Հարցուպատասխանի արդյունքում պարզվեց, որ վերջինս ՀՀԿ անդամ է եղել ու անցյալ տարի մայիսին է դուրս եկել կուսակցությունից։
Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարուխանյանն էլ Անդրանիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից կամ նրա հորդորով չի առաջադրվել։ «Սահակ Մինասյանը ժողովրդական լեզվով ասած՝ իմ երեխայի հացը կտրեց։
Խնդրում եմ այդ անունը իմ մոտ մի տվեք։ Նրան ես ճանաչել եմ կրթության վարչության ղեկավար։ Երբ Սահակ Մինասյանը մուտք է գործել այս բուհ, առաջինը ինձ է ժամերից զրկել՝ իմանալով որ իր ախոյանն եմ, կարող եք ստուգել և տեսնել»,-ներկայացրեց Սարգսյանը։
Ռեկտորի թափուր պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածուն՝ Լուսինե Ֆլջյանը նշեց, որ անկուսակցական է և երբևէ որևէ կուսակցության չի անդամակցել։ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, նրան դիմելով, նշեց, որ լուրեր են շրջանառվում առ այն, որ թեկնածուն հայտարարում է, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նախընտրելի թեկնածուն է։
Սոֆյա Հովսեփյանը խնդրեց թեկնածուին հաստատել, կամ հերքել այդ լուրերի իսկությունը։
«Չեմ ճանաչել Արարատ Միրզոյանին, պարոն Հարությունյանին գիտեմ որպես Կրթության և գիտության նախարար և ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև երբևիցե չի եղել նման փորձ՝ մրցույթներով ընտրել համալսարանի ռեկտոր։ Իհարկե, ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ նմանատիպ արտահայտություն անել երկրի կրթության հիմնական պատասխանատուի հասցեին, դա անհեթեթություն է, որը իմ համար զարմանալի է»,- ասաց Լուսինե ֆլջյանը։
Ավելի ուշ այս թեմային իր ելույթում անդրադարձավ ԿԳ փոխնախարար, հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Առաքելյանը։ «Այս ամենը բացահայտ սուտ է և սա շատ մտահոգիչ երևույթ է, որովհետև թեկնածուն, ով հավակնում է դառնալ ՀՀ 2–րդ խոշոր քաղաքի՝ ժամանակին լավագույն բուհերից մեկի ռեկտորը, այդ հավակնորդը, իր զարգացման ծրագիրը գրելուն զուգընթաց, ապավինում է իր կողմից հորինված «դաբրոներին»։
Սա խոսում է ապագա ռեկտորի հեղինակության մասին, կոմպետենտության ու ինքնուրույնության մասին՝ որոշումներ կայացնելու մասով։ Ես վստահեցնում եմ և ուզում եմ, որ որևէ մեկի մոտ մութ հարց չծագի, հատկապես ԿԳ նախարարության, պարոն նախարարի և իմ մասով, որ որևէ մեկը այստեղ ունի կամ ունեցել է կուլիսային պայմանավորվածություններ և տվել այդ «դաբրոները»»,-վստահեցրեց Լուսինե Առաքելյանը։
8 ժամ տևած քննարկումներն ու հարցուպատասխանը ավարտվեցին հաշվիչ հանձնաժողովի ձևավորմամբ ու ռեկտորի ընտրությամբ։
Խորհուրդի 23 անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Անդրանիկ Սարգսյանը ստացավ 8 ձայն, Լուսինե Ֆլջյանը՝ 6, 9 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր։ Արդյունքում՝ համաձայն ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի կանոնակարգի, խորհուրդը ընտրությունը համարեց չկայացած, ռեկտոր չընտրվեց։ Թե երբ կհրավիրվի հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը՝ առայժմ հայտնի չէ։
Էմմա Չոբանյան