5 տարի առաջ դատարան ուղարկված գործերի քննությունը նորից կսկսվի․ Վահագն Աբգարյանի և Թաթուլ Շուշանյանի գործերով դատավորները տեղափոխվել են Վերաքննիչ դատարան
Հասարակություն
06.04.2023 | 11:55Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործի քննությունը դատարան ուղարկվելուց 5 տարի անց նորից կսկսվի։ Պատճառն այն է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանն, ում վարույթում քննվում էր այս գործը, նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, և նրա վարույթում գտնվող գործերը, որոնք թվում՝ Շուշանյանի գործը, պետք է վերաբաշխվեն։ Շուշանյանը մեղադրվում է սպանության գործի շրջանակներում կաշառք ստանալու մեջ։
Այսպես՝ 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում սպանվել է Կամո Փիրուզյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 1991 թվականին ծնված Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է Փիրուզյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է:
2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Դատախազություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն:
Գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, այսինքն՝ տեղափոխվել է Երևան: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կատարած օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ:
2018 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքի իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վահագն Աբգարյանը, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Վահագն Աբգարյանը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ 5000 ԱՄՆ դոլար՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Մասնավորապես՝ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը, ըստ գործի նյութերի, եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս մեղմ՝ նախկին Քրեական օրենքսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով է մեղադրանք առաջադրվել (մեկ ուրիշին դիտավորյալ կյանքից զրկելը), մինչդեռ իրականում, ըստ գործի նյութերի, Դավթյանին պետք է մեղադրանք առաջադրվեր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատվերով սպանությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, շահադիտական դրդումներով: Առաջին դեպքում օրենքը նախատեսում է պատիժ` առավելագույնը 8 տարի ժակետով, իսկ երկրորդ դեպքում նախատեսվում է ընդհուպ ցմահ ազատազրկում:
Դատարանում, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ քննվող քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է երեք անձ՝ Թաթուլ Շուշանյանը, Արայիկ Ներսիսյանն ու Արտակ Հովհաննիսյանը: Արայիկ Ներսիսյանը ևս Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ է, իսկ Արտակ Հովհաննիսյանը գործը Երևան տեղափոխելուց հետո եղել է քննչական խմբի անդամ, ու ըստ մեղադրանքի՝ քննվող գործի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել Վահագն Աբգարյանին։
Նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն շուրջ 5 տարի քննվում է նաև Կամո Փիրուզյանի սպանության գործը, որով ամբաստանյալի աթոռին են Վահագն Աբգարյանը և Վլադիմիր Դավթյանը։ Նրանց գործով դատավորը՝ Լուսինե Ալավերդյանը ևս օրեր առաջ նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, և սպանության գործը այժմ մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին։
Հատկանշական է այն հանգամանքը, որ թե՛ սպանության, թե՛ սպանության գործի շրջանակներում կաշառք ստանալու գործերով առաջին անգամը չէ, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով դատավորները փոխվում են, և այդ գործերի քննությունը նորից է սկսվում։
Արաքս Մամուլյան