Արտակ Գալստյանի գործն ուղարկվել է դատարան․ ըստ մեղադրանքի՝ նա սպառնացել է Տիգրան Արզաքանցյանի և կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Գալստյանի գործն ուղարկվել է դատարան։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տղեկության համաձայն՝ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է Վարդան Ղուկասյանի կողմից ստեղծված և ղեկավարած հանցավոր կազմակերպությանը։ Ըստ գործի՝ Գալստյանը Վարդան Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր կազմակերպության կազմում 2022 թվականի մարտին Տիգրան Արզաքանցյանին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ՝ հակառակ դեպքում սպառնալով հրապարակել Տիգրան Արզաքանցյանի և նրա մերձավորի մասին արատավորող տեղեկություններ։

Բացի այդ՝ ըստ մեղադրանքի, Արտակ Գալստյանը Վարդան Ղուկասյանի, Սուսաննա Սարգսյանի և Հայկ Խաչատրյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում Է․ Բ․-ից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի գույք, թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքերի ծագումը, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի և Հայկ Խաչատրյանի հետ կատարել է գույքային պարտավորություն ստանձնելուն հարկադրելու փորձ, բացի այդ հանցավոր կազմակերպության կազմում Շ․ Բ․-ից կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի շորթում:

Այսպես. ըստ «Դատալեքս» -ում առկա տեղեկատվության՝ Արտակ Գալստյանը, նախապես տեղյակ լինելով իր մտերիմ Վարդան Ղուկասյանի կողմից անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող, անձանց համար անցանկալի տեղեկություններ հավաքելու, տարածելու, այդպիսիք հետագայում հրապարակելու սպառնալիքով գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ իրենց օգտին գույքային բնույթի գործողություններ կատարելու նպատակով, ինչպես նաև անձանցից խարդախությամբ գումարներ հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, այդ թվում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված և ղեկավարվող, անհամեմատ ծավալուն նպատակներ հետապնդող երկար տևողությամբ հանցավոր գործունեությամբ զբաղվելու, առավել կայունությամբ և համախմբվածությամբ աչքի ընկնող, առավել բարդ ներքին կառուցվածք ունեցող հանցավոր կազմակերպության մասին, անդամակցել՝ մասնակցել է, հանցավոր կազմակերպությանը, որի կազմում կատարել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, այն է՝ խոշոր չափերի գույքի հափշտակություն, առանձնապես խոշոր չափերի շորթումներ և փողերի լվացում:

Այսինքն՝ Արտակ Գալստյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, 2022 թվականին Արտակ Գալստյանը հանցավոր կազմակերպության ղեկավար հանդիսացող Վարդան Ղուկասյանի հետ, հանցավոր կազմակերպության կազմում Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով գույքի շորթում կատարելու դիտավորությամբ, 2022 թվականի մարտի 23-ին իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է Տիգրան Արզաքանցյանի կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարին և տեղի ունեցած զրույցի ընթացքում «Hammer» մակնիշի զրահապատ ավտոմեքենա վաճառելու պատրվակով վերջինիս ներկայացրել է առանձնապես խոշոր չափի՝ 53.806.500 դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում Վարդան Ղուկասյանի կողմից համացանցի միջոցով հրապարակել Տիգրան Արզաքանցյանի և նրա կնոջ՝ Նատալիա Արզաքանցյանի մասին արատավորող տեղեկություններ: Դրանից շուրջ 15 օր անց Գալստյանը, շարունակելով հանցավոր կազմակերպության առաջ դրված հանցավոր նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները, բջջային հավելվածի միջոցով կրկին զանգահարել է Տիգրան Արզաքանցյանին և փոխանցել այդ գումարից 39.132.000 դրամին համարժեք 80.000 ԱՄՆ դոլար գումարը հանձնելու Վարդան Ղուկասյանի պահանջը: Արզաքանցյանից բացասական պատասխան ստանալուց հետո Վարդան Ղուկասյանն իրագործել է իր և Արտակ Գալստյանի կողմից Տիգրան Արզաքանցյանին տրված սպառնալիքները և Youtube-ի կայքի իր անհատական էջով 2022 թվականի հոկտեմբերի 8-ին և 13-ին, դեկտեմբերի 9-ին և 12-ին, 2023 թվականի փետրվարի 1-ին և 3-ին հրապարակել է Տիգրան Արզաքանցյանի և նրա կնոջ՝ Նատալիա Արզաքանցյանի վերաբերյալ արատավորող՝ նրանց անձնական կյանքին և ծավալած գործունեությանը վերաբերող, վերջիններիս հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող տեղեկություններ: Այնուհետև, Վարդան Ղուկասյանը Տիգրան Արզաքանցյանի հետ բջջային հավելվածով վարած նամակագրության ընթացքում որպես իր գործողությունների՝ Տիգրան Արզաքանցյանի և կնոջ մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու պատճառ է ներկայացրել Արտակ Գալստյանի ու իր կողմից ներկայացված պահանջները չկատարելը և իրեն ընձեռված «պատմական հնարավորությունից» չօգտվելը:

Այսինքն՝ Արտակ Գալստյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին):

Սրանից զատ, ըստ մեղադրանքի, Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի, Վարդան Ղուկասյանի և Կարեն Առուստամյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում որպես կատարվող հանցավոր գործողությունների պատվերի փոխհատուցում Շահեն Ադյանից 2022 թվականի հունիսի 24-ին առձեռն ստանալով 8.000.000 ՀՀ դրամ, փորձել են շանտաժով հարկադրել Արսեն Հարությունյանին ստանձնել Կարեն Առուստամյանին 34.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու պարտավորություն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցրել, քանի որ Արսեն Հարությունյանը նշված գումարը չի հանձնել Կարեն Առուստամյանին և Հայկ Խաչատրյանին:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ 2022 թվականի հունիսին «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի և Կարեն Առուստամյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում, Վարդան Ղուկասյանի ղեկավարմամբ, Կարեն Առուստամյանի և Հայկ Խաչատրյանի նկատմամբ 34.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու պարտավորություն ստանձնելուն Արսեն Հարությունյանին հարկադրելու դիտավորությամբ որպես հանցավոր գործողությունների պատվերի կատարման համար 8.000.000 ՀՀ դրամ վճարելու դիմաց, պլանավորել են Դոգ մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում հանրայնացնել Կարեն Առուստամյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում պիցերիա հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլլար գումարը Արսեն Հարությունյանի կողմից չվերադարձնելու դեպքը, շանտաժի՝ վերջինիս և նրա մերձավորների մասին արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով հարկադրել Արսեն Հարությունյանին Կարեն Առուստամյանին և Հայկ Խաչատրյանին վերադարձնել 34.000 ԱՄՆ դոլար գումարը: Այնուհետև, Կարեն Առուստամյանն այդ մասին տեղեկացրել է իր մտերիմ Շահեն Ադյանին ու վերջինիս ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ: Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի, Վարդան Ղուկասյանի, Կարեն Առուստամյանի հետ, շարունակելով հանցավոր կազմակերպության առջև դրված մտադրությունների իրականացումը, 2022 թվականի հունիսի 23-ին Հ.Խաչատրյանը Շ.Ադյանի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ երկու ամսից վերադարձնելու մասին փոխառության պայմանագիր՝ հետագայում հիշյալ գումարի ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով: Հաջորդ օրը՝ 2022 թվականի հունիսի 24-ին Հայկ Խաչատրյանը Շահեն Ադյանից առձեռն ստանալով 8.000.000 ՀՀ դրամը, Կարեն Առուստամյանի հետ գնացել են «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ, որտեղ Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հանցավոր ճանապարհով ստացված 8.000.000 ՀՀ դրամ գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, հանձնել է գրասենյակում փաստաբանական գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպության մասնակից Սուսաննա Սարգսյանին, իսկ մյուս մասը պահել է իր մոտ: Նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, հանցավոր կազմակերպության մասնակից Ս.Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, հանցավոր կազմակերպության մասնակից Հայկ Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով 2022թ. հունիսի 23-ին վերջինիս հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր՝ այդպիսով թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը և ծագման աղբյուրը: Արդյունքում հանցավոր կազմակերպության մասնակիցներ Արտակ Գալստյանի և Հայկ Խաչատրյանի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա Վարդան Ղուկասյանը 2022 թվականի օգոստոսի 18-ին և 19-ին իր համացանցային ելույթներում անդրադարձել է ներդրողների կողմից Արսեն Հարությունյանի պիցցերիայում 34.000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու և վերջինիս կողմից պիցցերիան ներդրողների ձեռքից վերցնելու առերևույթ դեպքին, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արսեն Հարությունյանի հասցեին, շանտաժի, այն է՝ Ա.Հարությունյանի և նրա մերձավորների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունների հրապարակման սպառնալիքով, հարկադրել է Արսեն Հարությունյանին իր գումարային հարցերը լուծել և Հայկ Խաչատրյանին վերադարձնել 34.000 ԱՄՆ դոլարը: Արսեն Հարությունյանը հիշյալ պահանջը չի կատարել, որպիսի պայմաններում հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցների կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն հասցվել:

Այսինքն՝ Արտակ Գավրուշայի Գալստյանին վերագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 44- 260-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Մեկ այլ դրվագի համաձայն՝ Արտակ Գալստյանը Հայկ Խաչատրյանի, «ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Սուսաննա Սարգսյանի, Վարդան Ղուկասյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում Է․ Բ․-ից խարդախությամբ հափշտակել են 2.693.120 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Է․ Բ․-ն ամուսնուց՝ Արմեն Հակոբյանից 2012 թվականին ամուսնալուծվելուց հետո, դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով «facebook» սոցիալական ցանցի միջոցով 2021 թվականի ապրիլի 6-ին հաղորդագրություն է ուղարկել հանրությանը հայտնի «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով: Վարդան Ղուկասյանը, հանցավոր կազմակերպության կազմում նպատակ հետապնդելով Է․Բ․-ից
Բայրամյանից խարդախությամբ կատարել հափշտակություն, հաղորդագրության միջոցով Է․ Բ․-ին ուղղորդել է իր անունից դիմել Արտակ Գալստյանին՝ փոխանցելով վերջինիս կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարը: Է․Բ․-ն Արտակ Գալստյանի հեռախոսահամարը փոխանցել է իր ծնողներին՝ Հրանտ և Թամարա Բայրամյաններին, ովքեր շուրջ երկու շաբաթ անց Արտակ Գալստյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո գնացել և վերջինիս հանդիպել են Երևան քաղաքի Գայի պողոտա 2 հասցեում: Արտակ Գալստյանը Հրանտ և Թամարա Բայրամյաններին որպես փաստաբան ներկայացրել է հանցավոր կազմակերպության մասնակից Սուսաննա Սարգսյանին, ով Արտակ Գալստյանի հետ Հրանտ և Թամարա Բայրամյաններին խոստումներ են տվել խնդրին շատ արագ լուծում տալ և երաշխավորել են անչափահաս երեխայի ՌԴ վերադարձը կազմակերպել, ինչի համար պահանջել են 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք 4.700.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, Սուսաննա Սարգսյանը Հրանտ Բայրամյանի հետ «10.12.2019թ.» թվագրմամբ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր՝ ըստ որի հավելվածի՝ պայմանագրի գինը կազմել է 4.700.000 ՀՀ դրամ՝ պատվիրատուի կողմից մինչև 2021 թվականի հունիսի 23-ը վճարելու պայմանով: Դրանից հետո Արտակ Գալստյանի ներկայությամբ և հորդորով Է․ Բ-ի ծնողների կողմից Սուսաննա Սարգսյանին առձեռն փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.597.150 ՀՀ դրամը: Սուսաննա Սարգսյանը գումարը ստանալուց հետո Է․ Բ․-ին հայտնել է, որ զբաղվում է նրա դստեր հարցով, դիմել է համապատասխան մարմիններին երեխայի ՀՀ-ից ելքը արգելափակելու և երեխայի տեսակցության կարգ սահմանելու համար: Այնուհետև, Է․ Բ․-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ին հարցաքննության հրավիրված լինելով քննչական մարմնի կողմից, Սուսաննա Սարգսյանին տեղեկացրել է այդ մասին, ով կրկին իրենից պահանջել է 491.880 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որը Է․ Բ․-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ին առձեռն տվել է Սուսաննա Սարգսյանին: Է․ Բ․-ն հետագայում համապատասխան հարցումների միջոցով պարզել է, որ դուստրը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ-ից դուրս է բերվել դեպի Վրաստանի Հանրապետություն, այնուհետև ԱՄԷ Շարժա, այնտեղից Դուբայ քաղաք, ինչի մասին տեղեկացրել է Սուսաննա Սարգսյանին: Է․ Բ․-ի մոտ վերջինիս փաստաբանական ծառայություններ մատուցելու գործողություններով ստեղծված վստահությունը չարաշահելով՝ հանցավոր կազմակերպության մասնակիցներ Արտակ Գալստյանը, Սուսաննա Սարգսյանը և Հայկ Խաչատրյանը գիտակցելով և օգտվելով Է․ Բ․-ի կողմից դստերը ամեն գնով իրեն վերադարձնելու խոցելի դրությունը և այդ նպատակին հասնելու համար նրա կողմից ցանկացած գումար վճարելու մինչ այդ դրսևորած պատրաստակամությունը, հանցավոր կազմակերպության կազմում նպատակ ունենալով իրագործել Է․ Բ․-ից խարդախությամբ հափշտակություն կատարելու իրենց հանցավոր մտադրությունները, 2022 թվականի նոյեմբերի 11-ին բջջային «WhatsApp» հավելվածի միջոցով Ս.Սարգսյանը հաղորդագրություններ է ուղարկել Է․ Բ․-ին, խաբեությամբ նրան հայտնելով, թե իբրև կան մարդիկ, ովքեր շեյխերի մակարդակով կարող են գտնել երեխային և կարգավորել վերջինիս վերադարձի խնդիրը, ինչի համար Է․ Բ․-ից պահանջել է 2.000.000 ՀՀ դրամ՝ վստահեցնելով, թե ինքը գումարի չափը հնարավորինս նվազեցրել է՝ հաշվի առնելով երեխայի առողջական վիճակը և նրա ֆինանսական դրությունը, իսկ որոշ ժամանակ անց Է․ Բ․-ին տեղեկացրել է, թե պետք է գնան Դուբայ քաղաք, սակայն Դուբայի իրենց գործընկերները նպատակահարմար են գտնում այնտեղ մեկնել տոներից հետո՝ 2023 թվականի հունվարին, իսկ մինչ այդ 2.000.000 ՀՀ դրամը պետք է փոխանցվի իրենց գործընկերներին: Իբր Դուբայի գործընկերների հետ կապի մեջ գտնվելու հանգամանքը հիմնավորելու նպատակով Սուսաննա Սարգսյանը Է․ Բ․-ին ցույց է տվել հաղորդագրություններ և դրանց պատասխանները, այդ թվում՝ արաբական ազգային հագուստով լուսանկար, որոնք Հայկ Խաչատրյանը հանցավոր կազմակերպության մասնակիցներ Արտակ Գալստյանի և Սուսաննա Սարգսյանի հետ նախապես պայմանավորվածության արդյունքում ուղարկել է Սուսաննա Սարգսյանին, որպիսի գործողություններով Արտակ Գալստյանը և Հայկ Խաչատրյանը վճռականություն են հաղորդել Է․ Բ․-ին խոշոր չափի գումարը Սուսաննա Սարգսյանին փոխանցելու համար: Է․ Բ․-ն , վստահելով Սուսաննա Սարգսյանին, համաձայնել է վերջինիս առաջարկին և 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, 26-ին և 29-ին բանկային փոխանցմամբ Սուսաննա Սարգսյանին է փոխանցել համապատասխանաբար 143.000 ՌԴ ռուբլուն համարժեք 787.620 ՀՀ դրամ, 150.000 ՌԴ ռուբլուն համարժեք 864.000 ՀՀ դրամ, 70.000 ՌԴ ռուբլուն համարժեք 381.500 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 2.033.120 ՀՀ դրամ), ընդ որում՝ վերջին 70.000 ՌԴ ռուբլին Է.Բ․-ն փոխանցել է Սուսաննա Սարգսյանի դստեր անվամբ: Սուսաննա Սարգսյանը Է․ Բ․-ին տեղեկացրել է նաև, թե իբրև ամբողջ գումարը չփոխանցելու դեպքում երեխայի ելքը Դուբայ քաղաքից չի արգելափակվի ու հնարավոր է նրան տեղափոխեն այլ երկիր, այդպիսով՝ կնոջը հարկադրելով իրեն փոխանցել ամբողջ գումարը, ինչը վերջինս փաստացի կատարել է: Այնուհետև, 2023 թվականի մարտի 7-ին Սուսաննա Սարգսյանը հաղորդագրությունների միջոցով Է․ Բ․-ին տեղեկացրել է, որ Դուբայ մեկնելու տոմսերի, հյուրանոցի և վիզայի համար անհրաժեշտ է վճարել 2500 ԱՄՆ դոլար: Է․ Բ․-ն իր կողմից օգտագործվող, սակայն եղբոր անվամբ հաշվառված բանկային քարտից Սուսաննա Սարգսյանի բանկային քարտին 2500 ԱՄՆ դոլարին համարժեք 990.000 ՀՀ դրամ գումար փոխանցելուց հետո, ստացել է Սուսաննա Սարգսյանի կողմից ուղարկված երեք անձի համար՝ այդ թվում հանցավոր կազմակերպության անդամ Հայկ Խաչատրյանի անվամբ լրացված ավիատոմսերը, վիզաները և հյուրանոցի վաուչերները: Հայկ Խաչատրյանը քաջատեղյակ լինելով վարույթն իրականացնող մարմնի կողմից իր ՀՀ տարածքը լքելու սահմանված արգելքի մասին, իր համաձայնությունն է տվել Է․ Բ․-ից հափշտակված գումարով Սուսաննա Սարգսյանի կողմից իր անվամբ ավիատոմս գնելուն: Դրանից հետո, Սուսաննա Սարգսյանը 2023 թվականի մարտի 10-ին Է․ Բ․-ի հետ մեկնել է Դուբայ, որտեղ շարունակել է վերջինիս վստահեցնել, թե իբրև ինչ-որ մարդիկ զբաղվում են նրա դստեր հարցերով, որ վերջինս գտնվում է Դուբայ քաղաքում։ Այնինչ կինը պարզել է, որ դուստրը 2022 թվականի մայիս ամսին մեկնել է Դուբայ քաղաքից Թուրքիայի հանրապետություն, ինչից հետո մարտի 14-ին վերադարձել են ՀՀ։

Հետագայում Արտակ Գալստյանը Է․ Բ․-ին տվել է իրենց կողմից հափշտակած գումարի մի մասը վերադարձնելու կեղծ խոստումներ, այդպիսով իրենց համար անցանկանալի հետևանքներից՝ կնոջ կողմից իրավապահ մարմիններին դիմելու վտանգը չեզոքացնելու համար: Այդ կերպ Արտակ Գալստյանը, հանցավոր կազմակերպության կազմում Հայկ Խաչատրյանի, Սուսաննա Սարգսյանի և Վարդան Ղուկասյանի հետ Է․ Բ-ից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 2.693.120 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Այսինքն՝ Արտակ Գալստյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բացի այդ, ըստ գործի, Վարդան Ղուկասյանի քույր Կարինե Ղուկասյանը, «Facebook» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել և 2017-2018 թվականներին շփման մեջ է գտնվել Շ․ Բ․-ի հետ: 2019 թվականի սկզբներին Բ․-ից տեղեկանալով, որ վերջինս չի ցանկանում շարունակել իր հետ շփումները՝ նրան տեղեկացրել է, որ շուրջ երկու ամիս է նրանից երեխայի է սպասում, ինչին Բ․-ն կարևորութուն չի տվել՝ վերջնականապես դադարեցնելով շփումները Կ.Ղուկասյանի հետ: 2019 թվականին՝ ծննդաբերելուց հետո, Կարինե Ղուկասյանն այդ մասին հայտնել է Շ Բ․-ին՝ միաժամանակ նրան տեղեկացնելով երեխայի հայրությունը ճանաչելու և ալիմենտ պահանջելու գործընթաց սկսելու համար 2019 թվականի սեպտեմբերի 11-ին դատարան դիմելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատական գործը վարույթ ընդունելու մասին: Այնուհետև՝ Արտակ Գալստյանը, Կարինե Ղուկասյանը ու «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը, 2022 թվականի սեպտեմբեր ամսին, տեղեկանալով նույն թվականի սեպտեմբերի 9-ին Շ․Բ․-ի ի ամուսնանալու, նրա գույքային դրության մասին, Շ․Բ․-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով, շանտաժի եղանակով հանցավոր կազմակերպության կազմում ծրագրել են Բ․-ից ից շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք: Մասնավորապես՝ իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Կարինե Ղուկասյանը ձեռք է բերել Շ․Բ․-ի նրա կնոջ ու մոր լուսանկարները, ապա հարսանիքից օրեր անց զանգահարել է Շ․Բ․-ին` հայտնելով նրա ամուսնության մասին տեղեկացված լինելու հանգամանքի մասին և ներկայացրել իր համար բնակարան գնելու, իրեն գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ դեպքում հարսանեկան լուսանկարներն իր եղբոր՝ «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի կողմից համացանցի միջոցով տարածելու և Շ․ Բ․-ի և նրա մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող, նրա համար անցանկալի տեղեկությունների հրապարակմամբ։ Շ․ Բ․-ի կողմից մերժում ստանալուց հետո Կարինե Ղուկասյանը, հիշյալ լուսանկարները տրամադրել է Վարդան Ղուկասյանին, ով, շարունակելով հանցավոր կազմակերպության դիտավորության մեջ ընդգրկված գործողությունները, իր հերթական ելույթի ժամանակ անդրադարձել է Շ․Բ․-ին, վերջինիս ամուսնությանը, ապա համացանցի սոցիալական տիրույթում տեղադրել է Շ․ Բ․-ի, նրա կնոջ ու մոր լուսանկարները՝ նրանց հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու և խնդրին լուծում տալու նպատակով Շ․ Բ․-ի խնդրանքով նրա ընկերը Կարեն Կոստանդյանը Երևան քաղաքի Գայի պողոտա 2 հասցեում գտնվող «Հանրային ձայն» հանդիպել է Արտակ Գալստյանին, որը հայտնել է, որ այդ հարցով ինքն անձամբ է շահագրգռված և հարցին վերջնական լուծում տալու համար ներկայացրել է Շ․Բ․-ի կողմից Կարինե Ղուկասյանին 3-ից 4 բնակարան գնելու պահանջ, որպիսի խոսակցության ընթացքում Կարինե Ղուկասյանն իր դժգոհությունն է արտահայտել Շ․Բ․-ի փոխարեն ընկերոջ կողմից հանդիպմանը ներկայանալու հարցի կապակցությամբ: Օրեր անց Շ․ Բ․-ն ու նրա ընկերը «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում հանդիպել են Արտակ Գալստյանին, ով կրկին Շ․ Բ․-ին ներկայացրել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-ից 4 բնակարան գնելու և Կարինե Ղուկասյանին առանձնապես խոշոր չափերի գույք հանձնելու պահանջ։ Շ․Բ․-ի կողմից իրեն ներկայացված գումարային պահանջի չափի սակարկման շուրջ Արտակ Գալստյանի ու հանցավոր կազմակերպության մյուս մասնակիցների հետ ունեցած բանակցությունների արդյունքում Արտակ Գալստյանն այս անգամ Շ․Բ․-ին ներկայացրել է 38.817.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ և այդ պահանջի շուրջ պարբերաբար հեռախոսազրույցներ ունեցել նրա հետ: Վերջինս իր անձի ու մերձավոր ազգականների մասին արատավորող տեղեկությունների՝ Վարդան Ղուկասյանի կողմից կրկին հրապարակելու սպառնալիքից դրդված, վաճառել է իրեն պատկանող ավտոմեքենան՝ այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնելով Արտակ Գալստյանին, ով գումարը փոխանցելու համար նրան է ուղարկել Կարինե Ղուկասյանի բանկային հաշվեհամարը, սակայն հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տեղաշարժը թաքցնելու նպատակով, քիչ անց կրկին զանգահարել է Շ․ Բ․-ին և պահանջել գումարն իրենց հանձնել առձեռն։ 2023 թվականի մարտի 4-ին Շ․Բ․-ն պահանջված 100.000 ԱՄՆ դոլար գումարից 15.000 ԱՄՆ դոլարը Արտակ Գալստյանին հանձնելու նպատակով գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ, որտեղ վերջինիս առձեռն հանձնել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.822.550 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար գումարը: Արտակ Գալստյանը, Կարինե Ղուկասյանը և Վարդան Ղուկասյանը հանցավոր կազմակերպության կազմում շարունակելով իրենց հանցավոր գործողությունները, գիտակցելով հանցավոր ճանապարհով, այն է՝ շորթման արդյունքում ստացված գումարի հանցավոր ծագումը, այն թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, Արտակ Գալստյանը «Հանրային ձայն» փաստաբանական ընկերության փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիլիա Մնոյանի անվամբ կազմել է «Հաշտության համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթ՝ դատարանում գտնվող գործով հայցից հրաժարվելու դիմաց Շ․Բ․-ի ի կողմից Կարինե Ղուկասյանին 15.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու ու ևս 85.000 ԱՄՆ դոլար գումար հետագայում վճարելու պարտավորություն ստանձնելու մասին, որպիսի փաստաթուղթը ստորագրվել է կողմերի կողմից՝ այդպիսով թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, միաժամանակ Արտակ Գալստյանը շորթմամբ ստացված 15.000 ԱՄՆ դոլարից 2800 ԱՄՆ դոլարը հանձնել է Կարինե Ղուկասյանին, ով հիշյալ գումարով իր օգտագործման համար ձեռք է բերել բջջային հեռախոս, բացի այդ՝ 3200 ԱՄՆ դոլարը Արտակ Գալստյանը ստացել է որպես Կարինե Ղուկասյանի կողմից իր նկատմամբ նախկինում ունեցած պարտքի մարում, նման կերպ թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը, տեղաբաշխումը և գտնվելու վայրը:

Այսինքն՝ Արտակ Գավրուշայի Գալստյանին մեղսագրվում է հանցանքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով:

Գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, այս պահին Դատալեքսում այլ նշումներ առկա չեն։

Արաքս Մամուլյան