Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հասարակություն
10.11.2026 | 18:21
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ ինչպես հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը, նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։
«Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- նշել էր ՔԿԾ հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք՝ Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ առաջադրված էր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը։ 2609 քվե ստացած ուժի առաջին համարի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից 4 օր առաջ ընտրակաշառքի գործով կալանավորվել էր։
Ըստ Կոմիտեի՝ Գևորգյանն ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով, մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք էր տվել։ Մինչ տեսանյութի տարածումը՝ վաղ առավոտից «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել, ձերբակալվել էր 14 անձ։ Այդ գործողություններն «Ուժեղ Հայաստան»-ը քաղաքական հետապնդում էր որակում։
Ռոզա Վարդանյան

