Կամ կենդանի դուրս կգանք, կամ՝ ոչ․ ինչո՞ւ են հանքափորները մահանում ոսկու հանքերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 14:50
Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին
21.11.2024 | 14:39
Սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս․ խոզերի ներկրումը կսահմանափակվի
21.11.2024 | 14:28
Որոնք են եղել բրիտանական Storm Shadow հրթիռների թիրախները ՌԴ-ում
21.11.2024 | 14:19
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
Բոլորը

«Շատ վտանգավոր է, հանքից հենց մտար, 50/50 էլ մտնում ես։ Այսինքն՝ կոպիտ է հնչում, թող Աստված չանի, կա՛մ դուրս կգաս, կա՛մ չէ»,- ստորգետնյա հանքում աշխատանքի մասին դառնությամբ պատմում է Արսենը (հեղ․՝ անունը փոխված է)։ Նա ավելի քան 15 տարի հանքափոր է աշխատում՝ գրեթե մշտական ծխի, փոշու և քարաթափման վտանգի պայմաններում։

Factor TV-ն ուսումնասիրել է հանքերում աշխատանքային անվտանգության հարցերը, դժբախտ պատահարների դինամիկան, առանձնացրել այն ընկերությունը, որտեղ ամենաշատն են տեղի ունեցել մահվան դեպքեր, զրուցել այդ հանքի աշխատակիցների հետ ու փորձել հասկանալ առկա խնդիրները։

Հայաստանում գործող մետաղական հանքերը 7-8-ն են։ 2019–2023 թվականներին արձանագրվել է 39 դժբախտ պատահար, որոնցից 10-ը՝ մահվան ելքով։ Պատճառները տարբեր են՝ անվտանգության կանոնների խախտումներ, քարաթափումներ, հոսանքահարումներ, բարձրությունից ընկնել և այլն։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Factor TV-ին հայտնեցին, որ հիմնականում վնասվել են հորատման աշխատանքներ կատարողներն ու վարորդները։

Ուշագրավ է, որ ըստ սահմանված կարգի՝ այդ պատահարների ծառայողական քննություններն իրականացնում են հենց ընկերությունները, ոչ թե աշխատանքի անվտանգությունը վերահսկող կառույցը՝ տեսչական մարմինը։

Մահվան դեպքերում արդեն ՀՀ Գլխավոր դատախազությունն է քրեական վարույթ հարուցում և ուսումնասիրում հանգամանքները։ Ըստ այդմ՝ 2018-2023 թվականներին նախաձեռնված քրեական վարույթներից 5-ը կարճվել է, 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4-ը գտնվում է նախաքննության փուլում։

Դատախազությունից և տեսչական մարմնից Factor TV-ին տրամադրած տվյալներից պարզեցինք, որ նշված տարիներին մահացու միջադեպեր առավել հաճախ տեղի են ունեցել Շահումյանի ոսկու հանքավայրում։

Ով է շահագործողը

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործվում է 1960-ական թվականներից։ Հանքաքարը մշակվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում՝ ստանալով ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Հայաստանի անկախության տարիներին ընկերությունը բազմիցս ձեռքից ձեռք է անցել։

Կապանի ԼՀԿ-ի նոր սեփականատերը by Factor tv

2019 թվականից հանքը շահագործում էր «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որի օֆշորային սեփականատերը՝ Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը, 2023-ի օգոստոսին հայտարարեց դուստր ընկերության վաճառքի մասին։ Գնորդը «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է գործարքից օրեր առաջ՝ 2023-ի օգոստոսի 2-ին: Միակ սեփականատերը, ըստ պետռեգիստրի, Սասուն Ավետիսյանն է, որը ղեկավարում է պայթուցիկ ներկրող և հորատապայթեցման աշխատանքներ իրականացնող «Ապառաժ» և «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ները։ Դրանց հիմնադիրը «Վանդ-Սա» ընկերությունն է, որի հավասար փայատերերն են Սասուն Ավետիսյանի հայրը՝ Սլավիկ Ավետիսյանը, և Գառնիկ Ներսիսյանը։ Վերջինիս հայրը՝ Արիստակես Ներսիսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Մաքսիմ Հակոբյանի  ղեկավարման տարիներին գլխավոր հաշվապահն էր, իսկ Մաքսիմ Հակոբյանի կրտսեր որդին՝ Արման Հակոբյանը, «Վանդ-Սա» ընկերության փայատերերից էր, այսինքն՝ Սասուն Ավետիսյանի գործընկերը։

Ավետիսյանի գործընկերն է նաև տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Խուճուճ Էդո» մականունով հայտնի Էդուարդ Մադաթյանի դուստրը՝ Սաթենիկ Մադաթյանը։ Նրանք համատեղ շինարարական կազմակերպություն ունեն՝ «Էյ Փի Թաուեր» ընկերությունը։

Կյանքեր խլող հանքը

2018-2023 թվականներին Շահումյանի ոսկու հանքավայրում 5 մահ է գրանցվել, որոնցից 4-ը՝ վերջին 3 տարիներին։ Այսինքն՝ մահվան դեպքերը հաճախակիացել են։

 

Մահերը Հայաստանի հանքերում by Factor tv

Վերջին դեպքը տեղի է ունեցել 2023-ի մարտին։ Ընդ որում, այդ մասին ընկերությունը փորձել է հնարավորինս քիչ բարձրաձայնել․ մամուլում հրապարակումներ չեն եղել, դեպքի մասին, բացի պետական պատկան կառույցներից, «Չաարատ Գոլդ Հոլդինգսը» տեղեկացրել է Լոնդոնի արժեթղթերի բորսային, քանի որ ունի նման պարտավորություն։

Ի՞նչ իրավիճակ է այս հանքում, ինչպե՞ս է ապահովվում աշխատանքի անվտանգությունը և ինչո՞ւ է այսքան մահ գրանցվում։ Նույնիսկ զոհերի հարազատներն են գերադասում այս մասին լռել, իսկ աշխատողները խուսափում են հրապարակային խոսել առկա խնդիրների մասին, թեև մասնավոր զրույցներում բավականին մտահոգիչ պատկեր են ներկայացնում։

Շուրջ 8 տարի հանքափոր աշխատող Արտակն (հեղ․՝ անունը փոխված է) ասում է՝ հանքում վտանգը մշտական է․ «Ամիսը մեկ կարող է տենց դեպք լիներ, որ ինչ-որ ավելի վտանգավոր պատահարներ գրանցվեր։ Օրինակ, անցնելուց քարը կարող է ընկներ, խփեր մեքենայի անիվին։ Գործի բնույթը շատ դժվար է։ Հիմա հանքն ավելի ընդլայնվել է, ու ինչքան խորանում է, էդքան դժվարանում է»։

Ընկերությունում անվտանգության հրահանգավորումներ իրականացվում են, բայց ռիսկն աշխատողն է կրում։ Հանքափոր Արսենն ասում է՝ մեղավորը միշտ բանվորն է․ «Պայթեցման աշխատանքներ են գնում, քարեր են կախվում, թուլանում։ Ինչքան էլ ուզում է՝ բանվորը մեղավոր չլինի, չեմ տեսել դեպք, որ բանվորի վրա չգցեն»։

2022-ի ամռանն այս ընկերության հանքագործները գործադուլ արեցին՝ բողոքելով հանքում փոշուց, առողջական խնդիրներից, ցածր աշխատավարձերից։ Արդյունքում կարղացան առողջապահական ապահովագրություն կորզել հանքատիրոջից։

«Բողոքներից հետո պայմանագրերը կապեցին, մինչև այդ՝ չէ։ Էնտեղ նենց է, որ ամեն պահ խոնավություն, ցեխ, ջուր, ամեն ինչ ազդում է, ոնց որ 7 ժամ դու էդ ցեխի, ջրի մեջ, պարզ է՝ որոշակի ժամանակ հետո արդեն ինչ-որ հիվանդության նշաններ կարող են առաջանալ»,- ասում է Արտակը։

Արսենի խոսքով՝ մարդիկ ստիպված են աշխատում հանքում․ «Աշխատավարձը շատ ցածր է։ Ստիպված, մարդիկ վարկերի տակ, ջահելությունը՝ 20-25 տարեկան երեխեք, վարկերի տակ խեղդված են, բա էլ ի՞նչ անեն, ընտանիք պիտի պահեն։ Ուրիշ տեղ էլ աշխատանք չկա։ Որ աշխատանք լինի էդ նույն աշխատավարձով, մի քիչ էլ ցածր լինի, ես համոզված եմ, որ 99․9%-ը դուրս կգա էնտեղից»։

Սեփականատիրոջ փոփոխությունն աշխատողների կյանքը բարդացրել է։ Ասում են՝ աշխատավարձը կրճատվել է, աշխատանքը՝ դժվարացել, պահանջում են տեխնիկայի փոխարեն ձեռքով հորատել։
Արսենը նշում է, որ նախկինում կար աշխատավարձի դրույք՝ 200 հազար դրամ, ևս 50% վնասակարության համար էին վճարում, և անկախ նրանից, թե քանի օր կաշխատեր բանվորը կամ ինչքան կհորատեր, իր գումարը ստանում էր, իսկ այժմ վճարվում են աշխատած օրերի քանակով։

«Այսինքն՝ գումարը պակասել է, ահագին է պակասել։ Էն ժամանակ աշխատում էինք հնգօրյա, իսկ հիմա՝ վեցօրյա։ Մարդիկ 27-28 օր գնում են աշխատանքի, որ փող ստանան։ Բյուլետենը օրը 700 դրամ են դարձրել, եթե 10 օր հիվանդ լինես 7000 դրամ կստանաս՝ նախկին 120 հազարի փոխարեն։ 120 հազարը որտեղ, 7 հազարը՝ որտեղ»,- ասում է նա։

Հանքի արդեն նախկին աշխատողներն ավելի անկաշկանդ են արտահայտվում, և պարզ է դառնում, թե ինչու են լռում մյուսները։

Մեզ հետ զրույցում կապանցիներից մեկը պատմեց․ «Երկար տարիներ աշխատել եմ էնտեղ, գումարը քիչ էր, դուրս եմ եկել։ Հիմնական խնդիրն այն է, որ մարդկանց ոնց որ վախեցնեն, որ կկորցնեն աշխատանքը։ Աշխատողների իրավունքը չի պաշտպանվում, նույնիսկ անվտանգությունը։ Բայց իրենք քեզ են սխալ հանում»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանքի աշխատակիցներից բողոքներ չի ստացել, բայց ստորգետնյա հանքի դժվարություններից տեղյակ է․ «Էդպես է հանքարդյունաբերությունը։ Դրա համար հատուկ հավելավճարներ կան, նաև փաթեթներ կան առողջապահական և այլն։ Երբ նոր ղեկավար է գալիս, ինչ-որ փոփոխություններ արվում են, բայց ինձ որևէ մեկը չի դիմել, որ դժգոհություններ կան»։

Շահումյանի հանքում աշխատողների իրավունքների խախտումներ արձանագրել է արհմիությունների ճյուղային կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Փահլևանյանը։

«Փոշու և աշխատողների կահավորման խնդիր կար։ Այդ փոշու խնդիրը, պատկերացրեք, որ մարդիկ հանք են մտնում, ոչ թե աշխատանքի անվտանգության խնդիր է, ոչ թե առողջության, այլ ֆիզիկական ոչնչացման, այսինքն՝ մարդու կյանքի խնդիրն է։ Բայց միայն դա չի, միայն փոշու խնդիրը չի, այլ նույն դեպքում հանքում աշխատող բուռչիկները կամ այլ աշխատողներ ունեին ճտքակոշիկներ, որ իրենց 40 չափսի փոխարեն տվել էին 43-ը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե էդպես իջնի հանք, ինչ կկատարվի իր հետ»,- նշում է նա։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Շահումյանի հանքավայրում 2022 թվականին ստուգել է անվտանգության նորմերի, 2023-ին՝ աշխատանքային օրենսդրության պահպանման հարցերը, հայտնաբերած խախտումների համար տվել հանձնարարականներ ու կարգադրագրեր։

«Ընդհանուր առմամբ, խախտումները վերաբերել են օդափոխությանը, աշխատանքի տեղի զննմանը, թունավորումներին։ Բոլոր դեպքերում ընկերությունը մեղավոր է։ Ինչքան էլ աշխատողը մեղք ունենա, միևնույն է, գործատուն մեղավոր է դառնում, այսինքն՝ մի բան ինքը չի հետևել»,- նշում է ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի անվտանգության պետ Գագիկ Խոսրովյանը։

Նոր սեփականատիրոջ դիրքորոշումը

«Անվտանգ աշխատելը մեր ընկերության հիմնարար արժեքն է»,- ասվում է Կապանի ԼՀԿ-ի կայքում։ Ընկերությունում աշխատանքային անվտանգության նորմերի պահպանման և առկա խնդիրների վերաբերյալ գրավոր հարցմամբ դիմեցինք գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին՝ նաև խնդրելով հնարավորություն տալ անմիջապես հանքավայրում աշխատանքային իրավիճակին ծանոթանալ։

Մեզ ուղարկված պատասխանն առավել քան ուշագրավ է․ նախ՝ ընկերությունից հավաստիացրեցին, թե իրենք «գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին իրենց գործունեության լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար»։

Ինչ վերաբերում է հանքում շրջայց և նկարահանում կատարելու մեր խնդրանքին, պատասխանը հետևյալն էր․ «Շրջայցի համար անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով առավել հարմար և հանքի գործառնության համար խոչընդոտներ չառաջացնող ժամանակահատվածների մասին Ընկերությունն առաջին իսկ հնարավորության դեպքում կհայտնի Ձեզ»։

Այսպիսով՝ ստացվում է, որ մեզ համար հանք մտնելն անվտանգ չէ։ Իսկ եթե մեզ համար անվտանգ չէ, արդյո՞ք դա անվտանգ է այնտեղ աշխատողների համար։

Մինչդեռ, հիշեցնենք, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պահանջն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։ Եվ զարգացած հանքագործությունը ենթադրում է ոչ միայն 0 մահ աշխատանքի ժամին, այլև 0 վնասվածք։

Գայանե Խաչատրյան