Դիզվառելիքի գործի քննությունը կսկսվի զրոյից․ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի՝ վաղեմության ժամկետն անցած գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ դիզվառելիքի գործը, որը դատարան էր ուղարկվել դեռևս 2020 թվականին, նորից կքննվի՝ այս անգամ Հակակոռուպցիոն դատարանում։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Սարգսյանի, Բեգլարյանի և գործով մյուս մեղադրյալ Գևորգ Հարությունյանի արդարացման որոշումը բեկանելու դեմ բողոքները, ինչից հետո սեպտեմբերի 10-ին գործը Վճռաբեկ դատարանից ուղարկվել է Հակակոռուպցիոն քրեական դատարան և մակագրվել դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն առաջին ատյանի դատարանում արդարացվել էին, ապա Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր արդարացման դատական ակտը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Գործը, սակայն, առաջին ատյանի դատարան չէր ուղարկվել, քանի որ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ էին ներկայացվել Վճռաբեկ դատարան։ Միայն այն բանից հետո, երբ Վճռաբեկը վարույթ չի ընդունել բողոքները, գործն ուղարկվել է նոր քննության։

Այսպես՝ 2020 թվականին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության երկու այլ աշխատակիցների՝ Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի գործն ուղարկվել է Երևանի քրեական դատարան և մակագրվել դատավոր Վահե Միսակյանին։ Նրանցից չորսին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Իսկ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին դատարանն արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, և քանի որ բողոքը ներկայացնելու պահին արդեն գործում էր Հակակոռուպցիոն դատարանը, գործը քննել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Անի Մարտիրոսյանը և Կարեն Ամիրյանը։ Քննության արդյունքում Սարգսյանի և մյուսների արդարացման դատական ակտը բեկանվել է և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ քննության առարկա դարձնի գործում առկա ապացույցները, միջոցներ ձեռնարկի թերի դատական քննությունը լրացնելու ուղղությամբ և դրա արդյունքում միայն հանգի համապատասխան հետևության՝ գործով անցնող մեղադրյալներ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի, ամբաստանյալներ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի կողմից կատարված ենթադրյալ արարքներին տրված իրավական գնահատականների առումով, իսկ դրա արդյունքում՝ նաև հիշյալ անձանց արարքներում հանցակազմի առկայության կամ բացակայության հարցերին։ Այսինքն՝ դատարանը սահմանել է գործի նոր քննության ծավալը։

Որոշումը, սակայն, ստորագրել են դատական կազմի երկու դատավոր՝ Մեսրոպ Մակյանն ու Կարեն Ամիրյանը։ Կազմի երրորդ դատավոր Անի Մարտիրոսյանը հատուկ կարծիք է ներկայացրել այն մասին, որ առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը պետք է մնա անփոփոխ։

Այս որոշման դեմ բողոք են ներկայացրել ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը վիճարկել է դատական ակտով գործի նոր քննության ծավալ սահմանելու հանգամանքը, իսկ Սարգսյանը՝ իր արդարացման դատական ակտը բեկանելու որոշումը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, սակայն, սեպտեմբերի 9-ին մերժել է երկու բողոքներն էլ, և, ինչպես արդեն վերը նշվեց, գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Նշենք, որ այս գործի վաղեմության ժամկետն անցել է, և եթե անգամ գործի նոր քննության արդյունքում Սարգսյանն ու մյուս մեղադրյալները մեղավոր ճանաչվեն, նրանք պատիժ չեն կրի։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում սա Սերժ Սարգսյանի վերաբերյալ արդեն չորրորդ գործն է, որը ուղարկվում է Հակակոռուպցիոն դատարան։ Նրա վերաբերյալ երկու գործ միացվել են մեկ վարույթում, երրորդ գործը միացնելու հարցը դեռևս քննության փուլում է։ Այս գործը ևս մյուս գործերին միացնելու հարց կառաջանա, թե ոչ՝ դեռևս հայտնի չէ։

 

Արաքս Մամուլյան