Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել ՀՀ ամբողջական գանգատն ու պահանջներն ընդդեմ Ադրբեջանի
Հասարակություն
24.01.2023 | 20:10Ս.թ. հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար մինչև 2023 թվականի հունվարի 23-ը»,-նշված է հաղորդագրության մեջ: