Հայ-իրանական հարաբերություններում գոյություն ունի չօգտագործված ներուժ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն իրանական IRNA-ին

Լուրեր

03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել իրանական IRNA գործակալությանը: Հարցազրույցն ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում որոշ կրճատումներով:

 

– Այս տարի լրանում է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու բարեկամ երկրների այժմյան հարաբերությունները:

– Դրական: Ավելին, մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների գոյակցության լավ օրինակ է, ինչը նույնպես տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստող կարևոր գործոն է: Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության մաս են, և մենք հավատարիմ ենք բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ գոյություն ունի չօգտագործված ներուժ, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում: Վստահ եմ, որ տարբեր մակարդակով շփումներն ու երկխոսությունը նույնպես նպաստում են այդ ներուժի լիարժեք իրականացմանն ուղղված քայլերի հստակեցմանը:

– Ո՞ր հարցն է ամենակարևոր Թեհրան Ձեր այցի օրակարգում: Այցի շրջանակում արդյո՞ք երկու երկրների միջև հուշագիր կստորագրվի:

– Հայ-իրանական հարաբերությունները հարուստ և համապարփակ օրակարգ ունեն, և իմ այցի նպատակը դրանք առաջ մղելն է: Քննարկելու ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը:

Ինչ վերաբերում է օրակարգի կարևոր հարցերին, հարկ է նշել, որ մեր հարաբերություններում նոր բաղադրիչ է ավելացել: Խոսքը ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի մասին է: Ինչպես գիտեք՝ այն վավերացման փուլում է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի, և գործնական արդյունքները երկար չեն սպասեցնի:

Ինչ վերաբերում է ստորագրվելիք փաստաթղթերին, ապա ներկայում կողմերն աշխատում են մի շարք փաստաթղթերի ուղղությամբ՝ դրանց նախապատրաստման և այս այցի ընթացքում ստորագրման նպատակով: Միաժամանակ, ուզում եմ նշել, որ հայ-իրանական բազմակողմ հարաբերություններն այսօր կարգավորվում են ավելի քան 180 ստորագրված փաստաթղթերով: Այսինքն՝ համագործակցության զարգացման համար արդեն իսկ հարուստ իրավապայմանագրային բազա կա:

– Կարո՞ղ եք նշել Իրանի և Հայաստանի միջև կապերի հիմնական ոլորտները՝ տնտեսական, մշակութային, արդյունաբերական, քաղաքական և այլն:

– Մեր համագործակցության բոլոր բնագավառներում մեծ ներուժ կա, և հարկավոր է այն առավելագույնս արդյունավետ օգտագործել: Մասնավորապես, հարկավոր է քայլեր ձեռնարկել՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների աճի, այս ոլորտում հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ: Զարգացման մեծ ներուժ ունի էներգետիկայի ոլորտը: Այստեղ լուրջ համատեղ ծրագրեր կան, ինչպիսիք են գազի/էլեկտրաէներգիայի փոխանակումը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը: Շարունակվում են բանակցությունները Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի շուրջ, որը վերջերս վավերացվել է Իրանի Մեջլիսի կողմից:

Որպես կարևոր ուղղություն կցանկանայի առանձնացնել մշակութային ոլորտում համագործակցությունը: Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են գրատպությունը, կինոարտադրությունը, թանգարանային և գրադարանային գործը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումն ու պահպանումը:

Մենք համագործակցում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Ինչպես գիտեք՝ Իրանի ջանքերի շնորհիվ Սուրբ Թադեի և Սուրբ Ստեփանոսի վանքերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հայաստանը հայտ է ներկայացրել՝ Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար:

– Իրանը մի շարք երկրներ ավտոմեքենա, ինժեներական ծառայություններ, արդյունաբերական այլ ապրանքներ է արտահանում: Միաժամանակ, տարածաշրջանի մի շարք երկրների հետ համատեղ ծրագրեր են իրականացվում մեքենաշինության ոլորտում: Ինչ եք կարծում, կարո՞ղ են Իրանն ու Հայաստանը համագործակցել մեքենաշինության ոլորտում կամ արդյունաբերական այլ բնագավառներում:

– Պետք է արձանագրեմ, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է օտարերկրյա, այդ թվում՝ իրանական ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հայաստանը բավարար տեխնիկա-տնտեսական և մասնագիտական ներուժ ունի՝ նշված ոլորտներում համագործակցության համար:

Վերջերս՝ 2018 թ. դեկտեմբերին Վանաձորում գազի բալոնների արտադրության հայ-իրանական համատեղ ձեռնարկություն բացվեց: Գործարանի հիմնադիրները վստահեցնում են, որ առաջիկայում կսկսեն արտադրությունը: Իրանցի ներդրողները կարող են իրենց ծրագրերը քննարկել հայ գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները միշտ պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, օգնություն ցուցաբերել:

– Իրանի տարբեր քաղաքներում մեծ թվով հայեր են ապրում: Նրանք օգտվում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներից: Ինչպե՞ս եք գնահատուկ ԻԻՀ կառավարության վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ:

– Գիտեք՝ ուժեղ և վառ սփյուռքը Հայաստանի զարգացման հենասյուներից է: Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող և այդ երկրների կյանքի անբաժանելի մասը դարձած հայ համայնքները յուրատեսակ կամուրջ են երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Բացառություն չէ նաև Իրանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի: Այն գործնական ներդրում է ունեցել Իրանի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև Հայաստանի անկախության կայացման օրից մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող գործոն է դարձել:

Մենք բարձր ենք գնահատում հայ համայնքի հանդեպ իրանական իշխանությունների ջերմ և հոգատար վերաբերմունքը: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել հայկական մշակութային արժեքների հանդեպ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:

– Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հարցում:

– Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից է: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, և մեզ հուզում են վերջին իրադարձությունները: Հայաստանը շարունակում է համակարգված աշխատել, բաց երկխոսություն ծավալել և՛ իրանական կողմի, և՛ գործընթացքում ներգրավված մյուս կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ հուզող խնդիրները, մեր մտահոգություններն ու դիրքորոշումը: Վստահ ենք, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դրական գործոն դառնալ առաջացած խնդիրների լուծման ուղիների որոնման հարցում: