Դա ամբարտավան պահվածք է․ այո՛, պնդում եմ՝ գրպանվել են բանակի միջոցները․ ՊՎԾ պետը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.05.2021 | 20:02Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանի հետ
-Հեղափոխությունից հետո մարդիկ սովոր էին ձեր իշխանությունից լսել նախկիններին ուղղված կոռուպցիայի, չարաշահումների մեղադրանքներ, հիմա արդեն նախկիններն են ձեզ մեղադրում նման գործելաոճի մեջ։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ հարց է բարձրացնում՝ ասելով, որ պատերազմի ժամանակ մեկ զրահաբաճկոն է գնվել 600 դոլարով, և շեշտում՝ թեև իր իշխանությանը բանակի թալանի մեջ են մեղադրել, բայց չկան քրեական գործեր, ուրեմն՝ չկա կոռուպցիայի հանցադեպ։ Ինչպե՞ս կպատասխանեք։
-Նախկին նախագահի նշած դրվագը վերաբերվում է պատերազմի բերած հանգամանքներով տեղի ունեցած որևէ դեպքի։ Դուք պետք է իմանաք, որ այդ թվում՝ քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է և, վստահ եմ, ունենք այդ պատրաստակամությունը, որ պատերազմի ցանկացած դրվագի մասով ճշմարտությունը բացահայտվի։ Մինչև վերջ մենք գնալու ենք ճշմարտության հետևից։ Դուք նշեցիք մեկ դրվագ, ես կարող եմ դրան ավելացնել տասնյակ և հարյուրավոր ոչ այնքան պարզ դրվագներ, բայց եկեք չմոռանանք՝ պատերազմ է տեղի ունեցել։ Պատերազմը ենթադրում է ընթացիկ կառավարումից անցնել իրավիճակային կառավարման, և որոշումների տրամաբանությունն է փոխվում, երբ սահմանափակ ժամկետում պարտավոր ես որոշում կայացնել, կարող ես սխալվել, կարող ես ճիշտ որոշում կայացնել։ Սթրեսային կառավարման ժամանակ կայացվում են որոշումներ, որոնց, այո՛, հանդարտ պայմաններում պետք է գնահատական լինի դրանց արդյունավետության վերաբերյալ, որպեսզի հաջորդ իշխանությունն իմանա՝ ինչպիսի որոշումներ է պետք կայացնել այդպիսի դրվագներում։
-Հասկանալի է, բայց օբյեկտի՞վ էր Սերժ Սարգսյանին կամ նրա իշխանությանը բանակի թալանի մեջ մեղադրելը, թե՞ ոչ։
-Բանակի թալանելու վերաբերյալ մեղադրանքները հնչել են քաղաքական մակարդակում։ Ես էլ եղել եմ քաղաքական պաշտոնյա՝ Ազգային ժողովի պատգամավոր, և այդ մեղադրանքների հետ հարյուր տոկոսով համաձայն եմ՝ զուտ միայն տեսնելով այսօրվա վիճակը, զուտ միայն տեսնելով իրենց հայտարարությունը և իրականությունը։ Այո՛, ես պնդում եմ, որ բանակը 30 տարի շարունակ ոչ միայն թերֆինանսավորվել է, այլ նաև պետական բյուջեից հատկացված միջոցների իրական մասը գրպանվել է։ Տոկոս չեմ նշի, բայց դրա գնահատականն էլ ապագայում կտամ։
-Սերժ Սարգսյանը հարց է տալիս՝ ո՞ւր են քրեական գործերն այդ դեպքում։
-Շատ-շատ կարևոր հարց է, եթե տվյալ անձը նախկինում Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն պաշտոն զբաղեցրած չլիներ, ես այլ կերպ կբնութագրեի այդ արտահայտությունները, բայց ավելի ցածր ռանգի մարդիկ էլ են այդպիսի հայտարարություններ անում, և ես դա համարում եմ ամբարտավանություն։ Ուղղակի չուզեցի այդ բառն օգտագործել՝ ՀՀ-ում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի վերաբերյալ։ Դա ամբարտավան պահվածք է։ Մեկ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնեմ՝ այդ մարդկանց ես առաջարկում եմ արդարադատության վրա հասնելու ժամանակի երկարաձգվելը չշփոթել անպատժելի մնալու հետ։ Պատասխանատվությունը մեկ օր վրա հասնում է՝ մեր կամքից էլ անկախ։ Այսինքն՝ մեկ օր բոլորն իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկվելու են։ Այսօր արդարադատության նկատմամբ ոտնձգում են հենց նրանք, ովքեր արդարադատության թիվ մեկ շահառուն են։
Ես իրենց բոլորին հիշեցնում եմ, որ արդարադատությունն արդարության հասնելու այն ճանապարհն է, որն ապահովում է նրանց պաշտպանվելու իրավունքը։ Եթե հանկարծ արդարադատությունը ձախողի արդարության հասնելու ճանապարհին, ՀՀ-ի ժողովուրդը մի օր էլ մի ուրիշ հեղափոխություն կանի և կորոշի, որ վերջնական նպատակը ոչ թե արդարադատության միջոցով արդարության հասնելն է, այլ կարող է որոշել՝ արդարության է հասնում ամեն գնով։ Եվ դա, ես հավաստիացնում եմ, կործանարար կլինի քիչ թվով՝ 30-40 մարդու համար, և հենց այդ 30-40 մարդն են, որ այս պահին ոտնձգություն են իրականացնում, այդպիսի հայտարարություններով ձեռք են առնում արդարադատության համակարգը։
-Դուք նաև ՔՊ-ի հիմնադիր-անդամ եք, ավելի քաղաքական խնդիրներին գալով․ նախագահն արդեն նշանակեց ընտրությունների օր՝ հունիսի 20։ Ո՞վ է «Քաղաքացիական պայմանագրի» մրցակիցն այս ընտրապայքարում։
-Մանավանդ նախընտրական շրջանում ես չէի ուզենա որևէ առավելություն տալ որևէ կուսակցության կամ որևէ մեկի շանսերը նվազեցնել։ Այսպես ասեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար բոլոր այն կուսակցությունները, որոնք հայտ կներկայացնեն ընտրություններին մասնակցելու, կլինեն մրցակիցներ՝ իհարկե, նրանց մեջ կան տարբեր ռեսուրսներ տնօրինողներ, բայց ես չեմ ուզի որևէ կերպ նրանցից որևէ մեկին առանձնացնել։
– Օրինակ՝ Քոչարյանը, իր պնդմամբ՝ ձեր իշխանության հետհաշվարկը տվեց, մնացել է 40 օր։ Նա ձեր իշխանությանը համեմատեց ավտոմեքենայի վարորդի հետ, որը չգիտի քշել, և նույնիսկ չգիտի՝ որ կողմ քշել։ Նա ձեր հիմնական մրցակիցներից կարո՞ղ է համարվել։
–Ես չէի ուզենա որևէ մեկին առանձնացնել և, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը և ասենք՝ «Մգեր Արմենիան» հավասարապես մրցակիցներ են՝ իրենց քաղաքական ուժերով։ Ինչ վերաբերում է ժամանակի հետհաշվարկին, ես դրան որևէ վերաբերմունք չունեմ, դուք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներդ, կարող եք 41-րդ օրն իրենից հարցազրույցներ վերցնել՝ էնքան մարդիկ ինչքան տարբեր բաներ են ասել։ Այդ մարդկանց ճանաչելով էլ, մենք չգիտե՞նք իրենց խոսքի արժեքը։ Թող սա իրեն հուշում լինի, որ հիմիկվանից արդարացումները գրի, թե ինչ տեղի ունեցավ և ինչպես է պատասխանելու լրագրողների հարցերին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան