Այն, ինչ իշխանությունը ներկայացնում է որպես աշխատավարձի բարձրացում, չի ազդի մոտ 350.000 մարդու վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Կառավարությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով ներկայացնել եկամտահարկի դրույքաչափի նվազեցման վերաբերյալ օրինագիծ։ Այժմ եկամտահարկի երեք դրույքաչափ է գործում. մինչև 150 հազար դրամ աշխատավարձից գանձվում է 23 տոկոս եկամտահարկ, 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ արդեն 36.6 տոկոս։ Կառավարությունը մտադիր է սահմանել համահարթ՝ եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս: 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ եկամտահարկի դրույքաչափը բոլորի համար 23 տոկոս սահմանելով՝ ավելացնում է աշխատավարձերը:

Եկամտահարկի նվազեցումն անհետևանք չի մնա. այդ փոփոխության արդյունքում պետական բյուջե չի մուտքագրվի մոտ 27.5 մլրդ դրամ: Բայց կառավարությունը գտել է ելքը. բարձրացնելու է ակցիզային հարկը: Ճիշտ է, այդ բարձրացումը նախատեսված է նաև ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակում, բայց այս փուլում դա պետք է տեղի ունենար 15 տոկոսով:

Եկամտահարկի նվազեցման բացասական հետևանքները մեղմելու համար կառավարությունը որոշել է ակցիզային հարկը բարձրացնել 25 տոկոսով: Սա արդեն նշանակում է, որ եթե կառավարությունը մի ձեռքով տալիս է, մեկ այլ ձեռքով հետ է վերցնում: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ այս դիտարկման հետ: «Պարզ թվաբանություն է. եթե ձեր համախառն եկամուտն ինչ-որ մի գումար է, և այսօր դրանից վճարվում է 36.6 տոկոս, երբ դրա փոխարեն վճարեք 23 տոկոս, այդ տարբերությունը կմնա ձեր կողմից տնօրինվող եկամուտի մի մասը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Բայց չէ՞ որ ՀՀ-ում աշխատողների գերակշիռ մասը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: Հայաստանում կա շուրջ 532 հազար գրանցված աշխատող: Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը հավելում է, որ նրանց շուրջ 65 տոկոսը կամ 346 հազարը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: Իսկ եկամտահարկի ամենաբարձր շեմով՝ 36.6 տոկոս դրույքաչափով հարկվում է ընդամենը 1800 աշխատող, որոնք 2 մլն դրամը գերազանցող աշխատավարձ են ստանում: Այդպիսով, եկամտահարկի նվազեցումը կարող է էականորեն ավելացնել ընդամենը այս 1800 աշխատողների աշխատավարձը, և որոշ չափով՝ նաև մինչև 2 մլն դրամ ստացողների եկամուտները: Մինչև 150 հազար դրամ ստացողների համար որևէ փոփոխություն չի լինելու: Ավելին, ակցիզային հարկի բարձրացման արդյունքում նրանք ավելի թանկ են վճարելու:

Եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու արդյունքում կառավարությունը նաև հույս ունի, որ գործատուները բարձր վարձատրվող ստվերային աշխատատեղերը կբերեն հարկման դաշտ և, բարձր եկամտահարկն ամբողջությամբ թաքցնելու փոխարեն, կվճարեն ցածր եկամտահարկը կամ բարձր վարձատրվող աշխատողների աշխատավարձը կգրանցեն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակիորեն:

Եկամտահարկը նվազեցնելու արդյունքում աշխատավարձ բարձրացնելու բանաձևի դեպքում կա ևս մեկ մտահոգիչ հանգամանք. արդյո՞ք գործատուները որպես հարկ չվճարվող այդ գումարը բաժին կհանեն իրենց աշխատողներին, թե՞ դա կհամարեն հենց իրենց սեփական եկամուտը և աշխատողների աշխատավարձերին չեն ավելացնի: Հատկապես, որ մեր երկրում այդ 532 հազար աշխատողների գերակշիռ մասը՝ 329 հազարը, աշխատում է մասնավոր հատվածում և քիչ պաշտպանված է: Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ մեր վարձու աշխատողները ժամանակից շուտ սկսեն ակցիզային հարկի բարձրացման արդյունքում թանկացած ապրանքներ գնել, բայց չստանալ եկամտահարկի նվազեցումից իրենց բաժին հասնող գումարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հույս է հայտնում, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում որևէ գործատու չի վերանայի իր վարձու աշխատողների հետ կնքած պայմանագրերը, որովհետև դա կլինի շատ վատ նախադեպ: «Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, երբ դրույքաչափերի փոփոխություն էինք կատարում, մենք գործատուների վերաբերյալ օրենքի նորմ էինք ամրագրում, որ իրավունք չունեն մարդու իրական եկամուտները նվազեցնել: Կարծում եմ՝ այս նորմը նորից կպահպանվի, և արդյունքում կունենանք տնօրինվող եկամուտի փոփոխություն»,- ասում է պատգամավորը:

Դեռ հայտնի չէ՝ կառավարությունն աշխատողների իրավունքը պաշտպանելու նման նորմ մշակվող նախագծում կամրագրի՞, թե՞ դա կթողնի գործատուի խղճին՝ վտանգելով աշխատավարձի բարձրացմանն ուղղված իր նախաձեռնությունը:

Հասկանալի է, որ մեր երկրի բյուջեն բավական սուղ է, հակառակ պարագայում՝ հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հասարակությանն ավելի խոստումնալից ներկայանալու համար աշխատավարձերը կամ կենսաթոշակները մի փոքր կբարձրացներ, և ոչ թե եկամտահարկի նվազեցումն աշխատավարձի բարձրացում կհամարեր։ Այս դեպքում մնում է հուսալ, որ եթե կառավարությունը որոշել է մի ձեռքով տալ, բայց, ակցիզային հարկը բարձրացնելով, դա աննկատ հանել մեր քաղաքացիների գրպանից, գոնե ներկայացվող օրինագծում այնպիսի դրույթ կամրագրի, որի արդյունքում գործատուն ստիպված կլինի այդ գումարը տալ աշխատողին, և ոչ թե պահել իրեն: Եվ արդյունքում այնպես չստացվի, որ մեր քաղաքացիներն ակցիզային հարկի բարձրացման հետևանքով թանկ ապրանքներ գնեն, բայց եկամտահարկի նվազեցումից ոչինչ չստանան:

 

Արմինե Ավետյան