Ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի վերականգնման և ամրապնդման ջանքերը. Աննա Նաղդալյանի հարցազրույցը՝ «Lenta.Ru»-ին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հարցազրույցը «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին

–Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։

–Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ վաղուց կիրառվող մարտավարությունն է: Տարիներ շարունակ մենք առերեսվել ենք դրան, մենք դրան ականատես ենք եղել 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի պաշտպանության բանակի ուժերի հետ շփման գծում:

Ե՛վ 2016 թ. ապրիլին, և՛ 2020թ. հուլիսին ադրբեջանական բանակի գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Մենք բազմիցս ասել ենք, որ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու։ Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը:

-Մինչև մարտական գործողությունների սկսվելը Հայաստանը ունեցե՞լ է տեղեկություններ նախապատրաստվող հարձակման մասին:

– Ձեր հարցն ավելի շատ ուղղված է զինվորականներին, քան դիվանագետներին: Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ Հայաստանի զինված ուժերը մշտապես պատրաստ են հետ մղելու  ցանկացած ոտնձգություն։ Իմ կողմից կարող եմ ընդգծել, որ եղել են քաղաքական նախադրյալներ:

Լարվածության աճին նախորդել են Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափին հասցեագրված հարձակումներ և մեղադրանքներ: Ավելին, վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավարը տարածքային և պատմական «պահանջներ» է ներկայացնում Հայաստանին:

Մասնավորապես, խոսքը մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրի շրջանի մասին է: Իր հրապարակային հայտարարություններում և ելույթներում նա նորից դիմեց ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությանը՝ վստահեցնելով իր երկրի բնակչությանն առ այն, որ Ադրբեջանն ի զորու է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  ռազմական ճանապարհով։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի, Ադրբեջանը ենթադրեց, որ ունի բավարար կարողություն իր հայտնի մտադրությունները կյանքի կոչելու համար, մասնավորապես՝ ի ցույց դնելու Ադրբեջանի զինված ուժերի ձգտումն ու կարողությունները՝ իրենց կամքը պարտադրելու Հայաստանին և Արցախին:

–Ո՞րն է հակառակորդի ենթադրյալ նպատակը։

–Այս մասին ավելի լավ է հարցնել Ադրբեջանի ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս լարվածության աճն ամբողջովին նրանց գործողությունների արդյունքն է: Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչի էին ցանկանում հասնել Բաքվում՝ սահմանին բախումներ հրահրելով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավոր համարեց ցուցադրել Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայությունը, սակայն մեծապես գերագնահատեց սեփական ներուժը: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ավանդաբար օգտագործում է Հայաստանի հետ սահմանին անկայունության գործոնը՝ որպես ներքաղաքական գործիք. Ադրբեջանի ղեկավարության զինանոցում առկա հայատյացության քարոզչությունը հարմար գործիք է ծառայում ադրբեջանական իշխանությունների ձեռքում հասարակությանը համախմբելու համար:

Մարտական գործողությունները թույլ են տալիս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչպիսիք են իշխանության բռնապետական ​​բնույթը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միջազգային գործընկերների արձագանքը: Ոմանք նշում են, որ այն առնվազն թույլ էր:

–Միջազգային հանրության կողմից ինչպես պետությունների, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով անհապաղ և միանշանակ արձագանք տրվեց վերջին օրերի իրադարձություններին: Վերջիններս միաձայն կոչ արեցին դադարեցնել մարտական գործողությունները: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերների հստակ և անզիջում դիրքորոշումը, ովքեր հանդես են եկել ռազմական արկածախնդրության անընդունելիության դիրքերից: Այնուամենայնիվ, առանձին երկրներ հանդես են եկել, առնվազն, ապակառուցողական հռետորաբանությամբ: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ միայն անվերապահ աջակցեց Ադրբեջանին, այլև առաջ քաշեց անթաքույց նկրտումներ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, որոնք Թուրքիայի նախագահը և նրա աջակիցները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

Անընդունելի ենք համարում տարածաշրջանային նման բարդ իրադրությունում Ադրբեջանի ագրեսիվ և հրահրող պահվածքի` ուղղակի կամ անուղղակի խրախուսմամբ հանդես գալը և ափսոսանք ենք հայտնում հնչած նման բնույթի  հայտարարությունների առնչությամբ։

Անչափ կարևոր է, որ երրորդ երկրները ձեռնպահ մնան այն քաղաքականությունից, որը հրահրում է անկայունություն, կամ ինչ-որ ձևով արտահայտում է աջակցություն Ադրբեջանին՝ ցեղային ընդհանրությունների հիման վրա, կամ սնում վերջինիս՝ ռազմական ձևով խնդրի կարգավորման պատրանքները:

-Բաքուն պաշտոնապես սպառնացել է հարձակվել Հայկական ատոմային էլէկտրակայանի վրա: Որքա՞ն լուրջ է Երևանը վերաբերում նմանատիպ սպառնալիքին և ինչո՞վ կարող է պատասխանել:

–Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Տվյալ սպառնալիքն ուղղված է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, ներառյալ` Ադրբեջանի բնակչություն դեմ։ Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում։

Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ սպառնալիքը ոչ միայն մատնացույց է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը, այլ նաև ընդգծում է միջազգային հանրության այդ անդամի առողջ դատողության և պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությունը։

-Հատկանշական է, որ իրադրության այս նոր էսկալացիան տեղի չի ունեցել Արցախի տարածքում: Արդյոք պետք է այս գործողությունները պայմանավորել հակամարտությամբ:

–Վերջին օրերի իրադարձությունները, իհարկե, անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախի Հանրապետության դեմ սադրանքի համատեքստում: Ինչպես արդեն վերը նշեցի, ռազմական արկածախնդրությունը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բաքվի տարածաշրջանային քաղաքականության վարման հիմնական մեթոդը: Մեր տեսանկյունից, միջպետական սահմանին սադրանքը և ՀՀ տարածքում գտնվող պաշտպանական հենակետի գրավման փորձը սպառնալիք են` ուղղված մեր ազգային անվտանգության դեմ: Նմանօրինակ գործողությունները պետք է կանխվեն ՀՀ զինանոցում առկա բոլոր միջոցներով:

-Որո՞նք են իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները. ռազմական գործողությունների, թե, ասենք, հայկական առաջխաղացում՝ անվտանգության գոտու ձևավորման համար։

–Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք պնդել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում: Առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը։ Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից։

Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաև հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին:

Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը: