Ինչպես կարող է TRIPP-ի հաղթանակն առաջ մղել ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում. Atlantic Council-ի անդրադարձը
Քաղաքականություն
22.01.2026 | 23:00
Հայաստանի հարավով անցնող 27 մղոնանոց ցամաքային հատվածը պատրաստ է վերաձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը: Հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP) իրականացնելու մանրամասն շրջանակի մասին։ ԱՄՆ-ի միջնորդությամբ այս միջանցքը, որը խոստանում է դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև կենսականորեն կարևոր կապող օղակ, կարող է համարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականության ամենատպավորիչ նվաճումներից մեկը։ Այս մասին ասվում է Atlantic Council-ի անդրադարձում։
TRIPP-ի ներուժը
ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հարավում տրանսպորտային երթուղու գաղափարը, որը կկապեր Ադրբեջանի հիմնական մասը Բաքվի Նախիջևան էքսկլավի հետ, ծագել է երկու երկրների միջև 2025 թվականին ԱՄՆ պաշտոնյաների կողմից համակարգված խաղաղության բանակցություններից: Ադրբեջանը ցանկանում էր իրականացնել Հայաստանի հետ 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագրի կարևորագույն տարրը՝ Նախիջևան անարգել տրանսպորտային մուտքը: Միևնույն ժամանակ, Հայաստանը ձգտում է պահպանել վերահսկողությունն իր ինքնիշխան տարածքի վրա՝ իր տարածքով անցնող առաջարկվող 27 մղոնանոց երթուղու երկայնքով:
Թրամփը և նրա թիմն առաջարկել են ստեղծագործական լուծում. ԱՄՆ-ի գլխավորած կոնսորցիումը կկառուցի և կկառավարի երթուղին՝ համաձայնեցնելով այն Հայաստանի իշխանությունների հետ, ինչը, իր հերթին, կապահովի Ադրբեջանի մուտքը Նախիջևան: Անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեցին իրականացնել TRIPP-ը՝ հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար:
Սակայն TRIPP-ի կառուցման և կառավարման վերաբերյալ մանրամասներ պաշտոնապես չէին հրապարակվում մինչև անցյալ շաբաթ։ Համատեղ հայտարարության մեջ Ռուբիոն և Միրզոյանը հայտարարել են TRIPP Development Company (TDC) նոր ընկերության ստեղծման մասին, որը կկառուցի նախագծի երկաթուղային և ճանապարհային սկզբնական տարրերը, որտեղ Միացյալ Նահանգները 49 տարով կստանա 74 տոկոս վերահսկիչ բաժնեմաս, որը հաջորդ 50 տարիների ընթացքում կվերադառնա 51 տոկոսի։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը նախնական կապիտալ կտրամադրի երթուղու զարգացման համար և ֆինանսական եկամուտ կստանա TDC-ի միջոցով նախագծի ամբողջ ընթացքում՝ տարանցիկ վճարների և երթուղու երկայնքով առևտրային հնարավորությունների միջոցով։ Հայաստանը եկամուտ կստանա TDC-ում իր փոքրամասնության բաժնեմասից, գումարած TRIPP-ի երկայնքով հարկերն ու մաքսային տուրքերը։
Ըստ հրապարակման՝ սա պայմանավորվածություն է, որը պետք է լավ աշխատի երկու կողմերի համար էլ: Սպիտակ տունը կարող է ամերիկացիներին ասել, որ նրանք տնտեսական շահույթ են ստանում Հարավային Կովկասում ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունից և նոր հնարավորություններ են բացում ամերիկյան ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը կարող է համաձայնագիրը ներկայացնել որպես բարձրորակ արևմտյան ենթակառուցվածքային ներդրումներ ներգրավելու միջոց, ինչը նա հետապնդել էր իր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, որը կարող է օգնել Հայաստանին դիրքավորվել որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց՝ միաժամանակ պահպանելով վերահսկողությունը հայկական տարածքի նկատմամբ։
TRIPP-ը կարող է կողմնակի օգուտներ բերել նաև Վաշինգտոնին, Երևանին և Կասպից ծովի ավելի լայն տարածաշրջանին։ ԱՄՆ կառավարությունն աննկատ աջակցել է Միջին միջանցքին։ Վաշինգտոնը և նրա եվրոպացի գործընկերները Միջին միջանցքը համարում են Ասիայի հետ ցամաքային առևտրի միջոց՝ Ռուսաստանը շրջանցելու համար, ներառյալ՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների հնարավոր արտահանումը։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են բարգավաճման՝ համաշխարհային շուկաների հետ ավելի լավ ինտեգրման միջոցով։ TRIPP-ը Կովկասով մեկ այլ երթուղի է ապահովում՝ մեծացնելով տրանսպորտային ծավալի հզորությունները, քանի որ Ադրբեջանն ու Ղազախստանը աշխատում են նավահանգստային հզորություններ կառուցել՝ առևտրի պահանջարկը բավարարելու համար։
TRIPP-ի հաջող իրականացումն ավելի էժան և արագ կդարձնի արտադրանքի ու կարևորագույն հումքի առաքումը Կենտրոնական Ասիայից Եվրոպա և դրանից այն կողմ։ Սակայն ավելի էժան, արագ և ավելի լավ կապը նաև որոշակի ռիսկեր է պարունակում: Հարավային Կովկասը երբեմն դարձել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներից խուսափելու և, հնարավոր է, նույնիսկ Մոսկվայի և Թեհրանի միջև սխեմաների օջախ։ TRIPP-ը կարող է հաջողակ լինել որպես տարածաշրջանային առևտրային երթուղի, բայց դրա լիարժեք ներուժի իրացումը կախված է Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի պահանջարկից: Միջին միջանցքի երկայնքով բարձր տրանսպորտային ծախսերը՝ աշխարհաքաղաքական անկայունության կամ Ռուսաստանի ու Իրանի միջոցով ապրանքներ տեղափոխելու պատրաստակամության անսպասելի աճը կարող են խաթարել TRIPP-ի հեռանկարները:
Փաշինյանը նայում է դեպի Արևմուտք
TRIPP-ի ավարտը ոչ միայն Թրամփի վարչակազմի նվաճումն է, այլև Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռանալու ջանքերի նոր գագաթնակետը: Երեսուն տարի շարունակ Հայաստանն իր անվտանգության համար ապավինում էր միայն Մոսկվային, ինչը հանգեցրեց Ռուսաստանի գերիշխանությանը երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Երբ Ռուսաստանը չկարողացավ միջամտել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Փաշինյանը փոփոխություն կատարեց: Հասկանալով, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ռուսական լծակը վերացնելու և, հետևաբար, իրական անկախության հասնելու միակ միջոցն է, Հայաստանի վարչապետն իր քաղաքական ապագան կապում է նման համաձայնագրի հետ: Միաժամանակ, նա խոշոր պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ, ի թիվս այլոց:
Սակայն Միացյալ Նահանգները միակ տերությունն է, որը կարող է իսկապես Հայաստանին առաջարկել ռուսական գերիշխանությունից ազատագրում։ ԱՄՆ հովանու ներքո խաղաղության բանակցություններ վարելով և ԱՄՆ շահերը ուղղակիորեն TRIPP-ի վրա դնելով՝ Փաշինյանն ու Ալիևը պաշտպանել են գործարքի ամենազգայուն մասը՝ օգտագործելով ԱՄՆ-ի զսպող միջոցը։ Նրանք խաղաղության գործընթացի հաջողությունը կապում են Վաշինգտոնի հետ ավելի սերտ հարաբերությունների հետ։
Սակայն Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին անհանգստացնում է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայության աճը: Իրանը մշտապես «կարմիր գիծ» է անվանել իր հյուսիսային սահմանի ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն Հայաստանի հետ: 2022 թվականին Թեհրանը նույնիսկ լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանին, երբ կարծեց, որ Բաքուն կարող է փորձել ուժով գրավել այդ տարածքը: Վերջերս այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Վելայաթին սպառնաց Հարավային Կովկասը վերածել «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոցի»: Սակայն Իրանն ավելի թույլ է, քան ոչ վաղ անցյալում, և Փաշինյանը օգտվում է դրանից: Քանի որ բողոքի ցույցերը սպառնում են իրանական ռեժիմի կայունությանը, Թեհրանը թույլ կերպով մտահոգություն հայտնեց, որ Վաշինգտոնը կարող է օգտագործել TRIPP-ը «իր անվտանգության քաղաքականության շրջանակներում», ինչը շատ տարբեր է կարմիր գծերից, գերեզմաններից և զորավարժություններից:
Անցյալ ամիս Փաշինյանն Իսրայել ուղարկեց Վաշինգտոնի հետ TRIPP-ի համակարգման համար պատասխանատու փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ միջանցքը քննարկելու համար: Կոստանյանի այցը ցույց տվեց, որ Փաշինյանը Իրանի հետ նույն սխալը չի կրկնի, ինչ Ռուսաստանի հետ, փոխարենը ընտրելով համախմբվել ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարածաշրջանային կարգի հետ:
Նման քայլերը տեղի են ունենում կարևորագույն ժամանակներում։ 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ, Փաշինյանը պետք է ցույց տա, որ խաղաղության և Արևմուտքի հետ կապերի իր ձգտումը հաջողությամբ է պսակվել։ Արդեն իսկ կան որոշ նշաններ։ Ադրբեջանը սկսել է նավթ և գազ մատակարարել Հայաստան, ինչը վառելիքի գները 15 տոկոսով իջեցրել է։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ձևավորվող կայունությունը և տարածաշրջանային ինտեգրացիան ունեն Հայաստանը տարանցիկ երկրի վերածելու և եվրոպական շուկա հեշտ մուտք ապահովելու ներուժ։
Ռուսաստանը ընտրություններից առաջ կազմակերպվել է Փաշինյանի դեմ այնպես, ինչպես իրեն հայտնի է՝ տեղեկատվական գործողություններով: Անցյալ ամիս հայկական Civilnet լրատվամիջոցը հաղորդել է Հայաստանի իշխանություններին թիրախավորող կեղծ լուրերի աճի մասին, որոնք հաճախ տարածվում են անանուն սոցիալական ցանցերի հաշիվների և ռուսալեզու Telegram ալիքների միջոցով: Մոսկվան գրեթե անկասկած կփորձի ընդլայնել այս ջանքերը ընտրություններից առաջ:
Atlantic Council-ի-ը եզրակացնում է, որ TRIPP երթուղու առաջիկա իրականացումը մեծ հաջողություն է թվում Թրամփի վարչակազմի առևտրային ուղղվածությամբ արտաքին քաղաքականության մեջ, և դա կառուցողական գործընկերության մոդել է, որը Սպիտակ տունը պետք է օգտագործի աշխարհի այլ մասերում։
Նախագիծը խոստանում է հնարավորություններ ստեղծել ամերիկյան ընկերությունների համար՝ կառուցելու փոքր, բայց կարևորագույն օղակ Միջին միջանցքը միահյուսելու համար, ինչը մեծ օգուտ կլինի Միացյալ Նահանգների, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նրա գործընկերների համար։ Ռուսաստանին և Իրանին այս գործընթացում մի կողմ դնելը կարող է նաև նվազեցնել տարածաշրջանում տնտեսական ճնշում գործադրելու նրանց կարողությունը՝ Փաշինյանի և Ալիևի նման առաջնորդներին ավելի ազատություն տալով իրականացնելու իրենց ինքնիշխանությունը և հետապնդելու իրենց երկրների լավագույն շահերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի