Ներքին տնտեսական | Factor.TV https://factor.am Tue, 13 Oct 2026 06:20:14 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.7 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Ներքին տնտեսական | Factor.TV https://factor.am 32 32 Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ https://factor.am/1069924.html https://factor.am/1069924.html#respond Tue, 13 Oct 2026 06:28:34 +0000 https://factor.am/?p=1069924 Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 13-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 360 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 362 դրամ փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 402 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 407 դրամ փոխարժեքով:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.07 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,17 դրամ փոխարժեքով։

]]>
https://factor.am/1069924.html/feed 0
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը https://factor.am/1069765.html https://factor.am/1069765.html#respond Mon, 12 Oct 2026 12:53:19 +0000 https://factor.am/?p=1069765 Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին։ Ընդդիմադիրները հարցեր են բարձրացրել գովազդային ծառայությունների, բրենդային ապրանքների բարձր գների և առանց մրցույթի իրականացված գնումների վերաբերյալ։ Նախարարությունը հակադարձել է՝ կազմակերպիչ ընկերությունների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից, իսկ գնումները կատարվում են միջազգային կառույցի սահմանած չափորոշիչներով։ Գերատեսչությունը պնդում է, որ առանց ընտրության գործընթացի կազմակերպություններ ընտրելու վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը՝ ստորև․

«Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։

Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով և պահանջներով։

COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց դրանցից շեղվելու։

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով։

Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային միջավայր և ընտրության թափանցիկություն։

2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։

Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ անցկացրել ցանկում ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց գնահատումն ու ընտրությունը։

Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել։

Հետևաբար, առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր COP17-ի անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները քննադատել են համաժողովի կազմակերպման համար նախատեսված ծախսերն ու գնումների գործընթացը։

Պատգամավոր Լիանա Մանուկյանը կասկածի տակ է դրել համաժողովի համար նախատեսված բրենդային նվերների գները։ Նրա ներկայացրած տվյալներով՝ պետությունը ձեռք է բերել 16 500 թերմոս՝ հատը 7800 դրամով, 19 700 բեյջի կապիչ՝ հատը 1248 դրամով, և 16 500 էկոպայուսակ՝ հատը 3432 դրամով։ Մանուկյանը պնդել է, որ շուկայում համանման ապրանքները հնարավոր էր ձեռք բերել զգալիորեն ավելի ցածր գներով։

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատել է նաև «Մերիդիան» էքսպոկենտրոնում ժամանակավոր շինության կառուցման համար նախատեսված բազմամիլիոնանոց ծախսերը։

Ի պատասխան քննադատությունների՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ թեև Հայաստանը ֆինանսավորում և հյուրընկալում է համաժողովը, դրա կազմակերպման համար գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով։

]]>
https://factor.am/1069765.html/feed 0
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը  https://factor.am/1069605.html https://factor.am/1069605.html#respond Mon, 12 Oct 2026 10:37:28 +0000 https://factor.am/?p=1069605 Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո Հայաստանից թարմ մրգերի արտահանումն իրականացվում է պետական զգալի ֆինանսական աջակցությամբ։ Հունիս-հուլիս ամիսներին ելակի, ծիրանի, կեռասի, սալորի, նեկտարինի և դեղձի արտահանման համար պետությունը փոխհատուցել է շուրջ 3.96 մլրդ դրամ։ 

Factor.am-ը համադրել է ՍԱՏՄ-ի և էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալները հունիս-հուլիս ամիսներին Հայաստանից ելակի ու մի շարք այլ մրգերի արտահանման ծավալների և արտահանման աջակցության փոխհատուցման վերաբերյալ։

Համեմատությունը ցույց է տալիս, որ հունիս-հուլիսին ելակի, ծիրանի, կեռասի, սալորի, նեկտարինի և դեղձի արտահանումը կազմել է շուրջ 16 հազար 752 տոննա, իսկ պետական փոխհատուցում տրամադրվել է 15 083 տոննայի համար։ Այսինքն՝ պետությունը փոխհատուցել է ամբողջ արտահանման ծավալի մոտ 90%-ը։

Արտահանման սահմանափակումները և ուղղորդումն այլ երկրներ

Ռուսաստանն այս տարվա մայիսի 30-ից սկսեց սահմանափակումներ կիրառել Հայաստանից գյուղմթերքի ներմուծման նկատմամբ։ Հունիսին սկզբից սահմանափակումները տարածվեցին ելակի, լոլիկի, վարունգի, պղպեղի և կանաչու վրա։ Հետո ցանկը  ընդլայնվեց՝ ներառելով նաև ծիրանը, դեղձը, նեկտարինը, սալորը, բալը, կեռասը, խաղողը, խնձորը, տանձը, սերկևիլը և մի շարք այլ մրգեր։

Սահմանափակումները հունիսի 12-ից տարածվեցին Հայաստանից մատակարարվող բոլոր մրգերի, բանջարեղենի և կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի վրա։ Ռուսական կողմը սահմանափակումները հիմնավորում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։

ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված արտահանման տվյալները ցույց են տալիս արտահանման աշխարհագրության զգալի փոփոխություն։

Հունիսին մրգերի արտահանման մոտ 48%-ն իրականացվել է Ուզբեկստան, շուրջ 34%-ը՝ Վրաստան, մոտ 12%-ը՝ Ուկրաինա։ Այս երեք երկրներին միասին բաժին է ընկել արտահանման ավելի քան 94%-ը։

Հուլիսին առաջին տեղում արդեն Վրաստանն է, որին բաժին է ընկնում արտահանման մոտ 35.3%-ը, հաջորդը Ուզբեկստանն է՝ 21%, ապա Ղազախստանը՝ 13.06%, Ուկրաինան՝ 10.5%, և Իրաքը՝ մոտ 8.2%։

Ելակի և դիտարկված մրգերի արտահանման ծավալները նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել են՝ 82%-ով, իսկ հուլիսին՝ 52%-ով։ 2025թ․ հունիսին միայն դեպի ՌԴ արտահանվել է ելակի և դիտարկված մրգերի 86.7%-ը կամ 22 հազար 777 տոննան, հուլիսին՝ 87.2%-ը կամ 22 հազար 49 տոննան։

Պետական աջակցության ծավալները

Հունիսի 4-ին Կառավարությունը N 800-Լ որոշմամբ հաստատեց ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։ Ելակի համար սահմանվեց 770 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր արտահանված կիլոգրամի դիմաց։ Հուլիսի 2-ի N 986-Լ որոշմամբ ծրագիրը երկարաձգվեց նաև հուլիս ամսվա արտահանումների համար, իսկ ելակի փոխհատուցման չափը պահպանվեց՝ 770 դրամ/կգ։ 

Կառավարության կողմից ընդունված այս որոշումների նպատակն է ՌԴ-ի կիրառած սահմանափակումների պայմաններում աջակցել արտահանողներին և նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։

Ելակից բացի թարմ պտուղների համար Կառավարությունը հունիսի 11-ին ընդունեց առանձին՝ N 839-Լ որոշումը։ Ծիրանի համար սահմանվեց 200 դրամ/կգ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ/կգ, իսկ կեռասի համար՝ 400 դրամ/կգ փոխհատուցում։ Հուլիսի 2-ի N 978-Լ որոշմամբ նույն դրույքաչափերը տարածվեցին նաև հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն իրականացված արտահանումների վրա։ 

Ընդ որում՝ փոխհատուցումը ավտոմատ կերպով չի տրամադրվում Հայաստանից արտահանված յուրաքանչյուր կիլոգրամի համար։

Տնտեսվարողը պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարությանը, ներկայացնի արտահանումը հաստատող մաքսային կամ տարանցման հայտարարագրերն ու հաշիվ-ապրանքագիրը։ Նախարարությունը ուսումնասիրում է դիմումը և միայն անհամապատասխանությունների բացակայության դեպքում է փոխհատուցում տրամադրվում։

Ելակի դեպքում լրացուցիչ պահանջ է, որ արտադրանքը լինի ջերմատնային արտադրության։ 

Հունիսին ելակի և ցանկում եղած մրգերի ընդհանուր արտահանումը կազմել է 4617 տոննա։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ փոխհատուցվել է մոտ  4254  տոննայի համար, այսինքն ՝ արտահանված քանակի մոտ 92%-ի չափով։Հունիսին ամենամեծ փոխհատուցումը տրամադրվել է կեռասի համար՝ շուրջ 564.3 մլն դրամ, երկրորդը ծիրանն է՝ 548 մլն դրամ։

Ուշագրավ է սալորին վերաբերող ցուցանիշը։ ՍԱՏՄ-ի տվյալներում հունիսին արձանագրվել է 1,209 կգ սալորի արտահանում, մինչդեռ փոխհատուցման տվյալներում ներառված է միայն 14 կգ։ Այսինքն՝ սալորի  արտահանման ընդամենը 1.2%-ն է փոխհատուցվել։ 

Հունիսի տվյալներում դեղձի արտահանման առանձին ցուցանիշ չկա, և քանի որ արտահանում չի եղել, չի եղել նաև նախարարության կողմից փոխհատուցում։

Հուլիսին փոխհատուցումը կրկնապատկվել է

Հուլիսին արտահանման ծավալներն էապես աճել են։ Դիտարկվող ապրանքների արտահանումը կազմել է մոտ 12 հազար 135 տոննա, որից փոխհատուցվել է շուրջ 10 հազար 829 տոննան, կամ  արտահանված քանակի շուրջ 89.2%-ը։ Դրա դիմաց տրամադրված փոխհատուցումը կազմել է շուրջ 2 մլրդ 769 մլն դրամ։

Հուլիսին փոխհատուցման գումարային չափը 2.25 անգամով ավելի է, քան հունիսին տրամադրվածը։

Հուլիսին միայն ծիրանի արտահանման համար պետական փոխհատուցումը կազմել է շուրջ 1 մլրդ 312 մլն դրամ։ Կեռասի համար վճարվել է 773.3 մլն դրամ։

Միաժամանակ, ծիրանի դեպքում չի փոխհատուցվել շուրջ 800.3 հազար կգ, կեռասի դեպքում՝ շուրջ 339.8 հազար կգ, իսկ դեղձի դեպքում՝ շուրջ 115.4 հազար կգ։

Հունիսի և հուլիսի տվյալները միասին վերցնելու դեպքում պատկերը հետևյալն է։ Նշված մրգերի (ներառյալ ելակը) արտահանումը կազմել է 16 հազար 752 տոննա։ Նույն ժամանակահատվածում փոխհատուցում տրամադրվել է 15 հազար 083 տոննայի համար։ Փոխհատուցումը տրամադրվել է արտահանված մրգերի 90%-ի համար և կազմել է 3 մլրդ 961 մլն դրամ։

Փոխհատուցման մեծ մասը՝ 81 տոկոսը, բաժին է ընկել ընդամենը երկու պտղատեսակի։ Երկու ամսում ծիրանի համար տրամադրվել է շուրջ 1.86 մլրդ դրամ, իսկ կեռասի համար՝ մոտ 1.338 մլրդ դրամ։

Ելակի համար հունիս-հուլիսին վճարվել է շուրջ 226.8 մլն դրամ, դեղձի համար՝ 251 մլն, նեկտարինի համար՝ 175.4 մլն, սալորի համար՝ մոտ 110.5 մլն դրամ։

 

Որքա՞ն է փոխհատուցումը՝ մրգերի միջին գների համեմատ

Պետական փոխհատուցման չափը  պատկերացնելու համար Factor.am-ը կառավարության սահմանած դրույքաչափերը համեմատել է նույն մրգերի շուկայական գների հետ, որոնք վերցրել ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված սեփական արտադրանքի միջին գների վիճակագրությունից։

Համեմատությունը ցույց է տալիս, որ որոշ մրգերի դեպքում պետական փոխհատուցման չափը մոտեցել է մրգի վաճառքի միջին գնին։

Օրինակ՝ հունիսին Հայաստանում ելակի 1 կգ-ի իրացման միջին գինը կազմել է 933 դրամ, մինչդեռ արտահանված յուրաքանչյուր կիլոգրամի համար պետությունը սահմանել է 770 դրամ փոխհատուցում։

Այսինքն՝ փոխհատուցման չափը համարժեք է եղել արտադրողի միջին վաճառքի գնի շուրջ 82.5%-ին։ Հուլիսին ելակի միջին գինը բարձրացել է մինչև 1161 դրամ, իսկ փոխհատուցման հարաբերակցությունը նվազել է մինչև 66.3%։

Առավել ուշագրավ է սալորի օրինակը։ Հունիսին դրա իրացման միջին գինը կազմել է 617 դրամ, իսկ հուլիսին նվազել է մինչև 283 դրամ։ Միևնույն ժամանակ, պետական փոխհատուցումը պահպանվել է՝ 250 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։ Արդյունքում հուլիսին փոխհատուցման դրույքաչափը կազմել է սալորի միջին գնի շուրջ 88.3%-ը։

Ծիրանի դեպքում այս հարաբերակցությունը հունիսին կազմել է 34.8%, հուլիսին՝ 40.2%, իսկ դեղձի դեպքում հուլիսին՝ 53.8% (հունիսին դեղձի արտահանում չի արձանագրվել)։

Այսպիսով, պետական աջակցությունը որոշ դեպքերում կարող է զգալիորեն նվազեցնել արտահանողի համար ապրանքի ձեռքբերման զուտ ծախսը և հնարավորություն տալ արտաքին շուկայում ավելի ցածր վաճառքի գին առաջարկել՝ պահպանելով շահույթ ստանալու հնարավորությունը։

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած գները արտադրողների իրացման միջին ցուցանիշներն են և պարտադիր չէ, որ համընկնեն արտահանողների ապրանքների ձեռքբերման փաստացի գների հետ։ Ուստի՝ այս համեմատությունը ցույց է տալիս պետական աջակցության հարաբերական մեծությունը, բայց չի բացահայտում արտահանողների տրանսպորտային, մարկետինգային և այլ ծախսերը, շահույթը կամ արտաքին շուկայում վաճառքի գները։

****

Այսպիսով, հունիս-հուլիս ամիսներին ելակի և դիտարկված թարմ մրգերի արտահանման համար պետական փոխհատուցումը կազմել է շուրջ 3.96 մլրդ դրամ։ Այդ գումարի ավելի քան 80%-ը բաժին է ընկել ընդամենը երկու պտղատեսակի՝ ծիրանին և կեռասին։

Պետական աջակցության մասշտաբն առավել ակնառու է դառնում նույն ժամանակահատվածում մրգերի միջին գների հետ համեմատելիս։ Հունիսին ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար սահմանված 770 դրամ փոխհատուցումը կազմել է դրա միջին գնի 82.5%-ը, իսկ հուլիսին սալորի համար սահմանված 250 դրամը՝ միջին գնի 88.3%-ը։

Կառավարության արտահանման աջակցության ծրագրերը շարունակվել են նաև օգոստոսին։ Այդ ամսվա արտահանումների և մթերումների աջակցության համար նախատեսվել է շուրջ 4.52 մլրդ դրամ՝ ներառելով ոչ միայն թարմ մրգերը, այլև բանջարեղենը, ծաղիկները և այլ ապրանքներ։

Factor.am-ի ուսումնասիրած տվյալները ցույց են տալիս, որ պետական բյուջեի միջոցները զգալի դեր են ունեցել արտահանման ֆինանսական աջակցության գործում՝ հատկապես ռուսական շուկայի սահմանափակումներից հետո արտահանման աշխարհագրության փոփոխության պայմաններում։

Միաժամանակ, այս տվյալները հնարավորություն չեն տալիս պարզելու, թե որքանով է պետական փոխհատուցումն ազդել արտահանողների վերջնական վաճառքի գների և շահույթի վրա, առավել ևս՝ երբ նախորդ տարվա հունիսի համեմատ դիտարկված թարմ մրգերի և ելակի արտահանման ծավալները զգալի կրճատվել են։

Մարիա Խաչատրյան

 

]]>
https://factor.am/1069605.html/feed 0
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069589.html https://factor.am/1069589.html#respond Mon, 12 Oct 2026 09:27:00 +0000 https://factor.am/?p=1069589 Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի ժամկետների պահպանմանը։

Քաղաքապետը շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արին-Բերդի փողոցի հիմնանորոգման աշխատանքներում առկա՞ են ժամկետային մտահոգություններ։

Ի պատասխան՝ Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախատեսվում է շինարարությունն ավարտել 2026 թվականի վերջին կամ 2027-ի սկզբին։ 

«Ունեցել ենք երեք խնդիր, որոնցից երկուսը լուծված են, մեկը՝ լուծման փուլում է։ Չնչին ուշացում կարող է ունենանք, բայց ոչ էական»,- զեկուցեց վարչության պետը։

Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հորդորելով շինարարության տեմպերն այնպես կազմակերպել, որպեսզի առհասարակ որևէ ուշացում չարձանագրվի։

Տարածքի բնակիչների բազմաթիվ դժգոհություններից հետո Երևանի քաղաքապետարանը փողոցը հիմնանորոգելու մասին հայտարարել էր հունիսին՝ խոստանալով ոչ միայն ասֆալտապատում, այլ նաև լուսավորության ու ջրատար համակարգի անցկացում, կանաչապատում։ Factor TV-ն քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ Արին-Բերդի փողոցում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ 

Քննարկվեց նաև Շերամի փողոցի հատվածի շինարարության հարցը, որտեղ, ըստ պատասխանատուների, ժամկետային ռիսկեր չկան, և գործընթացն ինտենսիվ առաջ է ընթանում։

Սակայն լուրջ մտահոգություն առաջացավ Նորագավիթի էստակադայի կառուցման հարցում։ Զեկուցվեց, որ շինարարական կազմակերպության կողմից նկատվում է դանդաղ մոբիլիզացիա, ինչի առնչությամբ ընկերությունը պարբերաբար պաշտոնական ծանուցումներ է ստանում միջազգային ինժեների կողմից։

Տիգրան Ավինյանը զգուշացրեց պատասխանատուներին՝ շեշտելով, որ այլևս չի հավատում բանավոր հավաստիացումներին։

«Արդեն առաջին դեղին լույսը վառվում է։ Ես արդեն մոտավորապես սցենար եմ տեսնում, թե ինչպես են տանուլ տալիս այս ծրագիրը։ Ձեզանից պահանջում եմ լինել զգոն և թույլ չտալ մեկ օր ավել ծախսել այդ ծրագրի վրա, եթե տեսնում ենք, որ այն տանում են տապալման»,- ընդգծեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1069589.html/feed 0
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069584.html https://factor.am/1069584.html#respond Mon, 12 Oct 2026 09:20:14 +0000 https://factor.am/?p=1069584 COP17 գագաթնաժողովի բրենդային նվերների ձեռքբերման համար Կառավարությունը ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ։ Այս մասին իր ելույթում նշեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։ Նա ներկայացրեց գնումների պայմանագրերի ուսումնասիրության արդյունքները՝ մատնանշելով ձեռք բերված ապրանքների չհիմնավորված ուռճացված գները։

Մանուկյանի փոխանցմամբ՝ պայմանագրերում բացակայում են ապրանքների տեխնիկական բնութագրիչները։ Պատգամավորի վերլուծությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․

Ջրաման-թերմոսներ․ պետությունը ձեռք է բերել 16,500 հատ՝ յուրաքանչյուրը 7,800 դրամով։ Մինչդեռ շուկայում, ըստ նրա, որակյալ թերմոսների մանրածախ գինը տատանվում է 2,000–3,500 դրամի սահմաններում։

«Բրենդային տպագրության ծախսը (1,000 դրամ) ներառյալ՝ առավելագույն արժեքը կկազմեր 4,500 դրամ։

Բեյջի թելեր․ ձեռք է բերվել 19,700 հատ՝ հատը 1,248 դրամով։ Ըստ ուսումնասիրության՝ շուկայում դրանց գինը կազմում է 55 դրամ, իսկ բրենդավորմամբ ամենաբարձր որակի թելը՝ առավելագույնը 600 դրամ։

Էկո պայուսակներ․ ձեռք է բերվել 16,500 հատ՝ 3,432 դրամով, այնինչ արդեն բրենդավորված պայուսակը մանրածախում արժե 3,000 դրամ։

Կրծքանշաններ․ 18,550 հատ ձեռք է բերվել յուրաքանչյուրը 2,340–2,964 դրամով։ Շուկայում ամենաբարձր որակի կրծքանշանների արժեքը 1,800 դրամ է»,-նշեց նա։

Ամփոփելով խոսքը՝ Լիանա Մանուկյանն ասաց, որ ընդամենը մեկ օրում իրականացված շուկայական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տվյալ պայմանագրում հնարավոր էր խնայել 84,984,600 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

]]>
https://factor.am/1069584.html/feed 0
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069580.html https://factor.am/1069580.html#respond Mon, 12 Oct 2026 08:59:11 +0000 https://factor.am/?p=1069580 Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում ապօրինի և առանց համապատասխան թույլտվությունների գործող տնտեսվարողներին նախազգուշացրեց օրինականացնել իրենց գործունեությունը։

Քաղաքապետարանի թվայնացված նոր հարթակում գույքագրվել է Երևանում գործող 11,101 առևտրային օբյեկտ։ Ըստ ներկայացված տվյալների՝ 4,638 օբյեկտ գործում է բացարձակ ստվերում և երբևէ չի դիմել առևտրի թույլտվության համար (համակարգում նշված են որպես «կարմիր կետեր»)։

Դրանց չվճարված տուրքերը գնահատվում են շուրջ 577.6 մլն դրամ։ Երբևէ թույլտվություն ստացած 6,463 օբյեկտներից 3,513-ն ունեն չվճարված պարտավորություններ կամ բացթողումներ՝ ընդհանուր 356.1 մլն դրամի չափով։
Ընդհանուր առմամբ, քաղաքային բյուջեն չվճարված տուրքերի պատճառով կորցնում է մոտ 1 միլիարդ դրամ։

Անդրադառնալով թվային քարտեզի տվյալներին՝ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ քաղաքապետարանն այլևս տիրապետում է բոլոր տնտեսվարողների տեղակայմանը, գործունեության տեսակին և տևողությանը։

«Հորդորում եմ կարդալ նոր օրենքը, որը շատ խիստ հետևանքներ է նախատեսում։ Խնդրո՛ւմ եմ, հորդորո՛ւմ եմ, մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը։ Գնացե՛ք և ստացե՛ք ձեր օրինական թույլտվությունները, վճարե՛ք Երևան քաղաքին, որովհետև մենք գալու ենք ձեզ մոտ, և դա ձեզ դուր չի գալու»,- հայտարարեց քաղաքապետը։

Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին և Հասարակական կարգի պահպանության ծառայությանը նախազգուշացրեց, որ ամեն մի կարմիր կետի տակ պետք է լինի բացատրություն։

«Եթե չլինի բացատրություն, ես մտածելու եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղում կաշառք է վերցնում»,- շեշտեց քաղաքապետը։

Քաղաքապետը նշեց նաև, որ նույնպիսի խնդիր է առկա արտաքին գովազդների ոլորտում, որտեղ մեծ թվով չգրանցված ու անօրինական վահանակներ են հայտնաբերվել լիդար սարքավորումներով նկարահանումների արդյունքում։

Քաղաքապետը հանձնարարեց մինչև տարեվերջ գործողությունների հստակ ծրագիր մշակել և ստվերային օբյեկտները բերել օրինական դաշտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1069580.html/feed 0
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1069509.html https://factor.am/1069509.html#respond Mon, 12 Oct 2026 06:36:00 +0000 https://factor.am/?p=1069509 Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրմանը և երթևեկության ուշացումների հիմնախնդրին։ Արձագանքելով «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» ներկայացրած տվյալներին՝ Ավինյանը նշեց, որ միասնական տոմսային համակարգը գործում է ամբողջությամբ, իսկ վճարումներն ու վավերացումները մոտեցել են որոշակի ստանդարտի։

«Բայց մենք, այս փուլային ռեֆորմներով գնալով, ունենք մի կարևոր հարց, որը դեռևս օդում առկա է, այն է՝ ինչո՞ւ ենք մենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ խոսենք մեր երթևեկության խնդիրներից, հատկապես, որ ունենք փաստեր և տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրը և սկսել լուծումներ տալ»,- ընդգծեց քաղաքապետը։

«Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝

  • 2025 թվականի սեպտեմբերին գրանցվել էր 12 մլն 156 հազար 535 վավերացում,
  • 2026 թվականի սեպտեմբերին վավերացումների թիվը հասել է 15 մլն 745 հազար 538-ի։

«Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանի հաշվարկներով՝ աճը կազմել է 3 մլն 589 հազար 3 կամ 29.5%։ Ֆինանսական առումով հավելյալ հավաքագրվել է ավելի քան 453.4 մլն դրամ։

Իսկ նախորդ շաբաթվա ընթացքում տրանսպորտից օգտվել է 3 մլն 826 հազար 890 քաղաքացի, որից 2.88 միլիոնը՝ ավտոբուսներից, 706 հազարը՝ մետրոպոլիտենից, իսկ 237 հազարը՝ տրոլեյբուսներից։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց 10 երթուղիների օրինակով կատարված ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես են խցանումներն ազդում երթևեկության տևողության վրա։

«Առավոտյան ժամը 06:30-ին, երբ փողոցները ծանրաբեռնված չեն, երթուղու միջին տևողությունը կազմում է 87 րոպե։ Առավոտյան պիկ ժամերին այն հասնում է 114 րոպեի, ցերեկը՝ 108 րոպեի։ Իսկ երեկոյան պիկ ժամերին (18:00–19:00) ավտոբուսի երթը տևում է մինչև 133 րոպե (շուրջ 46 րոպեով ավելի)»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա շեշտեց, որ քանի դեռ հանրային տրանսպորտը չունի առանձնացված գծեր և շարժվում է ընդհանուր հոսքով, ավտոբուսների քանակի ավելացումը միայն մեծացնելու է խցանումների ծավալը։

Գրիգորյանի խոսքով՝ ավարտական փուլում է գտնվում 171 նոր ավտոբուսների ձեռքբերման տեխնիկական բնութագիրը, և շուտով կհայտարարվի մրցույթ, սակայն սպասման ժամանակը կրճատելու գլխավոր նախապայմանը մնում է երթևեկության կարգավորումն ու հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերի ապահովումը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1069509.html/feed 0
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ https://factor.am/1069495.html https://factor.am/1069495.html#respond Mon, 12 Oct 2026 06:01:29 +0000 https://factor.am/?p=1069495 Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 359 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 361,5 դրամ փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 404 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 408 դրամ փոխարժեքով:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.02 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,10 դրամ փոխարժեքով։

]]>
https://factor.am/1069495.html/feed 0
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ https://factor.am/1069491.html https://factor.am/1069491.html#respond Mon, 12 Oct 2026 05:31:57 +0000 https://factor.am/?p=1069491 Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը։

]]>
https://factor.am/1069491.html/feed 0
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ https://factor.am/1069388.html https://factor.am/1069388.html#respond Sat, 10 Oct 2026 20:27:14 +0000 https://factor.am/?p=1069388 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» (ՀԱԿԵ) նախագծի շնորհանդեսին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ներկաներին նաև Երևանի 2808-րդ տարեդարձի առիթով. «Իհարկե, այդ առիթը նշանավորվում է այս նախագծի գործնական մեկնարկով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի: Մենք այսօր փաստացի Երևանի պատմության ամենաբարձր շենքի մասին ենք խոսում և նրա ստեղծման մեկնարկն ենք տալիս: Այս առումով սա Երևանի, նույնիսկ 2808-ամյա պատմության մեջ, շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է»:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ճարտարապետական այս նախագծի իրականացման արդյունքում նախատեսվող շենքը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը:

«Նման շենքերը, կառույցները, նախագծերը չեն իրականացվում 1-5 տասնամյակի համար: Սրանք նախագծեր են, որոնք ի սկզբանե ենթադրում են ունենալ 100-ամյակների պատմություն։ Սա շատ կարևոր սիմվոլ է և այն առումով, որ մենք պետք է, նաև պատմության առանձնահատկությունները հաշվի առնելով, մեր առաջ մեծ ու երկար տեսադաշտեր բացենք», – ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական և պետական գաղափարախոսությունը և գաղափարաբանությունը նրա մեջ է, որ պլանավորումը պետք է ունենա հարյուրամյա հեռանկար, և այս բանաձևի վրա է հիմնված Հայաստանի հարատև պետության գաղափարը և գաղափարախոսությունը։

Երկրի ղեկավարի կարծիքով՝ հարյուրամյա հեռանկար ունեցող ներդրումային նման նախագծերը հենց դրա մասին են: «Մենք արդեն այդպիսի նախագծեր ունենք: Ես առիթ ունեցել եմ ասելու, երբ մենք TRIPP նախագիծն էինք պայմանավորվում կամ նրա շրջանակն էինք գծագրում, շատ քննարկումներ կար նրա մասին, թե 50 տարով, հետո ևս 50 տարով, ինչ-որ մեկը ինչ-որ փայաբաժին կունենա Հայաստանի Հանրապետությունում: Ես մեր գործընկերներին և հանրության ուշադրությունը հրավիրեցի հետևյալ փաստի վրա, որ մենք այլ տեսակետից պետք է նայենք՝ փաստորեն աշխարհի թիվ մեկ գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում: Հազարամյա պատմության ընթացքում երբեք մեր առջև 90 տարվա հեռանկար չենք ունեցել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է նաև՝ Համաշխարհային առևտրի կենտրոնը համաշխարհային բրենդ է, որն այսպիսով ներկայանում է Հայաստանում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Երևանի 2808-րդ տարեդարձի, ինչպես նաև նախագծի մեկնարկի առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինձ համար սա պատմություն է այն մասին, որ Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլ առջևում ունի 2808 տարի, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԱԿԵ-ի՝ որպես միջազգային նշանակության բազմաֆունկցիոնալ նախագծի, տեսլականն ու զարգացման հայեցակարգը։ Աշխարհահռչակ «Ֆոսթր + Փարթներս» ճարտարապետական ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր հեղինակած շինության նախագծման վերաբերյալ մանրամասներ։ Սարյան 22 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրը մեկտեղելու է առևտրային և գրասենյակային տարածքներ, հյուրանոց, կանաչապատ այգիներ, ժամանցի վայրեր, բրենդային խանութներ, ինչպես նաև ցուցահանդեսների և միջոցառումների անցկացման համար նախատեսված ժամանակակից ենթակառուցվածքներ։ Ընդգծվել է, որ մեկնարկել և հաջողությամբ ընթանում են Սարյան 22 հասցեում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։

Միջոցառման շրջանակում ստորագրվել է կառավարման պայմանագիր «Հայաթ Հոթելս Քորփորեյշն»-ի հետ։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման պետական գործակալության (UK Export Finance) հետ՝ ՀԱԿԵ-ի նախագծի մասնակի ֆինանսավորման նպատակով։

ՀՀ Կառավարության 2023 թ. որոշմամբ հավանության է արժանացել Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC)) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը։ WTC Երևանի բաժնետերեր են Հայաստանի Հանրապետությունը (19%), «Ռենշին» ՍՊԸ-ն (56%) և «Հայփոստ» ՓԲԸ-ն (25%): Այն պետություն-մասնավոր համագործակցության խոշորագույն նախագիծ է Հայաստանում. ընդհանուր ներդրումը 470 միլիոն դոլար է։ ՀԱԿԵ-ը կապուղի է հայաստանյան բիզնեսի և միջազգային ընկերությունների միջև։ Այն նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանային բիզնես հանգույց և նպաստել միջազգային առևտրային կապերի զարգացմանը՝ «Համաշխարհային առևտրի կենտրոններ» ասոցիացիայի ցանցի միջոցով։

]]>
https://factor.am/1069388.html/feed 0