Հոսպիտալացման սպասող հիվանդներն ու չօգտագործվող ԲԿ-ների ռեսուրսները․ ի՞նչ սկզբունքով է ԱՆ-ն ընտրում COVID կենտրոնները

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

Կորոնավիրուսի պայմաններում դժոխքի միջով ենք քայլում․ օրեր առաջ երկրում տիրող իրավիճակն այսպես ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ եղել են վարակված քաղաքացիներ, որոնք մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալու և վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։

«Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- օրեր առաջ նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Երկու օր առաջ էլ վարչապետը հայտնեց՝ մոտակա օրերին կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան նաև մարզային մի քանի բուժհաստատություններ՝ Սպիտակի, Մարտունու, Վեդիի և Դիլիջանի ԲԿ-ները։

Վարչապետի խոստման հետքերով` Factor.am-ը կապ հաստատեց վերոնշյալ բուժհաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու, թե ինչ փուլում են աշխատանքները։

Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը նշեց․ թեպետ իրենց բժշկական կենտրոնը 33 տարվա պատմություն ունի, ամենամյա վերանորոգումների արդյունքում լավ է պահպանվել և այժմ հեշտությամբ է վերապրոֆիլավորվում։ Կորոնավիրուսով հիվանդների համար այստեղ 100 մահճակալ է առանձնացվելու։

«Շատ ակտիվ վերապրոֆիլավորման ընթացք է և՛ մարզպետարանի կողմից, և՛ նախարարության կողմից՝ COVID-ի վերապրոֆիլավորման բոլոր պահանջներով։ Թթվածնային հագեցվածությունն ենք ապահովում, տաք ջրի հարցն ենք լուծում»,- նշեց ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը։

Նրա տեղեկացմամբ՝ մինչ այս իրենց բժշկական կենտրոնում կորոնավիրուսով հիվանդներ արդեն 1 ամսից ավելի է՝ ընդունում էին, սակայն միայն նմուշառման նպատակով։ Ասաց՝ COVID կենտրոն դառնալու համար իրենց դեռ ժամանակ է պետք․ «Դեղորայքն արդեն ապահովված է, արտահագուստն ապահովված է, մնում է թթվածնի մոնտաժման հետ կապված աշխատանքները։ Հուսով եմ, որ այս շաբաթվա վերջում կկարգավորվեն այդ մոնտաժման աշխատանքները»։

Մարտունու ԲԿ-ն, ի տարբերություն Սպիտակի, կորոնավիրուսի համար մասամբ է վերապրոֆիլավորվելու։ 24 հազար քմ տարածքով ԲԿ-ի միայն 500 քմ-ն է կորոնավիրուսի դեմ պայքարին նվիրվելու։ Այստեղ 35-40 մահճակալ է առանձնացվելու։ ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց․ շինարարական մասը խոստանում են 3 օրից ավարտել, իսկ արդեն տեխնիկական հագեցվածության մասով նախարարությունը պետք է աջակցի։ «Շինարարական աշխատանքները 3 օրում պետք է ավարտենք։ Արդեն 1 օրն անցել է, աշխատում ենք, որ մեր ասած ժամկետում հասցնենք»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը։ Մեր հարցին, թե արդյոք նշված ժամկետի ավարտից հետո կկարողանան հիվանդների ընդունել, բուժհաստատության ղեկավարն ասաց․ «Դե, ընդունելը չէ, բայց գոնե շինարարությունը կավարտենք, հագեցնելու պահը կգնա, նախարարը կորոշի արդեն։ Թե ինչ ժամանակում՝ չգիտենք, դե թթվածնային սարքավորումների հարց կա, մենք շինարարությունն ենք անում, մնացածով նախարարությունն է զբաղվում»։

Նախարարության կողմից նաև բուժանձնակազմի վերապատրաստում է իրականացվում, ինչը դեռ ընթացքի մեջ է։

Դիլիջանի ԲԿ-ն, որն ըստ վարչապետի հունիսի 8-ի գրառման, 2-3 օրից պետք է պատրաստ լիներ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու, պարզվում է, դեռ քննարկումների փուլում է։ ԲԿ-ի փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց․ իրենք վերանորոգման կարիք չունեն, միայն սպասում են, որ նախարարությունից տեխնիկական հագեցվածության հարցերը կարգավորեն։ Հարցին, թե արդյոք իսկապես 2-3-օրյա ժամկետում բուժհաստատությունը պատրաստ կլինի կորոնավիրուսով հիվանդների ընդունել, Մկրտումյանը վստահեցրեց՝ այո։

Վեդիի ԲԿ-ում, որտեղ, կորոնավիրուսի վարակակիրների համար 100 մահճակալ է առանձնացվելու, վերապրոֆիլավորման աշխատանքները մինչև շաբաթվա վերջ են տևելու։ «Մինչև 2-3 օր, 4 օր մաքսիմում ու արդեն ամբողջ հիվանդանոցը հագեցված կլինի։ Եվ ամբողջ ծավալով կկարողանանք շխատել։ Հնարավորինս բաժանմունքները հարմարեցվել են նախապես, խնդիր ունենք թթվածնի կետի հետ, որ հանրապետությունում չկա, ճանապարհին է, նախարարությունը պատվիրել է»,- նշեց ԲԿ տնօրեն Արամ Գրիգորյանը։

Կորոնավիրուսը Հայաստանում է մարտի 1-ից։ Չորս ամից անց, սակայն, հանրապետությունում ընդամենը 9 բուժհաստատություն է իրականացնում կորոնավիրուսով հիվանդների բուժումը։

Պարզվում է՝ կան նաև բուժհաստատություններ, որոնք վաղուց են պատրաստ կորոնավիրուսով հիվանդների ընդունել։ Օրինակ՝«Նաիրի» ԲԿ-ում դեռ մարտից մահճակալային ֆոնդի 10%-ը կորոնավիրուսով հիվանդների համար է առանձնացվել, թեպետ այդպիսի հիվանդների սպասարկելու հրաման ԱՆ-ից չէին ստացել։

«Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում նշեց․ «Մենք նախապատրաստվում էինք, որովհետև հասկանում էինք, որ համավարակը բավականին ծանր է։ Նախապատրաստեցինք նյութատեխնիկական բազան, առանձնացրինք պալատներ։ Հետո մենք ստացանք հրաման՝ ԱՆ կողմից, որ մոտավորապես 10% մահճակալային ֆոնդը պատրաստ լինենք տրամադրել COVID-ով հիվանդներին»։ ԲԿ գործադիր տնօրենն ասում է․ արդեն մայիսին ԱՆ-ից հանձնաժողով է եկել, ստուգումներ իրականացրել, գոհ մնացել։ ԲԿ-ից վստահեցնում են․ եթե նախարարությունը որոշի, որ COVID կենտրոն պետք է դառնան, իրենք պատրաստ են. «Հիմա էլ ենք պատրաստ, ամեն ինչ ունենք։ Մենք արհեստական շնչառության սարքեր էլ ունենք, ազատ մահճակալներ էլ ունենք»։ Բուժհաստատության գործադիր տնօրենի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ըստ ԱՆ հրամանի, 7 մահճակալ է պետք, մինչդեռ իրենք 10-ն են առանձնացրել, որից 4-ը վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ Անատոլի Գնունու՝ եթե կարիք լինի, ևս 2 ռեանիմացիոն մահճակալ կավելացնեն։

Իսկ թե ինչու վերապրոֆիլավորման պատրաստ բուժհաստատությունը ԱՆ-ից համապատասխան հրաման մինչ օրս չի ստացել, փորձեցինք ճշտել գերատեսչութունից։ ԱՆ խոսնակը մեզ հետ զրույցում պարզաբանեց․ «Մենք գույքագրում արել ենք, բայց, ուզում եմ անպայման ֆիքսել այս պահը, ու սա միայն «Նաիրի» ԲԿ-ին չի վերաբերվում, այլ նաև ընդհանուր․ մեզ հարկավոր են հիվանդանոցներ, որոնք կարողանան սպասարկել նաև այլ հիվանդների։ Որովհետև մենք չպիտի մոռանանք, որ կորոնավիրուսային հիվանդությունից բացի, մենք ունենք այլ հիվանդություններով մարդիկ, որոնց պետք է սպասարկեն բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները, ու այդ մարդիկ այդտեղ մտնելով չեն վտանգվի»։

Կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու պատրաստ, սակայն, կրկին ԱՆ հրամանին սպասող բուժհաստատություններից է նաև Մուրացանի, Միքայելյանի և Հերացու անվան համալսարանական հիվանդանոցների եռյակը։ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու բարձրաձայնումից հետո, թե մարտից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի՝ բուժանձնակազմով ու համապատասխան բժշկական սարքավորումներով հագեցած COVID-բաժանմունքն այդպես էլ Արսեն Թորոսյանի ուշադրությանը չի արժանացել, Առողջապահության նախարարությունից արձագանքեցին՝ դա «պոդնոժկա» է։

Հեռահար բանավեճից մեկ օր անց, սակայն, առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հայտարարեց, թե նախարարությունում նոր են տեղեկանում, որ ԵՊԲՀ-ն, բացի մեկուսարանից, որտեղից գրեթե ամեն օր, նախարարության իմացությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքեր են հոսպիտալացվել, ևս մեկ Covid տարածք ունի։ Փոխնախարարի խոսքով՝ տեղեկանալուն պես առաջարկել են այդ տարածքը ևս օգտագործել, այս անգամ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերին բուժելու նպատակով։ Առողջապահության փոխնախարարը նաև հեգնել է․ գուցե հետագայում էլ պարզվի, թե համալսարանի լսարաններից մեկն էլ է COVID-տարածք եղել, որի մասին իրենք տեղյակ չեն եղել։

Ո՞վ է մեղավոր, որ նախարարությունը տեղյակ չի եղել։

Համալսարական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը, մեզ հետ զրույցում նշեց՝ իրենց կողմից կենտրոնի հագեցվածության վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս մարտի 30-ին է ուղարկվել պարետատուն։ «Մարտի 25-ից պատրաստ է մեկուսարանը։ Պատրաստ լինելու պես՝ մեր լիազոր մարմինը տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությանը, թե համալսարանը ինչ գործողություններ է արել COVID-ի հետ կապված։ Նաև այդ գրության մեջ առկա է եղել համալսարանական 3 հիվանդանոցի հզորության մասին տեղեկատվություն։ Ուղարկել ենք նախարարություն, այնտեղից ստացել ենք համապատասխան գրությամբ պատասխան, որ մեր գրությունը մարտի 30-ի դրությամբ ուղարկվել է պարետատուն»,- ասաց Շուշան Դանիելյանը։ Պարետատնից, սակայն, մինչ օրս արձագանք չեն ստացել․ ասում է Շուշան Դանիելյանը։ Միայն ֆեյսբուքյան բուռն քննարկումներից հետո է փոխնախարարն իրենց այցելել, այն էլ՝ համալսարանական մեկ այլ՝ Միքայելյան հիվանդանոցի՝ COVID կենտրոն դառնալու հարցով։

Այժմ արդեն 3 համալսարանական հիվանդանոցի COVID մեկուսարաններն էլ օգտագործվում են։ Այնտեղ, ընդհանուր թվով, 65 մահճակալ է առանձնացված․ 25-ը՝ մանկական, 40-ը՝ մեծահասակների համար։

Եվ մինչ նախարարության կողմից ռեսուրսներ են ներդրվում տարբեր ԲԿ-ների շենքային պայմանների բարելավման կամ մոդուլային հիվանդանոցների կառուցման համար, մայրաքաղաքում կան կենտրոններ, որոնք ունենալով համապատասխան հագեցվածություն, ասօր չեն գործում։ Խոսքն, օրինակ, Շենգավիթ համայնքում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնի մասին է, որը չի գործում դեռ 2017-ից։ Նախկին 6-րդ հիվանդանոցի հենքի վրա ստեղծված ԲԿ-ն հիվանդների առաջ դռները փակել է գրող Զորի Բալայանի որդի Հայկ Բալայանի և ԲԿ-ի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանի տարաձայնության պատճառով։ Արդյոք նախարարությունը դիտարկել է այս կենտրոնը ևս կորոնավիրուսով հիվանդների սպասարկմանը ծառայեցնելու տարբերակը։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը թեմայի առնչությամբ մեզ տեղեկացրեց․ «Ճիշտն ասած՝ կոնկրետ այդ հաստատության հետ կապված տեղեկություն չունեմ՝ դիտարկել է, թե՝ ոչ։ Բայց պետք է նաև ֆիքսենք, որ երբ ասում ենք ԲԿ, միայն մահճակալներն ու անձնակազմը բավարար չեն։ Պետք է լինեն անհրաժեշտ սարքավորումներ, վերակենդանացման բաժանմունք։ Այդ ամենը հաշվի առնելով են ընտրվում ԲԿ-ները, որոնք կարող եմ սպասարկել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին»։

Հավելենք, որ հունիսի 9-ի տվյալներով՝ հանրապետությունում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 8․933 է։ Այս հիվանդներին նախարարի որոշմամբ սպասարկելու հնարավորություն է տրվել 9 բուժհաստատության։ Դրանք են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, «Սբ Աստվածամայր» ծննդատունը, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցներն ու Արտաշատի ԲԿ-ն։

Նելլի Մելքոնյան