Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լեյեն եռակողմ հանդիպումը Բրյուսելում․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
05.04.2024 | 14:06Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հարգելի նախագահ ֆոն դեր Լեյեն,
Հարգելի պետքարտուղար Բլինքեն,
Բարձր ներկայացուցիչ Բոռել,
Սիրելի բարեկամներ,
Շնորհակալություն այս բարձր մակարդակի հանդիպումը հրավիրելու համար՝ վերահաստատելու մեր հավաքական հանձնառությունն ինքնիշխան, դիմակայուն և բարգավաճ Հայաստանին: Այս միջոցառումն ընդգծում է Հայաստանի հավատարմությունը մեր ընդհանուր արժեքներին և ավելի հաշվետու և քաղաքացիակենտրոն հանրային հաստատություններ ստեղծելու ցանկությունը, որոնք օգուտ կբերեն մեր ժողովրդին:
Այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։
Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ։ Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար։
Հիմնվելով մեր արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել մեր տնտեսական համագործակցությունը, խթանել առևտուրը և ընդլայնել մեր գործընկերությունը շարժունակության ոլորտում: Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները։
Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառումը և նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրումը նույնպես առաջնային նշանակություն ունի: Մեր հավաքական ջանքերը պետք է կենտրոնանան փախստականների արժանապատիվ կյանքը վերականգնելու հնարավորություն տալու վրա` բնակարանային և տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա:
Այս նպատակին հասնելու համար մենք ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ, և անդին: Ավելի լայն տարածաշրջանում սիներգիան ուժեղացնելու համար մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների (Global Gateway) ռազմավարության հետ և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այս հարցում:
Տիկին նախագահ,
Պետքարտուղար Բլինքեն,
Բարձր ներկայացուցիչ Բոռել
Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս երկխոսությունը խթանելու և Հայաստանի Հանրապետությանը շարունակական աջակցության համար»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին և այսօր այդ խոստումը կատարում է։ «Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և նշել, որ ԵՄ-ն կուսումնասիրի նաև միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։
Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է աջակցության նոր փաթեթի՝ Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական և ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, և մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր և արագացնենք իրականացումը», – ասել Ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին և վերահաստատել՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության և ֆինանսավորման միջոցով։
Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ չեն մոռանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան 30 միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշել է նախագահ Ֆոն դեր Լեյենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ և համախոհ գործընկեր այս ջանքերում։
«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը նշել է, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Մենք աջակցում ենք այն գաղափարներին, պարոն վարչապետ, որոնք ընկած են Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Սա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը»,- հայտարարել է պետքարտուղարը:
Էնթոնի Բլինքենի խոսքով` հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին: «Եվ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ցանկանում են օգնել ձեզ կառուցել դա»,- ասաց Բլինքենը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է արդյունավետ քննարկման։
Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընկերության համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի և շատ ամուր հիմք է ստեղծում նաև նրա համար, ինչ կարող է համատեղ ուժերով արվել ապագայում:
«Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանին: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ, իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող՝ տարածաշրջանի և աշխարհի հետ կապվածությամբ: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են գործընկեր դառնալ այս հարցում. կարծում եմ, որ այս օրը այդ ամենի վկայությունն է»,- հայտարարել է Բլինքենը՝ հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրության այս պահը։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի ջանքերին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին։
«Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։ Այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ Մենք մտադիր ենք հետագայում ևս մեծացնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ»,- ընդգծել է Բլինքենը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության աջակցությանը՝ պետքարտուղարը, մասնավորապես, նշել է․ «Մենք կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար էթնիկ հայերին։ Սա վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ կայունության և բարգավաճման, ինչպես նաև նրա տարածաշրջանային անվտանգության համար: Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը անվտանգության և բարգավաճման բանալին է»։
Ժոզեպ Բոռելը հիշեցրել է, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա և ընդգծել է, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար։
Ժոզեպ Բոռելը հավաստիացրել է, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Բոռելը շեշտել է, որ ուժեղ և կայուն Հայաստան՝ նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։