Որքա՞ն խիստ կլինի Արևմուտքի պատասխանը․ Կրեմլին պատժելու խոստումներ և դատապարտումներ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
24.02.2022 | 21:51Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ռուսական ներխուժմանն Արևմուտքից պատասխանեցին դատապարտող հայտարարություններով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի հարձակմանը՝ նշել է, որ ավելի քան 100 ռազմական ինքնաթիռներ բերվել են բարձր պատրաստվածության վիճակի, իսկ օրվա ավարտին Դաշինքը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնի։
«Մեր զորքերը կտեղափոխվեն այն շրջաններ, ուր դրանք անհրաժեշտ են։ Մենք պետք է պատասխանենք նոր վճռականությամբ և ավելի մեծ միասնականությամբ։ Մեր գործողությունները պաշտպանական են։ Ռուսաստանն ուժ է օգտագործում՝ փորձելով վերաշարադրել պատմությունը։ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ սանձազերծեց Ուկրաինայում և ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում։ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով տեղափոխել 2022 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը և, ընդհանրապես, դադարեցնել դիտարկել ռուսական քաղաքները որպես միջազգային ֆուտբոլային մրցաշարերի անցկացման վայր»,- ասել է Ստոլտենբերգը։
Մոսկվայի՝ Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է որակել ու դատապարտել նաև Գերմանիայի իշխանությունը: Կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ ոչինչ չի կարող դա արդարացնել։
«Ոչինչ չի կարող արդարացնել նրան։ Գերմանիան խստորեն դատապարտում է նախագահ Պուտինի այս անխոհեմ արարքը։ Մենք համերաշխություն ենք հայտնում Ուկրաինային և նրա ժողովրդին»,- ասել է Շոլցը։
Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության է ենթարկելու, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ Պուտինի ընտրած ճանապարհը՝ պատերազմը, կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։
«Այս պատերազմի հետևանքով կորսվող կյանքերի ու ավերածությունների միակ պատասխանատուն Ռուսաստանն է, և Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործընկերները միասնական ու վճռական կարձագանքեն։ Վաղն առավոտյան կհանդիպեմ G7-ի իմ գործընկերներին, ապա կխոսեմ ամերիկյան ժողովրդի հետ՝ հայտարարելու այն հետագա միջոցների մասին, որ Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից կպարտադրվեն Ռուսաստանին՝ Ուկրաինայի, գլոբալ խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված այս անհարկի ագրեսիայի համար։ Մենք նաև կհամակարգենք ջանքերը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ամուր, միասնական արձագանք, կանխելու Դաշինքին ուղղված ցանկացած ագրեսիա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու՝ Ռուսաստանի որոշումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն երկրի Պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել։
«Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու՝ Ռուսաստանի որոշումը, Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։ Մենք աջակցում են Ուկրաինային և աշխատում նրա հետ»,- ասել է Մակրոնը։
Խստորեն դատապարտել ու չարդարացված հարձակում է որակել Ռուսաստանի քայլը Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը․ «Այս մութ ժամերին մեր մտքերն Ուկրաինայի, անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց հետ են։ Նրանք բախվում են այս չհրահրված հարձակմանը և վախենում են իրենց կյանքի համար։ Մենք պատասխանատվության կենթարկենք Կրեմլին»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա աղետ է ողջ եվրոպական մայրցամաքի համար։
«Այսօր ես կդիմեմ ժողովրդին Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված: Ես կխոսեմ նաև G7-ի մյուս առաջնորդների հետ և կոչ կանեմ ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդների շուտափույթ հանդիպում հրավիրել»,- ասել է նա։
Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը, որն այս օրերին Հայաստանում է, որպես նախկին դիվանագետ՝ ընդգծել է դիվանագիտության միջոցով խաղաղության ու բարգավաճման հասնելու կարևորությունը։
«Ես ցավում եմ յուրաքանչյուր կորսված կյանքի համար, բոլոր այն ընտանիքների համար, որոնք անցնում են տառապանքների միջով, և ես հավատում եմ կայուն խաղաղությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ»,- հայտարարել է Կալյուրանդը։
Մանրամասն՝ Factor.TV-ի տեսանյութում։
Սաթենիկ Հայրապետյան