Մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից, այլև մեր դավանած արժեքներից, դրանք են՝ ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը. Արմեն Գրիգորյան

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով։

«Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ,

Բոլորիդ շնորհավորում եմ Զինված ուժերի ձևավորման օրվա առթիվ: Չնայած նրան, որ մենք այս տարի նշում ենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 27- ամյակը, իրականում Հայկական բանակը նույնքան հին է, որքան հայ ժողովուրդը: Պատմության ընթացքում հայ ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյության գլխավոր երաշխավորը մշտապես եղել է հայկական բանակը: Մեզ պարտադրված պատերազմներում բանակը վճռական դեր է խաղացել պետականության պաշտպանության և պահպանման գործում: Եվ փորձը ցույց է տվել, որ երբ հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ բանակ ունենալու կամքն ու ռեսուրսները, բախվել է նախ՝ պետականության կորստի, ապա և՝ բնաջնջումների հետ:

Ընդհանրապես, պատերազմները նույնքան հին են, որքան մարդկությունը: Եվ նույնիսկ մարդու ստեղծած ամենահրեշավոր երևույթի` պատերազմի մասին մտածելիս մարդկությունը ստեղծել է արդար պատերազմի գաղափարը: Այդ գաղափարը բազմաբովանդակ է, սակայն հիմնասյուներից մեկն այն է, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմը արդար է:

Արցախի համար մղված պայքարը ևս տեղավորվում է ինքնապաշտպանական և արդար պատերազմի գաղափարի համատեքստում: Արցախի պատերազմը մեզ պարտադրել են: Մենք պատերազմ չենք հայտարարել ոչ ոքի, մենք հայտարարել ենք ազատ ապրելու ցանկության մասին, բայց այդ գաղափարի հետ հաշտ չլինելով՝ մեզ պատերազմ են հայտարարել, և մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեզ և մեր ազատությունը:

Ժամանակակից հայկական բանակը ձևավորվել է հենց Արցախի պատերազմում: Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց ջանքն ու եռանդն են դրել այդ պատերազմում։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր Արցախի պաշտպանության համար զոհել են իրենց կյանքը:

Սիրելի՛ սպաներ ու զինվորներ:

ՀՀ Սահմանադրությունը Ձեզ լիազորել է ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Սա ամենապատվաբեր, միևնույն ժամանակ ամենադժվար ու պատասխանատու գործն է: Դուք ոչ միայն անառիկ եք պահում մեր երկրի տարածքը, այլև պաշտպանում եք մեր ազատությունները, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և ինքնիշխանությունը:

Համոզված եմ, որ բոլորիս համար ոչ միայն Արցախի պատերազմի հաղթանակն է ուսուցողական, թե ինչպես այդ պատասխանատվությունը ճիշտ ձևով կատարել, այլ նաև վաղ անցյալի մեր պատմությունը:

Ինձ համար օրինակելի է Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը: Ես այն բախտավորներից եմ, ով հնարավորություն է ունեցել նրան մոտիկից ճանաչել: Մի անգամ հայրս կարճ ժամանակով վերադառնալով տուն, պատմեց, որ Մոնթեի հրահանգով ադրբեջանցի է տարել հիվանդանոց: Այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք թուրք տանում հիվանդանոց` վիրահատելու, երբ պատերազմի մեջ ենք նրանց հետ: Բայց հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ բոլոր պայմաններում մարդ մնալու նրա յուրօրինակ տաղանդը:

Մեզ համար նաև ուսուցանելի է Պապ թագավորի փորձը, որը, հենվելով վերակազմավորվող բանակի վրա, կարողացել է հաղթանակ տանել Ձիրավի ճակատամարտում և վերականգնել թագավորության անկախությունը: Պապ թագավորը, երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելով, բարձրացրել է բանակի կարողությունները՝ դրանով իսկ ապահովելով երկրի անվտանգությունը: Նրա գործունեությունը օրինակելի է մեզ համար:

Մեզանից 100 տարի առաջ գրեթե նույն իրողությունը կրկնվել է Սարդարապատում։ Բանակը դարձյալ վճռորոշ նշանակություն է ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության կերտման գործում։ Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ապավինում ենք մեր ուժին, մեր բանակին, մեր խոհեմությանը, մեր հավաքական իմաստնությանը, մենք հաղթանակ ենք տանում: Հակառակը միշտ մեզ ողբերգություն է բերել:

Հայազգի գեներալները, սպաները ու զինվորները իրենց ուրույն դերն են ունեցել նաև համաշխարհային պատմության մեջ: Մենք մեծ ներդրում ենք ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Միսաք Մանուշյանը, Մարշալ Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը, օրինակելի են նաև այսօր:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ հայերը ոչ միայն կարողանում են հերոսաբար կռվել ու պաշտպանել սեփական հողը, այլև այն, որ մենք մշտապես եղել ենք պրոֆեսիոնալ զինվորականների, ռազմական գործի մասնագետների ու տաղանդավոր զորահրամանատարների ազգ։ Ժամանակն է վերականգնելու մեր փառավոր ռազմական ավանդույթները՝ հանուն մեր երկրի անվտանգության և բարեկեցության։

Ներկայում մենք մեր ուրույն դերակատարությունն ենք ունենում նաև միջազգային անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում: 2004թ․-ից ի վեր Հայաստանը շարունակաբար մասնակցում է միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային գործողություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում:

Սիրելի՛ զինվորներ և սպաներ,

Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42 հազ. քկմ տարածքի վրա:

Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը:

Բանակը բոլորիս ուշադրության կենտրոնում է: Մեր քաղաքական թիմն ամեն ինչ անում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու, պետության ռեսուրսները ավելացնելու, ինչպես նաև սպաների և զինվորների սոցիալական վիճակը բարելավելու, զինված ուժերի սպառազինությունն ավելացնելու և բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

Մենք միասնական ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության հարցում: Յուրաքանչյուր ոք իրեն վստահված աշխատանքը պատասխանատու կատարելով՝ ապահովում է այլոց անվտանգությունը: Այս զորամասի յուրաքանչյուր զինվոր և սպա, արհեստավարժ տիրապետելով իրեն վստահված մարտական տեխնիկային, ապահովում է Հադրութում և Մարտակերտում ապրող քաղաքացիների և զինվորների անվտանգությունը: Հադրութի և Մարտակերտի դիրքերը պաշտպանող զինվորը ապահովում է Մեղրիի ու Աշոցքի քաղաքացիների և զինվորների անվտանգությունը:

Փա՛ռք հայոց փառապանծ բանակին, փա՛ռք մեր խիզախ զինվորներին, սպաներին ու գեներալներին»: