Հայաստանը միանգամայն թափանցիկ է ռուսաստանցի գործընկերների համար. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը՝ խոսելով այցի նպատակի, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության, ՌԴ նախագահի հետ առաջիկա հանդիպումների, ԵՏՄ-ի զարգացման ու այլ հարցերի շուրջ: Հարցազրույցն ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում որոշակի կրճատումներով:

 

– Սա Ձեր երկրորդ այցն է ԵՄ, առաջինը 2018թ. հուլիսին էր: Ո՞րն է այցի նպատակը, ի՞նչ եք պատրաստվում քննարկել Բրյուսելում:

– Այս այցը հստակ նպատակ ունի. մենք պատրաստվում ենք ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը: Եվ ես ուզում եմ ընդգծել մեկ կարևոր մանրուք. այս գործընթացում մենք միանգամայն թափանցիկ ենք մեր ռուսաստանցի գործընկերների համար: Եվ, որ շատ կարևոր է, Եվրամիությունը ոչ մի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր կամ պայմաններ այս գործընթացում չի առաջադրում: Այս համագործակցությունը վերաբերում է միայն Հայաստանում ներքին ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ անցյալ տարի երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Բարեփոխումների այս օրակարգը մեզ համար շատ կարևոր է:

– Վարչապետի պաշտոնում մի քանի անգամ հանդիպել եք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նոր հանդիպումներ ծրագրվա՞ծ են:

– Իհարկե՝ այո: Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում: Բացի այդ, հույս ունեմ, այս տարի տեղի կունենա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան և իմ այցը՝ Մոսկվա:

– Արդեն հայտնի՞ է՝ երբ:

– Ո՛չ: Մենք հիմա քննարկում ենք ժամկետները: Բացի այդ, հանդիպումներ են նախատեսվում ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլ նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ապրիլի 29-ին Երևանում կգումարվի ԵՏՄ միջկառավարական խորհուրդը, և բոլոր վարչապետները, այդ թվում՝ Դմիտրի Մեդվեդևը, կժամանեն Երևան:

– Ներկայում ո՞րն է հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգը:

– Գիտեք, որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Եվ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանում հանրության բոլոր շերտերը ճիշտ հասկանան դրա էությունն ու պատճառները, որովհետև, ցավոք, Ռուսաստանում բազմաթիվ փորձագիտական շրջանակներ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը ներկայացնել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների շարքում: Բայց մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր ռուսաստանցի ընկերներն ու գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի և ոչ մի արտասահմանյան ուժ ներգրավված չի եղել այդ գործընթացում: Դա ազգային արժանապատվության և իմ անձնական արժանապատվության հարցն է: Մեկնաբանությունը, թե ինչ-որ մեկը հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակներով, վիրավորական է մեզ համար: Հայաստանն անկախ երկիր է, անկախ ազգ՝ արժանապատվության բարձր զգացումով: Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է հուսալի գործընկեր լինել: Եվ մենք հուսալի գործընկեր կլինենք բոլորի համար, ում ինքներս հուսալի գործընկեր ենք համարում, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Իսկ նրանց, ովքեր հուսալի չեն, մենք պետք է գնահատենք՝ արդյո՞ք պետք է նրանց մեր գործընկերը համարենք:

– Ինչպե՞ս են ընթանում ռուսական գազի գնի նվազեցմանն ուղղված բանակցությունները:

– Բանակցություններն ընթանում են, և ես հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև ԵՏՄ-ի համար ընդհանրապես: Չէ՞ որ ԵՏՄ-ի էությունը միասնական տնտեսական տարածք ստեղծելն է: Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, հարկավոր է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր մասնաբաժին ունեն արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքում, հավասար, միմյանց մոտ լինեն: Որովհետև, եթե, օրինակ, էներգակիրների բարձր գնի պատճառով միևնույն արտադրանքի ինքնարժեքը Հայաստանում շատ ավելի բարձր լինի, քան, ասենք, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, դա, ըստ էության, կհարվածի ԵՏՄ-ին: Այդ պատճառով շատ կարևոր է ընդգծել, որ այդ թեման մենք քննարկում ենք ոչ միայն ռուսաստանցի գործընկերների հետ, այլև ԵՏՄ-ում:

– Հայ մասնագետներն արդեն սկսել են ականազերծել սիրիական Հալեպի մերձակայքը: Այս հումանիտար ծրագրի ընդլայնում նախատեսվո՞ւմ է:

– Կարծում եմ՝ նախ հարկավոր է անել այն, ինչի համար մենք գնացել ենք: Շատ կարևոր է, որպեսզի մեր բժիշկներն ակտիվորեն աշխատեն, նրանք արդեն բազմաթիվ վիրահատություններ են արել, շատ մարդկանց են օգնել: Մարդասիրական կողմը մեզ համար շատ կարևոր է, և այն միակն է Հալեպում մեր առաքելության: Ես այս առաքելությունը հաջող կհամարեմ, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչներն օգնել են այն մարդկանց սերունդներին, ովքեր օգնել են Օսմանյան կայսրությունում կոտորածից մազապուրծ հայերին: Մեզ համար սա մարդասիրական-պատմական առաքելություն է, մենք պարզապես ցանկանում ենք մեր պարտքը վերադարձնել սիրիացի բարեկամ, եղբայրական ժողովրդին:

– Ի՞նչն եք համարում վարչապետի պաշտոնում Ձեր գլխավոր գործնական ձեռքբերումը: Ի՞նչ հիմնական խնդիրներ եք դրել ինքներդ ձեր առջև առաջիկայի համար:

– Ես չէի ցանկանա խոսել ձեռքբերումների մասին, որովհետև դրանք մեր ժողովրդինն են, ոչ թե իմ անձնականը: Իմ գլխավոր նպատակն է, որպեսզի իմ պաշտոնավարումն ավելի հաջող լինի մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի համար: Եվ մեր բոլոր արտասահմանյան գործընկերների հետ մեր հարաբերությունների համար: