Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.11.2026 | 11:55Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և իրավական երաշխիքների վերաբերյալ հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատել է իշխանական մեծամասնության որոշումը՝ նշելով, որ ՔՊ-ն խուսափում է երկրում առկա խնդիրների վերաբերյալ խորհրդարանական քննարկումներից։
Խաչատրյանն ասաց, որ նման գործելակերպը շարունակվում է դեռևս 8-րդ գումարման Ազգային ժողովից։ Նա իշխանական պատգամավորներին կոչ արեց չխուսափել քննարկումներից և հնարավորություն տալ խորհրդարանում անդրադառնալ ժողովրդավարության հետընթացին, քաղաքական բանտարկյալների առկայության և քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահերի վերաբերյալ հարցերին։
«Եթե խնդիր ունեք, եթե դեմ եք այդ պնդումներին, ինչի՞ց եք վախենում, բերեք քվեարկեք կողմ, այս դահլիճում քննարկում ծավալենք: Քննարկում ծավալենք Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին, քաղաքական բանտարկյալների առկայության մասին, քրեակատարողական հիմնարկում մահերի մասին: Դե բերեք քննարկենք, ինչի՞ եք դեմ քվեարկում և հարցը ընդհանրապես օրակարգից հանում»,- ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև զուգահեռներ անցկացրեց իշխանական մեծամասնության գործելակերպի և Խորհրդային Միության միակուսակցական համակարգի միջև։ Նա նշեց, որ ՔՊ-ի վարքագիծը հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանը, երբ իշխանության ներկայացուցիչները ներկայացվում էին որպես օրինակելի քաղաքացիներ, իսկ նրանց ընդդիմախոսները՝ ժողովրդի թշնամիներ։
«Այդ ո՞նց է լինում. տիպիկ Սովետ՝ բոլոր բարի, լավ մարդիկ բոլշևիկներ էին, բոլոր գործակալները, ժողովրդի թշնամիները բանտերում էին: Է, ինչո՞վ եք տարբերվում, ինչո՞վ եք տարբերվում Սովետից: 99% քվեարկում էին Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների օգտին՝ ներառյալ կթվորուհիների և մնացածների»,- ասաց պատգամավորը։
Խաչատրյանը նշեց, որ իշխանական մեծամասնությունը դեմ քվեարկելով նախագծի օրակարգ ընդգրկմանը, փաստացի թույլ չտվեց խորհրդարանում քննարկել ընդդիմության բարձրացրած հարցերը։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն կարող էր քննարկման ընթացքում ներկայացնել իր հակափաստարկներն ու հիմնավորել, թե ինչու համաձայն չէ հայտարարության նախագծում տեղ գտած պնդումներին, սակայն դրա փոխարեն որոշեց հարցն ընդհանրապես չներառել օրակարգում։
«Չթողեցիք, հայրենակիցնե՛ր, իրենք չթողեցին, որ հարցը այստեղ քննարկվի, ոչ թե հիմնավորեցին, որ դա սուտ է, կեղծ է: Այդքան քաջ եք, այդքան սկզբունքային եք, այդքան համոզված եք ձեր դիրքորոշման վրա, թող այստեղ այդ հարցերը քննարկվեին: Ծածկադմփոց արեցիք…»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

