«Սանիթեքին» քշենք, հետո ի՞նչ է լինելու, «Լույս» դաշի՞նքն է մաքրելու այդ աղբը». Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյան
Factor.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը տոնական օրերին անդրադառնալով աղբի կուտակումների հետ կապված քաղաքացիների գրառումներին և դժգոհություններին, կատակով իր «ֆեյբուքյան» էջում գրել էր. «Եթե աղբը շատ է, ուրեմն ժողովուրդը շատ է ուտում: Եթե շատ է ուտում, ուրեմն փող ունի:
Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի…»:
Տոնական օրերին ֆեյսբուքում աղբի հետ կապված ձեր գրառումը թեև կատակով էր արված, սակայն որոշ քաղաքացիների կողմից այն լուրջ ընդունվեց և դուք հայտնվեցիք քննադատության թիրախում։ Կարծում եք՝ տեղի՞ն էր քաղաքացիների դժգոհության ֆոնին նման կատակ անելը։
Իրականում դա դառը կատակ էր, որովհետև ես նշել էի, որ փիլիսոփա դարձա. շատ մեծ տարափ էր նեգատիվ նյութերի, լուսանկարների: Իրոք ծանր իրավիճակ էր: Ճիշտն ասած, ինքս սովորություն չունեմ ցուցամոլի պես գրել՝ ինչ եմ արել, ու ավելի շատ մտածում եմ՝ լսարանը հանդարտվի , մարդիկ իրենց աչքով կտեսնեն, որ արվում է, ոչ թե ես ասեմ: Դա ավելի տգեղ կլիներ և մերկապարանոց։ Թե իրականում ինչ էինք մենք անում այդ օրերին, միայն մենք գիտենք։ Անձամբ ես այդ ահազանգերի հիման վրա քարտեզ էի կազմում, որպեսզի հասկանայինք՝ որ վարչական շրջանում է
խնդիրը։ Իրականում խնդիրը համատարած չէր, ունեինք օջախներ, որտեղ խնդիր է եղել և հենց այդտեղ ուղղորդվում էր տեխնիկան։ Այդ օրերին անձամբ քաղաքապետն է եղել փողոցում, աշխատել են վարչական շրջանների ղեկավարները։ Մարդիկ պետք է կույր լինեին, որ չտեսնեին՝ ահազանգից հետո իրավիճակը փոխվում է։
Այսինքն կարծում եք, որ քաղաքացիների դժգոհությունները տեղին չէ՞ին։ Եվ համեմատելով նախկին քաղաքային իշխանությունների օրոք առկա աղբահանության խնդրի հետ, կարծում եք, որ այսօր դրական տեղաշարժ կա՞։
Փաստ է, որ աղբահանության խնդիրը կար և նախքան մեր մանդատներ ստանալը էլ ավելի վատ վիճակ էր։ Այսօր մենք ունենք քաղաքը լիարժեք մաքուր պահելու խնդիր, սակայն ի տարբերություն «Լույս» դաշինքի մեր ընդդիմախոսների՝ մենք չենք կարող մերկապարանոց հայտարարություն անել՝ թող «Սանիթեքը» գնա, պայմանագիրը լուծարեք։ Եթե «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվի, մեկ շաբաթ անց Երևանում քայլելու տեղ չի լինի, այսինքն՝ այն ինչ արվում է, դա էլ չի արվի: Աշխատանքներ արվում են՝ սկսած աղբարկղերի քանակից և այլն, սակայն աղբահանության նոր որակ ունենալու համար ժամանակ է պետք: Չի կարելի նման պոպուլիստական ձևով ասել՝ վերջ, «Սանիթեքին» քշենք, հետո ի՞նչ է լինելու, «Լույս» դաշի՞նքն է մաքրելու այդ աղբը։
Ինչո՞ւ փորձ չի արվում ներգրավել երկրորդ օպերատոր, չէ՞որ դա ձեր դաշինքի նախընտրական խոստումն է։ Հայկ Մարությանը ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր այդ մասին, անգամ բջջային օպերատորների օրինակն էր մատնանշում, որ քանի դեռ երկրորդ օպերատոր չկա, խնդիրը չի լուծվի։
Հայկ Մարությանը չի ուզում հապճեպ որոշումների գնալ, որը գուցե մարդկանց դուր գա, բայց մեկ տարի հետո նույն խնդիրն ունենանք: Իրականում նոր օպերատոր ներգրավելու հարցը մեկ օրում չի կարող կարգավորվել: Մարդիկ մտածում են, որ List.am-ում այդ օպերատորները դրած են, պետք է ուղղակի զանգենք, ասենք՝ եկեք, այդպես չէ: Քաղաքապետի մոտեցումն է, որ եթե մի բան արվում է, արվի բարձր որակի, որպեսզի քաղաքը մեկ երկու տարի հետո նույն խնդրին չառնչվի, որին առնչվեց «Սանիթեքի» պարագայում:
Եթե երկրորդ օպերատորի ներգրավման հետ կապված մոտեցումն այդպիսին է, այդ դեպքում ինչպե՞ս էիք նման նախընտրական խոստում տալիս, առանց խնդիրների մասին պատկերացում կազմելո՞ւ:
Բնականաբար, այն ժամանակ ոչ «Սանիթեքի» հետ էին բանակցություններ տեղի ունեցել, ոչ պայմանագրին էինք խորությամբ ծանոթ: Մենք չենք հրաժարվում մեր խոստումից, բայց պարոն Մարությանը մտածում է՝ ինչպես է ճիշտ, ինչպիսի օպերատոր կարող է գալ: Գուցե այդ օպերատորի դերը ստանձնի հենց պետությո՞ւնը:
Ինչպե՞ս:
Օրինակ տեխնիկան ներմուծվի և այն կառավարի քաղաքապետարանը: Այդ տարբերակը ևս քննարկվում է: «Սանիթեքին» նեղացնելով մենք էլ ավելի անգրավիչ կդառնանք այլ օպերատորների համար:
Կարո՞ղ ենք ասել, որ առաջիկայում «Սանիթեքը» լինելու է միակ ընկերությունը, որը զբաղվելու է Երևանի աղբահանության խնդրով:
Մոտակա ամիսներին մենք չենք տեսնում ընկերություն, որը պատրաստ է գալ և անել այն, ինչ անում է «Սանիթեքը»:
Բայց այլ օպերատոր ներգրավելու փորձ արվե՞լ է:
Իհարկե:
Երկու օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանում էր՝ փակ նիստի, դուք ներկա՞ էիք։ Մամուլը գրել էր, որ Փաշինյանը դժգոհել է քաղաքային իշխանությունների աշխատանքից:
Հանդիպմանը ներկա եմ եղել, դժգոհություն չի եղել: Ցավոք որոշ լրատվականներ իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն են տարածել: Իրականում տեղի է ունեցել վաղուց ծրագրված հանդիպում: Դեռ ընտրություններից հետո պարոն Փաշինյանը նշել էր, որ ուզում է մեզ հետ հանդիպել, սակայն ժամանակի սղությունը թույլ չէր տալիս: Պարոն Փաշինյանը հասկանում է, որ կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ երկու ամսվա ընթացքում լուծել:
Ի՞նչ եք արել այս ընթացքում, որի մասին վարչապետի պաշտոնակատարին հայտնեցիք:
Հիմնականում մենք հայտնեցինք, թե ինչ ձևով ենք աշխատում: Խմբակցությունը մեծ է, և մենք ունենք մասնագիտացված խմբեր, որոնք զբաղվում են առանձին ոլորտներով: Մեր արած աշխատանքի մասին են վկայում նաև քաղաքացիների բազմաթիվ ահազանգերը, տարիներով չլուծված խնդիրներ լուծվել են: Որևէ մեկը չի կարող ապօրինի շինություն կառուցել, կասեցվել են այդպիսի մի շարք փորձեր: Այսօրվա դրությամբ մենք լուծել ենք խնդիրներ, որոնք հնարավոր էր կարճ ժամկետներում լուծել: Մենք չենք կարող լուծել խնդիրներ, որոնց համար ժամանակ է պետք, այդ խնդիրներից է աղբահանությունը, որը մասնակի ենք լուծել, և տրանսպորտը, որի համար ևս ժամանակ է անհրաժեշտ:
Տրանսպորտի խնդրի լուծման համար Հայկ Մարությանը նշել է, որ առնվազն երկու տարի ժամանակ է անհրաժեշտ, իսկ առանց աղբի քաղաք ունենալու համար ինչքա՞ն ժամանակ է պետք:
Կարծում եմ՝ գարնանը մենք արդեն փոփոխություն կտեսնենք:
Շողիկ Գալստյան