Դուք հույս եք ներշնչում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհում ժողովրդավարության զարգացման կողմնակից են․ Քյոլնի քաղաքապետը՝ ՀՀ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին։ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում:

«Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մեծ ոգևորությամբ են ընդունել ժողովրդավարական շարժման հաջողությունը, այն, որ Հայաստանի քաղաքացիները կարողացան խաղաղ ճանապարհով հասնել ժողովրդավարական փոփոխությունների: «Դուք հույս եք ներշնչում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհում ժողովրդավարության զարգացման կողմնակից են», – դիմելով Նիկոլ Փաշինյանին` ասել է Քյոլնի քաղաքապետը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Ռեքերին գնահատականների համար և նշել, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում այցելել Քյոլնի քաղաքապետարան: «Մեզ հաջողվեց խաղաղ ճանապարհով Հայաստանում հասնել ժողովրդավարական փոփոխությունների և իրականացնել մի գործընթաց, որը համատեղեց անհամատեղելի թվացողը: Այն մենք անվանեցինք հայկական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ այս փուլում ՀՀ կառավարության օրակարգում ժողովրդական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության փոխակերպելն է, որպեսզի ազատությունը մարդկանց նաև բարեկեցություն բերի: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է օտարերկրյա, այդ թվում` Գերմանիայից ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքը:

Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: «Մեզ համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն պատմական փաստի ճանաչման անհրաժեշտություն ունի, այլև մեծ կարևորություն՝ հետագա հնարավոր ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից: Ճշմարտությունը պիտի արձանագրվի դրա դատապարտելիությունն արձանագրելու համար: Նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի առաջմղումը, և Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացի ակտիվ մասնակից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» 3-րդ գլոբալ ֆորումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում կապերի խորացումը` ողջունելով այսօր Քյոլնի և Հայաստանի համապատասխան համալսարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը` նշելով, որ այն արդեն համաշխարհային բրենդ է դարձել. այդպիսի կենտրոններ արդեն գործում են Երևանում, Ստեփանակերտում, Փարիզում, նախատեսվում է բացել Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, քննարկվել է նաև Բեռլինում բացելու հարցը: Քյոլնի քաղաքապետը հետաքրքրական է համարել ՏՏ ոլորտում Հայաստանի զարգացման փորձը` նշելով, որ կդիտարկի Հայաստան այցելելու և տեղում ՀՀ տեխնոլոգիական առաջընթացին ծանոթանալու հնարավորությունը:

Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ  Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում: Նա կարևորել է այսօր Քյոլնի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել, դրանից զատ, այլ ուղղություններով ևս ընդլայնել կապերը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քյոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային ժառանգության պահպանման գործում և առաջարկել դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` երկրաշարժից տուժած Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, և այս ոլորտում Քյոլնի հետ փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել: Քյոլնի քաղաքապետը ողջունել է առաջարկությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել մանրամասները:

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Նորդրայն-Վեստֆալեն երկրամասի Եվրոպական և միջազգային հարցերի նախարար Շտեֆան Հոլթհոֆ-Փֆյորթների կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջայց է կատարել Քյոլնի Մայր Տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:

Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: