Covid 19 համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրգործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետության կողմից այդ նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2021թ.-ի ապրիլից ՀՀ Ոստիկանության և հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում, հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:

Առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում ՀՀ ժամանող ուղևորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ: Մասնավորապես, առանձին բժիշկ համաճարակաբաններ, բուժհաստատությունների՝ կոնկրետ գործառույթներով օժտված անձինք պատրաստել և առանձին քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել, մուտք գործել ՀՀ տարածք:

Այս ապօրինի գործողությունների հետևանքով նշված քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել ՀՀ-ում, օտարերկրյա պետություններում հակահամաճարակային սահմանափակումները՝ վտանգելով համավարակի պայմաններում, ՀՀ-ում հիվանդության տարածման և առաջացած համաճարակի հետագա կանխման, բնակչության առողջության պահպանման նպատակով պետության կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:

Ընդ որում, ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող և համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով վերը նկարագրված ակնհայտ ապօրինի գործողությունների համար ստացել են տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 40.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերոնշյալ հանցագործությունների առթիվ ՀՀ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում հարուցվել է 20 քրեական գործ, որոնք վերաբերում են Երևան քաղաքի և Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում՝ պոլիկլինիկաների:

Քրեական գործերով այս պահին նախնական տվյալներով պատվաստման բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ են ստացել և դրանց հիման վրա «ԱՐՄԵԴ» համակարգում ապօրինաբար գրանցվել, կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել (ավելի քիչ թվով) ընդհանուր շուրջ 310 քաղաքացի:

Քրեական գործերի նախաքննությամբ կատարվել են տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարներ, ձեռք են բերվել պատվաստված չլինելու պայմաններում կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց տվյալներ պարունակող ցուցակներ: Կոռուպցիոն հանցավոր այս կառուցակարգերում ներգրավված բազմաթիվ բուժաշխատողներ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քրեական գործերով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր 15 անձի, որոնցից 9-ը կալանավորվել է:
Քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Դատախազության հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ նմանատիպ այլ դրսևորումներ բացահայտելու, պարզված դեպքերով առերևույթ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակները ի հայտ բերելու, յուրաքանչյուրի գործողությանը իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

ՀՀ դատախազությունը զգուշացնում է, որ նման չարաշահումները լրջորեն սպառնում են հանրապետության առողջապահական անվտանգությանը, խոչընդոտում պետության կողմից իրականացվող հակահամաճարակային և բնակչության առողջության պահպանման միջոցառումների արդյունավետությանը:

Ելնելով վերոնշյալից՝ ինչպես քաղաքացիներին, այնպես էլ Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումներում ներգրավված բուժաշխատողներին, հանրային ծառայողներին հորդորում ենք զերծ մնալ նման անպատասխանատու, ինչպես իրենց, այնպես էլ հանրության առողջությունը վտանգող և քրեորեն հետապնդելի քայլերից: ՀՀ դատախազության մոտեցումը նման դեպքերում լինելու է անվերապահորեն խիստ, կիրառվելու են իրավաչափ և օրինական բոլոր անհրաժեշտ ներգործության միջոցները՝ նման հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական համաչափ պատասխանատվության ենթարկելու համար: