Սպիտակի ԲԿ-ից ահազանգում են՝ պայմանագիր չունեն, վճարվում են պահումներով․ ԲԿ տնօրենը հերքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Սպիտակի բժշկական կենտրոնը հունիսի սկզբից կորոնավիրուսով հիվանդների է սպասարկում։ Բուժհաստատությունը վերապրոֆիլավորելու՝ Կառավարության որոշումը, սակայն, ըստ Factor.am-ին հասած տեղեկությունների, բուժանձնակազմի շրջանում դժգոհություն է առաջացրել։

Մեզ հետ զրույցում ԲԿ բուժաշխատողներից մեկը, գաղտնի մնալու պայմանով, ներկայացրեց իրենց անհանգստացնող խնդիրները:

«Հունիսի 9-ից հիվանդանոցը COVID դարձավ: Իհարկե, ոչ մեկ համաձայն չէր՝ ո՛չ աշխատողները, ո՛չ բնակիչները, բայց, չգիտենք ինչի, դարձավ՝ առանց որևէ մեկի միտքը (խմբ․- կարծիքը) հարցնելու: Մարդիկ կային, որ ցանկություն չունեին աշխատելու։ Նրանց ուղարկեցին պարապուրդի, և մարզպետարանը տեղեկացրել էր, որ պետք է վճարեն լրիվ աշխատավարձը»,- նշեց մեզ դիմած բուժաշխատողը։

Հարցի առնչությամբ Factor.am-ը կապ հաստատեց Սպիտակի ԲԿ տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ։ Նա մեզ վստահեցրեց, որ COVID կենտրոն դառնալուց առաջ իրենց մոտ ոչ թե դժգոհություն, այլ առողջ քննարկում է եղել։ Նաև հայտնեց, որ հարկադիր պարապուրդի 20 աշխատողի են ուղարկել, այն էլ՝ այլընտրանքային աշխատանք առաջարկելուց հետո։

«Հարկադիր պարապուրդի գնացել են այն մարդիկ, ովքեր ունեցել են խրոնիկ հիվանդություններ, առողջական պրոբլեմներ և ում հակացուցված է եղել այդ աշխատանքով զբաղվել։ Մարզպետարանն օրենքի սահմաններում է գործել, արվել է այն, ինչ օրենքով սահմանված է, այսինքն՝ ովքեր չեն աշխատել, ում հարկադիր պարապուրդը եղել է հիմնավոր, բոլորը ստացել են հարկադիր պարապուրդ, այսինքն՝ աշխատավարձի 2/3-րդը, ըստ Աշխատանքային օրենսգրքի 186-րդ կետի»,- նշեց ԲԿ տնօրենը։

Մեզ դիմած բուժաշխատողն էլ նշեց, որ ԲԿ-ի վերապրոֆիլավորումից հետո թեպետ իրենց աշխատավարձը բարձրացել է, հասկանալի չէ՝ ամեն ամիս վճարվող գումարը որտեղ է ամրագրված։ Ասաց՝ վերապրոֆիլավորումից հետո աշխատանքային պայմանագիր չեն կնքել։

Բուժկենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, անդրադառնալով հարցին, նշեց․ «Համաձայնագրեր են վերցվել, ստորագրվել են՝ 2 օրինակից, մեկը մեզ մոտ է պահվել, մյուսը տրվել է աշխատակիցներին։ Այն մարդիկ, որ մտնում են, աշխատում են հատուկ վտանգավոր գոտում, պետք է իրենց համաձայնությունը տան, որ այո՛, համաձայն են աշխատել»։

Վարդուհի Սիսակյանը մեզ տեղեկացրեց նաև, որ պայմանագրեր չեն կնքվել միայն այն բուժաշխատողների հետ, ովքեր իրենց մոտ փորձաշրջան են անցել, սակայն աշխատանքի ընթացքում հակահամաճարակային կանոնների կոպիտ խախտումներ են թույլ տվել․ «Աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր աշխատողի հետ։ Աշխատանքային պայմանագրերը առկա են, ու բոլորը ստորագրված դրված են, թյուր ինֆորմացիա է։ Նախօրոք բոլորին ծանուցում է գնացել, իրենց համաձայնությունը տրվել է, դա առկա է մեր կադրերում»։

Մեզ դիմած բուժաշխատողը հայտնել էր նաև, որ Սպիտակի ԲԿ-ն COVID կենտրոն դարձնելուց հետո տեղի բնակիչներն անգամ ամենաչնչին ամբուլատոր հարցերի դեպքում ստիպված են լինում Վանաձոր հասնել, ինչն էլ լուրջ ռիսկեր է պարունակում։

«Ծննդատունն էլ է փակ, վիրաբուժականն էլ, թերապիան էլ։ Միայն աշխատում է սովորական շտապօգնությունն ու ամբուլատոր ընդունարանը»,- նշեց նա։

Սպիտակի ծննդատան ղեկավար Արամ Ազիզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծննդատունը վերապրոֆիլավորված COVID կենտրոնի մեծ մասն է կազմում․ «Մոտ 60 տոկոսը մահճակալների ֆոնդի ապահովել է ծննդատունը, մոտ 40 տոկոսը՝ վիրաբուժական բաժանմունքը։ Շինությունը մեկն է։ Եթե շինությունը բաղկացած լիներ տարբեր մասնաշենքերից, այդ ամեն ինչը կարելի էր պահպանել։ Մեզ մոտ, քանի որ ամեն ինչ մի շենքում է գտնվել, չվտանգելու համար մնացած հիվանդների առողզջությունը, որոշվել է, որ ամբողջուըթյամբ ծավալվի COVID կենտրոն»,- ասաց նա։

ԲԿ տնօրեն Վարդուհի Սիսակյանը մեզ հետ զրույցում հարցը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Այս ընթացքում ոչ մի նման խնդիր չենք ունեցել։ Վերապրոֆիլավորվել է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Վթար է եղել, օրինակ, ընդամենը մի քանի ժամ առաջ, և շտապօգնության մեքենան օգնություն է ցուցաբերել, 15 րոպեում հասել են Վանաձորի բժշկական կենտրոն»։

Մեկ այլ խնդիր, որի մասին Սպիտակի ԲԿ աշխատակիցը մեզ պատմեց, աշխատավարձերի մշտական պահումներն են։ Ըստ բուժաշխատողի՝ նախկին տնօրենի օրոք էլ ամեն ամիս նախատեսվածից քիչ աշխատավարձ են ստացել։ Սպիտակի ԲԿ-ի տնօրենը, սակայն, հերքեց սա։ Ասաց՝ անհասկանալի է, թե ինչու են նման տեղեկություններ տարածվում։

«Դա քարտային մեխանիզմ է, հատուկ արվում է՝ փոխանցումներով, քարտերի վրա է փոխանցվում։ Կարող եք գալ, հստակ նայել։ Նույնիսկ արձակուրդայինները մենք առձեռն չենք տալիս, փոխանցում ենք իրենց քարտերին»,- ասաց Սիսակյանը։

Հավելենք՝ Սպիտակի ԲԿ-ից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ այժմ կորոնավիրուսով հիվանդ 75 քաղաքացի է բուժում ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան