Տուգանքը պիտի վճարես, անգամ եթե բողոքարկել ես․ նախագիծը՝ բուռն քննադատության թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.03.2025 | 21:15
ԱՄՆ-ն ՀՀ-ին կոչեց ռազմավարական գործընկեր․ սա ուղերձ է Ալիևին՝ եթե հարձակվես, ինձ հետ գործ կունենաս․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 21:06
Ստորագրվել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը
26.03.2025 | 20:54
Հաղորդում հանցագործության մասին. ՀԺՄ հայտարարությունը ԱԺ-ում միջադեպի կապակցությամբ
26.03.2025 | 20:43
ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեղարկելու պայմանը Ուկրաինայից զորքերի դուրսբերումն է. ԵՄ պաշտոնյա
26.03.2025 | 20:30
Հայաստանում ամեն ժամ 3 մարդ է մահանում․ որոնք են հիմնական պատճառները
26.03.2025 | 20:20
ՄԱԿ-ը մտահոգված է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ
26.03.2025 | 20:11
Իսրայելը սպառնացել է տարածք գրավել Գազայի հատվածում
26.03.2025 | 20:00
ԱՄՆ-ը ՀՀ-Ադրբեջան խաղաղության փաթեթ է մշակում, ագրեսիա թույլ չի տա․ Ներսես Կոպալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 19:50
Դո՛ւրս եկեք, իշխանափոխությո՛ւն արեք, եթե գնում ենք սխալ ճանապարհով. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 19:41
Աղվան Վարդանյանը ճիշտ էր․ Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին դեմ քվեարկելու Վարդանյանի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 19:34
Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վե՛ր ընկեք տեղներդ, ձեններդ կտրե՛ք․ Փաշինյանը հունից դուրս եկավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 19:25
Հասել ենք նրան, որ կաթողիկոսի պարտականություններն էլ կարող եք վերցնել ձեզ վրա.Դանիելյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 19:14
Փաշինյան, կարդա՛ քո գրքի էն հատվածը, որը ես խմբակցության նիստի ժամանակ ցիտել եմ. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 19:05
«Ռազմավարական գործընկերների հետ միջանցքներ ենք կառուցելու Կասպիցում՝ Զանգեզուր կենտրոնով»․ Էրդողան
26.03.2025 | 18:54
«Նիստից առաջ դոպինգ եք խմում», «Դեղեր խմելը ձեզ է վերագրվում». Փաշինյան-Գրիգորյան բանավեճ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

100%-ով դեմ․ սա հանրության արձագանքն է Արդարադատության նախարարության մի օրինագծին, որով տուգանքի ակտն անգամ դատարանում բողոքարկելու դեպքում քաղաքացին կամ տնտեսվարողը պետք է նախ վճարի այդ տուգանքը, հետո սպասի դատավորի որոշմանը՝ կչեղարկվի՞ այդ տուգանքը, թե՞ ոչ։ Խոսքը «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի մասին է, որով բոլոր հայցատեսակների դեպքում կիրառվելու է հայցի ապահովման միջոց, ինչը, ըստ հեղինակների, «կնպաստի միայն դատարանի կողմից գնահատված անհրաժեշտության դեպքում վարչական ակտի գործողության կասեցմանը»:

Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ ըստ այս նախագծի՝ ստացվում է, որ նախքան արդարադատության հաստատումը մարդիկ պատժվելու են։

«Օրինակ՝ տվյալ բիզնեսին կամ անհատին գալու են, ասելու են՝ դուք տուգանվում եք x գումարով։ Բիզնեսը կամ անհատն ասում է՝ համաձայն չեմ, ունի իր հիմնավորումներն ու դիմում է արդարադատությանը։ Մեզ մոտ միջինում 2 տարի տևում է դատական պրոցեսը, 2 տարի հետո, երբ պարզվի, որ բիզնեսը ճիշտ էր, գումարը հետ են վերադարձնելու։ Դա ահռելի մեծ հետընթաց է արդարադատության տեսանկյունից՝ հատկապես՝ մեր հարկայինի ենթատեքստում։ Ինչո՞ւ, որովհետև հարկայինը ջախջախիչ մեծամասնությամբ գործերը պարտվում է»,- նշում է նա։

2019-2024 թվականներին, ըստ գործարարի, ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է 10,779 հայցադիմում, որից 7,163-ը ՊԵԿ-ը պարտվել է, այսինքն՝ դատարանը շուրջ 70% դեպքերում ՊԵԿ-ի տեսուչների կազմած ակտերը չեղարկել է։

«Եթե բիզնեսը տարեկան ունի 3 մլրդ դրամ շրջանառություն, գալիս 100-200 մլն դրամ տուգանում են, բիզնեսը համաձայն չէ այդ տուգանքի հետ, բայց իրենից գանձոււմ են, հետևաբար՝ այդ բիզնեսի արդյունավետությունն այդ փուլում ընկնում է։ Դեպքեր գիտենք, որ նախկինում նման կերպ բիզնեսներին սնանկացրել են։ Այսինքն՝ սա կարող է գործիք լինել ցանկացած բիզնես սնանկացնելու համար»,- նշում է Վահրամ Միրաքյանը։

Նախագիծը սոցիալական ցանցերում խիստ քննադատության է արժանացել և որակվել որպես «հակասահմանադրական», «անձանց ունեզրկող», «մարդկանց տուգանքի մատերիալ սարքող» : Ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունն օրերս պարզաբանում է հրապարակել՝ շեշտելով, որ բոլոր այն պնդումները, թե նախարարության մշակած նախագծով պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը․ «Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկել վարչական ակտերը, միայն տարբերությունն այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության՝ իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի: Այսինքն, ամեն դեպքում, դատարանը, ըստ հայցվորի միջնորդության, կարող է քննարկել և հայցի ապահովում կիրառել»:

Մինչդեռ, ներկայում վիճարկման հայց ներկայացնելն ինքնաբերաբար է կասեցնում վարչական ակտը, իսկ նախագծի ընդունման դեպքում, ստացվում է՝ քաղաքացին կամ տնտեսվարողը պետք է հայցի հետ միասին դատարան ներկայացնի միջնորդություն՝ խնդրելով տուգանքը նախապես չգանձել:

Ընդ որում՝ նախարարության առաջարկած կարգավորումները վերաբերում են բոլոր վարչական ակտերին, այսինքն՝ ոչ միայն հարկային, այլև, օրինակ, պարեկային ծառայության կազմած տուգանքներին։ Վարչական դատարանում քննվող տարեկան միջինում 15,000 գործից մոտ 10 հազարը ՃՈ խախտումներն են։ Այս տուգանքները տատանվում են 1000-30,000 դրամի սահմաններում։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատուրովի կարծիքով՝ նախագծի ընդունման դեպքում կվերանա դատական պաշտպանության մատչելիությունը․ «Ունեք 5000 դրամանոց տուգանք, ցանկանում եք դատարանում բողոքարկել, վճարում եք տուրք 4000 դրամ, տուգանքը չեք ցանկանում վճարել՝ ներկայացնում եք մի շարք ապացույցներ ձեր սոցիալական վիճակի վերաբերյալ ու դատարանին փորձում եք հիմնավորել, որ էս 5000 դրամը վճարելով՝ իմ ու իմ ընտանիքի սոցիալական վիճակն էնքան կվատանա, որ կյանքս կխաթարվի դրանից»։

Միջնորդությունները դատարանը քննում է 15-օրյա ժամկետում։ Փաստաբանն այդ գործընթացը բնորոշում է որպես մինի-դատավարություն։ Եվ եթե անգամ դատարան դիմողների քանակը կրկնակի կրճատվի, միևնույն է, դատարանների որոշումների քանակը, հաշվի առնելով նաև միջնորդությունների մասով որոշումները, ըստ էության, չի կրճատվելու։ Այսինքն՝ այդ նախագիծը նաև չի նպաստելու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։

«Եթե դա արվեր որպես բարեփոխում ինչ-որ ողջամտության սահմաններում, օրինակ, կարելի էր շեմ սահմանել՝ 500 հազարից, 1 մլն դրամից սկսած։ Իսկ այս դեպքում սահմանափակման շեմ չկա, այսինքն՝ սկսած 1000 դրամից դատավորին պիտի խնդրես, որ դա կասեցնի։ Տուգանքի վճիռ կայացնելն ավելի հեշտ արագ պրոցես է, քան միջնորդության համար փաստաթղթերի ուսումնասիրությունը»,- ասում է Խաչատուրովը։

Factor TV-ն Արդարադատության նախարարությունից պարզել է, որ մոտ 2 շաբաթից նախատեսվում է հանրային քննարկում կազմակերպել։ Դրանից հետո պարզ կդառնա՝ նախագիծը մնում է նո՞ւյնը, լրամշակվո՞ւմ է, թե՞ հետ է կանչվում։

Գայանե Խաչատրյան