Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավարին
Քաղաքականություն
05.03.2019 | 23:03Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Առանձնազրույցի ընթացքում դեսպան Արզումանյանը տկն․ Վրանգբերգին հայտնեց, որ սկանդինավյան երկրներում Հայաստանի դեսպանությունները միավորելու որոշման համաձայն՝ տարածաշրջանում Հայաստանը կներկայացվի Ստոկհոլմում տեղակայված ռեզիդենտ դեսպանության կողմից:
Արարողակարգի ղեկավարը հաջողություն մաղթեց դեսպանին պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Այնուհետև զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Շվեդիայի միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: