Մեկնարկում են «Եվրոպական ժառանգության տարի. կիսվելու արվեստը» խորագրով Եվրոպական ժառանգության օրերը
Մշակույթ
18.09.2018 | 12:59Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժինը:
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70,000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը անցկացվում են «Եվրոպական ժառանգության տարի. կիսվելու արվեստը» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Կասկադ համալիր)՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ:
Հայաստանում և Արցախում այս երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձաններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ` համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, աստղադիտումներ, պեղումներ և այլն:
Միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է մշակութային և բնության ժառանգության պահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը և երիտասարդության ներգրավվածությունը: