Դատարանը որոշեց ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մայր գործի բոլոր նյութերը
Հասարակություն
29.06.2023 | 13:21Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը:
Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործն անջատվել է ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործից ու ուղարկվել դատարան: Ըստ դատախազության` Առուստամյանին ու Ծառուկյանին վերաբերելի նյութերն ամբողջությամբ ներառված են այժմ քննվող գործում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են մայր գործի բոլոր նյութերը տրամադրել իրենց: Այս հարցի քննությունը կիսատ էր մնացել, և շարունակվեց այսօրվա դատական նիստին։
Պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իրենք, մայր գործի բոլոր նյութերին ծանոթանալով, կարող են չկիսել դատախազի գնահատականն այն մասին, որ վերաբերելի բոլոր նյութեր ներառված են գործում:
«Մենք հակադիր կողմերում ենք, և մեր դիրքորոշումները չեն համընկնում, հետևաբար մրցակցական դատավարություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը»,- ասաց պաշտպան Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ որևէ մեկն իրենց` Ծառուկյանի պաշտպանների փոխարեն դատողություն անելու իրավասություն չունի»:
«Շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել այս գործի վրա, հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել»,- ասաց Էմին Խաչատրյանը: Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ հիմնավորում չի բերվել ու չի կարող բերվել, թե ինչ կարգավորման հիման վրա կարող են տրամադրվել գործի բոլոր նյութերը։ Մեղադրողը նշեց, որ Ծառուկյանի և Առուստամյանի գործը անջատվել է մայր գործից, այդ գործի մեկ այլ դրվագ ևս անջատվել ու ուղարկվել է այլ դատարան, գործի մյուս հատվածով էլ նախաքննություն է իրականացվում։
Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ դիտարկեց, որ օրենքով շատ այլ հարցեր ևս կարգավորված չեն, բայց դրանց լուծումները տրվում են դատական պրակտիկայի միջոցով։
Պաշտպանը հրապարակեց և դատարանին ներկայացրեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշումներից մեկն այս խնդրի առնչությամբ։ Դատարանն արձանագրել է, որ թեև չպետք է առաջնորդվել վարույթն իրականացնող մարմնի անբարեխղճության կանխավարկածով, բայց գործի նյութերի ամբողջականության գնահատումը չի կարող միայն վարույթն իրականացնող մարմնի հայեցողությամբ և ընկալմամբ իրականացվել, այս հարցում կարևոր է կողմերի գնահատման խնդիրը։
Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել քրեական գործի բոլոր նյութերը քրեական գործից մաս անջատելու օրվա դրությամբ։
Հանրային մեղադրողն այս որոշումը անօրինական ու անհիմն որակեց։
Արաքս Մամուլյան