058301.html/feed 0
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան https://factor.am/1057942.html https://factor.am/1057942.html#respond Fri, 04 Sep 2026 10:53:54 +0000 https://factor.am/?p=1057942 Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու և ոռոգման ջրի հետ կապված էական ու շոշափելի խնդիրներ չունենա․ այս մասին Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026–2031» թեմայով աշխատաժողովի բացման ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանրապետության վարելահողերի, տնկարկների և այգիների մեծ մասը զրկված է ոռոգման հասանելիությունից, իսկ ոռոգվող տարածքներում առկա է հնացած տեխնոլոգիաների խնդիր․ ժամանակակից չափանիշներով տասնյակ հեկտարների համար նախատեսված ջրաքանակն այսօր ծախսվում է ընդամենը մի քանի հեկտարի վրա։

«Մենք պետք է արձանագրենք, որ օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ կանոնից հիմնականում բացառություն: Եվ ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ ակնհայտորեն բերում է հետևանքներ: Մենք նույնիսկ շատ հետևանքների հետագծելիությունը ի վիճակի չենք տեսնել և տեղորոշել, բայց ակնհայտ է, որ մենք այս պրոբլեմն ունենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարության նպատակն է հասնել նրան, որ առանց մաքրման ոչ մի կաթիլ օգտագործված ջուր բնություն չարտանետվի, և ապահովվի ջրի երկրորդային ու երրորդային օգտագործումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

]]>
https://factor.am/1057942.html/feed 0
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը https://factor.am/1057824.html https://factor.am/1057824.html#respond Fri, 04 Sep 2026 05:45:24 +0000 https://factor.am/?p=1057824 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ-Քեյնի հետ։ Կողմերը կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների դերը խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում, անդրադարձել քրիստոնեական նախաձեռնությունների աջակցությանը և ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հնարավորություններին։

«Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։

Մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ՀՀ–ԱՄՆ միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

]]>
https://factor.am/1057824.html/feed 0
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան https://factor.am/1057710.html https://factor.am/1057710.html#respond Thu, 03 Sep 2026 14:08:52 +0000 https://factor.am/?p=1057710 Գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը պաշտոնական հերքում է տարածել՝ անդրադառնալով այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրավապահներին հանձնարարականներ են տրվել պարզելու՝ արդյոք Նալբանդյանը փորձել է տպավորություն ստեղծել վարչապետի ընտանիքի հետ բիզնես կապ ունենալու մասին։ Նալբանդյանը հայտարարել է, որ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի ոչ Փաշինյանի ընտանիքի, ոչ նախկին իշխանությունների, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարության կապակցությամբ կարևոր եմ համարում ևս մեկ անգամ և վերջնականապես ներկայացնել իմ դիրքորոշումը։

Տարբեր շրջանակների կողմից բազմիցս փորձ է արվել իմ անունը և իմ կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների հետ կամ նախկին իշխանությունների հետ։

Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ։

Իմ բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում եմ անձամբ։ Դրանք իրականացվում են իմ միջոցներով, իմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով և ունեն տնտեսական ու ներդրումային տեսլական։

Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին։

Իմ գործունեության նպատակը եղել և մնում է Հայաստանում ներդրումների իրականացումը, արտադրություններ վերականգնելն ու զարգացնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը և երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը։
Ես գործում եմ Հայաստանի և Հայաստանի տնտեսության շահերից ելնելով։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։

Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է։ Կից ներկայացնում եմ նաև նախկինում կատարված հերքումների տվյալները»,- ասված է հերքման տեքստում։

Հիշեցնենք, որ նախկինում տարբեր հրապարակումներում և սոցիալական ցանցերում շրջանառվել էին պնդումներ, թե «88» սուպերմարկետների ցանցը կապ ունի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ։

]]>
https://factor.am/1057710.html/feed 0