Ժամանակից շուտ ծախսված միլիոններ. ինչո՞ւ քաղաքացիները զրկվեցին պետպատվերով բուժվելու հնարավորությունից. ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած Հայաստանում գործող խոշոր բժշկական կենտրոնները գրեթե դադարեցրել են պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին բժշկական ծառայություններ մատուցել: Բուժհիմնարկները ֆինասական խնդիրների առջեւ են կանգնած, քանի որ մեծամասամբ սպառվել են  ՀՀ առողջապահության նախարարության կողմից ԲԿ-ներին տրվող  պետպատվերի տեղերը:

Պետական պատվերի շրջանակում, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականին պետության կողմից բժշկական կենտրոններին  ընդհանուր հատկացվել է 11 մլրդ 975 մլն դրամ, որից մնացել է երկու մլրդ դրամը: Այս մասին տեղեկանում ենք պետական առողջապահական գործակալության Armed.am  համակարգից:

Հիվանդանոցներն առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունից պաշտոնական գրություն են ստացել՝ հիվանդներին չսպասարկել յուրաքանչյուր եռամսյակի համար նախատեսված հատկացումներից ավելի, փոխարենը հերթագրել առաջիկա ամիսներին ծառայություններ մատուցելու համար: Արդյունքում ԲԿ-ներում մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամսվա համար հերթագրումներ են իրականացվել:

2019-20 թվականներին պետպատվերի տեղերի խնդիր չի եղել, բոլորը սպասարկվել են ըստ անհրաժեշտության: Խնդիրներն առաջացել են 2021 թվականի օգոստոսից՝ պայմանավորված  44-օրյա պատերազմի հետեւանքով առողջապահական համակարգում ստեղծված ֆորս մաժորային իրավիճակով:

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ին ընդունված N 318-Ն որոշմամբ սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն տրամադրելու կարգն ու հիվանդությունների ցանկը: Ի թիվս սոցիալական այլ խմբերի, այս որոշումը տարածվում է նաեւ արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց վրա: 

44-օրյա պատերազմից հետո սոցիալական այս խումբը,  պայմանավորված վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական բնակչության թվի շեշտակի աճով,  կտրուկ ընդլայնվել է։  Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ, պետպատվերի համար նախատեսված գումարից  շուրջ 2 միլիարդ դրամ ուղղվել է այս անձանց արտահերթ բուժսպասարկմանը: 2020 թվականին, երբ հաստատվել է պետպատվերի բյուջեի չափը, պատերազմի եւ դրա հետեւանքերի գործոնները հաշվի չեն առնվել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ տարվա ավարտից չորս ամիս առաջ՝ սեպտեմբերի առաջին օրերին,  արդեն  գումարները սպառվել են:

Այս տեղեկությունը հաստատեց նաեւ առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը.

«Պետպատվերի արագ սպառման պատճառը քովիդի եւ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հիվանդացության ավելացումն է: Ավելի շատ  մարդիկ են ստացել հաշմանդամության կարգեր եւ ունեն պետական պատվերի արտոնություն: Միայն ռազմական դրություն հայտարարելու պահին մենք մոտ 1,8 միլիարդ ուղղել ենք պատերազմով պայմանավորված վիրավորների բուժմանը, Արցախից Հայաստան եկած քաղաքացիների համար բուժսպասարկումը դարձրեցինք անվճար: Հաշվի առնենք, որ այդ քաղաքացիների մի մասն այժմ ապրում է Հայաստանում, եւ նրանց բուժօգնությունը շարունակում է  անվճար լինել»:

 

 

Ֆինանսական խնդիրների պատճառով Երևանում և մարզերում ԲԿ-ներն այժմ պետպատվերի շրջանակում սպասարկում են անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին, իսկ այն քաղաքացիները, որոնք ընդգրկված են հաշմանդամության խմբերում եւ այլ արտոնություններից են օգտվում՝ պետք է սպասեն: Մեծ է հավանականությունը, որ նրանցից շատերը չեն սպասարկվի այս տարվա ընթացքում:

Armed.am համակարգի համաձայն՝ պետությունից  սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար ԲԿ-ները պետությունից ստացել եւ սպառել են հետեւյալ դրամական միջոցները.

Էրեբունի ԲԿ-ն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար պետությունից ստացել է ամենախոշոր հատկացումը՝ 1 մլրդ 640 մլն դրամ,  սեպտեմբերի առաջին տասնօրյակում մնացորդը կազմում էր 130 մլն դրամ: Երեւանի մեկ այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ «Աստղիկ»-ը, ստացել է 630 մլն դրամ, որից  նշյալ ժամանակահատվածում առկա է 16 մլն դրամը:  Իսկ «ԱրթՄեդ» ԲԿ-ն 205 մլն դրամն ամբողջությամբ է սպառել:  Հայաստանի քաղաքացիների սոցիալապես խոցելի խմբի համար Գյումրու ԲԿ-ն ամբողջ տարվա համար ստացել է 385 մլն դրամ, որից  սեպտեմբերի դրությամբ  առկա է 41 մլն  դրամը, Մարտունու ԲԿ-ն ստացել է 187 մլն դրամ, որը ծախսել է ամբողջությամբ: Սեպտեմբերի դրությամբ մնացել էր ընդամենը 18 հազար դրամ:

«Պետպատվերի տեղերն արագ  սպառվել են, քանի որ գումարի զգալի մասն ուղղվել է պատերազմում վիրավորված անձանց բուժմանը:  Սպասում ենք, որ պետության կողմից պետպատվերի ծավալներն ավելացվեն: Ակնկալվում է, որ սեպտեմբերի մեջ ֆինանսավորում կլինի: Հիմա շատ հերթագրվածներ ունենք, որոնց վիճակը սուր է, բայց ծանր չէ: Հիմա միայն սպասարկում ենք ծանր դեպքերը»,- ասում է Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:

Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Պետպատվերի սպառման արդյունքում անորոշ ժամանակով հետաձգվել է Երեւան քաղաքի բնակիչ Լուիզա Մանուկյանի 19-ամյա որդու քթի վիրահատությունը:

«Դիմել եմ «Մեդլայն» ԲԿ՝ քթի վիրահատության համար: Մեզանից ուղեգիր են ուզել, որը տարել ենք, եւ ասել են, որ գումարը պետությունն է փոխանցելու: Մեզ նախապես չեն ասել, որ սեպտեմբերին գումարը սպառվելու է եւ վիրահատություն չի լինի: Սեպտեմբերի մեջ, երբ եկավ վիրահատության օրը,  մեզ տեղեկացրին, որ գումարը սպառվել է եւ վիրահատություն չի լինելու: Հիմա անորոշ սպասում ենք»,- նշում է տղայի մայրը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Բժշկական կենտրոնները հերթագրվածների հստակ թիվ չեն կարողանում տրամադրել, քանի որ թիվը ժամ առ ժամ աճում է:

Ըստ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի,  խնդիրը լուծում կստանա, եթե կառավարությունը առողջապահության ոլորտին լրացուցիչ գումարներ հատկացնի: «Եթե այս հարցը վերաբաշխումով չլուծվի, ապա մենք կունենանք ամիսներով սպասող հիվանդներ, որոնք ունեն առողջապահական ծառայությունների կարիքներ այսօր: Ես կոչ եմ անում, որ կառավարությունը վերաբաշխում կատարի այլ տեղերից դեպի առողջապահություն, որը շատ կարեւոր է: Հերթագրման համակարգը պետք է դադարի գործել եւ քաղաքացիները պետք է սպասարկվեն նույն պահին: Վերաբաշխումները կարող են կատարվել նաեւ հարկային եկամուտների հաշվին»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, թեեւ չի հաստատում, որ բոլոր հերթագրված քաղաքացիներն այս տարվա ընթացքում կստանան անհրաժեշտ ծառայություններ, բայց նշում է՝ պետպատվերի վերաբաշխման համար կառավարությանը 1 մլրդ 2 մլն դրամի նախագիծ են ներկայացրել: Այն դեռ քննարկվում է գործադիր մարմնում, հավանության չի արժանացել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Հանրային առողջության մասնագետ, անկախ փորձագետ  Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է՝  պետպատվերների խնդիրը տարիներից է գալիս՝ ֆինանսաների կառավարման անարդյունավետությամբ պայմանավորված: «Մենք այժմ ունենք մարդիկ, ովքեր չեն կարողանում ստանալ բուժօգնություն եւ ունենք մարդկանց մի մեծ խումբ, որոնք ստանում են պետպատվերով բուժօգնություն, բայց դրա կարիքը չունեն»:

Հանրային առողջության մասնագետը նշում է նաեւ իր ուսումնասիրությունների արդյունքերը՝ ներկայացնելով,  թե ինչու Հայաստանի հիվանդանոցներում արտոնություն ունեցող քաղաքացիները չեն սպասարկվում: «Նախորդ երեք տարիների ընթացքում բուժհիմնարկները որքան քաղաքացիներին սպասարկել են, այդքան պետությունից փոխհատուցում են ստացել: Այսպիսով չեն պահպանվել բյուջետային կարգապահության չափանիշները: Այս տարի, հավանաբար, բյուջեի սահմաններում քաղաքացիներին սպասարկելն առաջին պլան է անցել, բայց բուժհաստատությունները շարունակել են գործել նախկինի նման»,- ասում է նա:

Դավիթ Մելիք-Նուբարյանը մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում՝  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիներին պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար հոսպիտալացրել են՝ առանց հիմնավորման: Սա որոշակի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

«2019 թվականին, երբ շահառուների համար ծառայությունների ցանկն ավելացվեց, մոտավորապես 40 հազար ավել հոսպիտալացում եղավ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առնվազն կեսը հոսպիտալացման կասկածելի հիմքեր են ունեցել : Եթե համակարգը լիներ արդյունավետ, ապա այդ դեպքերը կբուժվեին պոլիկլինիկաներում: Այդ հիմքերը ոչ մեկ չի ստուգում, քանի որ բժշկական կենտրոններին էլ է անհրաժեշտ հասպիտալացնելը, քանի որ պետությունից ֆինանսավորվում են կատարած աշխատանքի թվաքանակով»:

Դավիթ Մելիք-Նուբարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի առողջապահության ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա․ առողջապահության ապահովագրության ներդրումից մինչեւ հիվանդությունների բուժման ուղեցույցերի կիրառում:

Հերթագրված քաղաքացիների՝ բուժօգնություն ստանալու խնդիրն էլ, ըստ փորձագետի, երեք լուծում ունի: Հայաստանի կառավարությունը պետք է պահուստային ֆոնդից գումար հատկացնի, կամ առողջապահության նախարարությունը այլ ծառայությունների համար հատկացումներն ուղղի այս խնդրի լուծմանը, եթե ոչ, ապա բուժհիմնարկները պետք է իրենք հոգան ծախսերը:

Սեպտեմբերի 29-ին Կառավարության  որոշմամբ պահուստային ֆոնդից 1 մլրդ 2 մլն դրամ լրացուցիչ դոտացիա հատկացվեց առողջապահության նախարարությանը՝ պետպատվերի խնդիրը լուծելու նպատակով: Այս գումարն, ըստ ոլորտի փորձագետների, ամբողջությամբ չի բավարարելու հերթագրված քաղաքացիների սպասարկմանը: 

Նարեկ Կիրակոսյան

Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։