Դատավորների «դատավորը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Դատավոր․ այս մասնագիտությունը սովորաբար ընկալվում է որպես մարդկանց ճակատագրեր որոշող։ Բայց Հայաստանում կա մի կառույց՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որն իր հերթին վճռում է դատավորի ճակատագիրը։ Հենց այս մարմինն է որոշում՝ ո՞ր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, անգամ՝ լիազորությունները դադարեցնել։ Factor TV-ն ուսումնասիրել է՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն արդյո՞ք հեղափոխական փոփոխություններ բերել է դատական համակարգում, քանի դատավոր և ինչ հիմքով է պատասխանատվության ենթարկվել։

Վերջին 5 տարվա ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 94 միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։ Եթե 2018-ին ներկայացվել է ընդամենը 4 միջնորդություն, ապա հաջորդ տարվանից վարույթների թվի կտրուկ աճ նկատվեց։

2019-ի մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեղադրվում էր 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Դրանից մեկ օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում երբևէ չլսված քայլի դիմեց՝ քաղաքացիներին կոչ անելով արգելափակել Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

Դատարանների մուտքերն արգելափակելու օրը՝ մայիսի 20-ին, երկրի վարչապետը հայտարարեց դատական համակարգը մաքրելու գործընթաց սկսելու մասին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նաև դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու մասին։

Դատավորների նկատմամբ, սակայն, վեթինգ չիրականացվեց։ Փոխարենը իշխանությունները գնացին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու ճանապարհով։ Գործընթացի ամենաակտիվ դերակատարները դարձան այդ տարիներին արդարադատության նախարարներ աշխատած Ռուստամ Բադասյանը, որը հիմա ղեկավարում է Պետական եկամուտների կոմիտեն, և Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս նախագահ Կարեն Անդրեասյանը։

Ռուստամ Բադասյանի ղեկավարման ժամանակահատվածում՝ 2019 թվականից մինչև 2021-ի օգոստոսը, օրենսդրորեն ընդլայնվեցին դատավորներին պատասխանատվության կանչելու հնարավորությունները․ որոշվեց սահմանել, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ նաև Հայաստանի մասնակցությամբ Միջազգային դատարանի կայացրած որոշումը, որով արձանագրվում է, որ Հայաստանը խախտել է ստանձնած միջազգային պարտավորությունները։ Բացի այդ, եթե նախկինում կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե դատավորի կայացրած դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո անցել էր 5 տարի, այդ ժամկետը դարձավ 8 տարի։

Բադասյանից հետո արդարադատության նախարար դարձած Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ վարույթներ հարուցելու գործընթացը շարունակվելու է։

«Մենք բոլորս խոսում ենք դատական համակարգը մաքրելու մասին, և կարգապահական վարույթներն այսօր դրա ամենագործուն մեխանիզմն են, դա արդար է, օրինական է, և ես գտնում եմ, որ կարգապահական վարույթները դեռ քիչ են եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը։

Վերջին 5 տարվա ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ամենաշատ միջնորդությունները ներկայացրել են արդարադատության նախարարները։ Դատական դեպարտամենտից ստացված տվյալների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացվել է 4 միջնորդություն, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից՝ 23, իսկ արդարադատության նախարարի կողմից՝ 65 միջնորդություն։ Եվս 2 միջնորդություն ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի կողմից։

Այսպիսով, վերջին 5 տարում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 49 որոշում է կայացվել․ 11 դատավորի լիազորություն դադարեցվել է, իսկ 38 գործի դեպքում կիրառվել են տույժի այլ տեսակներ։

Մինչև Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումը Հայաստանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու թույլտվության հարցը լուծում էր Արդարադատության խորհուրդը։ Թե իրավասու մարմիններից որը քանի միջնորդություն է ներկայացրել այս Խորհրդին, Դեպարտամենտը վիճակագրություն չի վարել, բայց Արդարադատության նախարարությունում առկա է միայն նախարարների կողմից ներկայացված միջնորդությունների վիճակագրություն՝ սկսած 2010 թվականից։

Ըստ այդմ՝ 2010 թվականից մինչև 2018-ի ապրիլի 9-ն արդարադատության նախարարի կողմից ներկայացվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 19 միջնորդություն, իսկ 2018-ի ապրիլի 9-ից մինչև 2023-ի մարտի 16-ը՝ 65: Ստացվում է՝ եթե 2010-ից մինչև 2018 թվականը նախարարը տարվա կտրվածքով միջինը 2․5 միջնորդություն է ներկայացրել, ապա 2018-ից մինչև 2023 թվականը՝ միջինը 13։

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանն ասում է, որ կարգապահական վարույթների թվի աճի վրա ազդել են թե՛ օրենսդրական փոփոխությունները, թե՛ քաղաքացիների դիմումների թվի աճը։ Ըստ Սանոյանի՝ տարեցտարի հաղորդումների քանակն ավելանում է, իսկ հաղորդումը Դատական օրենսգրքով նախատեսված այն առիթներից մեկն է, որը հիմք է հանդիսանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու։ Արդարադատության նախարարն իրականացնում է իր լիազորությունը։

Մինչ իշխանությունները հայտարարում են, թե կարգապահական վարույթներով մաքրում են դատական համակարգը, իրավական հանրության մի շարք ներկայացուցիչներ բարձրաձայնում են դատավորների նկատմամբ ճնշումների, դատարավորների նկատմամբ ընտրովի արդարադատություն իրականացնելու և այլ խնդիրների մասին։

Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների գործընթացում խնդիրների երեք խումբ է առանձնացնում՝ հարուցման հիմքեր, թաքնված օրակարգեր և բուն վարույթը՝ Բարձրագույն դատական խորհրդում։

Հարուցման հիմքերից առավել խնդրահարույցը, ըստ Օրբելյանի, դատական սխալի հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն է, քանի որ այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելը զգալիորեն կաշկանդում է դատարանին դատական ակտ կայացնելու գործընթացում։

Թաքնված օրակարգեր ասելով՝ Օրբելյանը նկատի ունի այն, որ որոշում կայացնող շրջանակներն այս կամ այն դատավորի վերաբերյալ երբեմն կանխակալ պատկերացումներով են առաջնորդվում, արդյունքում անձինք պատասխանատվության են ենթարկվում ոչ թե ենթադրյալ խախտումների համար, այլ որովհետև պատասխանատվության ենթարկողը ներքին համոզմունք ունի, որ նրան պետք է հեռացնել։

Թաքնված օրակարգերի համատեքստում ուշագրավ է դառնում Կարեն Անդրեասյանի՝ մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակահատվածում հրապարակած զեկույցը։ 2013 թվականին հրապարակված զեկույցում Անդրեասյանը խոսել էր տարբեր ատյանների դատարաներում կաշառքի, այսպես ասած, գների մասին, սակայն թե՛ այն ժամանակ, թե՛ այժմ նշում է, որ ՄԻՊ պաշտոնում ստացած տեղեկությունները կոնֆիդենցիալ բնույթ են կրում։

«Հանցագործության մասին այդ բոլոր տվյալներն ինձ վստահվել են որպես մարդու իրավունքների պաշտպան, և աղբյուրները դեռ այն ժամանակ ինձ արգելել են իրենց անունները հրապարակել կամ իրենց վերաբերյալ տեղեկություններ հրապարակել իրավապահներին, հակառակ դեպքում, հենց այն ժամանակ էլ այդ ամբողջը կփոխանցեի համապատասխան ատյաններին»,- ասել է Կարեն Անդրեասյանը։

Թեև Անդրեասյանը, այսպես ասած, «վատ» դատավորներին բացահայտել չի կարող, բայց իր մտքում գիտի, թե ովքեր են նրանք։ Իսկ ինչպե՞ս է նա գործի դնելու այդ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լծակները, եթե նրանք կարգապահական վարույթ հարուցելու հիմք չտան․ արդարադատության նախարար նշանակվելուց հետո Անդրեասյանը, լրագրողի հարցին այսպես էր պատասխանել․ «Այն դատավորը, որը կոռումպացված է, որն անգրագետ է, իմ զեկույցից հետո էլ շարունակել է թույլ տալ խախտումներ և կատարել հանցագործություններ։ Մեր օրենսդրությունն ինձ թույլ է տալիս հետ գնալ 8 տարի և վարույթներ հարուցել վերջին 8 տարիների ընթացքում թույլ տրված սխալների ու խախտումների վերաբերյալ։ Դա հենց այն ժամանակաշրջանն է, որտեղից ես սկսել եմ իմ զեկույցը։ Այնպես որ՝ ես շատ շնորհակալ եմ իմ նախորդներից, հատկապես՝ պարոն Բադասյանից, որ թողել է այնպիսի օրենսդրական ժառանգություն, որ ես իմ՝ 2013 թվականին սկսած գործը կարող եմ շարունակել»։

Այսինքն՝ արդարադատության նախարար դարձած Անդրեասյանը չէր թաքցրել, որ փորձելու է ազատվել այն դատավորներից, որոնք բացասական լույսի ներքո են տեղ գտել իր զեկույցում։

Իրավական հանրությունը պարբերաբար բարձրաձայնել է նաև դատավորների նկատմամբ խտրական մոտեցման մասին։ Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիմքով կարգապահական վարույթ է հարուցվել ու դադարեցվել են Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները, իսկ ամենասկանդալային և քննարկված դատավորներից մեկի՝ Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ ՄԻԵԴ վճռի հիմքով հարուցված կարգապահական գործը ԲԴԽ-ում թողնվել է առանց քննության, քանի որ ԲԴԽ-ն եռամսյա ժամկետում չի հասցրել քննել Մարտիրոսյանի վերաբերյալ միջնորդությունը։

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանն ասում է՝ մի դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հասցրեց քննել գործը, իսկ Մնացական Մարտիրոսյանի դեպքում չհասցրեց, քանի որ մի քանի դատական նիստեր հրավիրվեցին երկու կամ ավելի նիստեր արձակուրդում գտնվելու կամ աողջական վիճակով պայմանավորված։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրենք, ամեն դեպքում, պնդել են, որ ԲԴԽ-ն կարող է երկրարացնել միջնորդության քննության ժամկետը, սակայն ԲԴԽ-ն, որպես դատարան, այլ դիրքորոշում է ունեցել։

ԲԴԽ-ն, որը նիստեր չի արել՝ հաշվի առնելով Մնացական Մարտիրոսյանի բացակայությունը և նրա լսված լինելու իրավունքը, մեկ այլ դատավորի՝ Ռուբեն Վարդազարյանի դեպքում այլ մոտեցում է ցույց տվել՝ դադարեցնելով լիազորությունները։

Խտրականության մեկ այլ դրսևորում է գնահատվել այն, որ ԲԴԽ-ն դատավարական ժամկետ խախտելու համար դադարեցրել է չորս գործով դատական ակտ ուշացրած դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները, իսկ նմանատիպ խախտման համար ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ անգամ վարույթ չի հարուցվել։

Աննա Փիլոսյանի՝ դատական ակտեր ուշացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում էր կատարել փաստաբան Գայանե Պապոյանը։ Այն մամուլում արտատպվել էր, և ԶԼՄ-ի հրապարակումը որպես առիթ դիտարկելով՝ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ էր հարուցել։ Դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշման տակ ստորագրել էր ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, որից հետո փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արսեն Բաբայանը հրապարակում էին կատարել Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտեր ուշացնելու վերաբերյալ։ Այս հրապարակումները ևս հայտնվել էին մամուլում, բայց արդարադատության նախարարն անգամ վարույթ չէր հարուցել։

Հայկ Սանոյանն ասում է՝ իրենք միջոցներ են ձեռնարկել ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ․ գրություններ են ուղարկել թե՛ Գայանե Պապոյանին, թե՛ Լուսինե Սահակյանին ու Արսեն Բաբայանին։ Գայանե Պապոյանը մանրամասներ է հայտնել, Լուսինե Սահակյանը մինչև օրս գրություններին չի պատասխանել, իսկ Արսեն Բաբայանը հայտնել է, որ ավելի տեղեկություն չունի՝ փոխանցելու, ուստի եղած տեղեկությունը բավարար չի եղել՝ վարույթ հարուցելու համար։

Մինչդեռ, Արամ Օրբելյանի պնդմամբ, ցանկության դեպքում նախարարությունն իրեն հետաքրքրող տվյալները կարող էր ստանալ նաև Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Կարգապահական գործերի հետ կապված երրորդ խնդիրը, ըստ Արամ Օրբելյանի, բուն վարույթն է արդեն Բարձրագույն դատական խորհրդում և դրա շրջանակում արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամից 5-ին ընտրում է Ազգային ժողովը, մյուս 5-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Դատավորն ընդհուպ լիազորությունների դադարեցման տույժի կարող է ենթարկվել, եթե որոշմանը կողմ է քվեարկել Խորհրդի անդամների առնվազն կեսը։ Օրբելյանը դիտարկում է, որ այս պարագայում միայն քաղաքական իշխանության միջոցով ընտրված ԲԴԽ անդամների միջոցով հնարավոր է լինում դատավորին պատասխանատվության ենթարկել, և սա այն դեպքում, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկման ենթակա չեն։

«Պետք է հնարավորություն լինի՝ այս դատական գործընթացի ժամանակ տեղի ունեցած որոշակի խնդիրներ բողոքարկել ինչ-որ տեղ։ Ես հեռու եմ այն մտքից, որ պետք է ամբողջ վերանայման գործընթաց լինի, երկաստիճան ատյաններ լինեն, որովհետև, վերջին հաշվով, խոսքը սահմանադրական մարմնի և սահմանադրական մարմնի պատասխանատվության մասին է, բայց, միևնույն ժամանակ, մարդն ընտրություն է կատարել՝ լինել դատավոր որոշակի հանգամանքներից ելնելով և ցանկանում է որոշակի այդ ընտրությունը, իր դատավոր լինելու իրավունքը պաշտպանել»,- ասում է Արամ Օրբելյանը։

Սահմանադրական դատարանը դատավոր Արայիկ Մելքումյանի գործով արձանագրել է, որ ԲԴԽ-ի որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը կարող է իրավաչափ համարվել, եթե Բարձրագույն դատական խորհուրդն ապահովի անձի արդար դատաքննության իրավունքը։

Օրբելյանը նշում է, որ տրամաբանական կլիներ, որ գոնե Սահմանադրական դատարանը քննարկեր՝ արդյո՞ք այն գործընթացը, որ տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդում, համապատասխանում է արդար դատաքննության իրավունքին։ Որպես օրինակ՝ պաշտպանը նշում է, որ Ռուբեն Վարդազարյանի գործով ԲԴԽ երկու անդամ հատուկ կարծիք են գրել, նշել, որ ԲԴԽ որոշմամբ խաթարվել է անձի արդար դատաքննության իրավունքը, բայց, այդուհանդերձ, կողմ են քվեարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշմանը։

«Այսինքն՝ ԲԴԽ երկու դատավոր կողմ էն քվեարկել ԲԴԽ-ի մի որոշման, որի հետ իրենք համաձայն չեն և գտնում են, որ արդար դատաքննության իրավունքը խաթարվել է։ Դրանից հետո մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, վարույթ չի ընդունում։ Ստացվում է, որ կա մի դատարան, որի անդամները կողմ են քվեարկում որոշմանը՝ ասելով, որ դեմ են դրան, և որևէ տեղ այս հարցը քննարկման առարկա չի կարող լինել»,- դիտարկեց Օրբելյանը։

ԲԴԽ որոշումների բողոքարկման անհնարինության հարցը խնդրահարույց է նաև Կառավարության համար, այժմ բողոքարկման հնարավորություն ապահովելու նախագիծ է մշակվում։

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանի խոսքով՝ նախագիծը տարբեր փուլեր է անցել, դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը գրեթե ամբողջությամբ դրական կարծիք է արտահայտել։ Այժմ այն վերամշակումների փուլում է, և մոտ ապագայում ԲԴԽ որոշումները բողոքարկելու հնարավորություն կլինի։ Օրենսդրական փոփոխությունը, սակայն, չի կարող դրական ազդեցություն ունենալ այն դատավորների վրա, որոնց լիազորություններն արդեն դադարեցվել են կամ նրանք ենթարկվել են կարգապահական տույժի այլ տեսակների։ Սանոյանի խոսքով՝ նախագծով չի նախատեսվում դատավորներին հնարավորություն տալ հետադարձ ուժով բողոքարկելու իրենց վերաբերյալ նախկինում կայացված դատական ակտերը։

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը 2022 թվականի հոկտեմբերից Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է։ Նրա փոխարեն արդարադատության նախարար նշանակվեց վերջինիս մտերիմ ընկերը՝ Գրիգոր Մինասյանը։ Իրավական հանրությունից շատերն այստեղ ևս խնդիր են տեսնում․ փաստորեն, Անդրեասյանը ԲԴԽ մյուս անդամների հետ որոշում է ընկերոջ հարուցած միջնորդությունների ճակատագիրը։

Իր պաշտոնավարման առաջին կիսամյակն ամփոփելիս Անդրեասյանը կրկին հիշել է ՄԻՊ պաշտոնում իր հրապարած զեկույցը։

«Ուղիղ 10 տարի առաջ ես հանդիպում էի ոչ թե երկրի գրեթե բոլոր դատավորների հետ, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեր աշխատակիցների հետ, և ասում էի, որ ժամանակն է հարված հասցնել անիրավ դատավորներին։ Այն ժամանակ պաշտոնավարող 230 դատավորից 114-ը դուրս են եկել դատական համակարգից, այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, տեղի է ունեցել համակարգի ինքնամաքրում»,- ասել է Անդրեասյանը։

Չնայած իշխանությունների պնդումներին, թե կարգապահական վարույթների գործընթացով մաքրում են դատական համակարգը, ԱՄՆ Պետքարտուղարությունը 2022 թվականի վերաբերյալ զեկույցում անդրադարձել է Հայաստանում դատական համակարգի նկատմամբ ենթադրյալ ճնշումների փորձերին։ Զեկույցում նշվում է, որ եղել են չհաստատված հաղորդումներ Կառավարության կողմից դատավորների վրա ներազդելու փորձերի վերաբերյալ, բացի այդ, ըստ փաստաբանների ու իրավապաշտպանների՝ որոշ դատավորներ մի շարք դատական որոշումների առնչությամբ բախվել են վերադասի, այդ թվում՝ ԲԴԽ-ի ներքին ճնշումներին։ Ըստ հաղորդումների՝ այդօրինակ ճնշումները ներառում էին ակնարկներ համբավն ու կարիերան խաթարելու վերաբերյալ և ընտրովի պատժի սպառնալիքներ՝ կապված աննշան խախտումների հետ։

Անդրեասյանի վերջին ելույթից և ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի հրապարակումից հետո մինչ օրս Բարձրագույն դատական խորհրդում որևէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի գործ մինչ օրս չի քննվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան