FACT OR NOT | Factor.TV https://factor.am Wed, 03 Jun 2026 17:37:29 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png FACT OR NOT | Factor.TV https://factor.am 32 32 Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել https://factor.am/1025863.html https://factor.am/1025863.html#respond Wed, 03 Jun 2026 17:37:29 +0000 https://factor.am/?p=1025863 Ռուսաստանից Հայաստան օրական թռիչքների մասին սոցցանցերում որոշ օգտատերեր գրում են, թե դրանք կտրուկ շատացել են, իսկ այլ օգտատերեր հերքում են դա։ Կան նաև այլ դեպքեր, երբ ներկայացնում են, որ Ռուսաստանից օրական 30 ինքնաթիռ է գալիս Հայաստան՝ հենց ընտրություններին մասնակցելու նպատակով  մարդկանց տեղափոխելու համար։

Այս պնդումների ճշմարտացիությունը ստուգելու համար Factor TV-ն ուսումնասիրել է վերջին օրերին Ռուսաստանից Հայաստան բոլոր քաղաքացիական թռիչքները։

Այսպիսով, 2026 թվականի հունիսի 1-3-ը Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացված թռիչքների քանակը կազմել է 107․ նախորդ տարվա նույն օրերին այդ թիվը 83 էր։ Մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 24 թռիչքով կամ մոտ 29%-ով աճ։

Factor TV-ն Ռուսաստանից Հայաստան թռիչքներն ուսումնասիրել է՝ Flightradar24-ի միջոցով դիտարկելով 2025-2026 թվականի նույն օրերի` հունիսի 1-3 ժամանակահատվածի բոլոր քաղաքացիական թռիչքները։

Այդ տվյալների համաձայն՝ այս տարվա հունիսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան իրականացվող չվերթների ուղղությունները զգալիորեն ընդլայնվել են։ 2025 թվականի նույն օրերին Ռուսաստանից Հայաստան չվերթներ եղել են 12 ուղղությունից, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 16-ի։ Այսինքն, այս տարի դեպի Հայաստան թռիչքներ են սկսվել նաև այնպիսի ռուսական քաղաքներից, որտեղից նախորդ տարի այդպիսի թռիչքներ չէին եղել։

Այս համատեքստում, սակայն, կարևոր է հիշել, որ նախորդ տարի որոշ սահմանափակումներ են գործել հենց ռուսական օդանավակայաններում։ Օրինակ, այս տարվա հունիսին դեպի Հայաստան թռիչքներ եղել են նաև Կրասնոդարից՝ 6 չվերթ։ Իսկ անցած տարի այս օդանավակայանից թռիչքները սահմանափակված են եղել ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Այս օդանավակայանից թռիչքները վերսկսվել են 2025 թվականի սեպտեմբերից։

Հարկ է նաև նշել, որ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը մայիսի 15-ին հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ պատրաստ է աջակցել Կրասնոդարում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մեկնելու կազմակերպմանը՝ ընտրություններին մասնակցելու համար։

Մոսկվայից չվերթներն ավելացել են

2026-ի հունիսի առաջին երեք օրերին Ռուսաստանից Հայաստան բոլոր չվերթների գրեթե կեսը՝ 107-ից 52-ը, իրականացվել է Մոսկվայից։ Նույնպիսի համամասնություն է եղել նաև նախորդ տարվա նույն օրերին։ Factor TV-ի ուսումնասիրած տվյալների համաձայն՝ ամենամեծ աճը նույնպես գրանցվել է հենց Մոսկվայի ուղղությամբ՝ +9 չվերթ։

2025-ի հունիսի 1-3-ին Մոսկվայից Հայաստան իրականացվել էր 43 չվերթ, իսկ 2026-ի նույն օրերին՝ 52 չվերթ։

Սա ցույց է տալիս, որ ուղղությունների ավելացման արդյունքում Մոսկվայից դեպի Հայաստան եկող թռիչքների քանակի նվազում չի եղել։ Հակառակը՝ ընդհանուր աճի պայմաններում ավելացել են թե՛ ուղղությունները, թե՛ Մոսկվայի ուղղությամբ իրականացվող չվերթները։

Ո՞ր ուղղություններով են չվերթներն ավելացել և նվազել

Երկրորդ խոշոր աճը Կրասնոդարի ուղղությամբ է, որտեղից, ինչպես նշեցինք, նախորդ տարի թռիչքներ չեն եղել։ Արդեն այս տարվա հունիսի 1-3-ն այս օդանավակայանից Հայաստան է եղել 6 չվերթ։

Աճել են նաև Սանկտ Պետերբուրգից չվերթները՝ 6-ից դառնալով 10։ Սարատովից չվերթների թիվը 0-ից դարձել է 2, իսկ Պերմից ու Սուրգութից՝ 1: Աճ է գրանցվել նաև Եկատերինբուրգի, Սամարայի, Ուֆայի, Նիժնի Նովգորոդի ուղղություններով։

Միաժամանակ նվազել են Սոչիից և Միներալնիե Վոդիից Հայաստան իրականացված չվերթները։ Սոչիից չվերթների թիվը 2025-ի հունիսի 1-3-ի՝ 13 չվերթից 2026-ին դարձել է 11։ Միներալնիե Վոդիից չվերթները նվազել են 1-ով։

Կան նաև ուղղություններ, որտեղ ընդհանուր թիվը չի փոխվել։ Նովոսիբիրսկից երկու տարիներին էլ եղել է 2 չվերթ, Կազանից՝ 1, Չելյաբինսկից՝ 1, Տյումենից՝ 1։

Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ, նախորդ տարվա հունիսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածի համեմատ, ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքների թիվն աճել է 29%-ով։

Միաժամանակ, 2026 թ․ ՌԴ-ից Հայաստան եկող ուղղությունների ընդլայնմանը զուգահեռ, Մոսկվայից թռիչքների թիվն ավելացել է 9-ով, իսկ Սանկտ Պետերբուրգից՝ 4-ով։

Այսինքն, թեև Ռուսաստանից Հայաստան օրական մոտ 30 թռիչքի իրականացումը նոր չէ, սակայն նախորդ տարվա նույն օրերի համեմատ կա նաև թռիչքների էական լրացուցիչ ակտիվացում․ առնվազն հունիսի 1-3-ը թռիչքներն ավելացել են մոտ 30 տոկոսով։

Մարիա Խաչատրյան

]]>
https://factor.am/1025863.html/feed 0
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին https://factor.am/1024430.html https://factor.am/1024430.html#respond Sat, 30 May 2026 15:20:07 +0000 https://factor.am/?p=1024430 Մայիսի 28-ից X հարթակում տասնյակ էջեր տարածում են տեսանյութ, որում պնդում է արվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի արդյունքում Ֆրանսիայից լրացուցիչ 800 զինծառայող է տեղակայվել Երևանի մերձակայքում։ Տարբեր ալիքներում միասին տեսանյութը գրեթե 2 միլիոն դիտում է հավաքել։

Տեսանյութում նաև ասվում է, թե նրանք համալրել են արդեն իսկ Հայաստանում գտնվող 40 ֆրանսիացի զինծառայողներին՝ ընտրություններից հետո հնարավոր հասարակական անկարգություններին միջամտելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիա տարհանելու նպատակով։

Բաց աղբյուրների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում տեսանյութում հնչող պնդումները չեն հաստատվել որևէ արժանահավատ աղբյուրով։ Դրանից  բացի, տեսանյութում օգտագործվել է բրիտանական BBC-ի լոգոն, սակայն BBC-ն նման բովանդակությամբ հրապարակում չի ունեցել։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել է, որ ներկայացված պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ։

«Տարածվող կեղծ նյութերի փաթեթը Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների շրջանակում հերթական ապատեղեկատվական արշավն է։ Նման տեղեկատվական հարձակումների նպատակն է հասարակության շրջանում անվստահություն և ներքին լարվածություն հրահրել, ինչպես նաև խաթարել Հայաստանի և նրա միջազգային գործընկերների միջև համագործակցության նկատմամբ վստահությունը»,– մեկնաբանել է Արամ Թորոսյանը։

AI տեսանյութը և BBC-ի լոգոն

X-ում տարածվող տեսանյութը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։ Այդ մասին հուշում է նաև տեսանյութը տարածած օգտատերերից մեկի՝ RoaaWarStudies-ի հրապարակմանը կից ավտոմատ ավելացված նշումը։ Սակայն տեսանյութը տարածած այլ օգտատերերի հրապարակումներում այդ փաստը նշված չէ։

Հատկանշական է, որ իրեն լրագրող և վերլուծաբան ներկայացնող, ազգությամբ թուրք Գաֆֆար Յակընջան նույնպես տարածել է այս տեսանյութը՝ ընդգծելով, թե դրա մասին հաղորդում է BBC-ն։

Նման կեղծ տեսանյութերի ստեղծման և տարածման նպատակներից մեկն է ապատեղեկատվությունը հնարավորինս համոզիչ ձևով ներկայացնելը։ Այդ պատճառով տարածողները հաճախ օգտագործում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների լոգոներ՝ կեղծ բովանդակությանը վստահելիության տեսք հաղորդելու համար։

Մինչ այս նույն ոճով X-ում տարածվել էր մեկ այլ կեղծ տեսանյութ, որի վրա դրվել էր Euronews-ի լոգոն, որպեսզի այն ավելի վստահելի թվար։ Ավելի ուշ Euronews-ը հայտնել էր, որ տեսանյութը չի ստեղծվել և չի հրապարակվել իրենց կողմից։

Հին կադրեր՝ բովանդակության խեղաթյուրմամբ 

Տեսանյութում օգտագործված որոշ կադրեր իրական են, սակայն դրանք չեն համապատասխանում AI-ով գեներացված անգլալեզու տեքստին և ներկայացվող պնդումներին։

Օրինակ՝ տեսանյութի սկզբում ասվում է, թե Ֆրանսիան լրացուցիչ 800 զինծառայող է տեղակայել Հայաստանում՝ համալրելով Երևանի մերձակայքում տեղակայված 40 ֆրանսիացի զինծառայողներին։ Այդ պնդմանը զուգահեռ ցուցադրվում են ինքնաթիռից դուրս եկող զինվորականների կադրեր։ Իրականում այդ կադրերը 2022 թվականի մարտին ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը համալրելու նպատակով ֆրանսիական զորքերի և տեխնիկայի Ռումինիա տեղափոխման մասին են։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ համաձայնության մասին հատվածը ուղեկցվում է 2025 թվականի փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացած Փաշինյան-Մակրոն հանդիպման կադրերով։

Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայից ռազմական օգնություն խնդրելու մասին պնդումը ուղեկցվում է Երևանում մայիսի 4-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կադրերով։

Տեսանյութում ասվում է նաև, թե Երևանում նկատվել է երկու Dassault Rafale կործանիչ։ Այդ պնդմանը զուգահեռ ներկայացվում են 2020 թվականի նոյեմբերի կադրեր, որտեղ Հնդկաստանը Ֆրանսիայից ստանում է Rafale կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Հայաստանում այդ ինքնաթիռների հայտնվելու կադրերը բացակայում են։

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության մասին

Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական ու պաշտպանական համագործակցության վերաբերյալ հրապարակային տեղեկություններում որևէ հաստատում չկա, որ Երևանի մերձակայքում տեղակայվել է 40 ֆրանսիացի զինծառայող կամ նախատեսվում է այդ թիվը հասցնել 800-ի։

Հրապարակային աղբյուրներից հայտնի է, որ 2023 թվականին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմում ստեղծվել է պաշտպանության հարցերով առաքելություն։ Այն ներկայացվում է որպես կապի և համակարգման մեխանիզմ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության և հայկական կողմի միջև։ Ֆրանսիական կողմի հայտարարությունների համաձայն՝ առաքելության նպատակն է ապահովել ամենօրյա երկխոսություն հայկական բանակի հետ և, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրել Հայաստանի պաշտպանական և անվտանգության կարիքները։

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Նույն փաթեթի շրջանակում ստորագրվել է նաև ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ Այսինքն, հրապարակային տվյալներով խոսքը հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության խորացման, խորհրդատվական և տեխնոլոգիական աջակցության, ինչպես նաև ռազմատեխնիկական գործակցության մասին է, ոչ թե Հայաստանում ֆրանսիական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման։

Համակարգված կեղծ տեսանյութերի տարածումը 

X-ում տեսանյութը սկսել է շրջանառվել մայիսի 28-ից։ Մեկ օրվա ընթացքում այն հավաքել է առնվազն 1,8 մլն դիտում։

Մեր դիտարկած օգտատերերից առաջինը, որը տարածել է տեսանյութը և որի հրապարակման մեջ նշված է, որ այն գեներացված է արհեստական բանականության օգնությամբ, RoaaWarStudies օգտատերն է։ Այն ունի ավելի քան 571 հազար հետևորդ։

Roaa War Studies-ը նույնանուն կայքի X էջն է։ Այն ներկայանում է որպես արաբերեն լրատվական-վերլուծական նախագիծ կամ մեդիա հարթակ, որը զբաղվում է զինված հակամարտությունների, ռազմական հարցերի և պատերազմների վերլուծությամբ։

Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ նախագիծը ստեղծվել է 2019 թվականին Հյուսիսային Սիրիայում։ Սակայն WHOIS գործիքի տվյալներով՝ կայքը նորաստեղծ է․ այն գրանցվել է 2026 թվականի հունվարին։ Սա ինքնին չի ապացուցում, որ նախագիծը կեղծ է, քանի որ այն կարող էր ավելի վաղ գործել սոցցանցերում կամ այլ հարթակներում, սակայն ինքնաներկայացման և տեխնիկական տվյալների այս անհամապատասխանությունը կարևոր ազդակ է աղբյուրի վստահելիությունը գնահատելիս։

Roaa War Studies-ի բովանդակությունը հիմնականում վերաբերում է տարբեր տարածաշրջանների հակամարտություններին, հատկապես Իրան-ԱՄՆ լարվածությանը։ Սակայն դրան զուգահեռ նրանք ակտիվորեն մասնակցում են նաև Հայաստանի վերաբերյալ կեղծ տեսանյութերի տարածմանը։

Այս տեսանյութի տարածմանը մասնակցել են նաև մի քանի այլ օգտատերեր, որոնք նախկինում ևս աչքի են ընկել այսպիսի գործողությունների ժամանակ։ Նրանցից է նաև ամերիկացի լրագրող ներկայացնող Էթան Լևինսը, որը մեծ լսարան ունի X-ում և Youtube-ում։

Factor TV-ի նախորդ հոդվածներում այս և նմանատիպ օգտատերերը հիշատակվել են որպես Հայաստանի վերաբերյալ կեղծ տեսանյութեր շրջանառողներ։ Նրանք տարածել են տեսանյութեր, որոնցում պնդում էր արվում, թե Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է «Զանավես» կոդային անվանումով գաղտնի համակարգչային ծրագիր, որով հնարավոր կլիներ քվեախցիկներում վերահսկել և խմբագրել քվեարկության արդյունքները։ Factor TVուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս պնդումները անհիմն են, որոշ մանրամասներ՝ ակնհայտ կեղծ։

Նույն օգտատերերի կողմից տարածվել են նաև Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու, այնտեղ 600 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու, ինչպես նաև Գյումրիի մերձակայքում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին կեղծ տեսանյութերը, որոնք նույնպես անհիմն են եղել։

Այս կրկնվող օրինաչափությունը թույլ է տալիս խոսել ոչ թե մեկուսացված հրապարակումների, այլ Հայաստանի նախընտրական օրակարգի շուրջ կեղծ բովանդակության համակարգված տարածման հատկանիշների մասին։

Տարածման մեխանիզմը հիշեցնում է հիբրիդային տեղեկատվական ազդեցության գործողություն, որտեղ արհեստական բանականությամբ գեներացված կամ մանիպուլյատիվ տեսանյութերը տարածվում են մեծ լսարան ունեցող ռազմական, լրատվական կամ քաղաքական էջերի միջոցով՝ ստեղծելով վստահելիության պատրանք և արագ մեծացնելով դիտումների ծավալը։

Այսպիսով, X-ում տարածվող տեսանյութը կեղծ է։ Այն գեներացված է արհեստական բանականության օգնությամբ և չի հրապարակվել BBC-ի կողմից։ Որևէ արժանահավատ աղբյուրով չեն հաստատվում տեսանյութում ներկայացված պնդումները, թե Հայաստանում 800 ֆրանսիացի զինծառայող է տեղակայվել, ի լրումն արդեն իսկ տեղակայված 40 զինծառայողի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքում է այդ պնդումները։

 

Մարիա Խաչատրյան

]]>
https://factor.am/1024430.html/feed 0
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1024411.html https://factor.am/1024411.html#respond Sat, 30 May 2026 14:00:08 +0000 https://factor.am/?p=1024411 Վերջին օրերին Facebook-ում, X-ում, արդեն հայտնի դարձած  կեղծ լրատվական էջերում շրջանառվում է պնդում, թե իբր գոյություն ունի «Զանավես» կոչվող գաղտնի համակարգչային ծրագիր, որը կարող է հետևել քաղաքացիների քվեարկությանը քվեախցիկում և նույնիսկ ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Այս տեղեկությունը շրջանառվում է հիմնականում Facebook-ի գովազդների, արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի միջոցով: Սակայն փաստերի ստուգումը ցույց է տալիս, որ նման ծրագրի գոյության որևէ ապացույց չկա։ Պաշտոնական և տեխնիկական մակարդակում ներկայացվող նկարագրությունները չեն համապատասխանում Հայաստանի ընտրական գործընթացի իրական մեխանիզմներին, որտեղ քվեարկությունը կատարվում է թղթային ձևով, և քվեները չեն փոխանցվում որևէ կենտրոնացված թվային համակարգի։

Հատկանշական է այն, որ պատմության աղբյուր հանդիսացող կայքը չունի խմբագրական կառուցվածք, պատասխանատու անձանց մասին տեղեկատվություն կամ կապի միջոցներ: Որոշ դեպքերում նույնիսկ հանդիպում են հին կամ իրականությանը չհամապատասխանող հղումներ, օրինակ՝ այլևս չգործող սոցիալական ցանց Google+-ը:

Նույն բովանդակությամբ նյութերի տեղափոխումը նաև այլ հարթակներ, այդ թվում՝ X սոցիալական ցանց, որտեղ դրանք ներկայացվում են արդեն ԱԲ-ով գեներացված տեսանյութերի և միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) լոգոների օգտագործմամբ՝ պնդմանը վստահություն հաղորդելու համար են կիրառվում:

Այս ամենը միասին ցույց է տալիս, որ «Զանավես»-ի մասին պատմությունը ոչ թե փաստերի վրա հիմնված տեղեկություն է, այլ տեղեկատվական մանիպուլյացիայի օրինակ՝ նախատեսված հանրային ընկալումների վրա ազդելու ու վաղի մթնոլորտ ստեղծելու, հատկապես՝ ընտրական ժամանակահատվածում:

Թեմայի մասին Factor TV-ի առավել մանրամասն հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1024411.html/feed 0
Քոչարյանին խանգարե՞լ են մեկնել Մոսկվա՝ պատերազմը կանգնեցնելու համար․ ինչ են ցույց տալիս փաստերը https://factor.am/1024062.html https://factor.am/1024062.html#respond Fri, 29 May 2026 10:00:06 +0000 https://factor.am/?p=1024062 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և  աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արսեն Թորոսյանը միմյանց հակասող հայտարարություններ են արել։  Ռոբերտ Քոչարյանը մայիսի 17-ին Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ անդրադարձել է  2020 թ․ հոկտեմբերին` 44-օրյա պատերազմի օրերին իր՝  Մոսկվա չմեկնելու պատճառներին։ Նա պնդել է, որ իր նկատմամբ արհեստական խոչընդոտներ են հարուցվել, մասնավորապես՝ կեղծվել է իր COVID-ի տեստը, որպեսզի թույլ չտան մեկնել Մոսկվա և իր կապերն օգտագործել՝ պատերազմը կանգնեցնելու համար։

«Նույնիսկ այն ժամանակ դատարանի արգելք ունեի դուրս գնալու, դատավորից ստացել ենք երկրից  բացակայելու թույլտվություն, բայց քովիդի ժամանակ էր, և առանց թեստերի հնարավոր չէր նույնիսկ ինքնաթիռ նստել։ Հանձնել եմ թեստը, լրիվ առողջ էի, որևէ խնդիր չունեի,  և  ստացել եմ պատասխան, որ ես ունեմ քովիդ այդ ժամանակ։ Գնել ենք այդ ռափիդ-թեստերը, 4-5 հատ փորձել եմ, բոլորը բացասական էին, քովիդ չունեի։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ  իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ»,- ասել է Քոչարյանը։

Մայիսի 18-ին այս հայտարարությանը տեսանյութով հակադարձել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝  Քոչարյանին անվանելով ստախոս և նշելով, որ COVID-ի սահմանափակումները երբեք մարդկանց չեն արգելել լքել երկիրը։

«Արձանագրում ենք, որ նա շարքային ստախոս է, որովհետև նախ՝ էդպիսի բան չի եղել, և երկրորդը՝ քովիդի սահմանափակումները երբեք մարդկանց չեն արգելել լքել երկիրը։ Գարնանը՝ 2020 թ․, պարզապես ստուգումներ են եղել մուտքի վրա։ Իսկ այդ ժամանակահատվածում նախ արտակարգ դրությունն էր վերացված, և միայն արտակարգ իրավիճակ կար և շատ քիչ սահմանափակումներ ․․․․ նա կարող էր գնալ՝ որ երկիր որ ուզում էր և կանգնեցնել պատերազմը, եթե, իհարկ, նա կարող էր»,- մասնավորապես ասել է Թորոսյանը։

Իրականում և՛ Արսեն Թորոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը փաստերը ներկայացնում են ընտրողաբար։

Ինչպիսի՞ սահմանափակումներ էին գործում 2020 թ-ին

2020 թ․ հոկտեմբերին գործում էր ՀՀ կառավարության 2020 թ․ սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը, որ սահմանված էր ՀՀ տարածք մուտք գործող անձանց համար։ Որոշմամբ ՀՀ տարածքից դուրս եկող անձանց համար օդանավակայանում կամ սահմանային անցման կետերում COVID-19 թեստի բացասական պատասխանի ներկայացման ընդհանուր պահանջ չէր նախատեսվում։

Թեև Հայաստանից ելքի համար COVID-19 թեստի բացասական պատասխանի ներկայացման կարիք չկար, որոշ դեպքերում այն կարող էր պահանջվել ավիափոխադրողների կամ մուտքի երկրի նորմատիվ իրավական ակտերով։

Ռուսաստանը, ուր պետք է մեկներ Քոչարյանը, այդպիսի սահմանափակում մտցրել էր։ 

Ռոսպոտրեբնադզորի 2020 թ․ հուլիսի 27-ի սահմանած կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՌԴ միջազգային չվերթի ինքնաթիռ նստելիս, ինչպես նաև ՌԴ պետական սահմանը հատելիս, պետք է ունենային COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հաստատող բժշկական փաստաթուղթ՝ ռուսերեն կամ անգլերեն։ Նմուշառումը պետք է արված լիներ ՌԴ ժամանումից ոչ շուտ, քան երեք օր առաջ։ Եթե փաստաթուղթը ռուսերեն կամ անգլերեն չէր, թույլատրվում էր ներկայացնել այն՝ փաստաթուղթը տրամադրած կազմակերպության երկրի պաշտոնական լեզվով՝ ռուսերեն վավերացված թարգմանությամբ։

Սրանից հետևում է, որ թեև Արսեն Թորոսյանի ասածը ճիշտ է, որ ելքի սահմանափակում չկար, բայց դա ճշմարտության կեսն է, քանի որ ելքը գործնականում չէր իրականացվի, եթե ընդունող կողմը, այս դեպքում Ռուսաստանը, ուներ մուտքի սահմանափակումներ։

Քոչարյանի պնդումները, սակայն, նույնպես խոցելի են․ նա հղում է անում ռապիդ թեստերին, որոնց ճշգրտությունը զիջում է ՊՇՌ թեստերին․ և հենց դա է պատճառը, որ պահանջները դրվում էին հենց ՊՇՌ թեստի համար։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե իր ՊՇՌ թեստի դրական պատասխանը դիտավորյալ կեղծվել է գործող իշխանությունների կողմից, ապա այդ պնդումը հրապարակային ապացույցներով չի հիմնավորվել։ Բաց աղբյուրներում՝ թե՛ տվյալ ժամանակահատվածում, թե՛ հետագայում, Քոչարյանը կամ նրա գրասենյակը չեն ներկայացրել փաստաթուղթ, փորձաքննություն, լաբորատոր տվյալ կամ այլ ստուգելի ապացույց, որը կհաստատեր թեստի դիտավորյալ կեղծման կամ իշխանությունների միջամտության վարկածը։

Այսպիսով, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանից դուրս գալու համար COVID-թեստի պարտադիր պահանջ չի եղել, սակայն Ռուսաստան մուտքի և ինքնաթիռ նստելու համար ՊՇՌ բացասական թեստի առկայությունը 2020 թ. հոկտեմբերի դրությամբ եղել է պարտադիր պայման՝ սահմանված ՌԴ օրենսդրությամբ։

Արսեն Թորոսյանը, ի դեպ, նույն տեսանյութում նաև պնդում է, թե քովիդի սահմանափակումները երբեք մարդկանց չեն արգելել լքել երկիրը։ Իրականում Կառավարության 2020թ․ մարտի 16-ի N 298-ն որոշմամբ ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքը արգելվում էր՝ որոշ բացառություններով (բեռնափոխադրումների իրաանացում և պարետի հատուկ որոշումներ)։ Այս որոշումը, սակայն, չի վերաբերում պատերազմի ժամանակահատվածին, քանի որ ուժը կորցրել է 2020 թվականի սեպտեմբերի 11-ին։

 

Մարիա Խաչատրյան

]]>
https://factor.am/1024062.html/feed 0
Զախարովան հայկական ծիրանի արգելքի մասին չի խոսել․ Facebook-ում տարածվում է ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութ https://factor.am/1023443.html https://factor.am/1023443.html#respond Wed, 27 May 2026 19:10:27 +0000 https://factor.am/?p=1023443 Սոցիալական ցանցերում հերթական աղմկահարույց տեսանյութն է տարածվում․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իբր, խոսում է Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման արգելքի մասին։ Կադրերում Զախարովան կարմիր զգեստով է, ՌԴ ԱԳՆ բրիֆինգի սրահում է, իսկ ձայնը հայտարարում է ծիրանի արտահանման սահմանափակումների մասին։

Տեսանյութն արագ տարածվել է Facebook-ում։ Շատ օգտատերեր այն ընդունել են որպես իրական հայտարարություն։ Factor TV-ն ևս հրապարակել է այդ հայտարարությունը, սակայն շատ արագ հեռացրել՝  ստուգելով տեսանյութը և պարզելով, որ այն կեղծ է, ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ օգտագործելով Զախարովայի մեկ այլ բրիֆինգի կադրերը։

Իրականում այս կարմիր զգեստով Զախարովան լրագրողների հետ հանդիպել է մայիսի 7-ին։ Այդ օրը նա անդրադարձել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, խոսել Հայաստան-ԵՄ մերձեցման մասին և բավական կոշտ գնահատականներ հնչեցրել Հայաստանի եվրոպական օրակարգի վերաբերյալ։ Սակայն ծիրանի արտահանման կամ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի ներմուծման արգելքի մասին նա այդ բրիֆինգում որևէ հայտարարություն չի արել։

Զախարովան այս թեմային չի անդրադարձել նաև իր վերջին բրիֆինգի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 21-ին։ Ավելին՝ այսօր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լրատվամիջոցների հետ բրիֆինգ ընդհանրապես չի ունեցել։

Կեղծ տեսանյութն առաջինը հայտնվել է «Հետաքրքրիր էջ» անունով Facebook-յան օգտահաշվում 14։30-ին։ Հրապարակումն արդեն հավաքել է ավելի քան 100 հազար դիտում և հարյուրավոր կիսումներ։ Տեսանյութի նկարագրության մեջ Զախարովայի այսօրվա իրական հայտարարությունն է։ Նա «ՌԻԱ Նովոստի» -ի հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին՝ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, այն կկասեցնի կամ կչեղարկի գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։ Այդ հայտարարության մեջ նույնպես ծիրանի ներկրման հետ կապված խոսք չի եղել։

Հավելենք, որ Մարիա Զախարովայի հերթական բրիֆինգը նախատեսված է վաղը՝ մայիսի 28-ին։

Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ օգտատերերի զգալի մասը չի կասկածել տեսանյութի իսկությանը։ Factor TV-ն ուսումնասիրել է նաև տեսանյութը տարածած օգտահաշվի հետագիծը։ «Հետաքրքրիր էջ»-ում առաջին հրապարակումը կատարվել է 2020 թվականի հունիսի 27-ին։ Սկզբնական շրջանում էջը հիմնականում տարածել է շոու-բիզնեսի լուրեր, ժամանցային և հումորային բովանդակություն։

2023 թվականի սեպտեմբերի 27-ից էջի բովանդակությունը սկսել է ավելի շատ նմանվել լրատվականի։ Հրապարակումներում հայտնվել են կայքային հղումներ, որոնք տանում են դեպի znews.am։ Օգտահաշվում «դեղին», clickbait վերնագրերով և մանիպուլյատիվ բովանդակություն է տարածվում։ Հաճախ օգտատերերին առաջարկվում է լուրի շարունակությունը կամ «սկանդալային» տեսանյութը դիտել տարբեր Telegram-յան ալիքներում։

Մայիսի 1-ին էջում առաջին անգամ հայտնվել է «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական բաները։ «Հետաքրքրիր էջ»-ը սկսել է օգտատերերին հորդորել միանալ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի պաշտոնական ալիքին, իսկ մայիսի 3-ից՝ նաև Armat Media-ին։

Հիշեցնենք՝ Armat Media-ն պատկանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանին։

Որոշ լրատվականներ վերահրապարակել են ԱԲ-ի միջոցով գեներացված տեսանյութը, դրանցից մի քանիսն ավելի ուշ հեռացրել են այն, սակայն որոշ լրատվական կայքերում այն շարունակում է մնալ։

Նման տեսանյութերով և ՌԴ-ից հնչող սպառնալիքների թեման հավելյալ սրելով՝ փորձ է արվում ընտրություններից առաջ հանրության վրա գործադրել էմոցիոնալ և հոգեբանական ազդեցություն՝ ուժեղացնելով վախի վրա հիմնված ընկալումները և խորացնելով անորոշության ու խոցելիության զգացումը։

Այսպիսով՝ Մարիա Զախարովայի մասնակցությամբ տարածվող տեսանյութը ոչ թե պաշտոնական հայտարարություն է, այլ արհեստական բանականությամբ վերափոխված կեղծ բովանդակություն։ Այն տեղադրվել է մի էջում, որը նախկինում տարածել է հիմնականում ժամանցային և clickbait նյութեր, իսկ վերջին շրջանում սկսել է քաղաքական քարոզչական բովանդակություն առաջ մղել։

Հ. Գ. Քիչ առաջ նաև ՍԱՏՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ տարածվող տեղեկությունները, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չեն համապատասխանում:

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1023443.html/feed 0
Կոդային անունը՝ «Զանավես»․ կեղծիքի տարածման բազմավեկտոր մեխանիզմ ընտրություններին ընդառաջ https://factor.am/1023370.html https://factor.am/1023370.html#respond Wed, 27 May 2026 17:30:56 +0000 https://factor.am/?p=1023370 «Զանավես» անունով գաղտնի ծրագիր, Meta-ի թաքցված քաղաքական գովազդներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի լոգոյով  AI-տեսանյութեր և արդեն ծանոթ ապատեղեկատվական էջեր․ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ համացանցում  տարածվում է նոր դավադրապաշտական սցենար։ Factor TV-ն ուսումնասիրել  է, թե որտեղից է սկսվել այս պատմությունը, ինչպես է այն բազմապատկվել տարբեր հարթակներում և ինչու դրա առանցքային պնդումները չեն համապատասխանում ընտրական գործընթացի իրական մեխանիզմներին։ 

Մայիսի 25-ից Facebook-ում գովազդի միջոցով տարածվում է հոդվածի հղում, որի գրառման մեջ պնդում է արվում․ «Հաջորդ կիրակի կերևա՝ արդյոք նրանց (Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին – խմբ․) հաջողվել է ծրագրային ապահովման միջոցով փոխել արդյունքը»։

Լուսանկարը՝ Հայաստան Ակտուալի ֆեյսբուքյան էջից 

Հղումը տանում է Haymitq.am կայք, որտեղ մայիսի 21-ին հրապարակվել է «Վարչապետ Փաշինյանի գաղտնի ծրագրային ապահովումը սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը» վերնագրով հոդվածը։ Այն Ֆեյսբուքում գովազդային արշավով շրջանառվում է թե՛ հրապարակումների, թե՛ սթորիի ձևաչափով։

Լուսանկարը՝ Հայ միտք կայքէջից 

Հոդվածում պնդում է արվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը  եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծել են «Զանավես» կոդային անվանումով գաղտնի համակարգչային ծրագիր, որը կարող է վերահսկել քվեարկությունը հենց քվեախցիկներում, հետևել ընտրողների քվեարկությանը և իրական ժամանակում  խմբագրել՝ վերաշարադրել  ընտրողների քվեարկության արդյունքները։

Այս հոդվածի պնդումները տարածվել են ոչ միայն ֆեյսբուքյան գովազդով, այլև արդեն զգալի տարածում են ստացել X-ում։ Ավելին, տարածվող տեսանյութեր ընդլայնել են կեղծ պնդումների շրջանակը  և նշում են, թե այս տեղեկությունները հաղորդել է ԿԸՀ ՏՏ վարչության ղեկավարը։

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ խնդրելով մեկնաբանել Haymitq.am-ում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները «Զանավես» անվանումով ծրագրի մասին։

«Ներկայացված նյութն իր ամբողջ բովանդակությամբ անհեթեթություն է, հետևապես դրա մեկնաբանումն էլ ավելի անհեթեթ է։ Նման ապատեղեկատվություն տարածողների նպատակը հանրության շրջանում խուճապ տարածելն է», – նշել  է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ի պատասխան մեր հարցման։

Factor TV-ի ստուգումը ցույց է տալիս, որ այս պնդումները չեն հաստատվում որևէ վստահելի աղբյուրով, իսկ ընտրատեղամասերում անցկացվող քվեարկության կարգն ուղղակի արգելում է քվեախցիկից ներս տեսախցիկով կամ որևէ տեխնիկական միջոցով վերահսկողությունը։

Հոդվածում և տեսանյութում կան նաև այլ փաստական սխալներ, որոնց անդրադառնում ենք ստորև։

Ինչ է ասվում հոդվածում

Հոդվածի առանցքային պնդումն այն է, թե ընտրություններից վեց ամիս առաջ ստեղծվել է «Զանավես» կոդային անվանումով ծրագիր, որը իշխող կուսակցությանը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել քվեախցիկներում ընտրողների քվեարկությանը, հաշվարկել կուսակցությունների տոկոսային ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում խմբագրել տվյալները։

Սակայն այստեղ մեթոդական սխալ կա, քանի որ Հայաստանում քվեարկության կազմակերպական ձևն այնպիսին է, որ քանի դեռ ընտրողն իր քվեով ծրարը չի գցել քվեատուփ և քանի դեռ այդ քվեն չի հաշվվել քվեարկության օրվա ավարտին, դրա տվյալը որևէ տեղ չի կարող արձանագրվել, հետևաբար միջամտություն էլ չի կարող լինել։

Այսինքն՝ ընտրողի քվեն քվեախցիկում չի գրանցվում և չի պահպանվում որևէ էլեկտրոնային համակարգում, որպեսզի ծրագիրը կարողանա այն տեսնել կամ խմբագրել։

Ինչ վերաբերում է տեսախցիկների հնարավոր տեղադրմանը կամ գաղտնի տեսագրմանը, ապա դա նույնպես արգելված է։ Factor TV-ն այս թեմային ծավալուն անդրադարձել է նախորդ հոդվածներից մեկում։

Ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում առկա մյուս տեխնիկական սարքավորումներում ներբեռնված են միայն այնպիսի տեղեկություններ, որոնցով հնարավոր է նույնականացնել անձին՝ նրան քվեարկելու հնարավորություն տալու համար։ Դրանք են․

  • Ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը,
  • Այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում ընդգրկված է ընտրողը,
  • Ընտրողի հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,
  • Ընտրողի ծննդյան ամսաթիվը,
  • Ընտրողի հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում՝ քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն․
  • Ընտրողի նույնականացման քարտի, կենսաչափական անձնագրի և ոչ կենսաչափական անձնագրի համարը (եթե ընտրողն ունի անձը հաստատող համապատասխան փաստաթղթեր),
  • Տվյալ տարածքի ընտրողների համար՝ նաև թվային շտեմարանում առկա լուսանկարը (եթե ընտրողը ստացել է նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր, կամ ոչ կենսաչափական անձնագիրը ստացել է 2008 թվականի հունվարի 1-ից հետո)։

Այս սարքերը փաստացի ընտրողի հետ կապը պահում են մինչև նրա՝ քվեախցիկ մտնելը։ Դրանից հետո որևէ տեխնիկական սարք չի ուղեկցում ընտրողին։

Քվեարկության ավարտից հետո ձայների հաշվարկը կատարվում է հենց տեղամասում՝ ընտրական հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների և օրենքով ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ անձանց ներկայությամբ։ Արդյունքները ամրագրվում են թղթային արձանագրություններով։

Շրջանառվող կեղծ պնդումներում ակնարկում են նաև էլեկտրոնային քվեարկությունը, ինչը, փաստացի, որևէ կապ չունի իրական էլեկտրոնային քվեարկության ընթացակարգի հետ։

ՀՀ ընտրական օրենսգիրքը իրոք նախատեսում է նաև էլեկտրոնային քվեարկություն, սակայն այն վերաբերում է քաղաքացիների սահմանափակ խմբի՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ծառայողներին, նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներին, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողներին և նրանց ընտանիքների ընտրող անդամներին։

2026 թ․ ընտրությունների դեպքում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը նախատեսված է մայիսի 29-ին, և դրան մասնակցելու իրավունք ունի 537 ընտրող։

Մինչդեռ Haymitq.am-ի հոդվածը սկսվում է ձևակերպմամբ՝ «Երկու շաբաթ անց Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր», այսինքն՝ խոսքը վերաբերում է հունիսի 7-ին տեղամասերում կայանալիք քվեարկությանը, ոչ թե սահմանափակ էլեկտրոնային քվեարկությանը։

Ինչ աղբյուր է Haymitq.am-ը

Haymitq.am կայքը, ըստ Who.is-ի տվյալների, ստեղծվել է 2025 թ․ դեկտեմբերի 17-ին։ Կայքում հրապարակված չեն դրա խմբագրակազմի կամ իրավաբանական տվյալները և կապի միջոցները։

Ընդհանուր առմամբ, այն շատ նման է հապճեպ ստեղծված կայքի, որը չի ունենալու երկար կյանք։ Հատկանշական է, որ կայքում տեղադրված է նույնիսկ Google+ ցանցի հղում, մինչդեռ այդ ցանցն իր գոյությունը դադարել է դեռ 2019-ին։

Կայքում հոդվածների հեղինակ է նշվում Համո Մնացականյանը, սակայն այդ անձի մասին որևէ լրացուցիչ տվյալ, կենսագրություն կամ խմբագրական պատասխանատվության նշում չկա։ Կայքի նյութերում կան ոճային, շարահյուսական և քերականական բազմաթիվ սխալներ։

Ինչպես են պնդումները գովազդվել Ֆեյսբուքում

Հոդվածը Facebook-ում տարածել է «Հայաստան Ակտուալ» էջը։ Այն  ներկայանում է որպես հղիների և կերակրող մայրերի հագուստի խանութ, սակայն հիմնականում տարածում է Haymitq.am-ի և կասկածելի բովանդակությամբ այլ կայքերի հոդվածներ։ Էջը ստեղծվել է 2025 թ․ ապրիլին և ստեղծման օրվանից երեք անգամ փոխել է անվանումը։

Meta-ի գովազդների գրադարանի տվյալներով՝ «Սոցիալական խնդիրների, ընտրությունների կամ քաղաքականության» գովազդների համար էջը 2026 թ․ փետրվարի 23-ից մայիսի 23-ը ծախսել է 95 դոլար և այս կատեգորիայում ունի միայն մեկ գովազդ։ Այդ գովազդը գործել է մայիսի 15-ից, հավաքել 50-ից 60 հազար դիտում։ 

Բովանդակությունը հղում է անում Yerevantimes.am կայքէջին, որի հրապարակման մեջ ասվում է, թե մայիսի 5-ին Գյումրիում միջոցառման ժամանակ Փաշինյանը շոշափել է Ֆրանսիայի նախագահի աճուկային հատվածը։ Այս գովազդը Մետայի կողմից հեռացվել է, և որպես հեռացման պատճառ նշվում է որ օգտատերը խախտել է Meta-ի կանոնները և չի նշել, թե ով է վճարողը, ինչը այս կատեգորիայի դեպքում պարտադիր է։

Արդեն մայիսի 25-ին տարածված հաջորդ գովազդը, չնայած որ իր բնույթով համապատասխանում է «Սոցիալական խնդիրների, ընտրությունների կամ քաղաքականության» կատեգորիային, չի ներկայացվել որպես այս կատեգորիայի ներքո գովազդվող հրապարակում։

Այս կատեգորիային համապատասխանող բովանդակության դեպքում Meta-ում պարտադիր է թափանցիկությունը, և դրանից խուսափելու համար այս օգտատերը իր գովազդը ներառել է մեկ այլ կատեգորիայում, որը հնարավորություն է ստեղծում չնշել, թե ով է վճարել գովազդի համար։

Ինչպես են պնդումները տարածվել X-ում

Մայիսի 22-ից X-ում մի շարք էջեր Haymitq.am-ի հոդվածի հիման վրա տարածել են արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութեր։

Թեև մեկնաբանություններում որպես աղբյուր նշվել է Haymitq.am-ը, տեսանյութերում վստահություն ներշնչելու համար օգտագործվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նկարը և լոգոն։

Տեսանյութ տարածողներից մեկը եղել է Էթան Լևինս անունով օգտատերը, որը ներկայանում է որպես ամերիկացի լրագրող, ունի ավելի քան 148 հազար հետևորդ և պարբերաբար կեղծիքներ է տարածում Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։

Factor TV-ն նախկինում ևս անդրադարձել է Էթան Լևինսի և նման էջերի կողմից կեղծ տեսանյութերին և անհիմն պնդումներին։ Դրանք հաճախ օգտագործում են ոչ վստահելի սկզբնաղբյուրներ և արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութեր։

Նախորդ անգամ Լևինսը և այլ էջեր տարածել էին Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու և այնտեղ 600 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու կեղծ պնդումը, որի սկզբնաղբյուրը թուրք լրագրող Օքայ Դեփրեմի հոդվածն էր։ Factor TV-ն մատնանշել էր պնդումներում առկա կեղծիքները։

Այսպիսով, Haymitq.am-ի հրապարակման մեջ ներկայացված պնդումը, թե «Զանավես» գաղտնի ծրագիրը կարող է հունիսի 7-ին վերահսկել ընտրողների քվեն և ծրագրային եղանակով փոխել ընտրության արդյունքը, փաստերով չի հաստատվում։

Պնդումը տարածվել է ոչ թափանցիկ գովազդային մեխանիզմով, սկզբնաղբյուրը չունի խմբագրական թափանցիկություն, իսկ բուն պնդումը հակասում է Հայաստանի ընտրական գործընթացի տեխնիկական կառուցվածքին։

Այս հրապարակման և դրա հիման վրա ստեղծված տեսանյութի տարածման մեխանիզմը շատ նման է կեղծ տեղեկությունների տարածման հիբրիդային մեխանիզմներին։ Այստեղ նույնիսկ կրկնվում են դրանով զբաղվող օգտատերերը, ինչը ցուցիչ է, որ կեղծ պնդումները տարածվում են միտումնավոր և նպատակ ունեն դավադրապաշտական թեզեր տարածել հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ։

Մարիա Խաչատրյան

]]>
https://factor.am/1023370.html/feed 0
Սամվել Կարապետյանի խոսքը կոնտեքստից կտրվել է և մանիպուլացվել https://factor.am/1022329.html https://factor.am/1022329.html#respond Mon, 25 May 2026 15:03:22 +0000 https://factor.am/?p=1022329 «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը մայիսի 22-ին պատասխանել է 5 լրատվամիջոցների խմբագիրների հարցերին։ Հարցերից մեկին նրա տված պատասխանը կոնտեքստից կտրվել է և մանիպուլացվել։

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը հարց է ուղղել Կարապետյանին․ «Վերջին օրերին մի շատ վատ դիսկուրս է Նիկոլը սկսել երկրով մեկ. այդ արցախցի երիտասարդը, որ մոտեցավ իրեն, ասաց՝ «ինչո՞ւ դու չես զոհվել, ինչո՞ւ ես կենդանի մնացել»։ Հետո սա ալիքով տարածվեց, և իր թիմն էլ վերցրեց այդ «չելենջը» ու սկսեցին շարունակել՝ «դու ինչո՞ւ չես զոհվել, նա ինչո՞ւ չի զոհվել»։ Հիմա մարդիկ սկսում են արդեն պատասխանել՝ «բա դուք ինչո՞ւ չեք զոհվել»։ Կարծես թե զոհվելը մի երանելի վիճակ է. մենք, փոխանակ մտածենք նրա մասին, թե ինչու են այդքան մարդ զոհվել, հիմա մեկս մյուսիս հարցնում ենք, թե սա ինչո՞ւ չի զոհվել։

․․․Ես կարծում եմ, որ հասարակությունը շատ վատ ընդունեց այս դիսկուրսը, բոլորը դատապարտեցին, մերժեցին, «թքեցին-մրեցին», բայց դե իրենց վրա դա չի ազդում։ Ուղղակի կա մի զանգված, որը լսում ու ասում է՝ «ճիշտ է ասում»։ Ես կուզեի, որ ոչ թե մեզ, այլ այդ մարդկանց բացատրեք՝ ոչ թե զոհվելու մասով, այլ նրա, թե մասնակցե՞լ են պատերազմին Ձեր զավակները, և առհասարակ՝ ո՞նց կարելի է դադարեցնել այս տեսակ գարշելի դիսկուրսների տարածումը»։

Հարցազրույցի տարածվող հատվածում Կարապետյանն ասել է․ «Մեր ընտանիքի տղաները, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ աշխատել են, որ իրենք չզոհվեն, որովհետև իրենք կենդանի մեռելներ են»։

Ելնելով վերը նշված հարցադրման կոնտեքստից՝ ակնհայտ է դառնում, որ «իրենք» ասելով Կարապետյանը նկատի է ունեցել ոչ թե իր ընտանիքի անդամներին, այլ իշխանության ներկայացուցիչներին։ Առավել ևս, որ նա օգտագործում է «իրենք կենդանի մեռելներ են» արտահայտությունը։ 

«Մենք առաջարկում ենք ծրագրեր՝ ինչպես զարգացնել մեր երկիրը, ինչպես ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Այս մարդիկ, բերելով հազարավոր զոհեր այս տարիների ընթացքում, նույնիսկ չեն կշտացել դրանից. ուզում են, որ ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիր ժողովուրդը բոլորը զոհվեն։ 

Եթե մենք չկանգնեցնենք այս պրոցեսները, իրենք կհասնեն իրենց նպատակին. սաֆարովները կմտնեն Հայաստան, և այդ ժամանակ մենք չգիտենք՝ ով կզոհվի, ով կենդանի կմնա»,-Օհանյանի հարցին ի պատասխան ասել է Կարապետյանը։

Կոնտեքստից կտրված տեսանյութը տարածել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու աջակիցները։ Հարցազրույցից 2 օր անց այս հատվածն իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ գրելով․ «Խոստովանեց», ինչից հետո տեսանյութը տարածվել է ՔՊ-ին հարող այլ էջերում։ Տեսանյութը, իր մեկնաբանությամբ, հրապարակել է նաև ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Միայն Տարոն Չախոյանի էջում տեսանյութն այս պահին 311 հազար դիտում ունի, մեկնաբանություններից պարզ է դառնում՝ օգտատերերն այն ճիշտ չեն հասկացել, նրանց մոտ կարծիք է ձևավորվել, թե Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների մասին է խոսել, ոչ թե իշխանության։ 

Վահագն Ալեքսանյանի էջում տեսանյութը 545 հազար դիտում ունի, 1700 օգտատեր կիսվել է դրանով, ավելի քան 1800-ը՝ մեկնաբանել։

Տարոն Չախոյանի հրապարակած տեսանյութը իր էջում է տեղադրել նաև Araratnews-ը։ ԶԼՄ-ի էջում տեսանյութը շուրջ 80 հազար դիտում ունի։

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1022329.html/feed 0
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին https://factor.am/1021733.html https://factor.am/1021733.html#respond Sat, 23 May 2026 11:30:12 +0000 https://factor.am/?p=1021733 Հայաստանում ընտրություններին ընդառաջ տեղեկատվական կեղծիքի նոր սխեմա է նախաձեռնվել օտար դերակատարների կողմից։ Այս անգամ թուրք լրագրող Օքայ Դեփրեմը և X-ում գործող, կեղծիքներ տարածող էջերը համատեղ են իրականացնում գործողությունը։

Մայիսի 18-ից X հարթակում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում պնդում է արվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու և այնտեղ 600 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու վերաբերյալ։

X-ի տարբեր ալիքներով տեսանյութը հավաքել է առնվազն 8,8 մլն դիտում։

Որպես տեսանյութում ներկայացված պնդումների սկզբնաղբյուր՝ տեսանյութերի մեկնաբանություններում հղում է արվում թուրքալեզու dikGAZETE պարբերականին, որտեղ մայիսի 17-ին համանման բովանդակությամբ հոդված է հրապարակել թուրք լրագրող Օքայ Դեփրեմը։ Վերջինս հայտնի է Հայաստանի վերաբերյալ պարբերաբար կեղծ և չհիմնավորված թեզեր շրջանառելով։

Ի տարբերություն տեսանյութերում ներկայացվող ուղիղ պնդումների, Դեփրեմի հոդվածում միայն ակնարկվում է, թե «կան կանխատեսումներ», ըստ որոնց՝ բնակչության աճ է սպասվում այն բնակավայրերում, որտեղ իրականացվում է բնակարանաշինության պետական ծրագիրը։

Հոդվածում ենթադրվում է, թե այդ աճը կարող է պայմանավորված լինել Արցախից և մինչև պատերազմը «Ադրբեջանի օկուպացված շրջաններից» եկած կամ ապագայում եկող խմբերով։ Ընդ որում, ըստ Դեփրեմի, սահմանամերձ գոտում իրականացվող ենթակառուցվածքային ու շինարարական նախագծերը բանակցությունների առարկա են՝ սահմանի վերջնական ճշգրտման սպասվող պայմանավորվածություններում։

Թե՛ տեսանյութում, թե՛ հոդվածում ներկայացված պնդումները փաստական հիմքեր չունեն և չեն հաստատվում բաց աղբյուրներում առկա վստահելի և պաշտոնական փաստաթղթերով։

ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց տարածվող լուրերը։

«Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի քաղաքացիների բնակեցման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն, ծրագիր կամ գործընթաց գոյություն չունի, ինչի մասին ՀՀ վարչապետը հրապարակային անդրադարձել է։ Իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջման ցանկացած պնդում ի բնե կեղծ է, ինչի մասին ևս անդրադարձել ենք բազմիցս։ Գործ ունենք արտաքին ապատեղեկատվական ազդեցության հերթական փորձի հետ, որի նպատակը հանրության շրջանում անհանգստության, անվստահության և ներքին լարվածության խորացումն է»,- նշում է ՀՀ վարչապետի խոսնակը։

Հոդվածի ու տեսանյութի պնդումները չեն համապատասխանում նաև հիշատակված ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասշտաբների հետ։

Տեսանյութի գլխագրում ասվում է, թե «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տներ է կառուցում 600,000 ադրբեջանցիների համար, մինչդեռ հազարավոր հայեր պայքարում են աղքատության մեջ»։

600 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին պնդում այս ծրագրի շրջանակում չի կարող իրականացվել նաև այն պատճառով, որ առաջին փուլի շրջանակներում ծրագրում  ընդգրկվել է 2319 ընտանիք, իսկ 2026 թ․ վերաբացված ծրագրով ընդգրկվել է 1417 նոր տան կառուցման քվոտա։

Հատկանշական է, որ X-ի տեսանյութը պատրաստողները փաստացի օգտվել են այն բանից, որ վերջին շրջանում հայկական տիրույթում ակտիվորեն շրջանառվում է 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու թեման։ Նրանք  այդ թեզը «կրկնապատկել» ու մտցրել են հրապարակման  մեջ՝ դրա թեզերի տարածումն ավելի հավանական դարձնելու համար։

Այսպիսով՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու և այնտեղ 600 հազար ադրբեջանցիների բնակեցնելու վերաբերյալ տեսանյութը կեղծ է,  և՛ տեսանյութում, և հոդվածում  ներկայացված պնդումները սահմանամերձ համայնքներում վերաբնակեցման վերաբերյալ չեն հիմնավորվում այլ աղբյուրներով, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմը հերքում է նման համաձայնության մասին տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծիք։

Կեղծիքի ստեղծման ու տարածման սխեման

Տեսանյութի անգլերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության (AI) միջոցով։ Խոսքին զուգահեռ ներկայացվող բնակարանների կառուցման լուսանկարները իրականում վերցված են Էդգար Բաղդասարյանի YouTube-յան ալիքից։ Այդ կադրերում պատկերված է Կոտայքի մարզի Գողթ մշակութային թաղամասում ընթացող մասնավոր տների շինարարությունը, որը որևէ կապ չունի պետական սահմանամերձ ծրագրերի հետ։

Տեսանյութում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ 2026 թ․ փետրվարի 4-ին Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման նկարները, որոնց զուգահեռ ներկայացվում է նրանց համաձայնությունը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաև այդ հողերը վերաբնակեցման համար նախապատրաստելու վերաբերյալ։

Տեսանյութի վրա փակցված է լոգո, որը չի նույնականացվում որևէ հայտնի կամ հեղինակավոր լրատվամիջոցի հետ։ Ենթադրաբար, այն նույնպես ստեղծված է արհեստական բանականությամբ։

Կեղծ տեսանյութը ակտիվորեն տարածվել է մայիսի 18-21-ն ընկած ժամանակահատվածում X-ի տասնյակ էջերի կողմից։ Ամենամեծ տարածումն ապահովել է Ethan Levins օգտատերը (ավելի քան 148 հազար հետևորդ), որի հրապարակած տեսանյութը հավաքել է 2.8 միլիոն դիտում։

Էթան Լևինսը ներկայանում է որպես ամերիկացի լրագրող, խոշոր լսարան ունի Յութուբում, Ֆեյսբուքում և X-ում։ Լևինսը պարբերաբար հարցազրույցներ է տալիս ռուսական RT հեռուստաալիքին ու աչքի է ընկնում խիստ պրոռուսական կողմնորոշմամբ։

Հայաստանի թեմայով նրա մեկ այլ տեսանյութում տարածվում է մեկ այլ կեղծ տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը ՄԻԱՎ-ով է վարակվել ազատազրկման տարիներին։

Դիտարկված հրապարակումներից ամենավաղը արվել է մայիսի 18-ին՝ ժամը 23։01-ին, DK օգտատիրոջ կողմից։ Այս ժամանակագրությունը ցույց է տալիս, որ տեսանյութը տարածվել է ոչ թե մեկուսացված հրապարակմամբ, այլ մի քանի օրվա ընթացքում  X-ի՝ տարբեր մեծ լսարան ունեցող էջերի միջոցով։

X-ում այդ տեսանյութը տարածած էջերն  ունեն հարյուր հազարավոր դիտումներ։

Այս էջերը տեսանյութին կից կատարում են գրառումներ՝ հիմնականում Հայաստանում սոցիալական խնդիրների շեշտադրմամբ։ Օրինակ․

  • «Մինչ հայերը բախվում են հոսանքի անջատումների և տարրական ծառայությունների բացակայության խնդրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսավորում է սահմանի երկայնքով 600,000 ադրբեջանցիների համար շքեղ քոթեջների կառուցումը» (հղում
  • «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ շրջանառվող լուրերի, նոր շքեղ տներ է կառուցում 600,000 ադրբեջանցիների համար, մինչդեռ հայերի 21.7%-ն ապրում է աղքատության մեջ» (հղում

Հատկանշական է, որ այս տեսանյութը տարածող օգտատերերից մի քանիսը մասնակցել են նաև Հայաստանի թեմայով այլ կեղծիքների տարածմանը։

Factor TV-ն վերջերս անդրադարձել էր նաև մեկ այլ նմանատիպ տեսանյութի, որտեղ պնդում  էին, թե Եվրոպական միության աջակցությամբ կնքված ոչ հրապարակային համաձայնագրի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը։

Կեղծիքի և դավադրապաշտության սերմեր ցանողը

Հայաստանի մասին պարբերաբար կեղծ նարատիվներ տարածող Օքայ Դեփրեմը թուրք լրագրող է, որը ներկայանում է նաև որպես սոցիոլոգ, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ։ DikGazete-ում հրապարակված կենսագրության համաձայն՝ նա բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում, մինչև 2014 թվականը ապրել է Ուկրաինայի տարբեր քաղաքներում, իսկ 2014 թվականին տեղափոխվել է Դոնեցկ և 2014-2023 թվականներին, ըստ International reporters պարբերականի,  եղել է Դոնբասում բնակվող ու աշխատող միակ թուրք լրագրող-թղթակիցը։

Reporters Without Borders կազմակերպությունը այդ հարթակը նկարագրում է որպես Կրեմլի ֆինանսավորմամբ գործող կայք, որը ներկայանում է որպես մասնագիտական լրատվամիջոց և տարածում ռուսական ապատեղեկատվություն։

«Լետոպիս Դոնբասա» կայքի տվյալներով՝ Դեփրեմը հանդիսանում է «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին․ առաջնորդը, որը Ռուսաստանը ոտքի կանգնեցրեց» գրքի համահեղինակը։ Այնտեղ նաև նշվում է, որ նա 2023 թ․ կանոնավոր համագործակցում է թուրքական լրատվականների հետ։

Իր քաղաքական հայացքներն ու կողմնորոշումը Դեփրեմը հստակ արտահայտել է դեռևս 2022 թվականին տված հարցազրույցում, որտեղ պնդում է, թե մինչև 2014 թվականը Ուկրաինան  խաղաղ երկիր էր, իսկ դրանից հետո այնտեղ ակտիվացան ֆաշիզմն ու ազգայնականությունը։

Թուրք լրագրողի գործունեությունը հայտնվել է նաև միջազգային իրավապաշտպան և դիտորդական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) կողմից ստեղծված FakeObservers.org հասարակական կազմակերպությունների միջազգային ցանցի տվյալների բազայում Օքայ Դեփրեմը ներառված է «կեղծ և կողմնակալ դիտորդների» ցանկում։ Նա 2018 թ․ որպես դիտորդ մասնակցել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության «ընդհանուր ընտրություններին» (2022 թ․ Դոնեցկը բռնակցվել է Ռուսաստանին)։

Ռուսական լրատվամիջոցներում նշվում է, որ 2022 թ․ սեպտեմբերին Օքայ Դեփրեմը մասնակցել է նաև Լուգանսկում անցկացված հանրաքվեին։

Բելառուսում պետական ԲելՏԱ գործակալությունը 2025 թ․ հունվարի 26-ին գրել է, որ Դեփրեմը ներգրավված է եղել նաև Բելառուսի նախագահական ընտրություններում։ Սակայն նույն տարվա սեպտեմբերին, ըստ նրա՝ թուրքական Cumhuriyet պարբերականին տված հարցազրույցի, նրան ձերբակալել էին Բելառուսում և տեղափոխել Քաղաքացիության և միգրացիայի վարչություն՝ «ապօրինի մնալու» հիմքով։

Օքայ Դեփրեմը  հայկական տիրույթում հայտնի է հենց նրանով, որ պարբերաբար Հայաստանի վերաբերյալ ներքաղաքական, ազգային, կրոնական կամ պատմական զգայուն թեմաներով կեղծ կամ դավադրապաշտական թեզեր է տարածում։

Նրա նախորդ հրապարակումներից էր, օրինակ, այն տեղեկությունը, թե Երևանում նախատեսվում է 10 նոր մզկիթ կառուցել, որը հետագայում տարածվեց հայկական, ադրբեջանական և ռուսական հարթակներում։ Նույն սկզբունքով էր կառուցված նաև Արաքս գետի ջրային ռեսուրսների վերաբերյալ պնդումը, թե ՀՀ վարչապետը համաձայնել է Թուրքիային անհատույց տրամադրել գետի ջրային ռեսուրսների օգտագործման բացառիկ իրավունքների մի մասը։

Բացի այդ, վերջերս նա տարածել էր նաև պնդում, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումները նախատեսվում է չեղարկել։ Այս պնդումի հիման վրա էլ X-ում արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր էին տարածվել։

Բոլոր այս դեպքերում նրա պնդումները կեղծիք են պարունակել ու հերքվել են։

 

Մարիա Խաչատրյան

]]>
https://factor.am/1021733.html/feed 0
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի https://factor.am/1020184.html https://factor.am/1020184.html#respond Tue, 19 May 2026 17:25:37 +0000 https://factor.am/?p=1020184 Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ առաջին համար Նիկոլ Փաշինյանը Սպիտակում խոսել է Հայաստանի տարածքում հայերի թվի մասին ու սխալ պնդում է արել․

«Եթե մենք պետք է վերադառնանք ինչ-որ տեղ, հրահրում ենք էդ ինչ-որ տեղին, որ նրանք էլ ասեն՝ մենք էլ վերադառնում ենք ստեղ։ Որովհետև փաստ է, մենք չենք կարա ասենք ․․․ Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է։ Նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք էսօրվա իրավիճակով, էսօրվա ստատուս-քվոյով», – ասել է Փաշինյանը։

Նրա պնդումը սխալ է այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի ժամանակ՝ 1989 թվականին, ՀԽՍՀ տարածքում բնակվող հայերի թիվը եղել է նրա ասած ցուցանիշից ավելի՝ 93,3 տոկոս։

Դրանից առաջ ԽՍՀՄ-ում մարդահամար արվել է 1979 թվականին, և այդ մարդահամարի ժամանակ էլ պարզվել է, որ հայերի թիվը ՀԽՍՀ տարածքում եղել է 89,7 տոկոս, ինչը շատ մոտ է Փաշինյանի ասած ցուցանիշին։

Քարոզչության ժամանակ Փաշինյանը այս պնդումը արել է պատմական համատեքստում, թե Բագրատունիների թագավորության անկումից հետո և մինչև 1918 թվականն այս տարածքում հայերը պետություն չեն ունեցել։

90 տոկոսի մասին Փաշինյանի պնդումը չի կարող վերաբերել այդ ժամանակաշրջանին, քանի որ այդ շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքը առանձնացված չի եղել, այդ թվում՝ Ռուսական կայսրության ժամանակ իրականացված մարդահամարների ժամանակ։

Փաշինյանը նշել է, թե Հայաստանը պետք է լինի ոչ թե կանգառ, այլ հանգրվան, և տարբեր տեղերից եկած հայերը պետք է հաստատվեն և չմտածեն վերադարձի մասին։

Գարիկ Հարությունյան

]]>
https://factor.am/1020184.html/feed 0
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում https://factor.am/1019726.html https://factor.am/1019726.html#respond Mon, 18 May 2026 17:30:31 +0000 https://factor.am/?p=1019726 «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը  երեկ՝ Մեծամորում հանրահավաքի ժամանակ, վարկերի տոկոսների մասին մանիպուլյատիվ համադրությամբ տվյալներ է ներկայացրել ։ 

«Հարևան Վրաստանում վարկերի տոկոսները 8 տոկոս են, Հայաստանում՝ 15, 17, 20, 25, մինչև 24 հասնում է էֆեկտիվ [տոկոսադրույքը]», – ասել է Կարապետյանը։

  • Եթե Կարապետյանը համեմատում է Հայաստանի և Վրաստանի ազգային արժույթներով՝ դրամով ու լարիով տրված վարկերը, ապա նրա նշած թվերը չեն համապատասխանում երկու երկրների ֆինանսաբանկային վիճակագրությանը,
  • Իսկ եթե Կարապետյանը Հայաստանի դեպքում վերցրել է դրամով վարկերը, իսկ Վրաստանի դեպքում՝ արտարժույթով վարկերը, ապա դա մանիպուլյացիա է, քանի որ համեմատությունը սխալ է։

Factor TV-ն ուսումնասիրեց Հայաստանի կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի հաշվետվությունները, որոնք ներկայացնում են, թե որքան անվանական տոկոսադրույքներով են տրվում վարկերը Հայաստանում և Վրաստանում։

Ճիշտ համեմատության համար կարևոր է միմյանց հետ համեմատել ազգային արժույթներով տրվող վարկերը՝ Հայաստանում դրամով և Վրաստանում լարիով։ Այս դեպքում տոկոսադրույքները բավական մոտ են ստացվում։

Նրբությունն այն է, որ Վրաստանի ազգային բանկը ներկայացնում է լարիով տրված վարկերի միասնական մեկ տոկոսադրույք, իսկ ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնում է դրանք տարբեր ժամկետներով վարկերի համար։

Գրաֆիկից երևում է, որ փետրվարին Վրաստանի ցուցանիշը եղել է Հայաստանի երկու ցուցանիշների մեջտեղում։ Իսկ մարտին Հայաստանում տոկոսադրույքները բարձրացել են, ինչի արդյունքում Հայաստանում տոկոսադրույքները վրացական վարկերի տոկոսներից բարձր են։

Ամենաթարմ հասանելի տվյալները երկու դեպքում էլ վերաբերում են հենց մարտին տրված վարկերին։ Հայաստանում տոկոսադրւյքը միջինում եղել է 15.85-17.29 տոկոս, Վրաստանում՝ 14.99 տոկոս։ Ինչպես տեսնում ենք՝ տոկոսադրույքները բավական մոտ են։

Երկու երկրների կենտրոնական բանկերն էլ, ազգային արժույթով տրվող վարկերից բացի, տալիս են տվյալներ նաև արտարժույթով տրվող վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ։ Հայաստանի դեպքում տվյալները ներկայացված են դոլարով տրված վարկերի համար, իսկ Վրաստանում՝ առհասարակ արտարժույթով տրված վարկերի վերաբերալ։

Այս գրաֆիկից նույնպես երևում է, որ տոկոսադրույքները կրկին մոտ են։ Վրաստանում դրանք գրեթե չեն փոխվել փետրվար-մարտին, իսկ Հայաստանում որոշակի փոփոխվել են։

Մարտին Հայաստանում դոլարով տրված վարկերի տոկոսադրույքները միջինում եղել են 7.92-9.28 տոկոս, իսկ Վրաստանում՝ 8.8 տոկոս։

Համեմատության մեջ կարելի է նշել, որ երկու երկրներում էլ դոլարով կամ արտարժույթով տրված վարկերի տոկոսադրույքները գրեթե կրկնակի ցածր են ազգային արժույթներով (դրամով և լարիով) տրված վարկերի տոկոսադրույքներին, ինչի պատճառով տարբեր ցուցանիշների համադրությունը մանիպուլյատիվ է։

Կարելի է ենթադրել, որ հենց այդպես է վարվել Նարեկ Կարապետյանը, քանի որ Վրաստանի համար նրա ներկայացրած ցուցանիշը մոտ է արտարժույթով վարկերի տոկոսադրույքին, իսկ Հայաստանի դեպքում՝ դրամով տրված վարկերի ցուցանիշին։ Դրա արդյունքում էլ նրա ներկայացրած տարբերությունը մեծ է ստացվել։

Գարիկ Հարությունյան

 

]]>
https://factor.am/1019726.html/feed 0