«Բեսպրեդել է»․ Ծառուկյանի ՍՊԸ-ի աշխատակիցը կրակել է քաղաքացու ուղղությամբ, ոտքերով հարվածներ հասցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Օրերս Աբովյան քաղաքում հաշվեհարդար է տեղի ունեցել․ ութ հոգով շրջափակման մեջ են վերցրել մեկ հոգու և ծեծել։  ՔԿ-ն տեսանյութ է տարածել։ Տղամարդուն ոչ միայն հարվածել են ձեռքերով ու ոտքերով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկն անգամ կրակել է տղամարդու ուղղությամբ։ Թերևս խորհրդանշական է, որ այս անօրինականությունը տեղի է ունեցել Սահմանադրության անունը կրող հրապարակում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ ժամը 19:03-ին։ Ֆիզիկական բռնությունն ուղեկցվել է հայհոյանքներով։

Factor TV-ին հաջողվել է զրուցել տուժած քաղաքացու հետ։ Աբովյանի բնակիչ է, 32 տարեկան, աշխատում է Երևանում։ Նա մանրամասներ պատմեց Աբովյանի կենտրոնում իրեն շրջափակման մեջ վերցնելու միջադեպից։

ՔԿ-ի հրապարակած տեսանյութում, պարզվում է, ծեծկռտուքի մի մասն է միայն։ Միջադեպը սկիզբ է առել դեռ Երևանի Ազատության պողոտայից։ Բռնության ենթարկված աբովյանցին Factor TV-ին փոխանցեց, որ Երևանում վեճ ու քաշքշուկ է եղել «Մուլտի տրանս» ընկերության աշխատակցի մասնակցությամբ։ Նշենք, որ այս ընկերությունը, որը պատկանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին, իրականացնում է Երևան-Աբովյան ուղևորափոխադրումները։

Տուժողի փոխանցմամբ՝ իր հետ Երևանում անհարգալից է խոսել ՔԿ-ի հրապարակած տեսանյութում երևացող այս անձը, որը հասնելով Աբովյան՝ հարձակվել է իր վրա։ Շուրջ 10 հոգով քաղաքացուն ծեծի ենթարկելու պատճառը միայն այն է, որ նա համարձակվել է իր ծանոթին Երևանից տեղափոխել Աբովյան։

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տրանս» ուղևորափոխադրող ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատում է, որ բռնություն կիրառողներից ոմանք ընկերության աշխատակիցներ են։

ՔԿ-ն հայտնում է, որ Երևանի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների և Աբովյանի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Վ․Մ․-ն իր վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Աբովյան։ Աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են քաղաքի մեկ այլ բնակչի, նրա հետ ուղևորվել են դեպի Աբովյան՝ հետապնդելով «Մազդա 3»-ի վարորդին, Սահմանադրության հրապարակում շրջափակել նրա մեքենան, որտեղ էլ տեղի է ունեցել տեսանյութում պատկերված միջադեպը։ ՔԿ-ից Factor TV-ին հայտնեցին, որ գործող անձանցից մեկը կալանավորված է, մեկը՝ տնային կալանքի տակ, ևս երկու ձերբակալված կա։

«Մուլտի Տրանս»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը ՔԿ-ի ներկայացրած վարկածի հետ համաձայն չէ։ Անդրադառնալով ահազանգերին, որ իրենք խոչընդոտում են մարդատար ավտոմեքենաների վարորդներին Աբովյան-Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկելիս կանգառներից ուղևորների վերցնել, Ծառուկյանի թիմակիցն արձագանքում է․

Չնայած Արթուր Դալլաքյանի պնդումներին՝ Աբովյանում վախի մթնոլորտն այնքան ակնհայտ է, որ անգամ ուղևորափոխադրումների հետ կապ չունեցողներն այս թեմայով բացահայտ մեկնաբնություններ տալու ցանկություն չունեն։ Քաղաքացիներից մեկը, օրինակ,  ասաց՝ երեխաներին արգելել է գնալ կենտրոնական հրապարակ։

Աբովյանում գրեթե բոլորը գիտեն, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ընկերության աշխատակիցները կանգառներում և հարակից տարածքներում հսկողություն են իրականացնում՝ վերահսկելով, որ հանկարծ ավտոբուսի ուղևորը տաքսի չնստի։ Տաքսու վարորդների համար սա գլխացավանք է դարձել։ Նրանց տեսակետները, իրենց իսկ անվտանգությունից ելնելով, ներկայացնում ենք ձայները փոխված։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վեցերրորդ տարում ՀՀ-ում ամենաթողության դրսևորումներ կան, բարձրաձայնում է նաև ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Փաշինյանի թիմակիցը հույս ունի, որ իրավապահները կչեզոքացնեն խնդիրը։

ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ստեղծված իրավիճակի մեղավոր է համարում հենց իշխանություններին։ Ըստ նրա՝ նախկինների, այսպես կոչված, ամենաթողության բարքերը հեղափոխությունից հետո պահպանվել են։

Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի ընկերության աշխատակիցները պատասխանատվության կենթարկվեն, թե՞ ՀՀ-ում ամենաթողությունը նոր արմատներ է գցում, ժամանակը ցույց կտա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան