ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.12.2019 | 11:19Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակել էր ՀՀ կառավարությունը:
Վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և նկատեց, որ իրենք կողմ չեն քվեարկելու նախագծին։ Նախագծին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 3։
Հիշեցնենք, որ օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։