Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
Քաղաքականություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում անցկացվող COP31-ի շրջանակում ստորագրվել է «Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև մաքուր էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը»։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից hայտարարել են, որ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովան։
Նշվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի զարգացնել «Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա–Բուլղարիա» կանաչ էներգետիկ միջանցքը, ամրապնդել տարածաշրջանային էներգետիկ կապերը և դիվերսիֆիկացնել էլեկտրաէներգիայի փոխանցման ուղիները։
Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մաքուր էլեկտրաէներգիայի փոխանցման և մատակարարման ոլորտներում, դրա անվտանգ և անխափան փոխանցման համար անհրաժեշտ պայմանների սահմանում, ինչպես նաև նախագծի շրջանակում օպտիկամանրաթելային կապի կատարելագործում։
Հաղորդվում է, որ այս նախաձեռնությունը կնպաստի Ադրբեջանի վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանմանը դեպի Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ, գործընկեր երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և Ադրբեջանը տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույցի վերածելուն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

