Արցախի ԱԳՆ արձագանքը Բաքվի «բանակցելու» առաջարկին․ Բայդենը շնորհավորել է Ալիևին․ Լուրեր
Քաղաքականություն
28.03.2023 | 16:30- Արցախի ԱԳՆ-ից պատասխանել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առաջարկին՝ Բաքվում այսպես կոչված ինտեգրման բանակցություններ անցկացնելու մասին։ Ստեփանակերտից նշել են, որ հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Արցախի ԱԳՆ-ից հիշեցրել են նախորդ օրերի ադրբեջանցիների հարձակումները Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի ուղղությամբ և նշել, որ Ադրբեջանի հետ պատրաստ են բանակցել, բայց ռուսական միջնորդությամբ, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերի օրակարգով։
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին և հաղորդագրության համաձայն՝ «վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը կխրախուսի Հարավային Կովկասում գալիք սերունդների անվտանգությունն ու բարգավաճումը»:
- Ստոկհոլմի մարզադաշտում Շվեդիա-Ադրբեջան խաղի ընթացքում հայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներն են ծածանել, իսկ երկրպագուների ձեռքին եղել է նաև պաստառ՝ «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ։ Շվեդիան 5:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Ադրբեջանին։
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։