Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Միսակյանն այդ մարտարվեստով զբաղվում է չորս տարեկանից: Այժմ նա 48 տարեկան է, բայց մարզչական աշխատանքով զբաղվելուց բացի, մասնակցում է նաև մրցաշարերի ու նվաճում բազմաթիվ մեդալներ:

Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Հայկ Միսակյանը պատմել է իր անցած ուղու մասին ու նշել, թե ինչ որակներ է այդ մարզաձևը զարգացնում մարզիկի մեջ:

«Կիոկուշին կարատեում հայտնվել եմ շատ պարզ ճանապարհով։ Հայրս Կիոկուշին կարատեի մասնագետ է։ Մոտավորապես չորս տարեկանից նա ինձ սովորեցնում էր կարատեի այբուբենը։ Հետագայում նրա ակումբում, իր ղեկավարությամբ, սկսեցի ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ մարզվել։ Բայց ավելի կարևոր եմ համարում խոսել այն մասին, թե ինչու ընտրեցի հենց Կիոկուշին կարատեն և այսքան երկար տարիներ մնացի այդ մարզաձևում։

Ասեմ, որ կարատեին զուգահեռ զբաղվել եմ նաև թիավարությամբ, լողով ու դահուկավազքով։ Սիրում էի նաև ֆուտբոլ խաղալ։ Այդ մարզաձևերն ավելի շատ էի սիրում, քան կարատեն, հատկապես՝ թիավարությունը։ Բայց եկավ մի պահ, երբ այլևս չէի կարող և՛ թիավարությամբ, և՛ կարատեով լիարժեք զբաղվել։ Պետք էր ընտրություն անել։ Ինքս ինձ հարց տվեցի՝ ո՞ր մարզաձևից ձեռք բերած հմտություններն ինձ ավելի շատ պետք կգան կյանքում։

Ի՞նչ են մեզ տալիս տարբեր մարզաձևերը մարզումներից ու մրցումներից դուրս։ Թիավարությունն օգտակար է առողջության համար և սովորեցնում է նավակ վարել։ Դահուկավազքը սովորեցնում է դահուկով սահել։ Ֆուտբոլի և մյուս մարզաձևերի դեպքում էլ կարելի է նույն հարցը տալ՝ ի՞նչ հմտություններ է մարդն իր հետ տանում առօրյա կյանք։ Իսկ շատ մարտարվեստներ, ինչպես կարատեն, զարգացնում են նաև ինքնապաշտպանության հմտություններ, կամքի ուժ ու ինքնատիրապետում։

Կիոկուշինը մարզիկի մեջ զարգացնում է ֆիզիկական բոլոր հատկանիշները՝ ուժը, արագությունը, դիմացկունությունը, ճարպկությունն ու ճկունությունը։ Այն նաև սովորեցնում է ինքնապաշտպանություն, տեխնիկական ու տակտիկական հնարքներ և զարգացնում ռազմավարական մտածողությունը։ Մենամարտում պետք է կարողանաս կռահել մրցակցի հաջորդ քայլն ու տակտիկապես գերազանցել նրան։

Ծնողներին հաճախ ասում ենք՝ նույնիսկ եթե ձեր երեխան չեմպիոն չդառնա, կարատեն նրա մեջ կզարգացնի ուժեղ մարդուն բնորոշ որակներ՝ արիություն, ոգու ամրություն, կամքի ուժ, ինքնավստահություն ու նպատակասլացություն։ Այդ որակներն օգնում են թե՛ մենամարտում ու ինքնապաշտպանվելիս, թե՛ առօրյա կյանքում՝ աշխատանքում, բիզնեսում և ընտանիքում։ Դրանք օգնում են դժվար պահին պահպանել ինքնատիրապետումը, պատասխանատվություն ստանձնել ու հոգատար լինել շրջապատի հանդեպ։

Պատահական չէ, որ մեր ֆեդերացիայում մարզված տղաներից շատերը զորակոչվելիս պահանջված են հետախուզական ստորաբաժանումներում և հատուկ նշանակության ջոկատներում։ Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է նաև նրանով, որ հազարավոր ընտանիքներ իրենց երեխաների համար ընտրել են Կիոկուշինը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ներկայիս ֆեդերացիան հիմնադրել և մինչև օրս գլխավորում է շիհան Անդրանիկ Հակոբյանը։ Նրա անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր մեր ֆեդերացիայում մարզվում է ավելի քան հինգ հազար երեխա, պատանի և մեծահասակ։ Տարիների ընթացքում մեր մարզիկները բարձր մակարդակի միջազգային մրցաշարերում հարյուրավոր մեդալներ են նվաճել։

Ամեն տարի Հայաստանում տարբեր մրցաշարեր ենք անցկացնում, իսկ Հայաստանի չեմպիոններին հնարավորություն ենք տալիս անվճար մասնակցելու արտասահմանում անցկացվող միջազգային առաջնություններին»,- նշել է Հայկ Միսակյանը:

Վերջին շրջանում Հայկ Միսակյանը մասնակցել է մի շարք մրցաշարերի, որոնցից մի քանիսում հաղթել է:

«Շուրջ մեկուկես տարվա ընթացքում մասնակցել եմ չորս կարևոր միջազգային մրցաշարի։

Նախ Մոսկվայում՝ IKO Tatakai-ի վարկածով անցկացված աշխարհի առաջնությունում, գրավեցի առաջին տեղը և դարձա աշխարհի չեմպիոն։ Հետո Լեհաստանում մասնակցեցի World Kyokushin Budokai-ի առաջնությանը և գրավեցի երկրորդ տեղը։ Այնտեղ ամենադժվար փորձությունը քաշս իջեցնելն էր։ Մոտ երեք ամսում քաշս իջեցրել էի 11 կիլոգրամով, իսկ վերջին օրը՝ կշռումից անմիջապես առաջ, շոգեբաղնիքում ջրազրկման հաշվին քաշս իջեցրի ևս 4 կգ՝ ընդհանուր 15 կգ։ Ամբողջ օրը մենամարտելուց հետո իմացա, որ եզրափակիչը նշանակել են հաջորդ առավոտյան ժամը վեցին։ Այդ գիշեր էլ կարգին չքնեցի և եզրափակչում չկարողացա հաղթել։ Դրանից հետո հաղթեցի Հայաստանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում։ Այնուհետև մասնակցեցի Ամերիկայի բաց առաջնությանը (America Open), որտեղ հանդես էին գալիս 24 երկրի մարզիկներ։ Այնտեղ նույնպես գրավեցի առաջին տեղը։

Բոլոր չորս մրցաշարերն էլ կարևոր էին ինձ համար, բայց եթե մեկն առանձնացնեմ, դա Հայաստանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունն է։ Մրցում էի տանը՝ բազմաթիվ երկրների մարզիկների մասնակցությամբ, և ինձ համար հատկապես կարևոր էր արժանիորեն ներկայացնել Հայաստանը։ Մրցումից մեկ օր առաջ հիվանդացել էի, և ջերմությունս բարձրացել էր մինչև 38,5 աստիճան։ Մրցման օրը 38,5 աստիճան ջերմությամբ գնացի մրցման, մասնակցեցի ու նվաճեցի գավաթը։ Հայրենիքում այդ հաղթանակը տանելն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ուներ»,- նշել է փորձառու մարզիկը:

Միսակյանների ընտանիքը նաև գիրք է հեղինակել Կիոկուշին կարատեի մասին: Հայկ Միսակյանը պատմել է, թե ինչպես է առաջացել այդ գաղափարը:

«Մեր ընտանիքում Կիոկուշին կարատեի առաջին գիրքը գրված է դեռ 1990-ականներին, իսկ տպագրվել է 2000-ականների սկզբին՝ Մոսկվայում։ Գիրքը մեծ հաջողություն ունեցավ նախկին Խորհրդային Միության երկրներում։ Վաճառվեց ավելի քան 150 հազար օրինակ։

2018-2019 թվականներին որոշեցինք նոր գիրք պատրաստել։ Ուզում էինք մեկ գրքում հավաքել Կիոկուշին կարատեի բոլոր հիմունքները և ստեղծել գործնական ձեռնարկ թե՛ մարզիչների, թե՛ մարզիկների համար։ Գրքում կարելի է գտնել Կիոկուշինի մասին գրեթե ամեն ինչ և այդ գիտելիքն օգտագործել մարզումները գրագետ ու համակարգված կազմակերպելու համար։

Գրքի հիմնական հեղինակը հայրս է՝ Միսակ Միսակյանը։ Նա կարատեի մեծ վարպետ է, և նրան կարելի է համարել Հայաստանում Կիոկուշին կարատեի տարածման առաջամարտիկներից մեկը։ Դեռ 1970-ականներից՝ խորհրդային տարիներին, նա Կիոկուշինով մարզվում էր իշխանություններից գաղտնի։ Նա նաև նկարիչ է և գրքի բոլոր նկարազարդումները՝ մի քանի հազար պատկեր, ինքն է ձեռքով արել։ Ես ու եղբայրս՝ Արծրուն Միսակյանը, մեր գիտելիքներով ու փորձով նպաստեցինք գրքի ստեղծմանը և դարձանք համահեղինակներ։ Արծրունը Կիոկուշին կարատեի միջազգային մակարդակի վարպետ է, աշխարհի չեմպիոն և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։

Նոր գիրքն առաջին անգամ տպագրվել է 2020 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն պարբերաբար վերահրատարակվում է թարմացված խմբագրությամբ և վաճառվում է առցանց հարթակներում։ Գրքի մասին բարձր կարծիք են բազմաթիվ անվանի մարզիկներ»,- ասել է Միսակ Միսակյանը: