Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին Արցախի ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել ողջույնի խոսքով

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք

 

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության գրեթե 24-ամյա պատմության մեջ այսօրվա նիստը հատուկ է իր օրակարգով, իր նշանակությամբ, համահայկական կարևորության հարցերում համատեղ դիրքորոշմամբ հանդես գալու և համակարգված քաղաքականություն առաջ մղելու գործնական դրսևորմամբ: Մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում մենք քննարկել ենք 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի հայ բնակչության ջարդերի վերաբերյալ քննարկումների կազմակերպման ձևաչափը: Կարծում եմ, այս առումով, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը արդյունավետ հարթակ է այդ իրադարձությունները տարբեր դիտանկյուններից ներկայացնելու և երկու խորհրդարանների դիրքորոշումները համադրելու համար:

Ուստի Արցախի Հանրապետության խորհրդարանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Արարատ Միրզոյանին և խորհրդարանի մեր բոլոր գործընկերներին այս կարևոր օրակարգով երկու օրենսդիր մարմինների համատեղ նիստը կազմակերպելու համար:

Հարգելի ներկաներ,

Մեր ժողովրդի պատմության մեջ որքան նշանակալի են փառահեղ հաղթանակները, նույնչափ կարևոր են հիշատակի և ոգեկոչման արժանի էջերը: Դա մեր պատմության անբաժանելի մասն է, որ գուցե հաճախ հետևանք է եղել մեր անկեղծ դրացիության, հարևանի հանդեպ լիակատար վստահության և մարդասիրության: 30-ամյա հեռավորությունից կատարված ոճիրի անցքերը ուսումնասիրելիս՝ մի պարզ և մարդկային հարց է առաջանում. ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել: Եվ պատասխանը մեկն է. ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը:

Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թվականի հունվարին Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ  Բաքվի հայությունը իրենց բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների և ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, իսկ հազարավորները՝ տեղահանվել և արտաքսվել: Այն, որ տեղի ունեցածը ամեն կերպ կոծկվելու էր հարևան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց ամենասկզբից: Այդ գործողությունները մաս էին կազմում 1988 թվականին ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որ դրսևորվել է 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990 թվականին՝ Բաքվում:

Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքները այլ ուղղությամբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով: Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում: Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղորդված և պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք:

Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու համառ ջանքերի ֆոնին միևնույն ժամանակ խլացվում են հայերի և այլ ազգերի ժառանգություն հանդիսացող մշակութային կոթողները: Պատահական չէ, որ 1990թ-ի հունվարյան ողբերգական օրերի զոհերն էին ոչ միայն հարյուր հազարավոր հայեր, այլև Բաքվում գործող հայկական մշակութային արժեքները, որոնցից Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրդեհվել է Բաքվի ջարդերից ընդամենը օրեր առաջ, իսկ հազարավոր խաչքարեր ու հայկական գերեզմաններ ուղղակի ոչնչացվել են:

Հարգելի գործընկերներ

20-րդ դարավերջին տեղի ունեցած ոճիրը, թեպետ արձանագրվել և դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած ու սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայրենիքի հետ միասին, իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանը ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը:

Ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մենք վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Վստահ եմ, որ համատեղ նիստի ընթացքում մեզ հաջողվելու է անդրադառնալ ոչ միայն 1990 թվականի հունվարյան ջարդերի բոլոր հանգամանքներին, այլև լսել այն մարդկանց, ովքեր վերապրել են այդ դաժան օրերը և մինչ օրս սպասում են արդարության վերականգնմանն ու հանցագործներին պատժելուն:

Խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ այսօրվա նիստի աշխատանքներին մաղթում եմ արդյունավետ ընթացք:

Շնորհակալություն