«Մի՛ կրկնեք իմ սխալը»․ 13 տարի անց կինը բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարինեն (անունը փոխված է) գրեթե 4 տարի մասնակցում է քննչական և դատավարական գործողությունների, որտեղ ինքն ու իր հարազատները հանդես են գալիս որպես տուժողներ, իսկ նախկին ամուսինը՝ ամբաստանյալ։ Այսօր էլ Կարինեն եկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ կայացավ ընտանեկան բռնության գործով 38-րդ նիստը։ Տարիներն անցնում են, գործի քննությունը ձգձգվում․ հիմա Կարինեն շատ ավելի հեշտ է պատմում այն մասին, ինչ նախկինում թաքցրել է անգամ ամենամտերիմներից։

«Մոտ 13 տարի ամուսնացած ենք եղել, միշտ էլ եղել է ծեծ ու ջարդ, բայց ես լռել եմ, ամաչում էի, իր փոխարեն ես էի ամաչում, չէի ուզում, որ մարդիկ իմանային, որ երեխաներս նման հայր ունեն․․․»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց Կարինեն։ Նա հաճախ ստիպված է եղել ստել, աչքի տակի կապտուկը վերագրել ավտովթարի և այլ պատմություններ հորինել՝ մարմնական վնասվածքները բացատրելու համար։

Ինչպես ընտանեկան բռնության ենթարկվող շատ կանայք, Կարինեն ևս երկար տարիներ հանդուրժել է, չի դիմել օգնության, հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն, ինչի համար հիմա ափսոսում է․ «Բռնության ենթարկված կանայք չպետք է լռեն, ես իրենց ուզում եմ ասել՝ մի՛ կրկնեք իմ սխալը, դուք ձեզ պաշտպանելու իրավունք ունեք։ Կարող է թվալ, թե ինքը կփոխվի, էլ չի ծեծի, բայց իմ փորձը ցույց տվեց, որ գնալով ավելի վատ է լինում․․․»։

Կարինեն հիմա առանց հուզմունքի է պատմում իր հետ տեղի ունեցածի մասին, քանի որ ամուսինը վերջին տարիներին կալանքի տակ է եղել, և նա բռնությունից ազատ է ապրել։ «Ինձ նենց էր ծեծում, ընկնում էի անկողին»,- պատմում է կինը։

Նրա համբերության բաժակը լցվել է, երբ տեսել է, որ նախկին ամուսինը ոչ միայն իրեն է ֆիզիկական բռնության ենթարկում, այլև երեխաներին՝ այդ ժամանակ 9 և 13 տարեկան աղջիկներին։ «Ինձ ծեծում էր, ընկել էի գետնին, էրեխեքս փորձեցին ինձ պաշտպանել։ Փոքր աղջկաս բրդեց, իսկ մեծիս վրա օղու շիշ շպրտեց։ Դա իմ համբերության վերջին կաթիլն էր, այդ օրվանից մեջս ուժ գտա ու հեռացա»,- հիշում է Կարինեն։

Բռնարար ամուսինը ցանկացել է վրեժխնդիր լինել կնոջից իրեն լքելու համար և այցելել է նրա ծնողների տուն՝ կնոջն այնտեղ հանդիպելու հույսով։ Կարինեն, սակայն, այդ օրը տանը չի եղել և Վ․Ա․-ն բռնություն է գործադրել նրա հոր ու մոր նկատմամբ։ Հայրը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկական կենտրոնից իրազեկել են ոստիկանությանը տեղի ունեցածի վերաբերյալ, որից հետո բռնարարը կալանավորվել է։

ՀՀ Վերաքննիչ դատարանը, սակայն, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ փոխել է ամբաստանյալի խափանման միջոցը և նրան ազատ է արձակել կալանքից։

Մխիթարյանի այս որոշումը ծանր հետևանքներ է ունեցել Կարինեի և նրա հարազատների համար։ Ազատության մեջ հայտնվելուց ընդամենը 18 օր անց Վ․Ա․-ն կրկին բռնություն է գործադրել կնոջ, նրա մոր և քեռու նկատմամբ՝ այս անգամ գործի դնելով դանակը։

«Կույր քեռուս ծեծեց, ինձ ու մամայիս էլ դանակով խփեց։ Ինձ երկու անգամ հարվածել էր դանակով, ես հիվանդանոցում պառկած էի, ոստիկանները եկան, հարցրին՝ ինչ է եղել, ես ասացի, որ կարող եմ ամբողջը պատմել, որ իրենք գրեն, մտածում էի՝ գուցե չապրեմ, գոնե հիմա պատմեմ․․․բայց ոստիկանները գնացին ու էլ չեկան»,- հիշում է Կարինեն։

Երեք օր անց նա դուրս է գրվում ոստիկանությունից և գնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանություն, որտեղ պահանջում է քննել իրենց նկատմամբ կատարված հանցագործությունը և կալանավորել Վ․Ա․-ին։ «Ասում էին՝ թուղթ բերեք, որ մարմնական վնասվածքը ծանր է, որ կալանավորենք, մինչև հիվանդանոցից թուղթ չբերեցինք, գործ չարեցին»։

Ներկայումս Վ․Ա․-ի դեմ հարուցված երկու քրեական գործերը միացվել են և մեկ վարույթով են քննվում։ Նա մեղադրվում է դիտավորությամբ երկու անձի առողջությանը թեթև, մեկ անձի՝ միջին, մեկ այլ անձի՝ ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև սպառնալու մեջ։

Նախորդ դատական նիստին ամբաստանյալը հայտարարել էր, թե իրենից առգրավված բջջային հեռախոսի մեջ առկա է հաղորդագրություն, որն ապացուցում է, որ իրեն ցանկացել են սպանել։ Թեև բջջային հեռախոսն իրեղեն ապացույց չի ճանաչվել, դատավոր Աննա Դանիբեկյանը նախորդ դատական նիստին թույլ տվեց, որ ամբաստանյալը դատարանին ներկայացնի այդ հաղորդագրությունը, հեռախոսի մարտկոցը, սակայն, լիցքավորված չէր և չմիացավ։ Դատական նիստը հետաձգվեց և արդեն այսօրվա նիստում ամբաստանյալի տրամադրեցին իր հեռախոսը՝ լիցքավորված։ Ապա երկար ժամանակ պահանջվեց մինչև նա գտավ ինչ-որ հաղորդագրություն, որը իր պնդմամբ, կնոջ համարից ուղարկվել էր իր մորաքրոջ համարին։ Այդ հաղորդագրությունը նա ցույց տվեց դատավորին։ Աննա Դանիբեկյանը դատավարության կողմերից ցույց չտվեց հաղորդագրությունը, փոխարենն ասաց, որ եթե ամբաստանյալը ցանկանում է միջնորդություն ներկայացնել դրա վերաբերյալ, կարող է դա անել դատավարության համապատասխան փուլում։

Մեղադրող դատախազները նշեցին, որ այդ հաղորդագրությունը վերաբերելի չէ քննվող գործին, ուստի չպետք է քննության արժանանա, իսկ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանն էլ հայտարարեց, որ իրենք անիմաստ ժամանակ են վատնում մի հաղորդագրության վրա, որտեղ որևէ մեկի անունն անգամ հիշատակված չէ։

Դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը, սակայն ստիպված էր այն հետաձգել, քանի որ դատախազներից մեկը այլ դատական նիստի պետք է մասնակցեր։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 5-ին՝ ժամը 16։00-ին։

Նշենք, որ ընտանեկան բռնությունը համատարած երևույթ է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ամսական մեկ կին է սպանվում ընտանեկան բռնության հետևանքով։ Հատուկ քննչական կոմիտեի հաղորդած տվյալների համաձայն՝ 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 քրեական գործ, 124 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 55 քրեական գործ:

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանին