Հացի խնդիր․ ինչպե՞ս կազդի ՌԴ-ից հացահատիկի արտահանման արգելքը Հայաստանի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
11.03.2022 | 21:30Ռուսաստանից հացահատիկի արտահանման արգելքի մասին տեղեկությունը Հայաստանում շատերի մոտ խուճապի պատճառ է դարձել։ Նախօրեին պարզ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչև այս տարվա օգոստոսի 31-ը սահմանել հացահատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, այդ թվում՝ ԵՏՄ երկրների համար։ Հայտնի է, որ Հայաստանում հացահատիկի ներմուծման շուրջ 99%-ը բաժին է ընկում Ռուսաստանին։ Արդյո՞ք սա կբերի երկրում դեֆիցիտի կամ թանկացման։
Հացահատիկի շուկայում վերջին 2 օրերին արդեն իսկ գնաճ նկատվում է, նշում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ինչքան երկարում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, այնքան ազդեցությունը Հայաստանի վրա մեծանում է։
«Հայաստանը և Արցախը համատեղ օգտագործում են 500-600 հազար տոննա հացահատիկ, որից շուրջ 30%-ը, մինչև պատերազմը, ապահովում էր Արցախի Հանրապետությունը։ Քանի որ այդ հնարավորությունը հիմա չկա, մենք 99% կախվածություն ունենք Ռուսաստանից։ Հիմա հարց Էկոնոմիկայի նախարարությանը՝ մենք ինչքա՞ն պաշարներ ունենք, ինչքանո՞վ է հնարավոր եղել, որ մենք մեր պաշարների պահուստային մասն ապահովենք»,- նշում է Հակոբյանը:
Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցրին․ Հայաստանն այս պահին ունի անհրաժեշտ քանակով ցորենի պաշարներ։ Ներմուծումը կատարվում է՝ ըստ պլանավորված հաճախականության։ Խոսքը միայն ցորենի մասին է։ Իսկ, ընդհանուր առմամբ, երկրում որքա՞ն հացահատիկի պահանջարկ կա, խոստացան պատասխանել ավելի ուշ։ Այնուամենայնիվ, նախարարությունից վստահեցնում են․ այս պահին պարենային դեֆիցիտի վտանգ երկրում չկա։
«Ցորենի ներքին պահանջարկը կազմում է 375 հազար տոննա։ 2021թ. ներմուծվել է 270,6 հազար տոննա ցորեն, որից 268,1 տոննան՝ Ռուսաստանից։ Եգիպտացորենի ներքին պահանջարկը կազմում է 70․8 հազար տոննա՝ 2021 թվականին ներմուծվել է 66․4 հազար տոննա, որից 57․2 հազար տոննան՝ Ռուսաստանից։ Գարու սպառումը 77․8 հազար տոննա է, 2021 թվականին ներմուծել ենք 34․4 հազար տոննա, ամբողջությամբ ՌԴ-ից»,- տեղեկացնում են նախարարությունից։
Ռուսաստանից արտահանման հնարավոր արգելքը միտված է սահմանափակել ռե-էքսպորտը, հետևաբար, ցանկացած սահմանափակման դեպքում Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն, այսօր Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ զրույցում վստահեցրել է Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարարը։
Խուճապի առիթ չկա․ վստահեցնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը։
«Ըստ անհրաժեշտության, եթե հավելյալ կարիք լինի, կարող է նաև առանձին պայմանավորվածությունների հիման վրա լրացուցիչ քվոտաներով տրամադրվել: Տեղի են ունենում իրադարձություններ, երկրները սահմանում են որոշակի խաղի կանոններ, և մենք, լինելով ԵՏՄ անդամ, այդ առումով ունենք որոշակի հնարավորություններ, որոնց վրա հենվելով ՝կարող ենք ասել, որ այս պահին խնդիր չկա»,- նշեց Թունյանը։
Պատգամավորի խոսքով՝ նմանատիպ խոսակցությունները կարող են առիթ դառնալ,ս որ բնակչության շրջանում որոշակի խուճապ սկսվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անժելա Պողոսյան