Մի պտղունց հող` Մարսից. Կարմիր մոլորակի ուսումնասիրման առաջիկա պլանները

Լուսանկարը` Ավստրիական տիեզերական ֆորումի

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Մինչև Մարս թռչելը մարդիկ փորձում են Կարմիր մոլորակին բավարար նման երկրային պայմաններում իմիտացնել ուրիշ մոլորակի վրա գտնվելը։ Նման վայր էր ընտրվել նաև Հայաստանում. Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից մասնագետները մարտի 12-ին մեկ ամսով մեկուսացան Արարատի մարզի Արմաշ գյուղի «Մարսյան կայանում»։

Չնայած լարված աշխարհաքաղաքական իրավիճակին, մարդկությունը, կարծես, չի մոռանում տիեզերական ուսումնասիրությունների մասին։ Մասնավորապես, մեր հարևան մոլորակը` Մարսը, շարունակում է գտնվել ոչ միայն էքսցենտրիկ միլիարդատեր Իլոն Մասկի, այլև տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվող առաջատար տերությունների ուշադրության կենտրոնում։ Ու եթե Մասկը միայն խոսքերով է պլանավորում անորոշ ապագայում բնակեցնել Կարմիր մոլորակը, ապա տարբեր պետությունների պլանները շատ ավելի համեստ են. շարունակել խորապես ուսումնասիրել հարևանին` հույս ունենալով, որ մի օր հնարավորություն կլինի ոտք դնել այդքան մոտ ու այդքան հեռու մոլորակի մակերևույթին։

Պատմում ենք առաջիկա տարիներին Մարսի ուսումնասիրության գլխավոր պլանների մասին։

Գլխավոր շահառուն, բնականաբար, ԱՄՆ-ն է, որն ունի Կարմիր մոլորակի ուսումնասիրության ահռելի փորձ։ Ամերիկյան աէրոտիեզերական գործակալությունը` NASA-ն, մշակել է Մարսի ուսումնասիրության 2023-2043թթ-ի ծրագիրը, որում առանցքային է լինելու երեք ուղղություն։ Առաջինը` պարզել, արդյոք Կարմիր մոլորակի վրա երբևիցե եղել է կյանք, թե՞ ոչ։ Մոդելները ցույց են տալիս, որ միլիարդավոր տարիներ առաջ Մարսի վրա պայմանները բավարար հարմարավետ էին կյանքի առաջացման համար, այստեղ գոյություն ունեին հեղուկ ջրի պաշարներ, մթնոլորտ ու տանելի ջերմաստիճաններ` միաբջիջ կյանքի գոյության համար։ Կարծիք կա անգամ, որ կյանքը առաջացել է ոչ թե Երկրի, այլ Մարսի վրա` աստղակերպերի միջոցով այնուհետև տեղափոխվելով Երկիր։ Եթե դա այդպես է, ապա մենք բոլորս մարսեցիներ ենք։ Երկրորդը` Մարսի Երկրաբանական կառուցվածքը ու կլիման ավելի խորը ուսումնասիրելն է։ Ու երրորդ, առավել հավակնոտ մասը, վերաբերում է Կարմիր մոլորակ տիեզերագնացներ ուղարկելը նախապատրաստելուն։

Սառցե վահան` Կորոլյովի խառնարանում։ Լուսանկարը ստացվել է Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express սարքով։

Ընդհանուր առմամբ, առաջիկա 20 տարիների համար NASA-ի պարադիգմը, կապված Մարսի ուսումնասիրության հետ, ներառելու է ոչ շատ թանկարժեք, բարձր գիտական արժեք ունեցող ծրագրեր, որոնք թույլ կտան ավելի հաճախ օգտակար բեռ ուղարկել Կարմիր մոլորակ` օգտվելով նաև մասնավոր ընկերությունների հնարավորություններից։

Մինչև ապագայի մասին խոսելը, կարևոր է հիշել այն առանցքային առաքելությունները, որոնք զգալիորեն խորացրել են մարդկության գիտելիքները Մարսի մասին։ Այսպես, 2001-ին մեկնարկած Mars Odyssey ուղեծրային սարքը Մարսի բևեռներում հայտնաբերել է ստորգետնյա սառույցի մեծ պաշարներ։ 2008-ին Մարսի վրա վայրէջք կատարած Phoenix տիեզերական սարքը սառույցի նմուշներ է հավաքել, պարզել է մակերևույթի քիմիական կազմը։ Կարմիր մոլորակի երբեմնի տաք ու ջրառատ կլիմայի մասին պարզել են Spirit (2003) ու Opportunity (2003) մարսագնացները։ Էլ ավելի խորը ուսումնասիրության ընթացքում Curiosity (2011) մարսագնացը պարզել է, որ ժամանակին (մի քանի մլրդ տարի առաջ) Մարսի քիմիական կազմը բավարար նպաստավոր էին այնտեղ կյանքի առաջացման ու գոյության համար։

Mars Reconnaissance Orbiter ավտոմատ ուղեծրային սարքը (2006) հայտնաբերել է սառույցի բաց աղբյուրներ, իսկ MAVEN-ը (2013) պարզել է, թե ինչպես է մարսյան մթնոլորտը կորցնում ջուրը, ինչը կարևոր է ժամանակի ընթացքում մոլորակի կլիմայի փոփոխության ուսումնասիրության համար։ InSight սարքը փաստել է, որ Մարսը մնում է սեյսմիկ առումով բավականին ակտիվ` անգամ գրանցելով մարսաշարժեր։ Ու, վերջապես, Perseverance մարսագնացը (2020) զբաղվում է նախկինում ջրով հարուստ տարածքներից նմուշներ հավաքելով։

Ինչպես տեսնում ենք, Կարմիր մոլորակի ուսումնասիրության կենտրոնական հատվածը պայմանավորված է այստեղ նախկին, ու, ինչո՞ւ ոչ` ներկա պոտենցիալ կյանքի հայտնաբերման հետ։ Ու ապագա ծրագրերը կենտրոնացած են Կարմիր մոլորակի ուսումնասիրության հենց այս ասպեկտի վրա։ Իհարկե, այնտեղ գործող մարսագնացները բարդ շարժական լաբորատորիաներ են, սակայն շատ խորը ուսումնասիրության համար դրանք բավարար չեն. անհրաժեշտ է, որ գիտնականներն իրենք անմիջականորեն շփվեն մարսյան գրունտի հետ, դիտարկեն այն մանրադիտակով, որոնեն հետքեր, որոնք կարող են կապված լինել կյանքի հետ։ Իսկ դրա համար պետք է ինչ-որ ձևով Մարսից վերցված նմուշները հասցնել Երկիր։ Հենց սրա վրա են կենտրոնացած լինելու առաջիկա 20 տարիներին NASA-ի ծրագրերը։

Perseverance-ի հավաքած նմուշներով հերմետիկ տարա։ Լուսանկարը` NASA

Ինչպես նշեցինք, Perseverance մարսագնացը զբաղված է նմուշներ հավաքելով։ Սա Մարսից նմուշները Երկիր բերելու Mars Sample Return բարդ ծրագրի մի մասն է լինելու, որը NASA-ն պլանավորում է իրագործել Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետ համատեղ։ Ու ծրագիրը հիշեցնում է բանկ թալանելու մասին հոլիվուդյան ֆիլմ, որում խորամանկ հանցագործները մշակված ճշգրիտ պլանի արդյունքում դատարկում են բանկի գանձարանը։

Perseverance-ը տարբեր վայրերից հավաքում է մարսյան գրունտի նմուշներ` տեղավորելով դրանք հերմետիկ տարաներում ու թողնելով հստակ սահմանված վայրերում։ Ապա Երկրից Մարս է ուղևորվում երկու տիեզերական սարք. ESA-ի ստեղծած Earth Return Orbiter ուղեծրային ապարատը, որն ամբողջ ընթացքում լինելու է մոլորակի ուղեծրին, ու NASA-ի Sample Retrieval Lander սարքը, որը վայրէջք է կատարելու Կարմիր մոլորակի վրա։ Վերջինը բաղկացած է լինելու վայրէջքի ստացիոնար պլատֆորմից, Sample Fetch Rover մարսագնացից ու Mars Ascent Vehicle փոքրիկ հրթիռից։ Վայրէջքից հետո Sample Fetch Rover մարսագնացը կհավաքի Perseverance-ի թողած նմուշները` բերելով այն ստացիոնար պլատֆորմի մոտ։ Այստեղ նմուշները կտեղափոխվեն մեկ ընդհանուր հերմետիկ տարա, ինչից հետո կտեղադրվեն հրթիռի մեջ։ Դրանից հետո հրթիռը կթռչի Կարմիր մոլորակից։ Ուղեծրին Earth Return Orbiter ապարատը կորսա հրթիռը, կվերցնի նմուշներով տարան ու կվերադառնա Երկիր։ Մոտենալով մեր մոլորակին` այն կնետի տարան, որը պետք է վայրէջք կատարի ԱՄՆ տարածքում։ Այս պահին պլանավորվում է, որ մարսյան գրունտի նմուշները մարդկության մոտ կհայտնվեն 2033-ին, իսկ որոշ գնահատականներով` ոչ շուտ, քան 2040-ին։ Ծրագրի արժեքը արդյունքում կարող է հասնել աստղաբաշխական 11 մլրդ դոլարի, ինչը այնքան էլ չի համապատասխանում ավելի էժան թռիչքների NASA-ի նարրատիվին։

Mars Sample Return ծրագիրը` մեկ պատկերում։ Ինֆոգիաֆիկան` ESA-ի

Ինչ վերաբերում է տիեզերագնացներին Մարս ուղարկելու պլաններին, այստեղ նույնպես ամեն ինչ անորոշ է։ NASA-ն մշակում է տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մարդկանց Կարմիր մոլորակ հասցնել արդեն այս դարի 30-40-ականներին, սակայն առայժմ կան որոշակի խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։ Թռիչքը դեպի Մարս ու վերադարձը տևելու է 15 ամիս, ինչի ընթացքում տիեզերագնացները ենթարկվելու են տիեզերական ճառագայթման, հետևաբար` տիեզերանավը պետք է հուսալիորեն պաշտպանված լինի։ Բացի այդ, 15 ամիս թռիչքի մեջ գտնվելը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենալ` անկանխատեսելի հետևանքներով։ Այս ամենին գումարվում է տեխնիկայի հնարավոր վնասվելը, Կարմիր մոլորակի վրա գտնվելու պայմանների անկանխատեսելի լինելը (ցածր գրավիտացիան ու մագնիսական դաշտի բացակայությունը բացասաբար կազդեն մարդկանց առողջության վրա, իսկ փոշու մրրիկները կարող են վնասել տեխնիկան), ինչպես նաև առաքելության հնարավոր արժեքը. 2010-ին առաքելության ենթադրյալ արժեքը կազմում էր 500 մլրդ դոլար, սակայն փաստացի ծախսերը կարող են ավելի շատ լինել։ Այնպես որ, առայժմ այս թեմայով հստակություն չկա ոչ NASA-ի, ոչ այլ երկրների, ոչ էլ մասնավորի կողմից։

Այսպես է Մասկը պատկերացնում ապագա մարսյան բնակավայրը։ Պատկերը` SpaceX-ի

Այսպես, Իլոն Մասկի SpaceX ընկերությունը մշակել է Մարսի բնակեցման հեռանկարային ծրագիր, որը ենթադրում է միլիոնավոր մարդկանց տեղափոխումը Կարմիր մոլորակ, ինչպես նաև Մարսի վերափոխումը բնակության համար պիտանի մոլորակի։ Այս պահին ընկերությունը փորձարկում է իր Starship տիեզերանավը, որը, ենթադրաբար, պետք է առաջին մարդկանց Մարս հասցնի արդեն 2029-ին։ Շատ մասնագետներ թերահավատորեն են մոտենում Մասկի այս ծրագրերին։ Կանադացի ֆուտուրիստ Ջորջ Դվորսկին SpaceX-ի ծրագիրը նկարագրում է որպես մոլորություն, իսկ բրիտանացի հայտնի տիեզերագետ Մարտին Ռիսը կարծում է, որ դա ոչ թե ուղղակի մոլորություն է, այլ խիստ վտանգավոր մոլորություն է։ Հաշվի առնելով, որ SpaceX-ը պարբերաբար փոխում է մարդկանց Մարս ուղարկելու ժամկետները, ամենայն հավանականությամբ, այն կրկին վերանայման կենթարկվի։

Ինչ վերաբերում է այլ երկրներին։ Հնդկաստանը 2025-ին պլանավորում է Կարմիր մոլորակ ուղարկել իր Mars Orbiter Mission 2 ուղեծրային սարքը։ Նույն 2025-ին Ճապոնիան Մարսի արբանյակների ուսումնասիրության համար կուղարկի Martian Moons eXploration ռոբոտացված զոնդը, որը, պլանի համաձայն, նմուշներ պետք է բերի Մարսի Ֆոբոս արբանյակից։ Հաշվի առնելով Ճապոնիայի փորձը փոքր տիեզերական մարմիններից նմուշներ ստանալու, այն շատ ավելի իրագործելի է, քան բուն Մարսից նմուշներ բերելը։ Ռուսաստանը դադարեցրեց համագործակցությունը ESA-ի հետ` ExoMars ծրագրի շրջանակներում, որի գլխավոր նպատակը Կարմիր մոլորակի վրա կյանքի հետքերի որոնումն էր։ Այդուհանդերձ, Լուսնային ծրագրի իրագործումից հետո Ռուսաստանը զբաղվելու է Մարս տիեզերագնացներ ուղարկելու պլաններով։ Ժամկետները դեռ անհայտ են։ Շատ ավելի համեստ, բայց հստակ են Չինաստանի պլանները, որը նախատեսում է 2030-ին Մարս ուղարկել իր երկրորդ ուղեծրային սարքն ու մարսագնացը։

Արման Գասպարյան