Էդմոն Մարուքյանը հեռանում է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Քաղաքականություն
29.02.2024 | 20:03Էդմոն Մարուքյանը հեռանում է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ Այս մասին Մարուքյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Մարուքյանը վարչապետի որոշմամբ այս պաշտոնում նշանակվել էր 2022-ի մարտի 14-ին։