Տաշիրի ոստիկաններն առանց ակցիզի 301 օղի են հայտնաբերել
Հասարակություն
17.11.2021 | 12:06Նոյեմբերի 15-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները տվյալներ էին ստացել, որ Տաշիրում մի քաղաքացի անհայտ ծագման օղի է վաճառում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Նույն օրը Տաշիրի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Մերսեդեսը»։ Մեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի, այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 60 շիշ օղի։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Նյութերի նախապատրաստման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 241 շիշ օղի։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հայտնաբերված օղու ծագման և ձեռքբերման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։